Պետականը սեփականի հետ շփոթելու անբուժելի հիվանդությունը

153

Պետական կառավարման գործում թույլ տրված սխալների կրկնությունը սովորություն ունի ավանդույթի եւ ի վերջո օրինաչափության վերածվելու։ Հաջորդական յուրաքանչյուր իշխանությանը թվում է, որ ինքն ավելի արդյունավետ կարող է կառավարել մի բան, որը նախորդ իշխանությունը ձախողել եւ տեղիք է տվել հանրային դժգոհությունների, առանց անդրադառնալու, որ նախորդի ձախողության պատճառը հաճախ ոչ թե թույլ տրված սխալներն են, այլ՝ ընդհանրապես այդ գործով զբաղվելը։ Իզուր չեն ասել, որ լավագույն կառավարիչը նա՛ է, որի ներկայությունը չես զգում, որը գիտի համակարգել ու քաջալերել անհատական ու հավաքական նախաձեռնողականությունը, ինքնադրսեւորման ու ինքնակարգավորման ունակությունը։

Այս երկար նախաբանը կոնկրետացնելու, այն մեր՝ լրագրողական ասպարեզին հանգեցնելու համար ավելորդ չեմ համարում մեջբերել Հայաստանում ծառայած օտարերկրյա մի սիրելի դիվանագետի՝ Հունաստանի դեսպան Պանայոտիս Զողրաֆոսի պատմածը Իսրայելի մասին, ուր գնացել էր շարունակելու իր առաքելությունը որպես դեսպան եւ արձակուրդին մի քանի օրով վերադարձել էր Երեւան, որին կապված էր առանձին սիրով։

Հունական ուզոյի ու լիբանանյան արաքի բաժակների շուրջ մեր զրույցն ընթացավ երկու երկրների կառավարման տարբերությունների շուրջ։ Երեւանում, ասաց դեսպանը, երբ ցանկանում էի ինչ-որ նախարարի հետ ինչ-որ հարցի շուրջ հանդիպել, մի զանգից հետո ընդամենը մի քանի ժամ էր տեւում նրա գրասենյակում հայտնվելու համար։ Մինչդեռ Իսրայելում, շարունակեց խոսակիցս, երբեմն 2-3 ամիս է տեւում ինչ-որ հարցի շուրջ լուսաբանություն ստանալու համար նախարարներից մեկի հետ հանդիպելը։ Սակայն, ավելացրեց քմծիծաղով, դա այնքան էլ կարեւոր չէ. հրեական մամուլը ամեն ինչ լուսաբանում է այնպիսի մանրամասնությամբ, որ երբեմն կարիք չկա ինչ-որ պաշտոնյայի դիմելու։ Լրագրողները շատ հզոր եւ հարգված են այդ երկրում։

Համեմատության եզր գտնելու, ավելի ճիշտ՝ չգտնելու համար հիշեմ մեր «ընդդիմադիր» համարվող հեռուստաընկերություններից մեկի տնօրենի՝ վերջերս ինձ պատմածը, թե օտարերկրյա դեսպանատներ շնորհակալություն են հայտնել իրեն մեր երկում տիրող իրական կացության շուրջ այլընտրանքային տեղեկատվություն ապահովելու համար։ Ու պատկերացնել, որ իշխանական տարբեր օղակներ արդեն երկար ժամանակ ճնշում են բանեցնում գովազդատուների վրա, որպեսզի գովազդ չտրամադրեն այդ նույն հեռուստաընկերությանը…

Վերեւում խոսվեց պետական կառավարման ասպարեզում շարունակվող հոռի, ես կասեի՝ չարամետ օրինաչափության մասին։ Բացատրեմ։

1989-ին, դեռեւս սովետական կարգերի պայմաններում, Հայաստանում հրատարակվող բազմազան ու բազմաթիվ թերթերի ու թերթիկների թվում, գրեթե բոլորն էլ ինքնահրատ (սամիզդատ), առանձին տեղ էր գրավում ՀՀՇ-ի «Հայք» թերթը, որը շուտով օրինական կարգավիճակ ստանալով դարձավ ամենաազդեցիկը եւ պատմական դեր կատարեց Անկախության նվաճման ճանապարհին եւ գերազանցություն բերեց իր հիմնադիրներին իշխանություն դառնալու գործում։ Ու հենց որ այդ իշխանությունը տիրեց պետական լծակներին, այս պարագայում՝ պետական տպագիր մամուլին, ռադիոյին ու հեռուստատեսությանը, ՀՀՇ-ն մոռացավ-լքեց իր հարազատ թերթը անշքության մեջ։ Իշխանությունն արդեն ուներ լրատվական-քարոզչական ուրիշ հարթակներ, ավելի հզոր ու տարածուն, բոլորն էլ, շա՜տ կարեւոր հանգամանք, պետբյուջեից սնվող։ Եվ այդ պահից սկսվեց պետականը սեփականի հետ շփոթելու վարակիչ հիվանդությունը նաեւ տեղեկատվության ասպարեզում։

Ու թեեւ հաջորդ իշխանությունը, նկատի ունեմ՝ իշխանավորը, որը չուներ սեփական որեւէ թերթ որպեսզի փակեր, եւ հակառակ սկզբնական շրջանում հասկացել էր, որ կարիք չկա մամուլի ալիքներին հակընթաց լողալու, չխուսափեց այդ սովորույթից եւ, նույնիսկ, փորձեց փակել Ա1+ հեռուստածրագիրը՝ իրեն ընդդիմադիր լինելու պատճառով։

Ավանդույթը շարունակվեց հաջորդ՝ 3-րդ իշխանության ժամանակ. Հանրապետական կուսակցության 1991-ին հիմնադրած «Հանրապետական» պաշտոնաթերթն հետզհետե արժանացավ «Հայք»ի ճակատագրին ու մարեց։ Փոխարենը շարունակվեց պետականի օգտագործումը սեփականի պես, միաժամանակ ուղղակի կամ անուղղակի միջոցներ հատկացնելով իշխանությանը բարյացակամ տրամադրված լրատվամիջոցներին ու, երբեմն, առանձին լրագրողների։ Առանց անուններ նշելու հիշենք այն մի քանի լրատվամիջոցներին, որոնք 3-րդ նախագահի իշխանությունից հրաժարվելու հաջորդ օրն իսկ փակվեցին։

Մինչ այդ տեղի էր ունեցել մի կարեւոր իրադարձություն, որը, ցավոք, ձեւականության սահմանից այս կողմ չանցավ, եթե նկատի առնենք Հանրային տիտղոսը կրող լրատվամիջոցների՝ ռադիո-հեռուստատեսության միջազգայնորեն ընդունված կարգավիճակը։ Այդ կարգավիճակը ենթադրում է զուտ հանրօգուտ, չեզոք, անկողմնակալ եւ, ամենակարեւորը, ոչ առեւտրային, այսինքն՝ գովազդից ու գովազդատուների թելադրանքներից զերծ եւ հանրության սեփականությունը հանդիսացող լրատվամիջոց։ Դժբախտաբար տիտղոսը սկզբում արդարացավ միայն գովազդազերծ լինելու հանգամանքով, որը հաջորդ՝ 4-րդ իշխանության օրով իսպառ անարգվեց, երբ Հանրայինին թույլ տրվեց գովազդ ընդունել, եւ այդպիսով պետությունը մրցակցության մեջ մտավ մասնավորի հետ, ինչը, հասկանալի է, ընդհանրապես հակացուցված է։

4-րդ իշխանությունը, որի պարագլուխը քաղաքական ասպարեզ էր մտել իր ընտանեկան՝ «Հայկական ժամանակ» թերթով եւ տարիների ընթացքում լուրջ ավերներ էր գործել մեր լրատվադաշտում, հենց որ տիրացավ պետական բոլոր լծակներին, ընդ որս՝ նաեւ պետական կամ հանրային լրատվամիջոցներին, իր սրբազան խնդիրը համարեց փակել «Հայկական ժամանակը», որի աշխատակիցները ղռալեն, ինչպես ասում են, մուտք գործեցին պետբյուջեից սնվող հանրային ռադիո եւ հեռուստատեսություն, այնտեղից արտաքսելով տարիների ընթացքում կազմավորված լուրջ կադրերին։

Այլ խոսքով՝ շարունակվեց ու շարունակվում է ավանդույթը, մնաց ու վերահաստատվեց օրինաչափությունը՝ ինչ որ պետական է, իմն է սկզբունքով։

Մնաց նաեւ ժողովրդային հին բաղձանք-ասույթը՝ կուզենայի ապրել Հ1-ի Հայաստանում։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ