«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը երեկ եւ այսօր

95

«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությանն այս տարի սպասում ենք աշնանը, իսկ մինչ այդ, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը պետք է ստանա մասնակցության հայտերը՝ ստեղծագործող անհատների 2021 թվականի աշխատանքները:

Մրցանակաբաշխության մասին Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն օրերս հայտարարեց մամուլով՝ նշելով, որ հայտերի ընդունումն սկսվում է հուլիսի 27-ից, վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է:

Անվանակարգերը 6-ն էին՝ գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ, հայագիտություն, լրագրություն, քանդակագործություն: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն էլ իր հերթին ավելացրել է 7-րդ անվանակարգը՝ գեղարվեստական լուսանկարչություն: Յուրաքանչյուր անվանակարգի համար հաղթողին սպասում է 1500 դոլարին համարժեք դրամի մրցանակ:

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն արդեն 28-րդ անգամ է անցկացվում: 1991 թվականից Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչությունն ամենամյա մրցանակներ է շնորհում մշակույթի եւ գիտության բնագավառներում: Այս բոլոր տարիներին մրցանակաբաշխության ֆինանսական  հիմքը «Շաքե Ղազարյան» հիմնադրամն է, որը գործում է ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան մշակութային  միության կենտրոնական վարչության շրջանակում: Որոշ տարիների  անվանակարգերը նույնիսկ 13-14-ն են եղել: Եղել են դեպքեր, երբ անհատները ցանկացել են իրենց անունից մրցանակ սահմանել: Օրինակ՝ ԱՄՆ-ից Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյան քույրերը երկու մրցանակ էին սահմանել, որոնցից մեկը «Երգիծական ծաղրանկարչություն» անվանակարգն էր: Պարզվեց՝ նրանց հայրը ժամանակին Դամասկոսում եւ Բեյրութում հայտնի երգիծանկարիչ Միհրան Տեր-Ստեփանյանն է եղել՝ «Խելօք Դաւիթ» գրչանունով: Բավականին արժանի մրցանակակիր ունեցանք այդ անվանակարգում»,- ավելի նպաստավոր ու երջանիկ ժամանակները հիշեց Ռուբեն Միրզախանյանը:

Հայաստանի, Կանադայի եւ Ամերիկայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ  նախաձեռնությունը 28 տարիներին «Վահան Թեքեյան» մրցանակի է արժանացրել Սիլվա Կապուտիկյանին, Լյուդվիգ Դուրյանին, Տիգրան Մանսուրյանին, Ջիվան Գասպարյանին, Կոնստանտին Օրբելյանին, Վարդան Պետրոսյանին, Լեւոն Խեչոյանին, գիտության, կրթության, մշակույթի  հարյուրավոր գործիչների:

Հայտնի ու վաստակաշատ արվեստագետների կողքին մրցանակներ են ստացել նորահայտ  երիտասարդ ստեղծագործողներ: Հատկանշական է, որ մրցանակը տրվում է ոչ թե արվեստագետի տարիների վաստակի, այլ տվյալ ժամանակահատվածում՝ վերջին մեկ տարում,  նրա ստեղծագործական աշխատանքի համար: Օրինակ՝ որքան էլ  գնահատելի լինի ամերիկահայ գեղանկարիչ, քանդակագործ  Էմիլ Գազազի տասնամյակների ստեղծագործական նկարագիրը, այնուամենայնիվ, 2008 թվականին նա  «Վահան Թեքեյան» մրցանակ է ստացել «Թագուհու նավը» բրոնզե քանդակի համար, Հրաչյա Թամրազյանը 2011-ին «Վահան Թեքեյան» մրցանակ է ստացել «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար. շարքն ու անունները կարելի  է երկարել:

Մրցանակաբաշխության ավանդական անվանակարգերը պահպանվել են նաեւ այս տարի: Եղել են ժամանակներ, երբ, օրինակ, «Թատերական արվեստ» անվանակարգում հաղթող չի եղել. ի դեպ, այս անվանակարգն ամենաանկայունն է մասնակիցների առումով, քանի որ թատրոնները միշտ չէ, որ նոր ներկայացում են ունենում: Իսկ մրցանակաբաշխության հիմնական պայմանն այն է, որ պետք է հայտ ներկայացնեն միայն նախորդ տարվա ստեղծագործական աշխատանքի համար:

«Այս առումով գեղանկարիչներն ու քանդակագործները շահեկան վիճակում են, քանի որ նրանք միշտ նոր գործեր ունենում են: «Կերպարվեստ» անվանակարգում, որպես կանոն, մասնակիցների թիվն ավելի մեծ է լինում, քան մյուս անվանակարգերում: Տարիներ են եղել, երբ «Կերպարվեստում» 40-50 հայտ ենք ստացել, իսկ «Թատերական արվեստում»՝ 3-4»,- նկատում է Ռուբեն Միրզախանյանը:

Համավարակն ու պատերազմը խանգարել են նաեւ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը: 2020 թվականին այն տեղի չի ունեցել: Այդ է պատճառը, որ 2021-ին ընդունվեցին միանգամից երկու տարվա՝ 2019-ի եւ 2020-ի աշխատանքները:

Յուրաքանչյուր անվանակարգ ունի երեք մասնագետից կազմված ժյուրի: Նախախագահները տվյալ ոլորտի ճանաչված, հեղինակավոր անձինք են: Որպես կանոն՝ նրանց անունները ներկայացված աշխատանքների գնահատման փուլում գաղտնի է պահվում:

Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված աշխատանքները գնահատում են մեծ մասամբ տեսաբանները, օրինակ՝ գեղանկարչական աշխատանքները՝ արվեստաբանը, ոչ թե նկարիչը, որպեսզի մասնագիտական խանդի ու կողմնակալության առիթ չլինի: Գրական- գեղարվեստական ստեղծագործությունները գնահատում են գրականագետները, եւ այսպես շարունակ:

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը լայն առումով շարունակաբար   ընդգրկում է վերջին մեկ տարվա համահայկական ստեղծագործական ձեռքբերումները: Սփյուռքը տեղեկանում է հայաստանյան իրադարձություններին, Հայաստանը՝ Սփյուռքի:

«Հիշարժան անուններ ունենք: Օրինակ՝ «Գրականություն» անվանակարգում 13-14 տարի առաջ Սարգիս Վահագնի (Սարգիս Գաբրիել Փաթափության) «Արշիլ Գորկի» կենսագրավեպն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի: Իսկ անցյալ տարի նրա որդին՝ Արտեմ Փաթափությանը, դարձավ առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը:

Չգիտեմ՝ ինչպիսին կլինի ստեղծագործողների արձագանքը, որքան հայտեր կներկայացվեն այս տարվա մրցանակաբաշխությանը. արվեստագետները տարբեր կերպ են ընկալում ճգնաժամային, դժվար իրավիճակները: Ոմանց հենց այդ իրավիճակն է մղում ստեղծագործելուն՝ սեփական  խոսքն ասել արվեստի միջոցով: Համաշխարհային արվեստի փորձն է ցույց տալիս, որ դժվար ժամանակներում գլուխգործոցներ են ստեղծվում: Հաճախ էլ ապատիան, հուսալքությունը հանգեցնում են նաեւ ստեղծագործական նահանջի: Տեսնենք, ժամանակը ցույց կտա»,- ասաց Ռուբեն Միրզախանյանը:

Հայաստանում մրցանակաբաշխությունների պակաս կարծես թե չկա: Արվեստի յուրաքանչյուր ասպարեզ իր մրցույթն է անցկացնում, կան նաեւ տարիների քննությունն անցած ու ավանդական դարձած մրցանակաբաշխություններ, ինչպիսին է «Արտավազդը»: «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ամենաավանդականն ու հինն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Ձեռնոց չի նետում որեւէ մեկին, փորձում է ավանդույթներն ամուր պահել եւ անքակտելի դարձնել Հայաստան-Սփյուռք կապը:

ՆԱԻՐ ՅԱՆ