Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայում իր աշխատանքները շարունակում է Ստեփանակերտ քաղաքում: Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը մանրակրկիտ ծանոթանալով անվանի գիտնական, Հայկական էներգետիկակյան ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» գիտական մենագրության հետ հրաշալի կարծիք է ուղարկել մենագրության վերաբերյալ:Ստորեւ ներկայացնում ենք կարծիքն ամբողջությամբ:
Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական Ստեփան Պապիկյանը աշխատելով երկար տարիներ գրել է Արցախի էներգետիկայի վերաբերյալ արժեքավոր եւ ծանրակշիռ գիրք:
Մենագրությունը իր բնույթով եզակի է, ունի գիտական եւ գործնական նշանակություն: Այն կարելի է համարել Արցախի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացման հիմքը:
Գրքում ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վերլուծություններ` կապված Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացման հետ: Նրանում տեղ է գտել նաեւ Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ ուշագրավ տեղեկատվություն: Տրվում են նաեւ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հուսալի եւ կայուն էներգետիկ ծրագիր մշակելու համար:
-Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զար-գացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ, գիտականորեն հիմնավորված ծրագիր` հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Այն անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ,- առաջարկում է Ս.Պապիկյանը:
Ս.Պապիկյանն առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն, որի դեպքում կապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունը եւ հուսալի ու կայուն էներգամատակարարումը:
Գրքի եզրակացության մեջ բերված առաջարկությունների հետ համակարծիք ենք:Ցանկալի է շարունակել գիտական հետազոտություններն այս ուղղությամբ, պատրաստել մասնագիտական եւ գիտական կադրեր Արցախի Հանրապետության համար:
Ճիշտ կլիներ գիրքը որոշակի կրճատումներով (մոտ 50 էջի սահմաններում) հրատարակել նաեւ այլ լեզուներով` ռուսերեն, անգլերեն եւ այլն: Այն հանրամատչելի դարձնել նաեւ միջազգային մակարդակով:
– Առաջարկում ենք «Արցախի էներգետիկան» գրքի հիման վրա գրել սցենար եւ պատրաստել վավերագրական ֆիլմ ու այն տարբեր լեզուներով ներկայացնել միջազգային հարթակներում: Անտարակույս, ֆիլմի առկայությունը էականորեն կնպաստի Արցախի անկախության ճանաչման գործընթացին,- նշում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Ռ.Ավագյանը:
Կարծում ենք կգտնվեն բարեգործներ` Հայաստանից եւ սփյուռքից, որոնք կնպաստեն վերը նշված առաջարկությունները կյանքի կոչելու համար: