Սա մեր իմացած Ղարաբաղի վե՞րջն է

78

Երբ մարդիկ ճգնաժամի առաջ են հայտնվում, որտեղից դուրս գալն անհնարին է, նրանք սովորաբար իրականությունից կտրվելու միջոցին են դիմում, որպես պաշտպանողական մեխանիզմի, որպեսզի խուսափեն մռայլ իրականությունից: Նման անելանելի դրության առաջ է գտնվում այժմ Ղարաբաղը եւ կարծես իրականությունից կտրվելու միջոցն այս անգամ չի գործելու:

Հայրենիքում եւ աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերը պետք է միավորվեն եւ լուծում գտնեն: Ուրիշ ոչ ոք չի փորձելու կարգավորել այս ճգնաժամը, եւ նույնիսկ եթե փորձեն, անելու են դա հանուն իրենց իսկ օգուտի, շահի, եւ ոչ թե Հայաստանին օգնելու համար:

Քառասունչորսօրյա պատերազմից ի վեր Ադրբեջանը ամեն օր մի նոր ճգնաժամ է ստեղծում, որը դուրս է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դադարեցնելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի շրջանակից: Այնպիսի տպավորություն է, որ կարգադրությունները միայն Հայաստանի եւ Ղարաբաղի համար են պարտադիր, իսկ Ադրբեջանը կարող է համաձայնեցված որոշումներն ու ընդունված պայմանագրերը խախտել: Բաքուն, օրինակ, ի հակասումն միջազգային այդ պայմանագրերի, շարունակում է կալանքի տակ պահել ավելի քան 80 հայ ռազմագերիների, որոնցից մի քանիսն արդեն իսկ երկարաժամկետ բանտարկության են դատապարտվել կեղծ դատավարությունների հետեւանքում:

Նախքան որ Հայաստանը բողոքեր եւ հարցը բարձրացներ միջազգային համապատասխան ատյանների մոտ, Ադրբեջանը 2021-ի ամռանը գրավեց Հայաստանի սահմանում գտնվող Սեւ լճի տարածքը: Մինչ քննարկվում էր այդ անօրինական զավթումի հարցը, սպանություններ տեղի ունեցան Հայաստան-Նախիջեւան սահմանում գտնվող Երասխում: Այս ամսվա ընթացքում էլ Բաքուն դադարեցրեց գազի մատակարարումը Արցախի բնակչությանը, երբ օդի ջերմաստիճանը նվազել էր եւ ձնաբուքը կենսական էր դարձրել ջերմությամբ պատսպարվելը: Մինչ ռուսական խաղաղապահ զորքերը բանակցում էին գազի մատակարարումը վերականգնելու հարցի շուրջ` որպեսզի խուսափեին մարդասիրական ճգնաժամից, Ադրբեջանի զորքերը մարտի 22-ից 25-ը ներխուժեցին բուն Ղարաբաղի տարածք եւ գրավեցին Ասկերանի շրջանի մարտավարական նշանակություն ունեցող Փառուխ գյուղը, որտեղ թուրքական «բայրաքթար» տիպի ԱԹՍ-եր գործի դնելով սպանեցին 3 հայ զինվորների եւ վիրավորեցին 14 ուրիշների:

Ղարաբաղյան 2020 թվի պատերազմից եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի ընդունումից հետո, որը պաշտոնական գրանցում ստացավ «Շուշիի հռչակագրում», Անկարան իր ձեռքն է վերցրել Բաքվի կառավարությանը եւ մասնավորապես Ադրբեջանի զինված ուժերին, որոնք նորանոր ճգնաժամեր են հրահրում Հայաստանի համար:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հաճոյանալու մտադրությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է իբր առանց պայմանների բանակցություններ վարել Հայաստանի հետ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն էլ ըստ այդմ ողջունում ու գրկում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ հայտարարում, որ Հայաստանի հետ բանակցությունները արդյունավետ կերպով են առաջ ընթանում, մինչ ցինիկաբար Բաքվի իր ստորադասներին հանձնարարում է անընդհատ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար:

Այնուհետեւ նա Հայաստանից պահանջում է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության մի անթույլատրելի պայմանագիր` նախքան որեւէ առաջընթաց արձանագրելու Անկարա-Երեւան բանակցություններում: Ու թեեւ, ի վնաս Հայաստանի ու Ղարաբաղի, նման անդրկուլիսյան գործարքներ են կատարում, Թուրքիան եւ Չավուշօղլուն աշխարհին ներկայանում են որպես հերոսներ, որոնք ցանկանում են վերջ դնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին եւ խաղաղություն հաստատել: Նրանք կարողանում են այդ դերն ստանձնել եւ միաժամանակ ընդունել ու ապաստան տալ ռուս օլիգարխներին, որոնք իրենց միլիարդներն են փոխադրում Թուրքիա:

Միջազգային հարաբերություններում սովորական երեւույթ է դարձել այն փաստը, որ երբ գերտերություններից մեկը խրվում է ճահճի մեջ, աշխարհի մեկ ուրիշ վայրում ժայթքում է տեղի ունենում, որը փորձում է օգուտ քաղել իրավիճակից: Այժմ, երբ Ռուսաստանն ձախող պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ եւ իր զորքերն զբաղված են այնտեղ, Ադրբեջանը նախաձեռնել է փաստի առաջ կանգնեցնել Հայաստանին, ստիպելով նրան ստորագրել իր 5 կետից բաղկացած այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը»: Նման իրավիճակը պարզ էր բոլորի համար, բայց այն վերջերս տեղ գտավ նաեւ ուկրաինական խորհրդարանի պաշտոնական թվիթերյան կայքում: «Վերխովնա ռադան» ողջունելի էր համարում Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները, գրելով. «Ադրբեջանական զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանն իր զորքերն է ուղարկում Ուկրաինա` Հայաստանում գտնվող իր ռազմաբազայից եւ Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահների շարքերից»:

Հայաստանում գործող Ուկրաինայի գործերի հավատարմատար Դենիս Ավտոնոմովն անմիջապես ժխտեց վերոնշյալ գրառումը, վստահեցնելով Հայաստանին, որ «դա Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ»: Ճիշտ է, գրառումը հանվեց կայքից, բայց իրականում այն համապատասխանում է Ուկրաինայի կառավարության դիրքորոշմանը եւ անշուշտ՝ ստեղծված իրավիճակին:

Արդբեջանն իրոք օգտվում է Ռուսաստանի ներգրավվածությամբ այնտեղ եւ փորձում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի համար` հարձակվելով եւ գրավելով մարտավարական այնպիսի մի տեղանք, որը գտնվում է ռուս խաղաղապահ զորքերի իրավասության ներքո: Չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարը զեկուցել է, որ Ադրբեջանը դուրս է եկել ռազմավարական այդ տեղանքից, ղարաբաղցի վկաները հայտնում են, որ ադրբեջանցիները դուրս են եկել գյուղից, բայց ոչ ռազմավարական դիրքից եւ այժմ բանակցություններ են տեղի ունենում երկու կողմերի միջեւ:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի կառավարության դիրքորոշմանը, կայքում նշվածը իրականում արտահայտում էր նախագահ Զելենսկու գործողությունները: Մենք կարող ենք կարեկցել ուկրաինացի ժողովրդին, բայց անհրաժեշտ է նշել, որ նախագահ Զելենսկին անձամբ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ընկերն է: Սա մենք պետք է գիտակցենք, չնայած Արեւմուտքում քաղաքականապես ճիշտ չէ նման արտահայտություններ անել: Նա զենք ուղարկեց Ադրբեջան 44-օրյա պատերազմի ընթացքում, եւ անձամբ շնորհավորեց նախագահ Ալիեւին իր հաղթանակի առթիվ:

Հայաստանաբնակ հայերը մտահոգվելու մեկ այլ պատճառ էլ կունենան, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական հաղթանակ տանի Ուկրաինայի դեմ մղած պատերազմում, որովհետեւ դա հնարավորություն է ստեղծելու նախկին խորհրդային հանրապետությունները դարձյալ միավորելու Մոսկվայի իշխանության ներքո կազմավորվող «Միութենական պետության» մեջ: Հայաստանը դառնալու է այդ պետության անդամներից մեկը:

Եկեք հստակեցնենք: Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում` բարբարոսական ու սրտաճմլիկ պատերազմական գործողություն է: Բայց ավելացնենք, որ միեւնույն սցենարը կատարվեց նաեւ Ղարաբաղում: Ծննդատներ ռմբակոծվեցին ու երեխաներ մահացան: Բազմաթիվ տներ քանդվեցին եւ գյուղեր ամբողջովին հողին հավասարվեցին: Բայց մեզ անարդարացիորեն նույն ձեւով չվերաբերվեցին, որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվության հետեւանքում, մեր խնդրի էությանն անտեղյակ մարդիկ (այսինքն` աշխարհի բնակչության 99 տոկոսը) Ղարաբաղը չեն դիտարկում այնպես, ինչպես Լուգանսկը եւ Դոնբասը: Հայաստանը, նրանց պատկերացմամբ, ռուսաստանյան պատրաստվածություն անցած մի պետություն է, որը փորձում է խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրանք տեղյակ չեն, որ Ղարաբաղը դարեր շարունակ եղել է հայկական տարածք: Դժբախտաբար, մեր թշնամիները շատ ավելի հզոր են եւ մեր դաշնակիցները` թունոտ:

Մինչ միջազգային հանրությունը քար լռություն պահպանեց ղարաբաղյան պատերազմի ամբողջ ընթացքում (բացի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի` «հույս ունեմ, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել» ցինիկ արտահայտությունից), այս անգամ Արեւմուտքում մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ադրբեջանն իր վերոնշյալ քայլը կատարեց: Գուցե անբացատրելիորեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հատկանշական ուղերձ հղեց` կոչ անելով կողմերին զսպվածություն հանդես բերել, մինչ գերտերությունները սուր քննադատության ենթարկեցին Ադրբեջանին: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր. «Ֆրանսիան ցավով է արձանագրում, որ Փառուխի եւ Խրամորթի շրջաններում տեղի են ունեցել զինված բախումներ եւ ադրբեջանական բոլոր զորամիավորումներին կոչ է անում վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի ստորագրման օրվա իրենց գրաված դիրքերը»:

Մյուս կողմից, մարտի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Մ. Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ջալինա Պորտերը հայտարարեց. «Մ. Նահանգները խորապես մտահոգված է ազերի զորքերի առաջխաղացումների եւ իրավիճակը թեժացնող այլ միջոցառումների կապակցությամբ, որոնք անպատասխանատու եւ ամենեւին ոչ անհրաժեշտ սադրիչ գործողություններ են»:

Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ, Մոսկվան միշտ էլ հավասար վերաբերմունք էր ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին, ամեն անգամ, որ վերջինս խախտել էր հրադադարի դրույթները: Այս անգամ, սակայն, քանի որ խոսքը վերաբերում էր ռուսական խաղաղապահ զորքերին, պաշտպանության նախարարությունը Բաքվին քննադատեց: Շաբաթավերջին հրապարակված հայտարարության մեջ նախարարությունը մեղադրում էր Ադրբեջանին Ռուսաստանի միջնորդությամբ 2020-ի հրադադարի դրույթները խախտելու համար եւ ադրբեջանական զորքերից պահանջում էր դուրս գալ խաղաղապահների «պատասխանատվության տակ գտնվող գոտուց»:

Անցյալ կիրակի գիշեր նախարարությունը վստահեցրեց, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Փառուխից: Ղարաբաղի պաշտպանության զորքերը հաստատեցին, որ գյուղն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ավելացրին, որ ադրբեջանցի զնիվորները դեռեւս շարունակում են զբաղեցնել «ամուր դիրքեր»:

Ադրբեջանը ձեռնոց է նետում Ռուսաստանին, քանի վերջինս չափազանց զբաղված է Ուկրաինայում: Երկրի պաշտպանության նախարար Զակիր Հասանովը վերջերս հայտարարել է, որ եթե անհրաժեշտ լինի` «մենք կարող ենք հայերի դեմ օգտագործել ամենաարդիական զենքերը»: Նա նաեւ ամբարտավան պահանջ է ներկայացրել հայկական կողմին` դուրս բերելու Ղարաբաղից բոլոր «անօրինական ռազմական կազմավորումները», նկատի ունենալով Ղարաբաղի պաշտպանության ուժերին: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ նման դրույթ չի արձանագրված: Բայց գոյություն ունի մեկ այլ պայման, որ Մոսկվան եւ Բաքուն չեն պահպանել: Հրադադարի հայտարարությունը կոչ է անում երկու կողմերի բանակներին մնալ նոյեմբերի 9-ի դրութամբ իրենց համապատասխան վերահսկողության տակ գտնվող դիրքերում:

Հակառակ այդ դրույթին, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ կնքված գաղտնի համաձայնությամբ հայկական զորքերին ստիպեցին դուրս գալ Քելբաջարից, որտեղ նրանք չէին պարտվել: Նախագահ Պուտինը փորձում է միշտ զգուշավորությամբ վերաբերվել նախագահ Ալիեւին, որովհետեւ վերջինս խորամանկորեն մերժել է ստորագրել Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորքեր տեղակայելու մանդատը:

Այսպիսով, Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի, տարբեր պայմաններում կարելի է ասել` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում: Վերջինիս պարագայում` չափազանց աննշան, անշուշտ վերոնշյալ մանդատի բացակայության պատճառով:

Բաքուն Մոսկվային շանտաժի է ենթարկում` սպառնալով Կովկասում բացել պատերազմի մի նոր ճակատ, քաջ գիտակցելով, որ Մոսկվան դրան չի դիմանա: Մոսկվայի համար այլընտրանքը ճնշում բանեցնելն է Հայաստանի վրա, որ ընդունի «խաղաղության ծրագիր» կոչված եւ հինգ կետերից բաղկացած թունավոր դեղահաբը:

Ադրբեջանը շտապում է հասնել իր նպատակին, որովհետեւ Մոսկվան եւ ԵԱՀԿ-ն խճճված են Ուկրաինայի թնջուկի մեջ, իսկ Հայաստանն էլ չափազանց տկար է դիմադրելու համար որեւէ ճնշման: Պահը իդեալական է, որպեսզի Ադրբեջանը տեղում անշրջելի փաստեր ամրագրի: Հայաստանը ճիշտ վարվեց այդ «խաղաղության ծրագիրը» փոխանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ հայտարարելով, որ պատրաստ է անմիջապես բանակցել այդ հինգ կետերի շուրջ այդ միջազգային կազմակերպության հովանու ներքո:

Նախքան Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը Հայաստանն արդեն իսկ զիջումներ կատարել էր` հրաժարվելով օգտվել սակարկելու համար պիտանի որոշ արժեքավոր եւ նպաստավոր դրույթներից: Այս անգամ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ղարաբաղը ոչ թե տարածքային խնդիր է, այլ իրավունքի, եւ պետք չէ անջատվելու հարցը դիտարկել որպես պատմությունը ուղղելու փորձ: Իրավունքի հարցը, ի դեպ, օգտագործվել էր Արեւելյան Թիմուրում, Հարավային Սուդանում եւ Կոսովոյում անկախություն ձեռք բերելու նպատակով:

Փոթորկալից ամպեր են կուտակվում Հայաստանի եւ Ղարաբաղի երկնակամարների վրա: Հույս հայտնենք, որ սա չէ մեր իմացած Ղարաբաղի վերջը:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)