Առճակատումից մինչեւ միավորման հույսեր
Թե ի՞նչ տեղի ունեցավ կուսակցության հետ եւ ի՞նչ հանգրվանում է այսօր կուսակցական կյանքը Հայաստանում եւ սփյուռքում, փորձեցինք պարզել կուսակցության մամուլի կարեւոր օրգանների պատասխանատուների հետ, որոնք նաեւ տարբեր տարիներին ներկայացված են եղել ՌԱԿ ղեկավար մարմիններում:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ԱԶԳ» թերթի հիմնադիր խմբագիր,
2012-2018թթ. Հայաստանի ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ,
վերամիավորման հանձնախմբի անդամ, Երեւան, Հայաստան
«Խելացի կառավարություն ունենալու դեպքում՝ սփյուռքի գործոնը կարելի է վերածել առավելության»
-Արդեն մի քանի տասնամյակ ՌԱԿ-ը գտնվում է մասնատված վիճակում: Ո՞րն է դրա պատճառը: Կա՞ն արդյոք արտաքին ազդեցություններ, թե՞ դա ներքին խնդիրների կամ անձերի հակասությունների արդյունք է:
-Կուսակցության ներքին կառույցը ճաք տվեց դեռեւս 80-ականներին, երբ Լիբանանի, որտեղ 50-ականներից սկսած գործում էր Կենտրոնական վարչությունը, քաղաքացիական պատերազմի պատճառով հետզհետե թուլացավ կազմակերպության կենտրոնական ղեկավարումը: Լիբանանից դեպի Ամերիկա ու Եվրոպա արտագաղթը, լիբանանահայ գաղութի մարդկային ու նյութական ռեսուրսների, ինչպես նաեւ արտաքին աշխարհից կտրվածությունն ու ավանդական ղեկավարների տարիքի առաջացումը, այլ խոսքով՝ բնականոն սերնդափոխության բացակայությունը, պատճառ դարձան, որ մինչ այդ «սփյուռքահայության մայրաքաղաք» հռչակված Բեյրութը կորցնի իր հեգեմոն դիրքը ոչ միայն մշակութային, ազգային-կրթական, եկեղեցական, այլեւ քաղաքական առումով, համապատասխանաբար բացասական ներգործություն արձանագրելով ավանդական մեր կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի վրա:
Ի վերջո, 80-ականների ավարտին ՌԱԿ-ի Կենտրոնը տեղափոխվեց Մ. Նահանգներ եւ Կանադա, հույսեր առաջացնելով, որ սփյուռքահայության տեսակարար կշռի տեղափոխմամբ նոր զարթոնք ապրող ամերիկահայ գաղութներից կուսակցության ղեկավարումը արդյունավետ կլինի: Դժբախտաբար այդ հույսերը չարդարացան. շուտով պարզվեց, որ հենց Մ. Նահանգներում ռամկավար կառույցները այնքան էլ միասնական չեն: Ավելի ուշ, Հայաստանի անկախությանը հաջորդած խանդավառության, հայրենիքում ՌԱԿ-ի արձանագրած հաջողության կարճ շրջանից հետո, դարձյալ գլուխ ցցեց անմիաբանությունը, ոչ առանց ՀՀՇ-ի հրահրումների, որն օգտագործեց այսօր էլ տխուր դերակատարում ստանձնած Վիգեն Խաչատրյանի ու նրա մի քանի ընկերների ծառայությունները, եւ նոր պառակտում առաջ եկավ կուսակցության ներսում:
ՀՌԱԿ-ը Հայաստանում պաշտոնապես գրանցվեց 1991 թ.ի հունիսի 2-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունեց կուսակցությունների մասին օրենքը: Գրանցված 4-րդ կուսակցությունն էր, որը 5 կուսակցություններից մեկը եղավ Անկախության հանրաքվեն նախաձեռնողներից: Կուսակցությունը Հայաստանում, անշուշտ անպաշտոն կերպով, գոյություն ուներ դեռեւս 80-ականների վերջերից, ի դեմս սփյուռքահայ ռամկավար ուսանողների «Արշակ Չոբանյան», ապա նրանց տեղացի ընկերների ներգրավումով՝ «Արմենակ Եկարյան» ակումբների:
Ավելի չերկարացնելու համար ձեր հարցի պատասխանը՝ ասեմ կարճ. Անկախ Հայաստանի ղեկավարությունը անցնող 30-ամյակի ընթացքում, ոչինչ չարեց Հայաստանում կուսակցության կայացման համար, այլ ընդհակառակը՝ երբեմն նույնիսկ խթանեց ՌԱԿ-ի պառակտումները:
Ես չեմ բացառում նաեւ, որ պառակտումները խթանելու գործում որոշակի դեր են ունեցել նաեւ ամերիկյան համապատասխան ծառայությունները՝ տարածաշրջանային, ավելի գլոբալ ծրագրեր իրականացնելու համար: Կոնկրետ՝ թուլացնել Միջին եւ Մերձավոր Արեւելքի քրիստոնյա՝ ոչ միայն հայ, այլեւ այլազգի ազգաբնակչությանը եւ նրան մղել քոչվորության՝ դեպի այլ ցամաքամասեր:
-Այսօր քանի՞ մասի է բաժանված կուսակցությունը եւ որո՞նք են դրանք:
– Ինձ համար հաճելի չէ այդ հարցին պատասխանելը: Տխուր է արձանագրելը, որ ներկա պահին սփյուռքում գոյություն ունեն ՌԱԿ 3 խմբավորումներ՝ կուսակցության շահը ամեն բանից գերիվեր համարող ռամկավարներ, իրեն «կենտրոնական վարչություն» անվանող եւ կուսակցության վերամիավորումը խոնչընդոտող անհատների մի խմբակ, եւ այսպես կոչված չեզոքներ, որոնք ցանկանում են կուսակցության վերամիավորումը, սակայն խուսափում են ակտիվ քայլերից, առայժմ: Կա նաեւ ՌԱԿ-ի հայաստանյան թեւը՝ հայաստանակենտրոն ՌԱԿ Կենտրոնական վարչությունը, որը դեռեւս չի ցուցաբերում անհրաժեշտ ակտիվություն:
-Ո՞րն է պատճառը, որ Ռամկավար ազատական կուսակցությունը Հայաստանում այդպես էլ չկարողացավ դառնալ ո՛չ իշխանական, եւ ո՛չ էլ ընդդիմադիր լուրջ ուժ: Ի՞նչն է խանգարում կուսակցության կայացմանը:
-ՌԱԿ-ը Հայաստանում ունեցել է շատ աշխույժ ժամանակաշրջաններ՝ ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր կարգավիճակներում: Սակայն հատկապես 1998 թ.ի խորհրդարանական ընտրություններում ձախողելուց հետո, որոշապես թուլացել է՝ վերեւում հիշածս պատճառներով, ինչպես նաեւ, դրսում տեղի ունեցած պառակտումների հետեւանքով, չի կարողացել իր առաքելությունը լիակատար իրականացնել:
Այստեղ թույլ տվեք իմ հաճախ հիշածս պատկերը նորից օգտագործել: ՌԱԿ-ի Սփյուռքի եւ Հայաստանի թեւերը նման են հաղորդակից երկու անոթների՝ մեկի որպիսությունը անմիջականորեն ազդում է մյուսի որպիսության վրա:
-2021-ի դեկտեմբերին ՌԱԿ տարբեր տարիների ութ ղեկավար գործիչներ հանդես եկան կուսակցության միասնականության կոչով, ի՞նչ է ենթադրում այդ կոչը, եւ ինչպե՞ս եք պատկերացնում իրականացնել այդ միասնականությունը: Ի՞նչ զիջումների եք պատրաստ՝ հանուն կուսակցության միասնականության:
-Շատ տեղին հիշեցիք միասնականության այդ Կոչը ուղղված բոլոր ռամկավարներին եւ ստորագրված՝ անցնող տասնամյակներում կուսակցության մեջ պատասխանատու դիրքեր ունեցած ղեկավարների կողմից: Այդ Կոչը ստորագրողները, որոնց այս մի քանի շաբաթներին միացել են նաեւ ուրիշներ՝ նախկին թե ներկա պատասխանատուներից, չեն հորդորում միանալ իրենց, այլ՝ միության ու միասնականության գաղափարին: Կոչը հիրավի լավ ընդունելություն գտավ ռամկավարների եւ համակիրների շրջանում ու եւս մեկ անգամ ընդգծեց, որ ՌԱԿ-ի վերամիավորման պահը հասունացել է: Հետեւաբար անտեղի պիտի լինի զիջումների մասին խոսել: Կարեւորը նախաձեռնության հաջողությունն է, կարեւորը հաղթահարելն է վերոհիշյալ խմբակի հարուցած խոչընդոտները:
-Դուք ղեկավարում եք Հայաստանում գրանցված ՌԱԿ կուսակցությունը: Որքանո՞վ է այն կապված արտասահմանում գործող ակումբների հետ եւ ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Ձեր թեւը Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերում, որո՞նք եք համարում մարտահրավերները:
-2018 թ.ի հոկտեմբերից ի վեր, երբ տեղի ունեցավ ՌԱԿ Հայաստանի կառույցի համագումարը, ես չեմ գլխավորում վարչությունը: Համագումարից ամիսներ առաջ պաշտոնապես արձանագրել էի տվել, որ ինքս թեկնածու չեմ ատենապետության ու հայտարարել եմ, որ ցանկությունս է տեսնել կուսակցության ղեկավարության թարմացումը եւ հորդորել էի համախոհական միասնական ցանկով առաջնորդվել ընտրություններում: Դժբախտաբար այդպես չեղավ, սակայն հույսս չեմ կտրել, որ առաջիկայում տիրապետող կլինի համախոհությունը, մանավանդ որ կուսակցության հայաստանյան շրջանակը կողմ է հրապարակված Կոչի ոգուն եւ իր ներկայացուցիչն ունի Կոչը նախաձեռնողների կազմում:
-Ի՞նչ լուծումներ եք առաջարկում եւ ի՞նչ տեղ եք տալիս սփյուռքին:
-Ոչինչ ասած չեմ լինի, եթե ասեմ, որ Սփյուռքը, նրա կացությունն ու կեցությունը, նրա ամրությունն ու ուժականությունը խիստ կարեւոր են ողջ հայության համար, ներառյալ Հայաստանն ու Արցախը:
Դժբախտաբար մեր հաջորդական իշխանությունները անհրաժեշտ խորությամբ ու բանիմացությամբ, առավել եւս՝ անկեղծ հոգատարությամբ չեն հարաբերվել Սփյուռքի հետ: Խոսքը պետական հոգածության մասին է: Միակը, որ քիչ թե շատ տարբերվել է՝ եղել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունը Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Թեեւ ավելացնեմ, որ Սփյուռքին ոչ թե նախարարություն, այլ պետական աջակցությամբ գործող գործակալություն էր հարկավոր: Դրա մասին բազմիցս եմ գրել: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա ավելի լավ է չխոսել այդ մասին: Հանձնակատար բառը նշանակում է հանձնարարություն կատարող: Իսկ այս պարագայում ո՞վ է հանձնարարություն տվողը: Հասկացա՞նք իրար:
Հայ ժողովրդի դժբախտությունը՝ իր թվաքանակի երեք չորրորդի մասով սփյուռք ունենալը, խելացի կառավարություն ունենալու դեպքում կարելի է վերածել առավելության, ոչ միայն նյութական, այլեւ արտաքին քաղաքական, մշակութային, գիտական ու միջազգային գործոն լինելու իմաստով:
Շար. – 2
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ
Օրեր ամսագիր, Պրահա, 9-12, 2021