Բնավորությամբ ինքնամփոփ էր եւ չշփվող։ Ոնց որ կայծ չլիներ մեջը։
Նրա կյանքը նման էր գորշ, միապաղաղ, ամպամած օրերի։ Ո՛չ արեւ կար, ո՛չ անձրեւ։ Համենայդեպս այդպես էր թվում։
Նույն քաղաքում ապրում էր մեկ ուրիշը` ամբողջապես տրված քնքուշ եւ թախծոտ զգացմունքներին։
Նրանց հանդիպումը սկսվեց կռվով եւ ավարտվեց ոչ ոքի, ավելի ճիշտ՝ միաժամանակ երկուսի հրաշալի հաղթանակով։
Նիկոլ Գալանտերյան եւ Դեւ` նույն ինքը Մարգար Ղարաբեկյան` երաժշտություն եւ պոեզիա։ Նրանք առանձին-առանձին շատ տաղանդավոր էին, ամեն մեկը մի անհատականություն, բայց երբ նրանց տաղանդները միաձուլվում էին, ծնվում էր երգը` նուրբ, հուզիչ եւ ազնվական։ Նրանց ծանոթությունը սկսվեց մի անախորժ պատմությամբ, բայց ավարտվեց ստեղծագործական դուետով։
Դեւը կամ Մարգար Ղարաբեկյանը կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյանին մեղադրեց իր բանաստեղծությունների հիման վրա անօրինաբար երգեր գրելու համար։ Գալանտերյանն իրեն ուղղված մեղադրանքները հակադարձեց մոտավորապես այսպես` Դեւը շնորհակալ պիտի լինի, որ ես իր բանաստեղծություններից երգեր եմ սարքում։ Եւ սկսվեց երկու վիրավորված ինքնասիրությունների լուռ կռիվը։ Ըստ էության երկուսն էլ ճիշտ էին յուրովի։ Չնայած` Նիկոլին պետք էր Դեւը, Դեւին` Նիկոլը։ Եւ դա, բարեբախտաբար, նրանք շուտ հասկացան։ Արդյունքում բարեկամացան եւ միասին ստեղծեցին գեղեցիկ բազմաթիվ երգեր։
Երկու տղամարդ` բացարձակ տարբեր բնավորություններով եւ անձնական կյանքով։ Թերեւս երեք ընդհանրություն ունեին. երկուսն էլ պարսկահպատակ էին, երկուսի անձնական- ընտանեկան կյանքը չէր ստացվել եւ, վերջապես, երկուսն էլ արվեստագետ էին։
Չնայած որ նրանց ընդհանրությունը նա՛եւ չստացված անձնական կյանքն էր, բայց այդ չստացվածությունը նույնպես տարբեր էր։ Անկեղծ ասած, Գալանտերյանի արխիվում, կյանքի ընթացքի մեջ, մտքերում, ժամանակակիցների հուշերում, ոչինչ հետաքրքիր կար։ Բայց հենց այդ միապաղաղության մեջ է նրա կերպարի բացահայտման բանալին։
Ինչո՞ւ էր նա այդպիսին եւ, ինչպե՞ս այդպիսին լինելով, ստեղծեց գեղեցիկ, նուրբ, հոգեպարար մեղեդիներ։ Նրա հոգում կատարվող ալեկոծումները ոչ ոք չզգաց։ Նա չուներ արվեստագետի հախուռն էություն, տղամարդու ազատ, ակտիվ, մի քիչ էլ ինքնավստահ կեցվածք։ Նա լուռ էր, միշտ ստվերում, կարծես վախենում էր ինչ-որ բանից, կամ վախենում էր` չլինի թե իր մեջ հնչող մեղեդին նեղանա իրենից, եթե ինքն արձագանքի կյանքի մարտահրավերներին։ Նրա սիրած արտահայտությունը «լավ կլինի»-ն էր։ Մի հույս, որ կապվում էր անորոշ ապագայի հետ։ Անգամ ստեղծագործությունների շարքը վերնագրել էր «Հույսերի եւ հույզերի մրմունջներ»։ Ի՞նչ էր սպասում, կամ ո՞ւմ էր սպասում Նիկոլը։
Ամեն դեպքում նրա հույզերը մնացին մրմունջի մակարդակի, դրանք երբեք հրաբխի պես չժայթքեցին, նա երբեք իր անձնական կյանքում չխենթացավ, չգժվեց զգացմունքներից, դրանք ուղղակի խեղդեց իր մեջ եւ մնաց միշտ զուսպ եւ, իբր տղամարդ, մի քիչ անհետաքրքիր։ Իր զգացմունքները չպայթեցին նաեւ երաժշտության մեջ։ Նրա կերտած մեղեդիներում կա մելանքոլիա, թախիծ, աշուն, ալիք , բայց ոչ տրագիզմ, մրրիկ, փոթորիկ։ Նա ստեղծագործում էր այնպես, ինչպիսին է՛ր։ Իր ինքնամփոփ եւ ոչ ճկուն բնավորության պատճառով հաճախ վաստակում էր շուրջի մարդկանց դժկամությունը։ Երեւի իր ինքնամփոփության պատճառը թաքնված էր մանկության կամ պատանեկության մեջ։
Մանկության տարիները Նիկոլը հիշում էր մեծ բերկրանքով։ Իրենց քաղաքը` Ակնը, Եփրատի ջրերը, բարձունքին` մեկուսի կանգնած իրենց տունը, Նարեկյան դպրոցը, եկեղեցին, որտեղ նա դպրություն էր անում, քանի որ շատ անուշ ձայն ուներ։ Ժպիտով հիշում էր նաեւ իր կոշիկների պատմությունը։ Նա սովորություն ուներ եկեղեցի մտնելուց առաջ կոշիկները հանելու եւ թողնելու հատկացված տեղում։ Եւ շատ հաճախ պատարագից հետո հայտնաբերում էր , որ կոշիկները գողացել են։ Եւ եկեղեցու խեղճ ժամկոչը ստիպված ամեն անգամ երեխային շալակած տուն էր տանում։ Իսկ թե ինչու էին գողանում հենց Նիկոլի կոշիկները, հասկանալի էր. հայրը կոշկակար էր եւ ուներ նաեւ կոշիկի փոքրիկ խանութ։ Կոշիկ թռցնողները գիտեին, որ Նիկոլը ոտաբոբիկ չի մնա։
Նիկոլն իսկապես ոտաբոբիկ չմնաց, բայց շուտով մնաց առանց հոր ։ 1896թ. Պոլսում Բանկ Օթոմանիի շուրջ կատարվող իրադարձությունների ժամանակ կոշկակար հայրը սպանվեց։ Շուտով թուրքերը կոտորած սկսեցին Ակնում, Գալանտերյանների տունը այրվեց, այրվեց եւ Նիկոլի փոքր քույրը` Մարանը, եղբայրներից մեկը սպանվեց, ինքն երկու անգամ հրաշքով փրկվեց անխուսափելի թվացող մահից։ Ընտանիքի ողջ մնացած անդամները մի կերպ փախան Վառնա` Բուլղարիա, հետո 1899-ին Պետերբուրգ եւ այնտեղից՝ 1900-ին Նիկոլը իր եղբոր` Գրիգորի հետ եկավ Էջմիածին` ճեմարան։ Հետո նորից Բուլղարիա` Շումեն, Վառնա…
Մեղմ տրամադրություններ, փափուկ զգացողություններ, նուրբ հաճույքներ։ Չնայած արդեն 28-29 տարեկան էր, բայց այդ զգացողոթյունների պատճառը դեռ որ միայն բնությունն էր եւ արվեստը։
Կին էակի մասին իր առաջին խոստովանությունը եւ հիշատակումը Սուխումի մերձակայքում գտնվող Ծեբելդա գյուղի հետ է առնչվում, որտեղ Նիկոլը հայկական շրջանակների կողմից գործուղվել էր ուսուցչության։ Ծեբելդայի բնությունը շատ գեղեցիկ էր։ Գալանտերյանը հիշում է. «Բայց այդ գեղեցիկ բնության մեջ իմ հոգին թափուր էր, եւ ես չէի կարող որեւէ հոգեկան մխիթարություն գտնել»։
Այդ անհետաքրքիր գյուղական կյանքում հանկարծ Նիկոլի սիրտը սկսում է այլ արագությամբ բաբախել, հայացքն այլ հասցեի վրա սեւեռել, ոտքերն այլ ճանապարհով առաջանալ։ Նա սիրահարվում է Ծեբելդայի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհուն։ «Գարնանը ես որոշ հետաքրքրություն ցույց տվի ռուսաց լեզվի վարժուհուն»։ Ընդամենը այսքանը` կցկտուր, ժլատ, կարծես մի քիչ էլ դժկամորեն արված խոստովանություն, ավելի ճիշտ` իրողության արձանագրում։
Բայց Ծեբելդան` կովկասյան լեռների եւ Սեւ ծովի արանքում մոլորված գյուղը, որտեղ 1910-1911 թվականներին 30 տարեկան հասակում առաջին անգամ սիրահարվել է հրաշալի կոմպոզիտոր, ռոմանսի մեծ վարպետ Նիկոլ Գալանտերյանը, հիրավի պատմության մեջ կմնա կին նվաճելու Գալանտերեանի առաջին չստացված փորձով։
Երգեցողության ուսուցիչը ռուսաց լեզվի ուսուցչուհու սրտով չէր։ «Նրա անտարբերությունը իմ մռայլ տրամադրությունը ավելի եւս դառնացրեց»։ Նիկոլն ինչպես ամուրի էր, այդպես էլ մնաց ամուրի։ Հոգեկան ալեկոծումներին, որ բռնությամբ խեղդում էր իր մեջ, յուղ լցրեց Ավետիք Իսահակյանը «Երգեր եւ վերքեր» ժողովածուով։ Եւ Նիկոլը սկսեց ստեղծագործել։ Առաջին երգը, որ նա գրեց «Ախ աչերդ արեւ ու մութ» բանաստեղծության հիման վրա էր։
Սա պատահական ընտրություն չէր, թեպետ Գալանտերյանը գրում է. «Ես ուզեցի մի նոր զբաղմունք գտնել եւ այդ զբաղմունքը ինձ տվեց պատահական կերպով այդ օրերին սեղանիս վրա եղած Իսահակյանի «Երգեր եւ վերքերը»։ Իսահակյանի բուռն հուզականությունը եւ, ամենակարեւորը, այդ հուզականության դրսեւորումը, արտահայտումը հենց այն էր, ինչի պակասությունն ուներ Նիկոլը։ Մինչ Իսահակյանն իր զգացմունքների եւ ապրումների ազատ ու պոռթկուն արտահայտողն էր, Նիկոլն այդ նույն զգացմունքներն իր մեջ ճնշող մեկն էր։ Եւ, ի դեմս Իսահակյանի, նա գտել էր այն տղամարդուն, ում պես ազատմիտ եւ համարձակ կուզենար լինել ինքը։ «Հոգեկան թեթեւություն զգացի, որովհետեւ մի նոր եւ հետաքրքիր զբաղմունք էր ինձ համար եւ իմ միտքը ցրվել էր տալիս»,- ինքնակենսագրականում գրում է Գալանտերյանը։
Ուսումնական տարվա ավարտին Նիկոլը թողնում է Ծեբելդան ռուսաց լեզվի ուսուցչուհու մասին հուշերով եւ անցնում Թիֆլիս` մտածելով աշխատել եւ բնակություն հաստատել այստեղ։ Բայց քանի որ տաճկահպատակ էր, իսկ Թիֆլիսում միայն ռուսահպատակները կարող էին պաշտոնավարել, ստիպված հավաքում է ճամպրուկը, իր նոթաներն` Իսահակյանի, Տերյանի, Թումանյանի, Հովհ. Հովհաննիսյանի եւ այլոց բանաստեղծությունների երգային տարբերակներով եւ մեկնում Թեհրան` դառնալով պարսկահպատակ։ Հետո, իհարկե, նա շատ կերազի դառնալ հայաստանահպատակ, բայց անձնական պատճառներով դա չի ստացվի։
1942թ. Նիկոլ Գալանտերյանը Թեհրանում իր երգերի առաջին կատարող Արա Տեր-Հովհաննիսյանին ասել է. «Սիրելի Արա, վերջ ի վերջո իմ երաժշտական ստեղծագործությունները շալակած, պիտի հայրենիքի ճամփան բռնեմ, իմ փրկությունը այնտեղ է, սակայն մի արգելք ինձ հետ է կասեցնում իմ այդ որոշումից…»։
1942 թվականն էր. երազում էր Հայաստան տեղափոխվելու մասին, որովհետեւ հասկանում էր, որ իր երգերը միայն այստեղ կարող են հարատեւ եւ անմոռաց ընթացք ունենալ։ Իր դուստրերից Սեդան, որոշել էր նրա հետ հայրենադարձվել, բայց միտքը փոխել էր` հուսահատության մեջ գցելով հորը։ Երեխաներից բաժանվելու համար ուժ չէր գտել իր մեջ։
Այնպես որ, արգելքը զուտ ընտանեկան էր։ Իսկ ամեն բան սկսվել էր 1912-ին, երբ ծանոթացավ օրիորդ Արուսյակի հետ։ Ինքնակենսագրականում զետեղված է հետեւյալ գրառումը. «Ամառվա արձակուրդին ես որոշ չափով հետաքրքրվեցի մի օրիորդով եւ ձմռանը` 1912-1913 ուսումնական տարվա մեջ, ամուսնացա եւ ընտանիք կազմեցի»։ Այսքան չոր, անհրապույր շարադրանք կյանքի մի այնպիսի փուլի մասին, ինչպիսին ամուսնությունն է։ Անգամ անունը չի տալիս։ Իրականում, ոչ թե որոշ չափով է հետաքրքրվել օրիորդով, այլ կարգին սիրահարվել է։ Նա իրապես անհարմար էր զգում իր զգացմունքներից։
Ամուսնությունից հետո մոտ տասը տարի նա կդադարի ստեղծագործել։ Ստեղծագործող մարդու համար սա իհարկե սոսկալի բան է։ Ամուսնությունը Գալանտերյանի համար սթրեսի պատճառ է դառնում։ Կենցաղը վերջնականապես ջլատում ուժերը։ Նա ընկնում է ապրուստի հետեւից ` բացում է երաժշտական գործիքների վերանորոգման փոքրիկ արհեստանոց, թողնում է ստեղծագործելը, բայց միեւնույն է` բան դուրս չի գալիս։ Նա ոչ միայն չի կարողանում ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, այլեւ փակում է մուսայի մուտքն իր ներաշխարհ։
Նիկոլը նեղացած էր իր կնոջից չստացված ընտանեկան հովվերգության եւ իր խառն ապրումների համար։ Նեղացած էր այն բանի համար, որ ամուսնությունից տարիներ անց տիկին Արուսյակը նրան խնդրել էր հեռանալ։ Նիկոլը վիրավորված էր եւ իր բախտի վրա զայրացած ։ Նա շատ է սիրել իր կնոջը, երկու դուստրերին` Սեդային եւ Լիդային։ Բայց կյանքային հարցերում եղել էր անճար, եւ կինը չէր հանդուրժել դա, բաժանվել էր նրանից։ Բայց տան դռները միշտ բաց էին եղել նրա առջեւ։
Գրեթե ամեն երեկո Նիկոլը հանդիպել է երեխաներին, նրանց հետ պարապել, շփվել, հետո` գլխիկոր հեռացել։ Արաքս Մակարյանը` պարսկահայ հայտնի երգչուհին, հիշում է. «Արուսյակը գեղեցիկ կին էր եւ ուսյալ մի անհատականություն, իր ժամանակի պայմաններում։ Բարձրահասակ էր, գրավիչ արտաքինով եւ թովիչ աչքերով, որը իր հմայքը անեղծ պահպանեց մինչեւ իր կյանքի վերջը։ Լայն ճանաչում գտած կին էր իր մշտական մասնակցությամբ հանրային-հասարակական աշխատանքներում եւ թատերական բեմադրություններում»։
Տիկին Արուսյակը շատ լավ կարուհի էր եւ այդպես հոգում ընտանիքի ապրուստը։ Մասնակցում էր նաեւ Թեհրանի հայ կանանց թատերասերների ներկայացումներին, որոնք տրվում էին հայերեն, պարսկերեն լեզուներով։ Օրինակ` «Արշին Մալալա» օպերետում տղամարդու հանդերձանքով Արուսյակ Գալանտերյանը մարմնավորել է ասկյարի դերը։ Նկարի տակ գրառում՝ «Մեքենայի ղեկին Արուսյակ Գալանտերյանն է, կանգնածը` Երվանդ Մանարեանի մայրն է, 2 փոքրիկ տղաներն էլ ` Երվանդ Մանարեանը ու նրա եղբայրն են»։
Դրսում ինքնաշարժի ղեկին կամ թատերական բեմում, տանը` «Զինգեր» կարի մեքենայի առջեւ… Վերհիշում է Արաքս Մակարյանը. «Արուսյակն ապրել էր ուզում, ամուսին, ընտանիք էր սիրում, իսկ ամուսինն, ըստ երեւույթին, իդեալներով էր ուզում սնել կնոջն ու երեխաներին։ Որպես ամուսին` երբեք իր պարտականության պատասխանատվությունը չունեցավ եւ անտարբեր էր մինչեւ իսկ դեպի իր անձը, հագուստ-կապուստից մինչեւ ուտել-խմելը։ Արդյոք ո՞ր կինը ավելի երկար կդիմանար ու կհանդուրժեր այդպիսի կեանքին, որ Արուսյակը դիմանար»։
Ուրիշների համար Նիկոլի հետ դժվար էր, Նիկոլի համար դժվար էր ուրիշների հետ։ Իր բնավորության խստությունը, ոչ ճկունությունը միշտ էլ բարդացրել են նրա եւ շրջապատի փոխհարաբերությունները։ Նա չի կարողացել պնդել իր ճշմարտացիությունը, չի կարողացել դիմակայել խորամանկ եւ հաշվենկատ մարդկանց, անգամ չի փորձել նրանց ընդդիմանալ, մարդկային հարաբերություններում առանց պայքարի հանձնվել է։ Այդպես՝ ոչ գործը շահեց, ոչ ինքը հոգեկան անդորր ունեցավ։
Բայց բարեբախտաբար կային մարդիկ, որոնք ազնիվ գտնվեցին նրա նկատմամբ եւ եղան նրա կողքին` հաջողության , թե անհաջողության ժամանակ։ Նրանք իր հիմնած «Գողթան» երգչախմբի, որ հետո վերանվանվեց «Գալանտերյան» , աղջիկներն էին , Թեհրանում իր երգերի առաջին բեմ բարձրացնող Արա Տեր- Հովհաննիսյանը, երգչուհի Լորիկ Մովսիսյանը, մի քանի ուրիշներ եւ Մարգար Ղարաբեգյանը` շատ տարօրինակ գրական կեղծանունով Դեւը։
Ինչո՞ւ Դեւ։ Ոչ իր արխիվում, ոչ ժամանակակիցների հուշերում այս հարցի պատասխանը չկա։ Քնքուշ բանաստեղծություններ, քնքուշ նկարչություն, քնքուշ նամակներ`գրված մտերմուհուն, կանանց եւ արվեստի մասին հետաքրքրական դատողություններ,ազնիվ մտքեր, համակրելի, ցմահ ամուրի տղամարդ եւ Դեւ կեղծանուն. բացարձակ անհամապատասխան իր էությանը։ Հավանաբար «դեւ»-ով նա փորձել է առօրեականության մեջ չեզոքացնել իր արվեստի զգայականությունը, փորձել է նուրբ, մեղմ ստեղծագործությունները հավասարակշռել ազդեցիկ անվամբ։ Մի խոսքով , այնպիսի տպավորություն թողնել, ինչպիսին կարող է թողնել դեւը։
Բայց այդ անվան տակ ոչ մի դիվայի բան չկա, փոխարենը կա չստացված անձնական կյանքի մասին մատնող ինչ-որ բարդույթ։ Սակայն միանգամայն տարբերվող Նիկոլ Գալանտերյանի բարդույթից։
Ծնվել է Թեհրանում 1901, ապիլի 8-ին։ Սերում է Ղարաբաղի Մելիքներից։ Հայրը` Ավետիս Խան Ղարաբեգյանը հայտնի ազգային-հասարակական գործիչ եւ ճարտարապետ էր։ Դեւը ղեկավարել է գրական-մշակութային միություններ, հրատարակել ամսագրեր, գրել հրաշալի բանաստեղծություններ` արեւելքի նուրբ մեղկությամբ։ Նրա մասին 1927թ. «Ազդարարի» 258-րդ համարում գրել են. «Բանաստեղծ Դեւը Օմար Խայամի սանձը փոխ առած կերգե սիրո պատրանքները» ։ Համաստեղը իմանալով, որ Դեւի բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրվել, ասել է. «Կարիք չկա ձայնագրելու, քանի որ Դեւի քերթվածքներն ինքնին երաժշտություն են»։ Պարսից Շահ Իսմայիլը Դեւին` իբրեւ զարգացած եւ գեղարվեստասեր մարդ, նշանակել է իր գրադարանապետ։ Արքունիքը մեծ գնահատականի է արժանացրել նաեւ Դեւի նկարչական արվեստը` նրան համարելով պարսից նկարչության վերանորոգիչ։ Դեւը վայելում էր Ռզա Շահի քրոջ` իշխանուհի Շամս Փեհլեւիի բարձր հովանավորությունը եւ արքունական հատուկ հրովարտակով պարգեւատրվել է «Արվեստից» շքանշանով։ Այս ամենը իր հանրային եւ արվեստային կյանքի մի մասն է։
Բայց Դեւի կյանքն, ինչպես եւ յուրաքանչյուրինը, նաեւ անձնական կողմ ունի։ Նրանը չի ստացվել։ Գրել է սիրառատ, փափուկ բանաստեղծություններ` ունենալով ինչ-ինչ հիմքերը կամ նախապատմություններ։ Բայց երբեք չի ամուսնացել։ Գուցե ստեղծագործելու համար նրան պետք էր ազատ թռիչք, կամ իրական կյանքում չէր հանդիպել նրան, ում մասին արվեստ էր ստեղծել։ Կամ գուցե ուրիշ պատճառներ կային։ Համենայնդեպս` նա իր մտերմուհիներից մեկին` Արաքս Մակարյանին շատ գեղեցիկ ձեռագրով գրած նամակներում ոչ միայն մատնել է իր զգացմունքները , այլեւ բացահայտել է իր աշխարհընկալումը եւ մարդկային հարաբերությունների մասին իր պատկերացումները։
1926թ հոկ. 14, Թեհրան
«Սիրելի Արաքս, միշտ կրկնել եմ եւ հիմա էլ մի անգամ եւս համոզվում եմ, որ լավ է ունենալ մի մոտիկ եւ հարազատ ընկեր հակառակ սեռից, որի հետ կարողանաս փոխանակել կարծիքներ, տեսակետներ, զգացմունքներ եւ ապրումներ։ Ասում եմ հակառակ սեռից, քանի որ տարբեր զգացումների բախումից առաջանում են ավելի խորը ու հաճելի ապրումներ, իսկ այդ ապրումները իրենց հերթին նրբացնում եւ գեղեցկացնում են հոգին։ Այնքան բնական է թվում ինձ համար երկու հակառակ սեռերի ընկերակցությունը եւ մոտիկությունը։ Տարօրինակ կերպով ուրիշները չեն կարողանում իրենց հաշտեցնել այդ մտքին հետ եւ անպայման մեջտեղը կամ ամուսնություն են փնտրում, կամ մի ուրիշ կապակցություն, եւ կամ, ես ինչ գիտեմ, ինչ հետին միտք։ Ինչո՞ւ չենք ուզում հասկանալ, որ մի աղջկա կարելի է սիրել իբրեւ լավ ընկեր, կարելի է մեկի գեղեցկությունը սիրել, մյուսի լավ բնավորությունը, երրորդի լավ ու գեղեցիկ հոգին, չորրորդի մտածելակերպը, դատողությունն ու լրջությունը եւ այլն։ Ինչո՞ւ ենք ամեն դեպքում էլ սեռական սերը բերում մեջտեղ ու մոռանում ամեն սրբություն եւ այն ամենը, ինչ որ մարդկային է ։ Չգիտեմ, գուցե ես սխալ եմ մտածում եւ հենց այս կարծիքն ունենալու համար էլ բավական տուժել եմ ու իմ ունեցած զգացմունքները սխալ են հասկացել եւ թերեւս անախորժությունների առիթ տվել։ Եւ հենց դա է պատճառը, որ ես աշխատում եմ զգացմունքներս ավելի քիչ արտահայտել ու պահել իմ մեջ։ Մի՞թե չի կարելի քո մոտիկ եւ սիրած ընկերուհու մասին բանաստեղծություն գրել, մի՞թե չի կարելի մի տիկնոջ դեմքի գեղեցկությունից ազդվել եւ մի գրվածք նվիրել նրան, եւ վերջապես մի՞թե չի կարելի առանց սիրահարված լինելու մեկի գեղեցկությունն ու գեղեցիկ հոգին երգել։ Իմ կարծիքով կարելի է եւ այնքան պարզ ու բնական է սա, ինչքան օրվա լույսը»։
Եւ ուրեմն` ինչո՞ւ էր նա մենակ։ Թվում է թե չի արժանացել իր հայացքների հավանությանը, չի հանդիպել այնպիսի կնոջ, որն այնքան հանդուգն եւ բաց կլիներ կիսելու համար այս պատկերացումները, համամիտ կլիներ կնոջ , տղամարդու եւ արվեստի միասնության մասին այս թեզին, կամ ով ուղղակի չէր խանդի ուրիշ կանանցից գեղեցկություն կամ ընկերություն վերցնելու եւ փոխարենը արվեստ տալու իր որոշմանը։
«Ո՞ւմ հետ այլեւս անց կանցնել ժամանակը` աշխատանքի եւ ո՞ւմ հետ ընկերություն անել` դարձյալ աշխատանքի։ Չկա ավելի մտերիմ ընկեր, քան սեփական աշխատանքը, չկա ավելի մխիթարիչ ու խաղաղ դրություն եւ ժամանակ, քան այն, որ մոռանում ես ամեն ինչ աշխատանքի անհուն ու անծիր հորիզոններում։ Ընթերցանությունն էլ է աշխատանք, դա ամենաօգտակար եւ ամենակրթող աշխատանքն է»։
Եվ այսպես՝ սեփական հույզերի, մտքերի, ապրումների մասին ոչինչ չպատմող կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյան եւ ամեն ինչ պատմող բանաստեղծ -նկարիչ Դեւ։ Միեւնույն քաղաքում ապրող երկու տղամարդ` չստացված անձնական կյանքով, բայց կատարելապես ստացված ստեղծագործական կյանքով։
Գալանտերյանի երաժշտությունը Դեւի բանաստեղծությամբ նման է կիրթ բողոքի` բարձրացված բոլոր այն կանանց դեմ , ովքեր չեն զգում արվեստագետ տղամարդու եւ ուղղակի տղամարդու տարբերությունը եւ նրանից պահանջում են ռեժիմով կյանք եւ սովորական կենցաղ։ Միանգամայն հասկանում եմ ա՛յդ կանանց, բայց դա չի նշանակում, որ չեմ հասկանում ա՛յդ տղամարդկանց եւ նրանց բողոքը։
ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ