ՀՀ ԳԱԱ գիտնականների կողմից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում Սեւանա լճի ուսումնասիրության համար: Մասնավորապես, «Սեւանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում եւ «ծաղկման» երեւույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» թեմայի շրջանակներում (համակարգող՝ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն կ.գ.դ. Բ. Գաբրիելյան) կատարված հետազոտությունների արդյունքները շատ կարեւոր են:
Սեւանա լճի «ծաղկման» երեւույթների դեմ պայքարի մեթոդների մշակման նպատակով իրականացվել է լճի ջրերի «ծաղկմանը» նպաստող հիդրոքիմիական եւ հիդրոֆիզիկական գործոնների բացահայտում, ավտոտրոֆ օղակի տեսակային կազմի որոշում եւ քանակական ցուցանիշների գնահատում: Կապտականաչ ջրիմուռներից Սեւանա լճի ջրերի մաքրման նպատակով կատարվել է Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանության մշակում: Ցեոլիտների օգնությամբ կապտականաչներից ջրի մաքրման արդյունավետությունը գնահատվել է մանրէաբանական ցուցանիշների հիման վրա: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ: Փորձեր են արվում մեծացնելու սորբենտի ազդեցության արագությունը:
Իրականացվել է նաեւ Սեւանա լճի 3 դիտակետերից (Լիճք, Լճաշեն, Նորաշեն) վերցված ջրային նմուշների գենոտոքսիկության եւ կլաստոգենության մակարդակների բիոթեստավորում Տրադեսկանցիայի 02 կլոնի առէջաթելերի մազիկների (ԱԹՄ) եւ միկրոկորիզային թեստ՝ համակարգերի կիրառմամբ: ԱԹՄ-ի բիոթեստի տվյալներն ուսումնասիրված բոլոր ջրային նմուշներում ցույց են տվել ծաղկման շրջանում սոմատիկ կետային մուտացիաների, անգույն մուտացիաների, ինչպես նաեւ անկենսունակ մազիկների քանակի բարձրացում: Մակարդակի առավելագույն բարձրացում դիտվել է Լճաշենի հարակից տարածքի ջրային նմուշում: Նմանատիպ արդյունքներ դիտվել են նաեւ միկրոկորիզային թեստի 40 տվյալների ուսումնասիրության ժամանակ:
Կատարված հետազոտությունները վկայում են, որ Սեւանի լիմնոհամակարգը գտնվում է բնական եւ անթրոպոգեն գործոնների հզոր ազդեցության ներքո, ինչը լուրջ վերակառուցումներ է առաջացնում լճի կենսացենոզների կառուցվածքում:
Գիտական հետազոտությունները շարունակվում են:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր