Սկիզբը` նախորդ համարում
Անդրադառնալով Ս. Հասան-Ջալայանին այդքան հետաքրքրած առաջին միջազգային կազմակերպությանը, լրացնենք, թե Յու. Բարսեղովը Ղարաբաղին վերաբերող իր աշխատության առաջին հատորում տեղադրել է կարեւոր մի փաստաթուղթ, ըստ որի 1920 թ. փետրվարի 27-ի դրությամբ ադրբեջանական պատվիրակությունը ինքն էր ընդունում տարածքի վիճելի լինելու փաստը՝ Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ իր հուշագրի էջ 43-44-ում համաձայնելով հիմնահարցի կարգավորմանը կազմակերպության միջամտության հեռանկարի հետ: Այդ առումով տրամաբանական կլիներ հիշատակել նաեւ պ.գ.թ. Է. Գզոյանի «Հայաստանի առաջին Հանրապետությունը եվ Ազգերի Լիգան» (Ե., 2013) մենագրությունը, առավել եւս, որ նրանում ներկայացվում է կազմակերպության առաջին Ասամբլեայի նախագահ Պ. Գիմանսին 1920 թ. դեկտեմբերի 7-ի նամակում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի խոստովանությունը Արցախի վիճելի լինելու վերաբերյալ: Վերոհիշյալ նամակով ադրբեջանական կողմը ոչ միայն ընդունում էր Արցախի վիճելի լինելու փաստը, այլեւ պատրաստ էր հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով դիմել Ազգերի լիգայի օգնությանը: Այսքանը գոյապայքարի եւ Արցախում ծավալված 1917-1920 թթ. հայ-ադրբեջանական պատերազմի մասին:
***
Այժմ անդրադառնանք արդի իրականությանը: Ս. Հասան-Ջալալայանն իր գրքույկի անոտացիայում բարձրագոչ խոստացել է մեզ առաջինն ի ցույց դնել ներկա հիմնահարցեր կարգավորման նոր հնարավորությունները: Սա շատ կարեւոր է եւ ամեն ինչ նորմալ է, քանի դեռ նա անդրադառնում է մեր բարվոք ոչ հեռու անցյալին վերաբերող վաստաթղթերին: Այսպես, հեղինակը շատ տեղին քննադատում է 1991 թ. օգոստոսի 30-ի «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագիրը» եւ ն. թ. հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին Սահմանադրական ակտը»: Այդ երկու փաստաթղթերով անբողջովին մերժվում է նրանց քաղաքական պատմության խորհրդային ժամանակաշրջանը: Ներկայիս պետությունն իրեն հայտարարելով 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ին գոյություն ունեցած կազմավորման ժառանգորդ, մի կողմ նետեց 1921 թ. կազմակերպված եւ իր համար այդքան ձեռնտու Մոսկվայի պայմանագիրը, Արցախը նրան հանձնելու ՌԿ(բ)Կ Կովկայսան բյուրոյի որոշումը եւ Կարսի պայմանագիրը: Անօրինական են դառնում ե՛ւ Ադրբեջանի կազմում ինքնավարության ստեղծումը, ե՛ւ խորհրդային ժամանակաշրջանում ձեւավորված հայ-ադրբեջանական սահմանները:
Փաստորեն, Բաքվի համար միակ կռվան է մնում արցախահայերի VII համագումարի կողմից ստորագրված 1919 թ. օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը եւ 1920 թ. հունվարի 10-ին Փարիզի համաժողովի կողմից Ադրբեջանի կառավարության փաստացի ճանաչումը: Առաջին փաստաթուղթը գրանցում էր մուսավաթական իշխանություններին Արցախի ենթարկվելու ժամանակավոր բնույթը եւ հարցի վերջնական լուծումը վերապահում էր միջազգային Խաղաղության համաժողովին: Ժամանակավոր համաձայնագիրն օրինական էր ճանաչում արցախահայերի ձեռքում զենքի պահպանումը եւ Արցախում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ամեն մի տեղաշարժի համար պահանջում էր երկրամասի Ազգային խորհրդի անդամների 2/3-ի համաձայնությունը: Ինչպես հայտնի է, նահանգապետի դերակատարում ստանձնած Խ. Սուլթանովն ինքը 1920 թ. փետրվարի 19-ին գրավոր մերժեց այդ փաստաթուղթը՝ պահանջելով Արցախի անվերապահ հնազանդություն: Մերժում ստանալուց հետո, մարտի 22-ին հետեւեց Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որը թիրախավորում էր Զանգեզուրը: Մարտի 23-ից 26-ին Արցախի կենտրոն Շուշիի հայկական մասի հրկիզումը դարձավ երկրամասը գրավելու եւ իրենց Հայրենիքից հայերի վտարման նպատակով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասը: Չնայած հայերի խոշոր մշակութային կենտրոն եւ Անդրկովկասի մեծությամբ չորրորդ քաղաք Շուշիի ոչնչացմանը, ադրբեջանական բանակը հաջողությամբ ետ մղվեց, Դ. Կանայանի (Դրոյի) ազատարար էքսպեդիցիոն զորամիավորումը մուտք գործեց Արցախ եւ 1920 թ. ապրիլի 29-ին արցախահայերի IX համագումարը վերստին հաստատեց Արցախի վերամիավորումը ողջ Հայաստանի հետ: Համագումարը օրենսդրորեն հաստատեց, որ սպանությունների եւ ահաբեկչության երկարատեւ հայատյաց քաղաքականությունը եւ օգոստոսի 22-ի փաստաթղթի մշտական խախտումներն ու դրանից միակողմանի հրաժարումը, այնուհետեւ Ադրբեջանի կանոնավոր բանակի հարձակումը իրավական ուժը կորցրած են դարձրել այդ փաստաթուղթը:
Այսպիսով, այսօր Ադրբեջանը չի կարող վկայակոչել որեւէ բան, բացի Թուրքիայի հետ համատեղ ռազմական գործողություններից եւ օկուպացիոն բանակի կողմից խաղաղ բնակչության ազգային հատկանիշով իրագործած ցեղասպան ոչնչացումներից:
Խորամուխ լինելով արդի իրականության մեջ, անդրադառնանք Ս. Հասան-Ջալալյանի գրքույկի հայերեն վերնագրում ի հայտ եկած, գրախոսի համար բացարձակապես անընդունելի «ադրբեջանարցախյան» հակամարտություն եզրույթին: Ռուսերեն եւ անգլերեն ձեւակերպումներում հեղինակը միանգամայն ճիշտ տեղադրում է գծիկը՝ հակադրելով կիրառված երկու հասկացությունները: Եվ իրոք, երեք լեզուններով էլ գծիկը հակադրում է հիմնային տարրերը, իսկ գծիկի բացակայությունը ձեւավորում է ընդհանուր, համադրական իմաստային միասնություն: Այսպես, ադրբեջանա-արցախյան հակամարտությունը նշանակում է պայքար Ադրբեջանի եւ արցախահայության միջեւ: Իսկ հեղինակի ներկայացրած տարբերակը կարող է նշանակել Արցախ տեղափոխված ադրբեջանցիների պայքար տեղացի հայերի եւ Հայաստանի դեմ: Այդպիսին կարող են լինել գծիկին առնչվող պատմությունները:
Ինչ վերաբերում է ներկայիս պայմաններին, ապա մեր քարոզչական համակարգին անհրաժեշտ է հիշեցնել, որ միջազգային քաղաքականությունը եւ իրավունքը չեն առանձնացնում յուրաքանչյուր պետության իրավունքը նրա պարտականություններից: Տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը գոյություն չունեն անձնական անվտանգության եւ օրենքի առաջ հավասարության մարդու հիմնարար իրավունքից զատ: Մարդը կամայականության ձայնազուրկ զոհ չէ եւ կյանքի, կացարանի, ունեցվածքի եւ պատվի պաշտպանության անբեկանելի իրավունք ունի: Ինքնիշխանությունը թույլ չի տալիս ջարդեր, էթնիկական զտումներ, կամ ազգային խտրականություն իրականացնող գաղութատիրական քաղաքականություն: Հատկապես այդ հանցավոր երեւույթների դեմ պայքարելու համար, առանձնապես պետական ինքնավարություն ունեցող հասարակություններում, գոյություն ունի ինքնորոշման իրավունքը: Քանի որ արդի ժողովրդավարության գլխավոր սկզբունքը եղել եւ մնում է Հասարակական պայմանագիրը:
***
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետագա գործողությունների վերաբերյալ Ս. Հասան-Ջալալյանի առաջարկություններին անդրադառնալիս պետք է նկատել, որ դրանք նրա առաջնության հայտի ամենաթույլ կողմն են հանդիսանում. զգացվում է փորձի եւ մասնագիտական հմտության իսպառ բացակայությունը: Հեղինակը մեզ առաջարկում է այսօր, 2020 թ. ողբերգական պատերազմից հետո անհեռանկարային տարածաշրջանային անկախության ուղին: Մինչդեռ ժողովրդի անվտանգության ապահովման ցանկացած գործելակերպը օգտակար է, քանի դեռ այն ինքնանպատակ չի դարձել: Եվ քաղաքական յուրաքանչյուր վերլուծություն պահպանում է իր արժեքը, երբ կենտրոնացած է ընթացիկ խնդիրների լուծման եղանակների վրա: Իսկ ընդհանուր նպատակները՝ բարեկեցությունը, անվտանգությունը, հասարակության զարգացումը ընդհանուր առմամբ նույնական են բոլոր ժողովուրդների եւ պետությունների համար: Ինչո՞ւմ է տարածաշրջանային անկախության թեզի հիմնական թերությունը: Դրանում, որ պետությունից պահանջվում է ոչ թե միջազգային ճանաչում, այլ տարածքի ռազմավարչական կառավարման ունակություն, այսինքն իր բնակչության անվտանգության ապահովում: Արդեն 1988 թ. պաշտոնական Բաքվի ջարդարար վարքից պարզ էր, որ չափերով փոքր Արցախը անկարող է այդպիսի անվտանգություն ապահովել: Ուստի Միացումի կարգախոսը ո՛չ միայն ամբողջ ազգի միավորման ձգտումն էր. այն կա եւ մնում է երկրամասի հայության իրենց Հայրենիքում ֆիզիկական գոյատեւման միակ ողջամիտ մոտեցումը: Ամբողջ աշխարհը շատ լավ հասկանում էր, եւ այսօր էլ հասկանում է, որ միայնակ Արցախը նույնիսկ երկու շաբաթ չի պահպանի իր հազարամյա ազգային կերպարը: Միայն Հայաստանի Հանրապետության առկայությունն ու լիարժեք աջակցությունը ապահովեցին նրա գոյության երեսուն տարիները: Ահա թե ինչու միջազգային շրջանակները բանակցում էին Հայաստանի հետ: Դրանցում Արցախի մասնակցությունը ճիշտ էր, բայց ոչ թե առանձին մասնակցի կարգավիճակով, այլ որպես հայկական կողմի՝ ուղղակի հարձակման ենթարկված բաղադրիչ: Մեզ բոլորիս անհրաժեշտ է գիտակցել, որ Արցախը կյանք չունի առանց Հայաստանի: Արդյո՞ք բոլորս միասին ապահովում ենք մեր ֆիզիկական անվտանգությունը: Շատ տեղին հարցադրում է: Բայց այն, որ միասին մենք շատ ավելի կենսունակ ենք, կասկած չի հարուցում: Միացումը ոչ միայն հինավուրց ժողովրդի, որի մի մասին ենթարկում էին բնաջնջման, հուզական պատասխանն էր: Այն եղել եւ մնում է բոլորիս համար ընդհանուր միջավայրում մեր միացյալ գոյատեւումն ապահովող առավել արդյունավետ մեթոդը:
Մարդկանց կյանքի պահպանության միակ եւ համընդգրկուն գործոն դարձած խաղաղապահների հայտնվելը ձեւավորեց տարածաշրջանի անծայրածիր կախվածությունը նրանց ներկայության հանգամանքից: Խոսել այսօր արցախահայերի ինքնուրույնության մասին՝ նշանակում է դեմ գնալ առողջ դատողությանը: Երկրամասը ամբողջովին կախված է խաղաղապահներից եւ նրանց ղեկավարության քաղաքական մտադրություններից: Այնինչ, ժամանած զինված ուժերը տեղական բնակչության առջեւ որեւէ պատասխանատվություն չեն կրում: Ավելին, նրանց պետությունը պաշտոնապես եւ անթաքույց հրավիրել ու նախաձեռնել է Թուրքիայի՝ մեր բոլորի համար կործանարար ռազմական ներկայությունն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերջինիս համընդգրկուն մասնակցությունը:
Այն, որ 2008 թվականից ի վեր Հայաստանը երբեւիցէ չի առարկել կամ արձագանքել նման զարգացումներին, աններելի է մեր քաղաքականության համար:
Ի սկզբանէ էլ պարզ էր, որ Արցախի ինտեգրումը Ռուսաստանի հետ անհնարին է աշխարհագրական հեռավորության պատճառով: Ռուսաստանից որեւէ մատակարարում եւ կապի ապահովում անհնարին է երկրամասի՝ ամբողջ Հայաստանից մեկուսացման դեպքում: Պատրանքներ չտածենք՝ մեր առանձնացումը կորստաբեր է Արցախի համար: Այո, Հայաստանի Հանրապետությունը նույնպես ի վիճակի չէ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն առանց արտաքին ռազմական ուժեղացմանը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետ Արցախի համագործակցության անհրաժեշտ ընդլայնումը պահանջում է Հայաստանի հավասար մասնակցություն: Նա պարզապես առանձին ճանապարհ չունի: Ապագան կախված է 1988 թ. համաշխարհային քաղաքականությունը ցնցած եւ ամբողջ աշխարհի համակրանքն ու օգնությունը հարուցած Միացումի հունով մեր միասնական գործողություններից: Հատկապես այդ պահանջը որպես գաղափարախոսություն, քարոզչություն եւ քաղաքական գործընթաց բերել է այն հաջողություններին, որոնք ապահովեցին անցած երեսուն տարվա կյանքը: Անկախության գաղափարի չափազանցված քարոզը, նրա ինքնանպատակ դառնալը եւ այնպիսի մակարդակի հասցնելը, երբ այն միայն սաստկացնում է վտանգը, ավելի սթափ գնահատական է պահանջում: Ահա ինչ եզրակացությունների ու դատողությունների մեզ բերեց Ս. Հասան-Ջալալյանի շարադրանքը: Հուսանք, որ դրանք նպաստելու են ընթերցողին նույն ուղղությամբ մտածելու:
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՄԱԽՄՈՒՐՅԱՆ
պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող