«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ: Արմենակ Ղամփերյանցի անվան ավիացիոն համալսարանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ եւ համապատասխան ֆակուլտետներ սահմանապահ զորքերի ուսուցման համար»,- օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր այս մասին հայտարարել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Հայաստանյան ռազմական նշանակության երկու բուհերը, փաստորեն, միավորվում են:
Երեկ՝ հուլիսի 7-ին, խորհրդարանում ընդունված «Պաշտպանության օրենքի» փոփոխություններով՝ այս տարվանից սկսած՝ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող կուրսանտները բուհն ավարտելուց ու սպայական կոչում ստանալուց հետո Երեւանում բնակարան կստանան: Ըստ կարգավորման՝ մայրաքաղաքում ստացած երեք սենյականոց բնակարանը նրանք վերջնական ու լիարժեք տնօրինելու իրավունք կունենան բանակում ծառայությունն ավարտելուց հետո միայն: Այս կարգավորմամբ, փաստացի, օերնսդիրն ու գործադիրը երիտասարդներին շահագրգռում են դիմել ու ընդունվել ռազմական հաստատություններ: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո թե՛ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի, թե՛ Արմենակ Ղամփերյանցի անվան ավիացիոն համալսարանի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, ու պետությունն իր առջեւ խնդիր է դրել հրատապորեն լուծել ապագայում սպաներ ու ավիացիոն ոլորտի մասնագետներ ունենալու խնդիրը: «Ազգ»ի տեղեկություններով՝ ռազմական ուսումնական հաստատություններ դիմողների թիվն այդքան էլ չի գոհանցում պատկան կառույցներին: Տեղեկացանք նաեւ, որ ընդունելությունը նշյալ հաստատություններում դեռ շարունակվում է, ու ապագա զինվորներ կերտող ուսհաստատությունների ղեկավարները լիահույս են, որ երիտասրադները, թեկուզ ոգեւորված Երեւանում բնակարան ունենալու մտքով, այնուամենայնիվ կցանկանան սպայի պատվաբեր ուսադիրը կրել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ