Վահան Թեքեյան հանճարեղ գրագետի գիտական կենսագրությանը ավելացավ եւս մեկը «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքը, որ ստեղծվել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի աշխատասիրությամբ, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի միջոցներով: Անհրաժեշտ է արժանին մատուցել Վ. Դավթյանին՝ իր տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար: Նա ժողովածուի մեջ ընդգրկել է 1901-1910 թվականների թեքեյանական բոլոր արձագանքները, որոնք արտահայտվել են ժամանակի արտասահմանյան եւ արեւմտահայ մամուլում: Նախ՝ գիրքն օգնում է ընթերցողին թեքեյանական յուրօրինակ բառ ու բանով գաղափար կազմել ժամանակի ու միջավայրի մասին, մյուս կողմից՝ երեւան է հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրո առարկա նյութի վերաբերյալ:
Առավել կարեւոր են ընդարձակ ծանոթագրությունները, որոնք լույս են սփռում ժամանակի հասարակական-քաղաքական, գրական մթնոլորտի եւ այդ բնագավառի գործիչների կյանքի, դիրքորոշումների եւ դրանց պատճառների վրա: Մանրակրկիտ ներկայացված է նաեւ անձնանունների եւ տեղանունների ցանկը՝ ամփոփ տեղեկություններով:
Այսօր հրապարակ հանված այս բացառիկ ժողովածուն ներկայացնում է Վահան Թեքեյանի կյանքի ու հրապարակագրական գործունեության տարիները՝ լի աշխարհացունց, ազգային, կուսակցական եւ անձնական իրադարձություններով:
Թեքեյան-հրապարակագրի ճակատագիրը, ինչպես նշում է Վ. Դավթյանը, գրապատմական է. գրողը վաղուց ի վեր իր ընթերցողի հետ սկսել է ազգային եւ պատմական երկխոսություն՝ հաղորդական դարձնելով նրան ժամանակի ահակոչ խնդիրներին: Ժողովածուի առանցքային հարցը, բնականաբար, Վ. Թեքեյանի հոդվածների ընկալումն է ընթերցողների կողմից, որին Վ. Դավթյանը մոտեցել է մեծ պատասխանատվությամբ: Նա գրել է հրաշալի նախաբան «Հազարներու մէջէն մէկը…» խորագրով, որտեղ նկատել է, թե Վահան Թեքեյանի հոգու պայծառ լույսի եւ ահեղ մթության հերթագայությունը կրկին պետք է ապշեցնի ընթերցողին: «Թեքեյանական հոգին շարունակական պեղվող վշտի հանք է, տառապանքի ու տագնապի խառնարան՝ իր խորության մեջ հրաբխի ներքնահառաչ ժայթքումին պատրաստ»,- նշում է թեքեյանասեր Դավթյանը:
Վ. Թեքեյանի վերագնա ընթացքը դեպի ընթերցողի սիրտը եւ միտքը դժվար, բայց հաստատուն շարունակվում է դեպ առաջ: Նրա կատարյալ եւ ինքնասանձ հանճարը ապշեցնելու է գրահմուտ հրապարակագրի ու խմբագրի ներքնեռանդությամբ: Ներկայացված յուրաքանչյուր հոդված ունի տարբեր շերտեր, ենթատեքստեր, եւ ընթերցողներից յուրաքանչյուրը փնտրում է իր համար ամենաէականը, որից էլ առաջանում են տարընթերցումներ ու բանավեճեր, նշանակում է գրքի կարեւորություններից մեկն էլ այն է, որ տարբեր բնագավառի մասնագետներ՝ գրականագետներ, պատմաբաններ, լրագրողներ, գրաքննադատներ, քաղաքական գործիչներ եւ պարզապես Թեքեյան սիրողներ եւ ուսումնասիրողներ կարող են այս գրքից ստանալ իրենց համար անհրաժեշտ ու կարեւոր տեղեկույթ:
Շատ կարեւոր է նաեւ այն, որ կարդալով հոդվածները՝ հաճախ հանդիպում ենք հասարակական կամ գրական աշխարհի մարդկանց, որոնց մասին ընթերցողը տեղեկություններ է ստանում ժողովածուից, օրինակ՝ Պողոս-Պետրոս եկեղեցու «Ամենէն սիրուած, ամենէն յարգուծ՝ Դանիէլ վարդապետը, որուն ի տես կրքերը կը լռեն, ու կը բացուին սրտերը… ու քսակնին ալ», կամ «…բժիշկներուն ամենէն քիչ բժիշկը երեւութապէս Տօքթ.Ա.Ս.Յակոբեանը»: Հետաքրքրական է Խրիմյան Հայրիկի հետ Բեռլինի վեհաժողով մեկնած պատվիրակության թարգմանիչ-քարտուղար Մ. Չերազի «արեւանկարը»: Հոդվածներում լուսաբանվում են ֆրանսիացի բանաստեղծ Ալֆոնս դը Լամարթինի, ֆրանսիացի լրագրող եւ հայտնի ճանապարհորդ Սթանլի Հենրի Մորտոյի, ֆրանսիացի պետական քաղաքական գործիչ Մորիս Ռուվիեի, եվրոպացի աստղագետ Լըբոթ Հորթանսի եւ այլ հասարակական, քաղաքական, գրական դեմքերի գործունեությունը:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի գրքի արտաքին տեսքը՝ Երվանդ Քոչարի 1924թ հեղինակած «Բանաստեղծը» կտավը՝ Վ. Թեքեյանի մտորող պատկերով, գույների ներդաշնությամբ, գրքի շապիկի հրաշալի ձեւավորման գրավականն է:
Այս հպանցիկ դիտարկումներն անգամ վկայում են «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքի անհրաժեշտության մասին, որը ընթերցողին փոխանցում է ժամանակի կենդանի շունչը, նրան տեղափոխում տեսակետների, կրքերի, շահերի բախման մի մթնոլորտ, որն ավելին է հաղորդում, քան շատ անփոփոխ բնագրեր: Այն կարեւոր հիմք է ստեղծում նաեւ թեքեյանագիտական նոր զարգացումների համար:
Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուն առանձին հատորներով Հայաստանում եւ Սփյուռքում լույս է տեսնում առաջին անգամ: Հուսանք եւ սիրով սպասենք, որ առաջին հատորին շուտով կհաջորդեն մյուս երկու հատորները:
ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
բ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող