Տեւական ժամանակ է, ինչ աշխարհի ուշադրությունը սեւեռված է ռուս-ուկրաինական հակամարտության վրա: Հայրենի ԶԼՄ-ները եւս այդ մասին ամենօրյա տեղեկատվություն են սփռում: Սակայն թե ո՞րն է ռուս-ուկրաինական գոյատեւման սահմանագոտին, ե՞րբ, ինչու՞ եւ ինչպե՞ս սկսվեց այդ հակամարտությունը, չի ներկայացվում: Իսկ քանի որ այդ հակամարտության հետ է կապվում նաեւ ներկա փուլում Հայկական հարցի լուծման տարբերակները եւ որպեսզի շարքային ընթերցողը հնարավորություն ունենա ճիշտ պատկերացում կազմել դրա մասին, անհրաժեշտ համարեցինք ընդհանուր գծերով լուսաբանել այն:
Նախ նշենք, որ այդ հակամարտության արմատները գալիս են պատմական հեռվից: Հետո էլ դրա վրա պարբերաբար յուղ են ավելացնում ժամանակակից ուկրաինացի պատմություն հնարողները: Եթե հավատանք դրանց, ապա «Ուկրաինացիները յոթ հազար տարեկան են» (Պլաչիդա Ս., Լեբեդիա Յակ., «Калита», 2006. էջ. 4). «Ուկրաինացիները Արարատից իջնելով ըստ էության դարձան բոլոր ժողովուրդների նախահայրերը: Նրանք Եվրոպայի ամենահին ժողովուրդն են» (Բեսչեստնայա Մ., Աստվածն է ստեղծել Ուկրաինան, « Еженедельник» 2000, 11 նոյեմբերի 2013, էջ. 7), «Ուկրաինացիները Շումերներից հին են». (Գոլուբեվ Ա., Տրոյան Դնեպրի վրա, « Корреспондент», թիվ 1(540), 11 հունվարի 2013, էջ 26-28), «Նոյյան տապանը կանգ է առել Ուկրաինայում՝ Կիեւի մոտ», «Ադամը եւ Եվան ուկրաինացիներ են եղել» (ciberleninka.ru), «Ուկրաինացիներն են հայտնաբերել Ամերիկան», «Մամլուքները, որոնք 1250-1517 թթ. կառավարել են Եգիպտոսում, ծագումով ուկրաինացիներ են եղել» (Ինչու Ուկրաինան Ռուսաստան չի. Հեղինակ-կազմող Կատյուխա Ա. Ա., Խարկով, « Фолио », 2005, էջ 24, http://www.vesti-ukr.com) եւ այլ անհեթեթություններ: Կիեւի Ազգային համալսարանի դոցենտ Վ.Ա. Ռադզիեւսկին էլ «Ժամանակակից ուկրաինական առասպելների մասին» հոդվածում (ciberleninka.ru) նշում է, որ ուկրաինացի պատմահնարողների կարծիքով ռուսական ցարեր Պետրոս Մեծը եւ Եկատերինա II-ը եղել են ուկրաինական ինքնության խեղդողներ: Որ Պետրոս Մեծն իբր, Սանկտ Պետերբուրգը կառուցել է «ուկրաինական կազակների ոսկորների վրա», եւ այդպես շարունակ:
Նկատենք, որ ռուսներն էլ ղեկավարվելով մեծապետական շովինիզմի դիրքերից եւ հիմնականում անտեսելով հարեւան ժողովուրդների ազգային շահերը, իրենց հերթին են գրգռել նրանց եւ դրանով ատելություն սերմանել իրենց նկատմամբ: Իսկ կոնկրետ ուկրաինացիների պարագայում մշտապես զարգացրել են այն թեզը, որ ուկրաինացի եւ ռուս էթնոսները սնվում են նույն արմատներից (Киевская Русь) եւ նրանց հոգեւոր-մշակութային արժեքները, լեզվամտածողությունը նույնն են (Ռադզիեւսկի Վ. Ա., Ռուսաստանի Արեւելասլավոնական ենթամշակութային համայնք. Պատմական եւ էթնոլեզվաբանական էքսկուրս, ciberleninka.ru): XIX դարում վկայակոչելով այն իրողությունները, թե նույն հավատի հետեւորդներ լինելը, պատմական ճակատագրերի նույնությունները, լեզվական եւ մշակութային ընդհանրությունները վկայում են, որ Մեծ Հայքում եւ Փոքր Հայքում բնակվող հայերի նման, վելիկոռոսները գոյացնող ռուսները, մալոռոսները (ուկրաինացիներ) եւ բելոռոսներն ընդամենը նույն ռուս ժողովրդի տարբեր մասերն են (Каревин А. Русь нерусская (Как рождалась «р дна мова»). М. Имперская традиция, 2006, էջ 24): Իսկ ահա XX դարում հակառուսական ուժերի ձեռքին ուկրաինական լեզուն դառնում է պետականության ձեւավորման գործիք: Բոլշեւիկների անհեռատես քաղաքականությունն էլ ավելի նպաստեց արեւելյան սլավոնների հետագա տարանջատմանն ու թուլացմանը (Синйажски О., Коротка история «Украинского правопису», Культура украинского слова. Зборник 1. X. Стр. 110): Արդյունքում 1941 թ. շատ բնակավայրերում երկիր ներխուժած գերմանական զորքերին համարելով ազտարարաներ՝ «աղուհացով էին դիմավորում» (Голубов А. К вопросу об основных направлениях украинской субкультурологии// Вестник Санкт-Петербургского государственного университета культуры и искусств, СПб., 2015. 2 (23), июнь 2015, С. 225):
Նկատենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ XIX դարում ռուսական ցարերի քաղաքականությունը եւ իրականացրած գործողություններն ուղղված էին Ռուսական կայսրության կենտրոնացմանը եւ միասնականացմանը, իսկ նպատակը ծայրամասերի եւ տարածաշրջանների «ազատությունների» սահմանափակումն ու պետության հզորացումը: Այնպես որ, ուկրաինացի պատմահնարողների առասպելներն առասպելներ, սակայն իրականում IX դարում այդ ժողովուրդների ձեւավորման շրջանից սկսած, ռուս-ուկրաինական պայքարը տարբեր ուժգնությամբ ու դրսեւորումներով շարունակվել է հետագա բոլոր ժամանակներում: Այն մի փոքր մեղմվել է 1950-ականների երկրորդ կեսին, բայց հետագայում դարձյալ սրվել է մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը եւ դրանից հետո:
Հետխորհրդային առաջին իսկ տարում անկախացած Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջեւ միջպետական դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992 թ. փետրվարի 14-ին: Սակայն նրանց հարաբերությունները՝ 2014 թ. մարտի 17-ին ՌԴ-ին Ղրիմի միացնելու առիթով՝ կտրուկ վատացան: Ավելին, 2014 թ. ապրիլի 15-ին Ուկրաինայի խորհրդարանը (ռադա) օրենք ընդունեց, որով Ղրիմի տարածքը ճանաչվում էր որպես Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք: Այնուհետեւ 2015 թ. հունվարի 27-ին՝ ռադան մի որոշում ընդունեց, որով Ղրիմում եւ Դոնբասում Ռուսաստանի գործողությունները որակվեցին որպես ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ: Իսկ 2015 թ. սեպտեմբերին հաստատված Ուկրաինայի նոր ռազմական դոկտրինում Ռուսաստանի Դաշնությունը հայտարարվեց ռազմական հակառակորդ: Բոլորովին զարմանալի չէր նաեւ, որ 2016 թ. փետրվարի 18-ին ռադան թիվ 974-VIII օրենքի նախագծով նույնիսկ «Ռոսիյա» եզրույթն արգելեց եւ առաջարկեց այդուհետ Ռուսաստանն անվանել «Մոսկովյա» (В Украине дали ход запрету слова «Россия», обозначающее Россию. – http://www.vesti-ukr.com …v-ukraine…zapretit-slovo-rossija…): Ի դեպ, ուկրինական սփյուռքը եւս խրախուսում եւ աջակցում է «ռուսական էքսպանսիայի դեմ հերոսաբար պայքարող» ուկրաինացի առասպելահնարողներին, որոնք համառորեն անտեսում են այն խոսուն իրողությունը, որ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին ռուսների կողմից «ճնշված» Ուկրաինայի բնակչությունը 1992 թ. 52 միլիոն էր, իսկ «ազատ ու բարգավաճ» 2016 թ.՝ չէր գերազանցում 42 միլիոնը (Бузина О. Истории от Олеся Бузины: Когда на Украине было жить хорошо – 2 // Сегодня, 2008. – 22 февраля):
Ավելի ուշ արձագանքելով այդ ամենին եւ ի պատասխան դրա՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինը պարզաբանեց, որ «Ռուսական պետականության զարգացման փորձը եզակի է: Մենք բազմազգ հասարակություն ենք, բայց մեկ միասնական ժողովուրդ» (կցՑՌվ Թ., ծՈՓՌՏվՈսՖվօռ ՉՏտՐՏր, sobervieq.org/politics/putin/russia-national.html): Իսկ 2015 թ. թիվ 683 հրամանով ՌԴ-ի նախագահի ընդունած «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության» փաստաթղթում 2014 թ. Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը որակվեց որպես «հակասահմանադրական պետական հեղաշրջում» եւ շեշտվեց՝ «ծայրահեղ աջ ազգայնական գաղափարախոսության ամրապնդումը, Ուկրաինայի բնակչության մոտ ի դեմս Ռուսաստանի թշնամու կերպարի նպատակաուղղված ձեւավորումը, ներպետական հակասությունների ուժային լուծման անթաքույց խաղադրույքը, խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամը Ուկրաինան դարձնում են Եվրոպայում եւ Ռուսաստանի սահմանների մոտ անկայունության երկարաժամկետ օջախ»: Ի վերջո այդ ամենն հանգեցրեց նրան, որ 1997 թ. մայիսի 31-ին Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Բ. Ելցինի եւ Լ. Կուչմայի Կիեւում ստորագրած բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը 2019 թ. ապրիլի 1-ին դադարեց գործել, որովհետեւ ուկրաինական կողմը հրաժարվեց այն երկարաձգել:
2014 թվականից հետո էլ վերականգնված «Ղրիմի հարցը» դարձավ երկու երկրների հարաբերությունների առանցքային հանգույցներից մեկը: Ղրիմի եւ Սեւաստոպոլի իշխանության նոր տեղական մարմինները, չնայած Ուկրաինայի իշխանությունների հակազդեցության փորձերին եւ Արեւմուտքի երկրների ճնշումներին, Ռուսաստանի աջակցությամբ մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվե կազմակերպեցին: Դրանով Ղրիմի բնակչությանն առաջարկեցին պատասխանել Ուկրաինայի կազմից դուրս գալու եւ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավորության մասին հարցին: Մարտի 17-ին հանրաքվեի արդյունքների եւ Անկախության հռչակագրի հիման վրա միակողմանիորեն հռչակվեց Ղրիմի ինքնիշխան Հանրապետությունը: Մարտի 18-ին ՌԴ-ի եւ Ղրիմի Հանրապետության միջեւ Ռուսաստանի կազմում Ղրիմի Հանրապետության ընդունման մասին պայմանագիր ստորագրվեց եւ այդ հարցը համարվեց ավարտված:
Ղրիմի հարցին զուգահեռ 2014 թ. ապրիլին Ուկրաինայի արեւելքում այդ երկրի իշխանությունների դեմ զանգվածային բողոքները Ուկրաինայի զինված ուժերի եւ կամավոր ռազմականացված կազմավորումների ու ապստամբների ջոկատների (Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների կողմնակիցների) միջեւ վերաճեցին զինված հակամարտության: Հակամարտող կողմերի միջեւ համաձայնության հասնելու բոլոր փորձերը իրական հաջողություն չունեցան: Սակայն հետագայում եւս հակամարտության լուծման որոնումները շարունակվեցին դիվանագիտական մեթոդներով: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ (նորմանդական ձեւաչափ) ընթացող այդ բանակցությունները հանգեցրին կարճատեւ հարաբերական զինադադարի եւ 2014 թ. սեպտեմբերի 5-ի Մինսկի համաձայնագրի ստորագրմանը: Սակայն փաստացի Մինսկի համաձայնությունների ստորագրման օրվանից անցած չորս տարիների ընթացքում դրանց ոչ մի կետը չկատարվեց:
2017 թ. կեսերից Ուկրաինայի ղեկավարությունը, հաշվի առնելով այն, որ Մինսկի համաձայնագրերի հիման վրա ճգնաժամի կարգավորման գործընթացը մտել է փակուղի, շեշտը դրեց ամերիկյան նոր վարչակազմի հետ շփումների ամրապնդման եւ Դոնբասում իրավիճակի կարգավորման հասնելու վրա: Միաժամանակ նախաձեռնեց ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի գործարկման եւ Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշման ուժեղացման հիման վրա հասնել հաջողությունների: Անթաքույց հայտարարվեց նաեւ, որ Ուկրաինայի ղեկավարությունը Դոնբասի զինված հակամարտությունը դիտարկում է որպես Ռուսաստանի կողմից ագրեսիայի դրսեւորում: Ռուսաստանի ղեկավարությունն էլ հակադարձելով պնդեց, որ խոսքը ներքին հակամարտության մասին է: Երբ 2019 թ. ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Վլադիմիր Զելենսկին, իրավիճակն ավելի բարդացավ եւ վերաճեց ցայսօր շարունակվող կործանարար ռազմական բախման:
Մանրամասնությունների մեջ չմտնելով նշենք, որ մեր կարծիքով այսօրյա ռուս-ուկրաինական հակամարտության գլխավոր նպատակները հետեւյալներն են՝
1. Ուկրաինացիները, որոնք մշակութային, լեզվական, գաղափարախոսական եւ այլ ասպարեզներում ձերբազատվել են ռուսականությունից, ցանկանում են ընդհանրապես կտրել իրենց պորտալարը Ռուսաստանից եւ լիովին ինտեգրվել եվրոպական ընտանիքին ու արժեքներին եւ սա նրանց դարավոր ձգտումն է եղել:
2. Ռուսները ձգտում են թույլ չտալ վելիկոռուսականության ամենամեծ անդամի հեռանալը, քանի որ դա հնարավորություն կընձեռի Արեւմուտքին անարգել շարժվել դեպի արեւելք, խիստ կթուլացնի ու խոցելի կդարձնի ՌԴ-ին եւ հետո էլ վարակիչ ու գրավիչ կդառնա ՌԴ-ի կազմում ապրող մյուս ժողովուրդների համար: Այսինքն, երկուստեք լինելիության պայքար են մղում: Պայքար, որից բռնկված կրակից ու զոհերի արյան ջերմությունից անթաքույց եւ ցինիկորեն փորձում են օգտվել աշխարհի հզորներն ու նրանց կամակատար մնացյալ երկրները:
Ոչ ոքի չի հետաքրքրում, թե որքան ռուս կամ ուկրաինացի կզոհվի, թե պատերազմը որքան կշարունակվի կամ ե՞րբ կավարտվի: Բոլորին ամենից առաջ հետաքրքրում է, թե ի՞նչ եւ որքա՞ն կշահի այս հակամարտությունից: Քանի որ այսօր աշխարհում ընթանում է բեւեռացման նոր գործընթաց եւ չափազանց կարեւոր է, հատկապես մեր նման փոքր երկրների համար (այդ մասին կխոսենք հաջորդիվ), ճիշտ կողմնորոշվել եւ ո՛չ ավերակների տակ մնալ եւ ո՛չ էլ հայտնվել պատմության լուսանցք շպրտվածի կարգավիճակում: Հարկավոր է զգոն լինել, քանի որ այսօր, քան երբեւէ, մարդկանց կառավարման գործում առաջին գաղտնիքը հասարակական կարծիքին տիրապետելն է: Իսկ աշխարհի հզորներն այնպես անում, որ որքան հնարավոր է երկարատեւ տարաձայնություններ ու կասկածամտություն սերմանեն, տարածեն իրար հակասող տեսակետներ, մինչեւ մարդիկ վերջնականապես կխճճվեն, եւ խառնաշփոթում կորցնելով կողմնորոշվելու ունակությունը՝ կորոշեն, որ ավելի լավ է քաղաքականության հարցերում ընդհանրապես սեփական տեսակետ չունենալը: Իսկ նման դեպքերում հասարակությունը դառնում է հեշտ կառավարելի, որին երբեմն շղարշված, երբեմն էլ անթաքույց ձգտում են նրանք:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր