Վլադ-Վասիլ Տոկան ռումինական Կլյուժ Նաբոկա քաղաքի արվեստի համալսարանի պրոֆեսոր է, արվեստի տեսաբան: Եվրոպական այս համալսարանի հետ արդեն հինգ տարի համագործակցում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան` «Էրազմուս» կրթամշակութային միջազգային ծրագրի շրջանակներում:
Առաջին անգամ Հայաստան Վլադ ֊ Վասիլ Տոկան այցելեց անցած ամռանը, դասախոսություններ կարդաց ռումինական մշակույթի պատմության, արվեստի զարգացման տարբեր փուլերի մասին: Հայաստանյան դրական տպավորությունները նրան երկրորդ անգամ բերեցին մեր երկիր, այս անգամ իր երկու կոլեգաների հետ՝ շարունակելու ուսանողների փոխանակման ծրագրերը, հայ-ռումինական կապերը պահպանելու, Հայաստանը ավելի լավ ճանաչելու, այն ներկայացնելու ռումինացի ուսանողներին: Նկատի ունենալով իրենց ուսանողների,- ինչը եւ մեզ մոտ է,- առավել հակվածությունը, հետաքրքրվածությունը Արեւմուտքի մշակույթով, արեւմտյան համալսարաններով` համագործակցության այնպիսի ծրագրերի շուրջ է աշխատանքներ նա փորձում տանել, որոնք լինեն ավելի գրավիչ` ոգեւորելու ուսանողներին՝ գալու Հայաստան:
Անցած շաբաթվա ընթացքում, ինչպես 2021-ի ամռանը, նա բավական ճամփորդել է Հայաստանում. եղել է Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդի վանական համալիրում, շրջել մայրաքաղաքի տեսարժան վայրերով. ի դեպ, տպավորված է անցած դարի կեսերի հայկական քաղաքային ճարտարապետությամբ: Ըստ նրա, չնայած սովետական հետքի առկայության, այն միանգամայն տարբեր է՝ ակնհայտ հայկական ձեռագրի առավելություններով, ոճային փոխներթափանցումներով:
Այս այցելության ընթացքում եղել են Արենիում, Ցախաց քարում, Հայրավանքում, Սեւանա վանքում, Լոռիում, Դիլիջանում. սիրել են Հայաստանը, հետաքրքրված են մեր երկրի մշակույթով:
-Մտածում ենք՝ ի՞նչ նոր ճանապարհներ գտնենք, ի՞նչպիսի ծրագրեր մտածենք, որ մեզ նորից կբերի այստեղ: Հավանական է՝ մոնումենտալ արվեստի ուսումնասիրության ծրագիր մտահղանանք. մենք շատ հետաքրքրված ենք հայկական մշակույթով` այն ավելի խորը ճանաչելու եւ ուսումնասիրելու:
-Այս երկու այցելության տպավորությամբ հայկական մշակույթի, հայկական իրականության ի՞նչ առանձնահատկություններ եք նկատել, կա՞ն արդյոք նմանություններ, որոշակի զուգահեռներ ռումինականի հետ. սովետական շրջանի գաղափարախոսության` արվեստի վրա ունեցած ազդեցությունների հետեւա՞նք գուցե:
-Ավելի շատ նմանություններ կարելի է տեսնել, քան տարբերություններ, մասնավորապես 20-րդ դարի պատմական իրադարձություններով պայմանավորված:
Հայաստանը վերջին 30 տարիներին պատմական այլ փուլ մտավ. ներկայիս Հայաստանը ինձ հիշեցնում է տասնամյակներ առաջվա, մինչեւ եվրոպական ուղին բռնած ժամանակների Ռումինիան:
– Անցած դարավերջի իրադարձությունները՝ սոցիալիստական գոտուց, սովետական ազդեցության ոլորտից դուրս գալը ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ ռումինական արվեստի, հանրային մտածողության վրա:
-Սերունդներից է կախված, սակայն գլխավորապես բոլորն ուզում են փոխվել, գուցե բացառություն կազմեն արդեն վաղուց հաստատված, իրենց անուններն ունեցող արվեստագետները՝ հին գաղափարներ դեռ կրել շարունակողները: Կան, իհարկե, նման բացառություններ: Եվրոպական ուղին բռնելուց հետո սոցիումը առաջընթաց ապրեց, հանրային մտածողությունը հիմնովին փոխվեց:
-Դուք բավական տպավորիչ նկարագրեցիք հայկական նոր շրջանի ճարտարապետությունը, իսկ ի՞նչ կարծիք ունեք վաղ շրջանի հայկական եկեղեցական, հոգեւոր ճարտարապետության մասին. այն բավական տարբեր է քրիստոնեական աշխարհի մնացած ճարտարապետությունից:
-Անշուշտ տեղյակ էի այդ մասին լուսանկարներից, գրքերից, ֆիլմերից, սակայն իրականության մեջ տեսնելը մեզ՝ որպես արվեստաբանների, զարմանք պատճառեց՝ որ դեռ առաջին հազարամյակում եւ ավելի վաղ շրջանում նման ճարտարապետություն է եղել: Շատ կարեւոր է պահպանել ճարտարապետական այդ ձեւերը, նաեւ տարրերը հելլենիզմի, հին հռոմեական արվեստի՝ Եվրոպային վերափոխանցելու առումով: Եվ այդտեղ դու կարող ես նկատել, որ դեռ այդ ժամանակներում Հայաստանում բարձր քաղաքակրթություն է եղել, միաժամանակ տեսնել նմանություններ Արեւմուտքի, նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրների մշակույթների հետ:
-Եվ այն պատճառով հիմնականում, որ դրանք բոլորը քրիստոնեական գաղափարական միեւնույն արմատից են սնվում, այնպես չէ՞:
-Անշուշտ: Այն, ինչ ես գիտեմ, լսել, կարդացել եմ՝ հայկական քաղաքակրթությունը հին, դասական աշխարհի անբաժանելի մասն է եղել, որպես քրիստոնյա երկիր նա կրել է տիպիկ եվրոպական արժեքներ: Հայաստանը կարծես մի եվրոպական կղզի լինի արեւելքում:
-Հետաքրքրական է. ճիշտ նմանաբովանդակ, ուշագրավ մի ձեւակերպում արեւմտամետ քաղաքական մեր գործիչներից մեկի կողմից այսպիսին է. «Հայաստանն Արեւմտյան քաղաքակրթության ամենաարեւելյան սահմանապահն է»:
– Անշուշտ. դա նաեւ իմ տպավորություն է: Այստեղ զգացվում է Եվրոպայի շունչը, կարող ես զգալ նաեւ արեւելքի շունչը: Դա երեւում է մարդկանց պահվածքում, վարվելակերպում: Հայաստանը խաչմերուկ է արեւմուտքի ու արեւելքի միջեւ, ինչպես Ռումինիան է խաչմերուկի դեր տանում. պատմականորեն էլ այդպես է եղել, կռվախնձոր է եղել տարբեր կայսրությունների համար՝ ռուսական, օսմանյան:
Այստեղ ես ինձ զգում եմ, ինչպես՝ տանը: Ռումինիայում շատ կարեւոր հայկական համայնք ունենք, երեք գլխավոր քաղաքներում են բնակվում հայերը: Նոր չէ, որ ձեւավորվել է հայկական համայնքը, դեռ 18-րդ դարից են հայերը Ռումինիա եկել: (Հայերը Ռումինիա գնացել են շատ ավելի վաղուց, 14 – 15 – րդ դարերից: – Մ. Բ.): Նրանք մաս են կազմում մեր հասարակության, լիարժեքորեն ինտեգրված են երկրի տնտեսական, մշակութային կյանքին, արվեստի, գրականության հատկապես, նաեւ՝ քաղաքականության. Տրանսիլվանիայի պառլամենտում հայ պատգամավոր ունենք, եւ հայ նախարար նույնպես ունենք:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ