1954-ին ամերիկահայ լրագրող Լեւոն Քեշիշյանը գրել է, որ հնդկական կինոյի հինգ դերասանուհիներ ծագումով հայ են, բայց կրում են հնդկական ազգանուններ: Ցավոք, նա անուններ չի նշել: Այս շրջանից մեզ հայտնի են միայն երկուսի անունները: Հնդկական կինոյի առաջին աստղերից մեկը՝ 1920-1944 թթ. ավելի քան 40 ֆիլմում նկարահանված Փեյշընս Քուփերը (1902-1993), քառորդ հայ էր, մայրական կողմից հայ տատիկ ուներ: Մյուսը Սավիտա Դեւին էր՝ հնդկական կինոյի առաջատար դերասանուհիներից մեկը, որը նաեւ բանաստեղծուհի էր: (Եղել է նաեւ Գոհար անունով մի կինոդերասանուհի, սակայն նրա ստույգ ազգությունը պարզ չէ, այս անունը կա այլ ազգերի մեջ եւս):
1943 թվականին ամերիկահայ «Ասպարէզ» թերթը մայիսի 14-ի համարում լույս տեսած «Հնդկահայ շարժանկարի աստղ մը եւ բանաստեղծուհի» հոդվածով տեղեկացրել է հետեւյալը.
«Հնդկաստանի Փունա քաղաքէն Ուիլեըմ Մ. Կաֆֆին կը հեռագրէ ամերիկեան թերթերուն…. Մայիս 1 թուականով, որ հնդկական շարժանկարի ճարտարարուեստին մէջ ներկայիս կը փայլի թուխ Աստղիկ մը (a brown Venus), որ Հնդկաստան ծնած հայուհի մըն է, Սապիթա Տեվի անունով: ………Ամենէն ժողովրդական դերասանուհիներէն մէկը բնաւ հնդիկ չէ, այլ հայուհի մը՝ ծնած Հնդկաստանի մէջ: Ան կը կոչուի Սապիթա Տեվի եւ կը բնակի իր մօրը հետ Պոմպէյ, ուր կը շինուի հնդկական շարժանկարներու երկու երրորդը: Այս աղջիկը հարկադրուեցաւ սորվիլ Հինտուսթանի լեզուն՝ նախ քան շարժանկարի մէջ երեւիլը: Հիմա, սակայն, այնչափ լաւ կը խօսի այդ լեզուն, որ հանդիսականներէն քիչերը գիտեն անոր հնդիկ չըլլալը, ինչպէս կ’ըսէ ինքը՝ Սապիթա Տեվին: Հայուհին բանաստեղծութիւն կը գրէ իր պարապոյ ժամերուն եւ ունի խոշոր սեւ աչեր, զորս կը գործածէ համբոյրներ թելադրելու շարժանկարի կտաւին վրայ: …Ան կը կրէ հինտու կարմիր բիծն իր ճակատին վրայ եւ սովորական հնդիկ հագուստով է (սարիս), երբ նկարաբեմի վրայ կ’երեւի, սակայն երբ կը մեկնի շարժանկարի սթուտիոներէն՝ կը հագուի արեւմտեան հագուստներ»:
Մեզ հաջողվեց գտնել Վիլյամ ՄաքԳաֆֆինի նշված հոդվածը՝ վերնագրված «Հնդկաստանի ֆիլմերի տարբերակը շատ ուղղագիծ է», որը հրատարակվել է «Բիրմինգհեմ նյուզ» հանդեսում (1943, մայիսի 2, էջ 63):
Ժամանակի ամերիկյան այլ թերթերում եւս բազմաթիվ անդրադարձներ կան Սաբիտա Դեւիի հայկական ծագման մասին, սակայն դերասանուհու Վիքիպեդիայի էջում նշված է, որ նա իբր հրեական ծագում ունի՝ Այրիս Մոդ Գասփեր իրական անունով:
Հարցը պարզելու նպատակով դիմեցի Լիզ Չաթըրին՝ հնդկահայերի ծագումնաբանության մեր օրերի լավագույն մասնագետին, հարցնելով, թե տեղյա՞կ է այս դերասանուհու հնարավոր հայկական ծագման մասին: Չաթըրի առաջին պատասխանը (29 հոկտեմբերի, 2023) հետեւյալն էր. «Ես անձամբ լսած չկայի Սաբիտա Դեւիի մասին: Այնուամենայնիվ, հենց նոր նայեցի նրա Վիքիպեդիայի էջը, ինչպես նաեւ այլ կայքեր ու հրապարակումներ եւ փնտրեցի նրա ծննդյան անունը: Եթե նա իսկապես կոչվում էր Այրիս Մոդ Գասփեր, ապա կարող եմ ասել, որ ես տեղյակ եմ նրա հոր՝ Փերսի Գասփերի եւ նրա ընտանիքի ու ժառանգների մասին: Ըստ իմ արձանագրությունների՝ թեեւ նրա ընտանիքը հայ էր, բայց Այրիս Մոդը մկրտվել է ոչ թե Կալկաթայի հայկական եկեղեցում, այլ Ֆորթ Վիլյամի Հին եկեղեցում: Նրա հայրը մկրտվել է Կալկաթայի հայկական եկեղեցում: Այսպիսով, իմ եզրակացությունը սա է. եթե Այրիս Մոդ Գասփերն իսկապես Սաբիտա Դեւին էր, նա ունի ոչ թե հրեական, այլ հայկական ծագում»: Մի քանի րոպե անց Լիզ Չաթըրը գրեց հետեւյալը. «Ես գտա Սաբիտայի ծննդյան եւ մկրտության արձանագրությունը: Նա ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 20-ին, Կալկաթայում, Փերսի Գասփերի եւ նրա կնոջ՝ Մոդի ընտանիքում: Փերսին եղել է տպագրիչ: Այրիսը մկրտվել է Կալկաթայի Թոբուրն մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցում 1912 թ. դեկտեմբերի 1-ին»: Երբ Լիզ Չաթըրին հարցրի, որ միգուցե դերասանուհու մայրն է եղել հրեա, եւ այդպիսով հրեական ավանդույթի համաձայն նույն ազգությունն էլ վերագրել են դստերը, Լիզը պատասխանեց. «Տեղյակ չեմ նրա մոր մասին, դա որոշ ժամանակ կպահանջի: Բայց շատ քիչ հավանական եմ համարում, որ մայրը հրեա եղած լինի: Եթե Փերսին ամուսնացել է Կալկաթայում, ապա մայրը եղած կլինի հավանաբար անգլուհի կամ բնիկ կալկաթուհի: Նախկինում ինձ հանդիպել են Հնդկաստանի հայերին հրեա անվանելու իրողություններ, հիմնականում հնդիկների կողմից, որոնք սովորաբար տեղյակ չեն Հնդկաստանում հայ համայնքից, եւ ըստ իրենց իմացածի՝ հայը դարձրել են հրեա»:
Հավելենք, որ Սաբիտա Դեւիի հայրը՝ Փերսի Օսբորն Գասփերը, մահացել է 1938 թվականի նոյեմբերին, Բոմբեյում, ինչից հետո նրա կինը դարձել է դստեր մենեջեր-ուղեկցողը: Սաբիտան ունեցել է մեկ եղբայր եւ մեկ քույր: Նախապես աշխատել է Կալկաթայի «Բրիթիշ դոմինիոն ֆիլմս» ընկերությունում: Տեղափոխվելով Բոմբեյ՝ հիմնականում հանդես է եկել Սագար Մովիթոնի արտադրած ֆիլմերում, որոնց մեծ մասում խաղընկեր է ունեցել հնդիկ հանրահայտ դերասան Մոթիլալ Ռաջվանշին: Նրանց համատեղ ֆիլմերից հայտնի են «Դոկտոր «Մադուրիկան» (1935), «Արծաթե արքան» (1935) եւ «Քուլվադհուն» (1937): Սաբիտա Դեւին եղել է երրորդ ամենաբարձր վարձատրվող դերասանուհի Սուլոչանայից (Ռուբի Մայերս) եւ Գոհարից հետո՝ ամսական ստանալով 3000 ռուփի աշխատավարձ: Այնպիսի ճանաչված գրողների, ինչպիսիք էին Կ. Մ. Մունշին եւ Ռամանլալ Վասանթլալը, հանձնարարել են սցենարներ գրել նրա ֆիլմերի համար, իսկ ժամանակի լավագույն բեմադրիչներից մեկը, որի հետ Սաբիտան աշխատել է սոցիալական ժանրի կինոնկարներում, եղել է Սարվոթթամ Բադամին: 1935-1943 թվականներին Սաբիտան նկարահանվել է Բադամիի 15 ֆիլմերում: Հավանաբար հայկական ձեռնարկատիրական ոգու շնորհիվ Սաբիտան հիմնել է նաեւ իր սեփական արտադրական ընկերությունը՝ «Սուդամա փիքչըրզը»՝ Սարվոթթամ Բադամիի համագործակցությամբ:
1951 թվականին Այրիս Մոդ Գասփեր-Սաբիտա Դեւին Բոմբեյում ամուսնացել է քիմիկոս Դեյվիդ Թրեֆոր Լյուիսի հետ եւ տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, որտեղ ապրել է իր կյանքի մնացած մասը: Ինչպես մեզ հաղորդել է Լիզ Չաթըրը՝ Սաբիտա Դեւին մահացել է 1998 թվականի դեկտեմբերի 31-ին Բիսթոնի (Նոթինգհեմ) Սիլվերվուդ ծերանոցում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ