Մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մի քանի հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին։ Նրա հայտարարություններն ավելի քան խնդրահարուց են Հայաստանի համար։ Ինչո՞ւ։ Մինչ հարցին անդրադառնալը նշենք, որ ապրիլի 25-ին Երեւանի Օղակաձեւ այգում բացվել էր «Նեմեսիս» գործողության հուշակոթողը, նվիրված 1915 թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից եւ 1918 թ. Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը։ Ավելին` մայիսի 22-ին դպրոցականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ։ Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում։ Թուրքիայի պարագայում ունենք հստակ գծագրված սահման»։
Անկարան «Նեմեսիս» հուշակոթողի առնչությամբ նախազգուշացրել էր՝ եթե Երեւանը նույն կերպ շարունակի, ապա հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի։ Դրա հիման վրա «Ազատություն» ռադիոկայանը հարց էր ուղղել քաղաքային իշխանությանն՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջեւ օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երեւանի իշխանությունը մտադրություն ունի՞ հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե օրակարգում նման հարց չկա։ Հարցին, ըստ “Panorama.am”-ի, պատասխանել էր ՀՀ վարչապետը. «Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։
Սա այն դեպքում, երբ «Նեմեսիս» գործողության հետեւանքով հայ վրեժառուներն ոչնչացրել են թուրք դահիճներից շուրջ մեկ տասնյակին, իսկ այդ դահիճները, թուրքական ժողովրդական զանգվածների անմիջական մասնակցությամբ`բնաջնջել են մի ամբողջ ժողովուրդ, յուրացրնելով նրա պատմական հայրենիքի տարածքը, որ դրա վրա Մուստաֆա Քեմալն թուրքերի համար ազգային պետություն ստեղծի։ Հայ վրեժառուների մեր մեկ արձանի դիմաց, թուրքերը հայ ժողովրդի դահիճներին նվիրված հազարավոր արձաններ են կառուցել Թուրքիայի բոլոր քաղաքներում, որոնց անուններով կոչել են հրապարակներ, փողոցներ։ Օր. Ստաբուլում Թալեաթ փաշայի անունով են կոչել այն փողոցները, եթե դրանց վրա կան հայկական վարժարաններ։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը ընդհատելու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի սպառնալիքին, ապա պետք է ասել, որ գործընթացի շրջանակում հատուկ ներկայացուցիչների բանակցություններն ընդամենը ծավալվում են Հայաստանի առջեւ թուրքական սահմանի բացման շուրջ, ընդ որում դա 1993-ին թուրքական կողմն է փակել, նախապայմանների առաջադրմամբ, համառորեն հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, ինչը միջազգային իրավունքի նորմերով թշնամանքի ակնհայտ դրսեւորում է, եթե հատկապես արվում է 3-րդ երկրի` Ադրբեջանի պաճառաբանությամբ։
Թուրքիայի թշնամանքը, սակայն, այս ամենով չի սահմանափակվել, նա անմիջականորեն մասնակցել է 44-օրյա պատերազմին, դեռ դրանում ներգրավել Սիրիայից վարձկան ահաբեկիչներ, իսկ սահմանի բացման դիմաց շարունակում է պահանջել, որ Հայաստանը հաշտության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ եւ Զանգեզուրում 5կմ լայնությամբ միջանցք տրամադրի իր ինքնիշխան տարածքում։ Ընդամենը սահման բացելու համար մյուս երկրին միջանցք չեն տրամադրում. ով դա փակել է, ինքն էլ թող բացի, առանց միջանցքի, մանավանդ որ նորմալացման գործընթացն ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ թուրքական կողմը իր սահմանը բացում է 3-րդ երկրների քաղաքացիների համար , ինչպես արել է հատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպումից հետո։
Գալով Սինանյանի մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանն արած հայտարարություններին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նախ արդարացրել է ՀՀ վարչապետին, ասելով. «Այո, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամենաբարձր լեռը Արագածն է, դուք երեւի վարչապետի ասածի հոգեբանական պահը չեք հասկացել կամ գուցե հասկացել եք։ Տեսեք՝ մարդն ասել է՝ Արագածն էլ է մեր լեռը, մանավանդ մեր տարածքում է, եկեք Արագածն էլ սիրենք, ինչ վատ բան է ասել»։ Եթե չենք սիրում, սիրենք նաեւ Արագածը, բայց Թուրքիան պահանջում է Արարատը չսիրել, որովհետեւ քաջ գիտի, որ դրանք որպես խորհրդանիշ ամենեւին համարժեք չեն, հետեւաբար թուրքական նկրտումներին ընդառաջելու կարիք չկա։
Մինչդեռ Սինանյանը Հայոց ցեղասպանության հարցում նույնպես ընդառաջում է Թուրքիային։ Նրա կարծիքով 30 տարի ցեղասպանության ճանաչման համար սփյուռքում հսկայական ռեսուրսներ վատնելու գնով Ցեղասպանությունը ճանաչվեց, հայ ազգը բարոյական հաղթանակ տարավ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց։ Ապա նա շառունակում է. «Ցեղասպանության ճանաչման ի՞նչ գործընթաց։ Վերջ, ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի իր հայրենի հողում մնացած եւ ապրող ժողովրդի անվտանգության հետ։ Պետք է ոչ թե ասենք, որ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ ասենք, որ կարեւոր է դրա ճանաչումը․ այդ ցեղասպանությունն իրագործողները կարող են դա անել նաեւ Արեւելյան Հայաստանի բոլոր տարածքներում։ Պետք է հասկանալ, որ «օդի մեջ» ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս, բացի բարոյական շոյվածությունից»։
Բանավեճի մեջ մտնել չեմ ուզում, պարզապես ասեմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանխելու նպատակով Թուրքիան հարյուրապատիկ ավելի մեծ միջոցներ է ծախսել, քան սփյուռքը։ Հավանաբար ոչ թե հիմարությունից։ Համենայն դեպս, «Ցեղասպանության ճանաչումը «օդի մեջ» բան է, բացի բարոյական շոյվածությունից ոչինչ չի տալիս» ասելը, առվազն անարգանք է 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաեւ վիրավորանք այն երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային զայրացնելու գնով ընդառաջել են մեր ժողովրդին։ Կուզենայի նաեւ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը «վերջ, ճանաչվել է, վերջացավ, ավարտվեց» ասելով, ինչպես Սինանյանն է անում, չի ավարտում, որովհոտեւ դա համապարփակ գործընթաց է, որի ավարտը նախադրյալներ է ստեղծում, որ մենք միջազգայնորեն ճանաչված Ցեղասպանության փոխարեն փորձենք միջազգայնացնել դրա հետեւանքների վերացման հարցը։ Դրա հնարավորությունը տալիս է 2019-ի հոկտեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերը, որոնցում կոչ է արվում Վաշինգտոնի վարչակարգին նպաստելու աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու պայքարելու ժխտողականության դրսեւորումների դեմ։ Քանի որ դրանք առավել ցայտուն Թուրքիան է դրսեւորում է, ուստի այդ պայքարի գլխավոր թիրախն է դառնում ինքը, մանավանդ որ նախագահ Բայդենը 2021 Ապրիլի 24-ի ելույթով փաստացի վավերացրել է ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների օրինագծերը։ Եթե ԱՄՆ Կոնգրեսը այդպիսի օրնագիծ է ընդունում, իսկ նախագահը վավերացնում, ապա Միացյալ Նահանգները, որպես աշխարհի միակ լիարժեք գերտերություն, այնուամենայնիվ ստանձնում է Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման պատասխանատվությունը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ