Սեւանից այս տարի նույնպես հավելյալ ջրառ կիրականացվի: Թեեւ նախագիծը դեռ խորհրդարան չի եկել, բայց գործադիրն արդեն նախապատրաստում է հանրությանն ու Սեւանի խնդիրներով մտահոգ բնապահպաններին՝ տարին երաշտային է, Սեւանից ջուր «գողանալն»՝ անհրաժեշտություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ընդդիմադիր ժամանակահատվածում ամենասուր ձեւով էր քննադատում այն ժամանակվա բնապահպանության նախարարներին, որ հանդգնում էին հայտարարել, թե հավելյալ ջրառի կարիք կա: Ընդդիմադիր Փաշինյանը դա ապաշնորհ կառավարման ու «ջրային մաֆիայի» գործունեության հետեւանք էր համարում: Իր կառավարման առաջին տարում նույնպես հավելյալ ջրառի կարիք եղավ: Որպես արդարացում՝ Փաշինյանն այդ ժամանակ՝ 2018-ի օգոստոսի 23-ին, խնդիրը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ոռոգման համակարգի գործունեությունն այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում, ու մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանը ստանանք եւ ոռոգման համակարգում գնանք լրջագույն, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի լուծումների, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, ջրային մաֆիայի գոյությունը: Եթե այդպիսի մաֆիա գոյություն ունի, այն շատ արագ պետք է կապիտուլացիայի ենթարկվի»:
Վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սեւանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել: «Հետո որոշ ժամանակ անց ինձ ասել են, որ Սեւանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ», – ասաց Փաշինյանը:
Նույն խնդրի մասին՝ Փաշինյանն ամիսներ անց՝ 2018-ի նոյեմբերի 22-ին խոսեց՝ ընդգծելով, որ պետք է արձանագրել՝ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա: «Այսօրվանից պետք է զբաղվել ոլորտով, որպեսզի նույն տաշտակի առաջ կառավարությունը չկանգնի: Ինձ զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը. կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց: Իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցերով»,- վստահեցնում էր գործադրի ղեկավարը:
2018-ից մինչեւ այսօր կառավարությունը մեկ անգամ չէ, որ Սեւանից հավելյալ ջրառ իրակացնելու համար Ազգային ժողով նախագիծ է ուղարկել: ՔՊ-ականներն այն պարզապես «դակել» են ու առաջ անցել:
«Էկոլուր» տեղակատվա-հասարակական կազամկերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի ներկայացրած տվյալներով՝ կառավարությունը մտադիր է 130 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնել: Այն դեպքում, երբ Հայաստանի հարստությունը համարվող լճից տարեկան 180 մլն խ/մ ջուր է վերցվում: Ստացվում է՝ 2023-ի ամփոփ տվայլներով՝ ջրառի ցուցանիչը 310 մլն խ/մ է կազմելու:
«Ազգ»-ի հետ զրույցում բնապահպանը դա կատաստրոֆա է համարում ու հակադարձում պաշտոնյաներին, որ փորձում են արդարանալ, թե թերլցված ջրամբարների պատճառով են ստիպված Սեւանից հավելյալ ջուր վերցնում:
Զարաֆյանը նույնպես ընդգծում է, որ այս տարի ջրամբարները թերլցված են ու ոռոգման ծավալները բավարարել պարզապես չեն կարող: Բայց դա չի նշանակում, թե հարցը պետք է Սեւանի հաշվին լուծել:
Մեզ հետ զրույցում «Էկոլուրի» նախագահը նշում է՝ նախ պետք է ջրամբարների թողունակության հարցը լուծել ու այնպես անել, որ ամբարված ջուրը ջրամբարի ճաք տված պատերի միջով հողի մեջ չանցնի, չկորչի: Բացի այդ՝ նոր ջրամբարներ պետք է կառուցել կամ էլ արագացնել կառուցվողների ընթացքը: Իսկ ամենամեծ խնդիրը, մեր զրուցակցի համոզմամբ, ձկնաբուծարաններն են, որ բառիս բուն իմաստով գողանում են արտեզյան ջրերը:
«Հայտնի է, որ Հայաստանի բնակչությանը սնող ու պարենի մեծ մասն ապահովող Արարատյան դաշտի վարելահողերը հիմնականում ու միշտ արտեզյան ջրերով են ոռոգվել: Դրանք ջրամբարներում ամբարվել են, որ ոռոգման սեզոնին գյուղացիներին հասնեն, բավարարեն գյուղացու պահանջները, բայց արդեն քանի տարի արտեզյան ջրերը 6 խոշոր ձկնաբուծանների են ծառայում: Ջրային պաշարների 40 տոկոսից ավելին տրվում են այդ ձկնաբուծաններին, որոնց սեփականտերերը բոլորիս հայտնի օլիգարխներն են: Ես հիմա նրանց անունները չեմ տա, որովհետեւ թղթի վրա իրենք որեւէ կապ չունեն դրանց հետ, բայց բոլորն էլ գիտեն՝ ումն են դրանք: Սեւանի խնդիրները, այդ թվում՝ կանաչելն, ուղղակիորեն կապված է Արարատյան դաշտի վեց խոշոր ձկնաբուծարանների հետ: Եվ եթե պետությունը ցանկանում է՝ Սեւանը միշտ կապույտ մնա, ապա չպետք է նայի՝ ովքեր են դրանց տերերը, ուղղակի պետք է բռնի ու փակի, այլապես այդ ամենը շատ վատ հետեւանք է ունենալու»,- մեկնաբանում է Զարաֆյանը:
Փաշինյանը 5 տարի առաջ, «ջրային մաֆիա» ասելով, նաեւ սա նակտի ուներ, բայց ասելուց զատ նա եւ նրա կաբինետը ջրերը ստվերից դուրս բերելու մասով մատը մատին չեն տվել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ