Ինչպե՞ս են ապրում Թուրքիայի հայերը, ի՞նչ խնդիրներ, մտահոգություններ ունեն, ինչպե՞ս է հնագույն Պոլիս քաղաքում պահպանվում հայերենը, հայկական մշակույթը եւ ի՞նչ ջանքեր են գործադրվում այնտեղի հայերը՝ ազգային դիմագիծը չկորցնելու համար: Ինչո՞ւ են այնտեղ ապրող հայերից ոմանք գերադասում թուրքերեն խոսել, իրենց երեխաներին ուղարկել օտար դպրոցներ, ի՞նչ գին ունի անվտանգությունը…
Լրագրող, հրապարակախոս Սագօ Արեանը բազմիցս շփվել է Ստամբուլի հայության հետ՝ նրանցից փորձելով ստանալ այս հարցերի պատասխանները: Նա հենց Կ. Պոլսում՝ պոլսաբնակ 33 հայի հետ կատարած իր հարցազրույցները ամփոփել է գրքում՝ փորձելով մեկ հարթակի վրա լսելի դարձնել հայության ամենատարբեր խավերի ձայնը: Վավերական նշանակություն ունեցող գիրքը գրվել եւ հրատարակվել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի եւ Թուրքիայի գործադրած ջանքերի եւ դրանից բխած մթնոլորտի պայմաններում: Գրքում բնականաբար, անդրադարձ կա նաեւ այդ հարցին: Ստամբուլի հայերը իրենք են փորձում պատասխանել, թե ի՞նչ կտա այդ հարաբերությունների բնականոնեցումը երկու կողմին, ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ունի, անխուսափելի՞ է արդյոք հարեւանների հետ հաշտության գնալու ճանապարհը, թե՞ այն կարելի է նաեւ անտեսել…
Հայաստանի անվտանգությանը եւ խաղաղությանը փորձ է արվել նայել «շատ բան տեսած» ստամբուլահայերի աչքերով, դրսից…
«33 ձայն Իսթանպուլէն. Ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով գիրքը լույս է տեսել օրերս, Երեւանում եւ տարածվելու է հատկապես պոլսահայ համայնքով հետաքրքրվողների շրջանում: