Սկիզբը` նախորդ համարում
Ասված է՝ բազում են կոչեցյալք եւ սակավ ընտրյալք: Ես ընդամենը փորձում եմ հաստատել, որ մարդկության տնտեսական հարաբերությունները կարգավորող «փող-ապրանք-փող» գուցե իսկապես հանճարեղ, հրեշտակային բանաձեւը գեղարվեստական մշակույթի ասպարեզում դառնում է սատանա, որին գիտակցաբար թե ենթագիտակցորեն ընդառաջ է քայլում, գրկում ու սիրում արվեստագետների ճնշող մեծամասնությունը եւ ճնշում է ու ճնշում սակավ ընտրյալքներին:
– Խնդրում եմ, ընկեր, իմացիր, շուկաներում ես ինչ գին ունեմ, հանկարծ նկարչությունս էժան չտամ,- մի օր ինձ ասաց վարժապետ նկարիչը, որին իր աշակերտները «մաեստրո» էին հորջորջում:
– Իմացել եմ, մաեստրո, դու անգին ես:
– Յա՜, մեկ միլիոն դրա՞մ, ասա միլիոնատեր եմ:
– Չէ, մաեստրո, մեկ լումա:
Այս իրական երկխոսությունն ընդհանրական բովանդակություն ունի եւ վերաբերում է ոչ միայն «հարգելի» վարժապետին, այլեւ մշակութային դաշտը քաղհանող շատ վարժապետների, որոնք մեծամտաբար կարծում են, թե իրենք ուսուցչապետ են:
Արդեն նշել եմ, բայց դարձյալ ասեմ ու կրկնեմ՝ իսկական մշակույթը փողով չի, այն չի շինվում, այլ հոգով կառուցվում է եւ հասցեագրվում հոգուն, շուկայական ապրանք չի, սպառողական արժեք չի, բիզնես չի, վերին տարածքների հեքիաթային պալատներում որոնեք ու գտեք նրան:
Տխուր բան է: Վան Գոգի ժամանակ ու նրա կողքին կար մի նկարիչ՝ Բոննան, որի աշխատանքները տանող տանողի էր, թռցնում էին նկարակալի վրայից, չսպասելով ներկը չորանար: Վան Գոգի՝ լույսի ու հոգու մեծագույն նկարիչներից մեկի որեւէ գործ իր կենդանության օրերին չվաճառվեց, նա ապրում էր անհայտության մեջ, լոկ Տեոն էր ճանաչում իր եղբորը, նա շփվում էր միայն նրա հետ, այն էլ հիմնականում նամակների միջոցով: Վաղուց ի վեր այդ Բոննան չկա: Իսկ Վան Գոգը, արդեն ուրախալի բան, բարձրանում է հա բարձրանում դեպի «էնտեղ»: Ի վերջո ես տեսա մեղավորին. դա նաեւ, թերեւս ավելի շատ, տգետ, առեւտրական, նյութապաշտ, փողասեր հասարակությունն է:
Բախը մահից շուրջ 200 տարի հետո միայն ճանաչելի դարձավ եւ հռչակվեց հանճար՝ Մենդելսոնի կողմից նրա նոտաթղթերը հայտնաբերելու շնորհիվ:
Մոդիլյանին իր նկարները չէր վաճառում, այլ որոշ ճեպանկարներ սրճարանում փոխանակում էր մի բաժակ գինով եւ հարբում իր հոգու գինուց: Նա ստեղծեց կնոջ՝ Ժաննայի կոմպոզիցիոն գունագեղ դիմանկարը, նրան պատկերելով անսովոր երկար պարանոցով, կարծես այդ պարանոցը շնչող պատվանդան լիներ թախծոտ աչքերով նրա գեղեցիկ դեմքին: Ժաննան նկարը բերեց ցուցասրահ, արվեստասեր հասարակությանը ի ցույց դնելու: Երբ նկարի վրայից սպիտակ սավանը իջեցրին, հանդիսատեսը հիացմունքից քարացավ: Երկար լռությունը խախտվեց Պիկասոյի ծափով, որին հետեւեցին մյուսների ծափահարությունները: Մոդիի մահից մի քանի օր անց Ժաննան եկավ Պիկասոյի արվեստանոց եւ ասաց. «Պիկասո, չկարծես, թե դու ավելի մեծ ես, քան Մոդիլյանին», եւ լուռ ու սգավոր հեռացավ: Այդ մի քանի բառով Ժաննան ասաց իր սերն ու գնահատականը Մոդիի արվեստի հոգեղենության վերաբերյալ: Այն ժամանակ նա գուցե միակն էր, որ դա ազնվորեն արեց: Սակայն, իմանանք, մեկն ու միակն էլ մեծ թիվ է: Սխալ է մեծերին համեմատել միմյանց հետ, նրանց անելով վար ու վեր, խախտելով արժեքայնության չափանիշերը, որ երեկ ու այսօր էլ տարածված վերլուծաբանական արատ է, որին շատերն են տուրք տվել ու տալիս: Ինչ ասել կուզե՝ Պիկասոն առավել մեծ է իր արվեստի նորարական շրջափուլերով եւ աշխարհին հարաբերող միաձույլ բազմազանության փիլիսոփայությամբ:
Պատահեց, ընդամենը մեկ հոդվածի կաղապարում, ետսարյանական մի տաղանդավոր նկարչի գրեթե նույնացրին հանճարեղ Ռեմբրանդտին ու Վան Գոգին, համաշխարհային դասական մշակույթի բարձրագույն հատկանիշերը, գնահատականներն ու փիլիսոփայությունը առանց ջոկողության վերագրեցին նրան, նույնիսկ Մարկեսի «մոգական ռեալիզմը», միայն մոռացան Հոմերոս ասել, ի վերջո մեր նկարչին հռչակելով հավերժության ճամփորդ: Գովասանքի աներեւակայելի ճոխ այս սեղանի վրա լոկ օձի կաթն էր պակաս: Եվ սեղանը, հավատացեք, մի օր շրջվելու է թե՛ նկարչի եւ թե՛ հոդվածագրի ու արվեստաբանության դեմ: Չի կարող չշրջվել, չէ՞ որ, վերջ ի վերջո, ճշմարտություն կա, որը եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման պետք է խոսի բարձրաձայն եւ ի լուր բոլորի: Այս առումով հոդվածն անարժեք չէ, նույնիսկ՝ բավականին արժեքավոր, այն մեզ հակադարձորեն հուշում է, եթե ոչ պահանջում, երեւույթները կոչել իրենց անուններով եւ ոչ ուրիշի, ապրել լույսի մեջ եւ ոչ մթության, քայլելիս չօգտվել առօրյա շփումների հենակներից, ղեկավարվել միայն ու միայն նորին մեծություն ճշմարտությամբ, մշտապես հիշել՝ «Պլատոնը բարեկամս է, բայց էլ ավելի մեծ բարեկամս է ճշմարտությունը»: Ես խոսում եմ տարածված երեւույթի մասին, որը շատերիս է առնչվում, քան մի կոնկրետ հոդվածի ու նրա հեղինակի, որն անտարակույս շնորհալի, շատ հարցերում գիտակ արվեստաբան է, բայց, ցավոք սրտի, այստեղ ու այլտեղ կարեւոր իրողություններն արտացոլել ու գնահատել է ծուռ եւ ոչ շիտակ հայելու մեջ, ակամա կամ հասարակական իներցիայի ուժով ճշմարտությունը չի համարել իրեն բարեկամ: Ախր ինչո՞ւ, սիրելիս: (Կես դարից ավելի իմ գրական գործունեության ընթացքում ես էլ եմ երբեմն չափանիշ խախտել, դրանք շատ չեն, առանձին դրվագներ, բայց այս դեպքում քիչն էլ շատ է, ուստի այժմ մեղայի եմ գալիս եւ ընթերցողից ներողամտություն եմ հայցում):
Այդ չափանիշերն այսօր մեզանում տխուր, եթե չասեմ մեռած վիճակում են: Չկա հոգեւոր ապացուցելի, համոզիչ մթնոլորտ: Շատեր փորձում ու հաջողում են ձեռք բերել ավելին, քան իրենք արժեն: Նշանավոր, ողբերգական նախագահ Ջոն Քենեդին ասաց. «Քո երկրից ինչ-որ բան պահանջելուց առաջ մտածիր, թե ինչ ես տվել նրան եւ տվե՞լ ես արդյոք»: Այստեղ մեղքը նաեւ վերլուծաբաններինն է՝ նրանց լռությանը, անտարբերությանն ու սխալ կողմնորոշումներին: Երեւանը «զարդարված է» «Հայ մեծեր» պաստառներով: Մեկ էլ Կոմիտասի, Թումանյանի, Տերյանի կողքին տեսնում ես աննշան դեմքերի, որոնք որեւէ նշանակալից բան չեն տվել Հայաստանին, եւ անգետ հանդիսատեսը տարակուսում է՝ իրականում նրանցից ո՞վ է մեծ: Եվ փոքրին մեծ է տեսնում: Այսպես կուրանում է հասարակական գիտակցության աչքը: Երեւի «պաստառագործների» համար սա էլ է բիզնես՝ ոմանք ինչ-որ մարդկանց հովանավորությամբ են դառնում «Հայ մեծեր» պաստառի հերոսներ: Ես այս ու այն կողմ շատ նայեցի, բայց չտեսա, օրինակ, նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին եւ ականավոր արարատյան մարդ ու գրող Կոստան Զարյանին: Ուրիշ խայտառակ փաստերը քիչ չեն, Մշակույթի նախարարությունը պետք է լրջորեն մտահոգվի: Չգիտեմ, այս երկուսի, նաեւ այլ արժանավորների պաստառները գուցե ցուցադրվում են Արթիկի շրջանի ֆեոդալական Հոռոմ գյուղո՞ւմ…
Գիտեմ, Կենտկոմը չցանկացավ Պարույր Սեւակին Պանթեոն տանել, որը կառուցել էր Կոմիտասին նվիրված «Անլռելի զանգակատուն», մի անլռելի զանգակատուն էլ ինքն էր եւ է, նրան ննջեցրին Երեւանից 100 կիլոմետր հեռու գտնվող ծննդավայրի հորենական տան բակում, որն անմիջապես դարձավ համայն հայության սրբավայր: Ընդդիմադրին ինչ Պանթեոն, նա է ասել, չէ՞, մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա աշխարհն է շալակած տանում: Ակադեմիան Սեւակին մերժեց լինելու ակադեմիկոս, գերադասելով ձայն տալ գրականության ինստիտուտի տնօրեն Վաչե Նալբանդյանին: Շուտով էլ որոշ պատահական անցորդներով համալրվեցին նրա հումանիտար շարքերը՝ Հովսեփ Օրբելիից, Մանուկ Աբեղյանից, Ավետիք Իսահակյանից, Դերենիկ Դեմիրճյանից, Ստեփան Զորյանից, հայագետ-արեւելագետ Կարապետ Մենիք-Օհանջանյանից հետո: Որտեղից ուր հասանք: Հոգեւոր ծովից ծով Հայաստանից մինչեւ մի ոտնաչափ հոգեսով Հայաստան: Անուններ տա՞մ: Չէ, դուք էլ գիտեք: Այսուամենայնիվ. հայր եւ որդի Հրաչիկ ու Արամ Սիմոնյաններ, որոնք Ակադեմիա մուտք գործեցին «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծերով» եւ «Արդի բուրժուական գաղափարախոսության քննադատությամբ»: Ուտող-խմող Հանելուկյանը, որն իբրեւ թղթակից անդամ ամեն պատահած գեղեցիկ թե տգեղ կնոջն արտահայտում էր իր ներքին թե արտաքին մարդու լուրջ թե կատակ ցանկությունը՝ «ծոցիդ շամամը կծեմ»: Խմող, բայց ոչ ուտող լրաբեր Ալ Խառատը: Մի պաշտոնյա լեզվաբան՝ վարժապետի մակարդակով: Մի չգիտեմ ով եւ ինչ: Իդեալիզմի եւ մատերիալիզմի միջեւ մոլորված մի աղքատամիտ իմաստասեր: Մի տնտեսավար եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ անդեմ եւ անհոգի ժողովածու: Եվ ո՞ւմ փոխարեն՝ Պարույր Սեւակի: (Կարծում եմ՝ պետք չէ Սեւակին հետադարձորեն ցավակցել, այլ շնորհավորել, այո, շնորհավորել, որ նա այս ու նման մարդկանց կողքին չհայտնվեց: Եվ նրան չհանդուրժողներին ասել՝ շնորհակալություն): Շատ ցավալի է, որ մեր Ակադեմիան հաճախ համալրվում է անկշիռ, անհայտ, անհոգի անուններով, մեծապես իջեցնելով նրա երբեմնի բարձր, աշխարհին ճանաչելի նշաձողը: Կարծում եք «Ակադեմիական քաղաք» կառուցելով իմաստո՞ւն կդառնաք: Ո՛չ: Հարկավոր է կառուցել «Բարոյականության քաղաք», որը լավագույն հուշարձան կլինի Հիսուս Նազովրեցուն՝ հիմնված աշխարհի կողմից արհամարհված նրա տասը պատվիրանների վրա:
Սեւակը անցանկալի անձ էր նրանց համար, հարկավոր էր նաեւ ձայնակցել Կենտկոմին: Իշխանամետ լինել եւ ոչ պետականամետ ու ազգամետ:
Շարունակեմ վրդովմունքս, ինչպես Սեւակը կասեր՝ ուշ, բայց ոչ ուշացած: Նրա «Եղիցի լույս» խորիմաստ վերտառությամբ գրքի մի քանի հազար օրինակ տպաքանակն արգելափակվեց Կենտկոմի որոշմամբ, իհարկե, ոչ առանց իր սերնդի բանաստեղծներից մեկի Մոսկվա հղած «մատերյալ»-իզմով: (Եղիցի լույս, ասել է՝ մթություն է, թող լույս լինի): Այս առիթով Սեւակը շատ խիստ ու կոպիտ զրուցեց Կենտկոմի այն ժամանակվա ռեակցիոն քարտուղար Ռոբերտ Խաչատրյանի հետ: (Հո չէր կարող թավշյա խոսք խոսել): Ապա, իբրեւ Ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտաշխատող, դիմեց պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանին, հույս փայփայելով, թե նա կօգնի իր գիրքը շղթայազերծելու: Եվ նրանից ի՞նչ պատասխան ստացավ. «Ես գրականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ աստղերով»: Համարձակվեցի Սեւակին հարցնել. «Ճի՞շտ է»: «Չեմ ասի,- պատասխանեց նա,- հայերիս համար ամոթ է»: Մեծ գիտնականը փոքր մարդ դուրս եկավ, թերեւս վախեցավ Կենտկոմից, որի կարմիր անդամատոմսը իր ծոցագրպանում էր:
Կոմիտասի անվան Պանթեոն, անգին մի հողակտոր, սրբավայր մեր ժողովրդի համար: Բան չունեմ ասելու, Անդրանիկ Մարգարյանի հիշատակը թող երկար պահպանվի: Բայց, հարգելիներս, այս մշակութային Պանթեոնը մի՞թե պիտի դառնար նրա վերջին տունը՝ ամենամեծ, մարմարյա ու ամենաշքեղ հուշակոթողով, որտեղ չկան Դերենիկ Դեմիրճյանը, Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Հրաչյա Աճառյանը, Պարույր Սեւակը: Ինչ անենք, որ նրա որդին Երեւանի «գաղափարական» պետերից էր, եւ եթե արդարամիտ պետ լիներ, նախ եւ առաջ ինքն էր պարտավոր սիրելի ծնողին արժանի հանգրվան իջեցնել: Եվ այսօր ու վաղն էլ մենք սրտանց ծաղիկ խոնարհեինք, խունկ ծխեցնեինք եւ մաղթանք անեինք՝ հողը թեթեւ լինի վրադ: Լավ է, աստվածային Օլիմպոս լեռը Հայաստանում չէ, այլապես Տարոն Մարգարյանն ու իր կուսակիցներն իրենց իշխանությունը չարաշահելով, հորը կհուղարկավորեին այնտեղ: Արարատն էլ՝ փշալարարից անդին…
Ձայն եմ լսում. օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր:
Բարձրակարգ ու դասական ակադեմիկոսի մակարդակով թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյան: Ակադեմիայի տերերը չեն ցանկանում, որ նա հայտնվի իրենց «թատրոնի» պատվական օթյակում կամ պարտերում, ինչին արժանի է վաղուց ու անվերապահորեն շատ ավելի, քան ոմանք, որոնք այդ բարձր իրավունքը գրպանում ունեն եւ ոչ գլխում:
Ճշմարիտ է ասված՝ «Աստծո ծաղրն է աշխարն ալ արդեն»: Նրա միայն «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» գրի մատյանը խոր բովանդակության մի երկասիրություն է, որ վերաբերում է ոչ միայն թատրոնին, այլեւ, դրա միջնորդությամբ, մերոնքական գենի հատկանիշերն է նշագրում, թե ավանդաբար ինչպիսին են հայերիս հոգեկերտվածքը, զգացմունքներն ու մտածողությունը: Հովհաննիսյանական դիտարկումները կաղապարված չեն զուտ պատմական-միջնադարյան տիրույթում, նա երեւույթները տեսնում եւ արժեքավորում է շարունակելիության տրամաբանությամբ, որ այսօր եւս կարեւոր նշանակություն ունի ապրողներիս համար: Վաղը՝ նմանապես: (Մարիետա Շահինյանը, որ միջակ ու սխալական գրող էր, բայց հիանալի ժուռնալիստ ու հրապարակախոս, նկատել է՝ ի տարբերություն որոշ դասական ժողովուրդների, հայերը կարողացան հազարամյակներում գոյատեւել իրենց ազգային գենետիկայի շարունակելության ու պահպանման շնորհիվ):
Մի օրինակ էլ ներկայիս Երեւանի պետական համալսարանից բերեմ: Վաստակավոր գրականագետ, բանասեր, գեղագետ, երկարամյա դասախոս, անկաշառ մարդ, մեր հումանիտար դաշտը հարստացնող տասնյակ գրքերի հեղինակ Երվանդ Տեր-Խաչատրյան, ասացին՝ եղիր ու մնա ընդամենը գիտությունների թեկնածու, բյուրավորներից մեկը, դու մեր արհեստանոցից չես… Սա բավական չէ՝ վերջերս էլ նրան արգելեցին լսարան մտնել, փակեցին համալսարանի շքամուտքը նրա առջեւ, որ ավելի վնաս եղավ ուսանողներին, որոնք կարող էին նրա ազատ խոսքերից այնքան բան իմանալ ու կրթվել: Սա էլ էր Աստծո ծաղր, որ իրականացրին ցածրերը բարձրի հանդեպ: Սովորաբար, ցածրերը հաղթում են բարձրերին, բայց մութ օրացույցի շրջանակում: Իմանանք, հետո գալիս է բարձրերի հաղթանակը՝ լուսավոր ժամանակի եւ տարածության մեջ: Այսպիսի տրամաբանություն ունի հոգեւոր մշակույթի ֆիզիկան:
Ներկայիս հայ անչափանիշ, ոչ բարի, ոչ գեղեցիկ, ոչ առաքինի հասարակական կյանքը, չբացարձակացնեմ, մի զգալի չափով ծաղր է, բայց արդեն ստեղծված ոչ թե Աստծո կամոք, այլ մեր իսկ կամքով, որտեղ գլխավոր հատկանիշեր են տգիտությունն ու բարոյազրկությունը: Այսքան թանձր ծաղրանքն իր ծաղրածուներով՝ մի քիչ շատ չէ՞ մեր փոքր ածուի համար:
Հոդվածս սկսեցի Կարլ Մարքսից եւ ուզում եմ, ընթերցողի թույլտվությամբ, նրանով էլ ավարտել: Մարքսի տնտեսական փիլիսոփայությունն աշխարհի զարգացումը պայմանավորեց նյութական հեղափոխությամբ, որտեղ կարեւորագույն գործիք էր «փողի դիկտատուրան», այդ ճանապարհին ամբողջովին շրջանցելով հոգեւոր մշակույթի դերն ու նշանակությունը: Սա այն տնտեսաքաղաքական տեսություններից էր, որը շատ շուտով դարձավ համաշխարհային իրականություն: Կարմիր գիծ քաշվեց արտադրական հարաբերությունների եւ գեղարվեստական մշակույթի միջեւ, եւ եթե մշակույթն ապրեց ինքնաբավ երեւելի զարգացում, ապա միայն իր տաղանդավոր գրողների ու արվեստագետների, նրանց հոգեւոր գործողությունների շնորհիվ: Առաջինը սպասարկում է հասարակության առավել համատարած նյութապաշտ ամբոխների շահերը, երկրորդը՝ շատ ավելի սակավաթիվ հոգեւոր խավի: Եվ չզարմանանք, որ վերջին դարերում պատերազմներն այնքան հաճախակի, կործանարար ու մահացու եղան, գլխիվայր փոխելով աշխարհի ֆիզիկական ու բարոյական քարտեզը:
Մարքսը հոգեզո՞ւրկ անհատականություն էր: Չեմ կարծում: Այդպիսի մեծությունն ինչպե՞ս կարող է սիրտ ու հոգի չունենալ: Կյանքի հոսող գետին սեւեռուն նայելով, խլացրել էր իր ներքին մարդու ձայնը, հոգին ու սիրտը պահել փակի տակ: Ժամանակակիցներից իրական թե երեւակայական լուրեր կան, թե Էնգելսը՝ Մարքսի մտերիմ ընկերն ու գաղափարակիրը, անտարբեր չէր նրա սիրելի կնոջ՝ Ժեննի ֆոն Վեստֆալենի հանդեպ, թաքուն սիրում էր նրան: Արդյո՞ք այդ սերը փոխադարձ էր: Գուցե այո կամ ոչ: Շատ գաղտնիքներ հավերժորեն մնում են գաղտնիք: Մարքսն այդ մասին իմացել է, չի բարձրաձայնել, նրա հոգին ու սիրտը տառապել են խանդի թե սիրո զգացմունքներից: Սիրո գաղտնիքները թերեւս մի ընդհանուր եզր ունեն ռազմական գաղտնիքների հետ, ժամանակին ջրի երես չեն ելնում, եթե լրտեսի մատն ու աչքը խառնված չեն դրանց: Իսկ եթե հանկարծ տեղը տեղին բացահայտվում են, մանավանդ սիրահարների դեպքում, սանձազերծվում է «համաշխարհային» պատերազմ: Մարքսը հասարակական մարզում հասավ երեւելի հաղթանակների եւ պարտվեց անձնական կյանքում: Ո՞վ ասաց, թե մեծ մարդու անձնականությունը, նրա հոգեւոր Ես-ը պակաս կարեւոր է հասարակականից: «Ես-ն ամեն ինչ է» – կարծում է հոգեբան, Ֆրոյդի դպրոցի հետեւորդ Ջորջ Ֆրանկլը: 1883-ին, երբ ընդամենը վաթսունհինգ տարեկան էր, Մարքսը վախճանվեց: Չէ, չեմ կարծում, թե նրա մահվան պատճառը իր սիրելիների դավաճանությունը եղավ: Պարզապես՝ նրա իմաստուն ճակատին դրոշմված ճակատագիր:
Գիտենք, մարդն իր կենդանության ժամանակ գլխավորապես շփվում է փողին, քան որեւէ լավ վեպի, նկարի, երաժշտության, թատերական ներկայացման հետ: Նրա կյանքում փողն ավելի կարեւոր է, քան գեղարվեստական մշակույթը: Հետեւաբար մարդկությունն ամբողջության մեջ բավականին անկատար է: Նա ավելի շատ փող է ուտում, քան ապրում մշակույթի բովանդակությամբ ու վայելքներով: Նախաճաշին՝ փող, ճաշին՝ փող, ընթրիքին՝ դարձյալ փող: Այնքան է կուրացած շողուն փողով, որ չի մտահոգվում՝ ախր ստամոքսի խանգարում կստանամ, արյունս ջուր կդառնա: Նույնիսկ շատ փող ունենալով երազում փող է տեսնում եւ արթնանում փողի փայլից, ինչպես ծագող արեւի լույսից: Շատ տղամարդիկ կեսգիշերային սիրո անկողնում ավելի սիրում են փողը, քան հարազատ կնոջը կամ Միլոսյան Աֆրոդիտեի հմայչությամբ սիրուհուն: Որոշ կանայք էլ նույն կերպ են հարաբերում իրենց տղամարդկանց: Երբ մեկնումեկն զգում է ինչ-որ բան այն չէ, ասում է՝ «դու ինձ չես սիրում, ինչպես ես եմ սիրում քեզ»: Եվ իսկույն անցնում են կեղծ ու թեթեւ շոյանքների, փող, ունեցվածք, հարստություն խորհրդանշող, Աստծուն հակակշիռ Մամոնային չնեղացնելու համար:
Որպեսզի արդի հայ եւ համաշխարհային գեղարվեստական մշակույթը թեկուզ զուգահեռ, էլ չեմ ասում առաջաքայլ ընթանա փողի ու շուկայի զարգացումներին, նա պիտի հասկանա, որ ինքն ապրանք չէ, գին չունի, չի վաճառվում, հարկավոր է հեռանալ հասարակության նյութապաշտ գիտակցությունից, փոխել նրա սիրտն ու գլուխը: Սրտի տասնյակ պատվաստումներ մասնակի հաջողությամբ են ավարտվել, գլխինը՝ առանց բացառության կատարյալ անհաջողությամբ: Թեեւ ասված է՝ «խորհուրդ չի ընդունում ապագայի երգը», այդուամենայնիվ ասեմ՝ կարծում եմ բարեշրջման հույսը դարերում ամբարված հոգեւոր ավանդույթների նորովի, մոդեռն, նորաոճ շարունակելիությամբ կարող է իրականանալ: Հուսով եմ՝ այդ վերածնունդը հնարավոր է բարձրաձայն խոսի նաեւ հայոց լեռներում, բայց չգիտեմ՝ երբ:
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
2022 թ. աննախադեպ շոգ հուլիս