ՀՀ ԱԳՆ-ն լո՞ւռ է
Երեկ առավոտյան գերմանական հեռուստատեսությունն «ավետեց», որ այլընտրանքային Նոբելյանի է արժանացել ուկրաինուհի մարդու իրավունքների պաշտպան Օլեկսանդրա Մատվիյչուկը՝ ի թիվս այլ մրցանակակիրների։ Եւ այսպես ամեն օր մեդիան կրկնապատկում է ուկրաինացիների հանդեպ գերմանացիների համակրանքը, հրեշ Ռուսաստանի դեմ պայքարում ստեղծելով ուկրաինացու՝ գերհերոսի կերպար։ Դեղին-կապույտ դրոշներն այլեւս Գերմանիայում ավելի շատ են, քան իրենց՝ արդեն պատմությամբ պարտադրված՝ փողոցներում սակավ երեւացող եռագույն՝ սեւ-կարմիր-ոսկեգույնը, եւ կարող է թվալ, թե… Գերմանիայի մաս է արդեն Ուկրաինան։ Տարածքային զավթման մասին չէ խոսքն անշուշտ, թեպետ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիան ուկրաինական սեւահող է կրել տոննաներով՝ որպես ռազմավարի մի մաս, փռել իր հողերի վրա եւ առավել բարեբեր դարձրել իր դաշտն ու արտ։
Մեծ ու փոքր քաղաքներում այժմ առավել շատ կլսես ռուսերեն եւ ուկրաիներեն, բայց աչքառու որեւէ բանավոր կամ գրավոր «փոխհրաձգություն» չկա փողոցներում, գովազդի, որմազդի վրա չենք նկատել ռուսների եւ ուկրաինացիների՝ իրար ոչնչացնող քարոզչության օրինակներ։
Այն, ինչ տեսանելի եղավ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո, Բեռլինում Ադրբեջանի դեսպանության պարիսպների վրա, աննախադեպ վայրագության անզուսպ բովանդակությամբ, վերստին փաստեց, թե Գերմանիան ադրբեջանաթուրքական քարոզչության որոգայթում է, իսկ հստակ կեցվածքից խույս տալը, կներեք՝ նորից վերհիշել է տալիս 20-րդ դարասկզբի իր քաղաքականությունը՝ Բաղդատ հասնող գնացքի արյունոտ ուղին այժմ պատրաստ է նույնիսկ ընդլայնել։
2022 թվականի օգոստոսի 19-ից Բեռլինում Ադրբեջանի դեսպան նշանակված Նասիմի Մահամմադալի օղլու Աղաեւը գերազանցեց իր նախորդներին։ Անշուշտ խոսքն այն մասին չէ, որ պատանի Նասիմին հրապուրված է եղել Հեյդար Ալիեւով, եւ նրա լուսանկարների ալբոմում ընդգծված ներկայացված է այդ հանգամանքը՝ հայացքը վկա, այլ Ալիեւ ընտանիքին այն հավատարմությունը, որով աչքի ընկավ սույն դիվանագետը։ Ի պատասխան Բեռլինում հայ համայնքի կազմակերպած բողոքի հանրահավաքների, սեպտեմբերի 16-ին արդեն դեսպանատան պարիսպների վրա կարելի էր տեսնել սպիտակ մեծ պաստառներ՝ սեւ եւ կարմրաներկ գրություններով։ Գերմաներենից թարգմանաբար ներկայացնենք՝
«Հայաստանն ահաբեկչական պետություն է», «Դադարեցրե՛ք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա», «Հայաստանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պետք է պատրաստվի», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Հայաստանը հիմա 77 ադրբեջանցի զինվորի է սպանել»։
Սեպտեմբերի 23-ին կառավարության ասուլիսի ժամանակ գերմանացի լրագրողի այն հարցին, թե դա արդյոք դիվանագիտական պրակտիկա՞ է, որ Բեռլինում ադրբեջանական դեսպանությունն իր պարսպից ատելության խոսք եւ կեղծիք է տարածում, արտգործնախարարության խոսնակ Զասսեն հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե իր կարծիքով, հարցի հասցեատերն ինքը չէ ի պաշտոնե։ Հարցին պատասխանելուց հրաժարվեց նաեւ Ներքին գործերի նախարարության խոսնակը՝ ուղղորդելով, թե հարցը կարելի է ուղղել Բեռլինի քաղաքային իշխանություններին։ Իսկ բուն՝ Հայաստան- Ադրբեջան հակամարտության հարցի վերաբերյալ շտապեց նկատել տալ, որ կարեւոր է անել ամեն բան, որը կնպաստի հրադադարի երկարաժամկետ հաստատմանը։
Լրացուցիչ հարց տրվեց՝ «Եթե Ադրբեջանի դեսպանատունը Գերմանիայում տարածում է քաղաքական այն հաղորդագրությունը, թե Հայաստանն ահաբեկչական պետություն է, ի՞նչ կասեք դրան»։
Արտգործնախարարության խոսնակ Զասսեն այսպես պատասխանեց՝ «Հենց նոր ասացի, որ Բեռլինում այս կոնկրետ դեպքի վերաբերյալ Դաշնային արտաքին գերատեսչությունը դիրքորոշում չի հայտնում, քանի որ մեր պատասխանատվության շրջանակում չէ այն, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերաբերյալ շարադրեցի ԳԴՀ ԱԳՆ-ի կարծիքը»։
«Ազգի» նախորդ երկու համարներում ծանուցել ենք, որ ԳԴՀ արտգործնախարարությունը զարմանալի հետեւողականությամբ խույս է տալիս սեպտեմբերի 13-ին եւ դրանից հետո Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա գնահատել որպես «ագրեսիա», հստակ նշել, որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, ինչպես նաեւ դատապարտել այն։ Եթե պատճառաբանում է, որ անկախ դիտորդներ չկան, ապա ինչպես մեր թերթի նախորդ համարում ենք գրել, կարող են հենվել Երեւանում ԳԴՀ դեսպանության նորանշանակ փոխդեսպանի՝ Ջերմուկ այցից հետո արած գրառման վրա, այլապես՝ ո՞ւմ էին ուղղված ականատեսի նրա դիտարկումները։
ԳԴՀ արտգործնախարարության էջում սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մասին կարդում ենք՝ «2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում զինված բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով երկու կողմից զոհվել է ավելի քան 150 մարդ։ Այժմ համաձայնեցված հրադադարը հիմնականում պահպանվում է»։ «Ազգի» նախորդ համարներում իրազեկել ենք, որ ԳԴՀ կառավարության մամուլի ասուլիսի ժամանակ ներկա լրագրողների՝ Հայաստանի վրա հարձակման մասին պարզաբանումներ ակնկալող հարցերին ԱԳՆ խոսնակն արդեն երրորդ անգամ է, որ կցկտուր պատասխան է ձեւակերպում, չի պատասխանում մեր գրավոր հարցերին նաեւ, ուստի չենք կարող կռահել, թե ինչու է իր շարադրանքում, մեր ըմբռնմամբ , Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնում՝ անվանում այն շփման գիծ (auch wenn es an der Kontaktlinie weiterhin zu Gefechten kommt, wie zuletzt vom 13.-15. September 2022).
Նույն օրվա՝ սեպտեմբերի 29-ի Հայաստանի մասին ծանուցման բովանդակությանը հետեւենք՝« Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հրետանին գնդակոծել է Գորիսը, Սոթքը և Ջերմուկը և դրանց շրջակայքը, ինչպես նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։ Մարտերի ընդլայնումը չի բացառվում»։
Ուղեւորություններ ծրագրելու, քաղաքացիների անվտանգության վերաբերյալ նախազգուշացման մեջ ԳԴՀ ԱԳՆ հուշում է Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածք չուղևորվելու մասին՝ մասնավորապես ներառելով «Գեղարքունիքի, Վայոց ձորի , Տավուշի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»։
Բոլոր տեղավայրերը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային անվիճարկելի միավորներ են, բայց՝ ԳԴՀ արտգործնախարարությունը խուսափում է ընդգծել այդ փաստը։
ՀՀ արտգործնախարարությունը գրավոր դիմե՞լ է, պահանջե՞լ է խմբագրել այս առանցքային փաստը, մեզ հայտնի չէ։
Գերմանական մի շարք լրատվականներ սեպտեմբերի 29-ին հաղորդեցին, որ երեք հայ է զոհվել Հայաստան-Ադրբեջան սահմանին, նորից հրադադարը խախտվել է։ «Դոյչլանդֆունկը» զոհերի մասին փաստը ներկայացնում է՝ հղում անելով ՀՀ ՊՆ-ին, իսկ այնուհետ անխախտ պահում գերմանական «չեզոքության կրկներգը»՝ «երկու կողմն էլ միմյանց են մեղադրում հրադադարը խախտելու համար»։ Առցանց «Ցայթը» երեք զոհի մասին տեղեկությունը հաղորդելով, լրատվությանն է կցում Նիկոլ Փաշինյանի նույն օրվա թվիթերյան գրառումը, որի բովանդակությանը ծանոթ է հայ հանրությունը՝ վարչապետը իրազեկում է «Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության վրա հարձակման մասին», կոչ անելով «դուրս բերել ադրբեջանական զորքերը, տեղակայել միջազգային դիտորդական առաքելություն»։ Լրատվության մեջ բացակայում է որեւէ մեկնաբանություն, կցվում է կաղապարային բառակույտը Հայաստան-Ադրբեջան վաղեմի թշնամության մասին, կռվախախնձոր ԼՂ-ի վերաբերյալ նույն՝ «հայերով բնակեցված տարածքը միջազգային իրավունքի տեսակետից ադրբեջանապատկան» շեշտադրումներով, իսկ սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա հարձակումը ներկայացնում այսպես՝ «սակայն վերջերս հակամարտությունը դուրս էր եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց»։ Ե՞ւ… ո՞ւր է հասել։ Աբսուրդ չէ՞ սա։
Գերմանիայի արտգործնախարարությունը շատ օպերատիվ է, երբ խոսքը Հայաստանի դրացի՝ Իրանին է վերաբերում։ «Գերմանիայի կառավարությունը դատապարտում է Հյուսիսային Իրաքի՝ Սուլեյմանիեի, Էրբիլի վրա իրանական անօդաչուների, հրթիռների հարձակումը»։
Գերմանալեզու Haypress լրատվականը թվիթերյան գերարագ տեղեկատվությամբ երեկ արձագանքել էր սրան, իսկ մեկ ուրիշ գրառմամբ ծանուցել, թե ժողովրդի ընտրյալներին՝ Գերմանիայի օրենսդիրներին էլ չի հետաքրքրում Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը։ Լրատվականի հարցմանը Բունդեսթագի խմբակցություններից , նախագահից որեւէ արձագանք չի եղել։
Միգուցե մտածում են, թե դատապարտելու պարտականություն չունեն, հայ ժողովրդի հանդեպ իրենց պատասխանատվությունը կատարել են։ Քանզի 2015-ի ապրիլի 24-ից «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ամրագրած մի բանաձեւ կարողացավ Բունդեսթագն ընդունել 2016-ի հունիսի 2-ին միայն, երբ ապրիլյան քառօրյան ավարտվել էր։ Այն ժամանակ բոլորի նման Գերմանիան էլ պնդում էր, թե Արցախի հարցը չունի ռազմական լուծում, իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը ցեղասպանության շարունակություն չէր դիտարկում։
Այժմ տեսանելի է, որ Թուրքիայի ուրացումը թեւ է տվել Ադրբեջանին, որը համարձակվում է Բեռլինում իր դեսպանության վրա ազդարարել ցեղասպան եղբոր քաղաքականության շարունակությունը։
Եւ նրան ոչ ոք չի սանձում։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարները` Բեռլինում Ադրբեջանի դեսպանության, ինչպես նաեւ հայազգի իրավաբան Իլիաս Ույարի թվիթերյան էջերից