Քառակի օսքարակիր Ուիլյամ Ուայլերի ու Սարյանի արվեստանոցում տասնամյա աղջկա վիրավորվածության մասին
Այս պատմությունը կարող էր եւ չլինել, եթե ինձ Մոսկվայից չզանգահարեր Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը, որին ես երջանիկ մանկությանս տարիներին ուղղակի Ներսիկ էի կոչում:
Այդ հեռավոր ժամանակներում նա շատ հաճախ էր զանգում հորս՝ Լաերտ Վաղարշյանին, եւ քանի որ ես ընտանիքի ամենափոքր անդամն էի, ուստի ոչ առանց հաճույքի վազում էի դեպի մեր շատ սիրելի հին, սեւ հեռախոսը, որի համարը մինչեւ հիմա հիշում եմ՝ 2-18-92: Իմ «ալո»-ին ի պատասխան օրվա տարբեր ժամերին հնչում էր Ներսիկի միշտ կայտառ ձայնը: Որպես փոքրիկ տանտիրուհի՝ հայտնելով, թե ով է զանգում (իսկ նրա ձայնն, իհարկե, միշտ ճանաչելի էր), ես փախչում էի՝ կիսատ թողածս պարապմունքներով զբաղվելու: Այն ժամանակ՝ մանկությանս տարիներին, ինձ թվում էր, որ այդ զանգերը երբեք չեն դադարի ու ամբողջ կյանքումս կշարունակվեն, քանի որ բոլորս շատ էինք սիրում Ներսիկին: Բայց, ինչպես ասում են, մարդը ենթադրում է, իսկ Աստված՝ տնօրինում:
Եվ ահա, վերջերս Մոսկվայից զանգ եկավ, ու Ներսիկի նույն ձայնը, միայն իրեն բնորոշ, երբեք չփոխվող հնչերանգով ստիպեց ինձ հիշել այն երանելի ժամանակը, որ կոչվում է մանկություն: Ներսիկը խոսում էր Լաերտ Վաղարշյանի առաջիկա 90-ամյա հոբելյանի մասին, որի նախապատրաստմանը նա հետո ակտիվորեն մասնակցեց, ու դրա համար շնորհակալ եմ նրան: Բայց իմ պատմությունն այլ բանի մասին է:
Եվ այսպես, հեռավոր 1963 թվական: Այն ժամանակ Լաերտ Վաղարշյանը՝ եռանդուն, հաջողակ կինոռեժիսոր, հեռախոսով ԱՕԿՍ-ից (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն) հանձնարարություն ստացավ Մարտիրոս Սարյանի արվեստանոց ուղեկցել Ամերիկայից ժամանած մի կինոռեժիսորի: Ամերիկյան հյուրի ազգանունը չտվեցին, երեւի ԱՕԿՍ-ի ներկայացուցիչների համար տարբերություն չկար, իսկ գուցեեւ նրա ազգանունը նրանց ոչինչ չէր ասում: Հայրս որոշեց օգտվել առիթից, քանի որ նա միաժամանակ զբաղվում էր իր դստեր գեղագիտական դաստիարակությամբ, ու ինձ՝ տասնամյա դեռահասիս, արագ սանրեցին, հագցրին ամենալավ շորերը, ու մայրիկիս՝ Եկատերինա Ստեփանովնայի եւ դյուրաշարժ Ներսիկի ընկերակցությամբ ու ԱՕԿՍ-ի «ներկայացուցչի» ուղեկցությամբ մենք շարժվեցինք դեպի մեծ վարպետի արվեստանոցը: «Ու միայն ճանապարհին՝ մեքենայի մեջ, ամերիկյան կինոռեժիսորի կնոջ հետ խոսակցությունից ու «Աղվեսիկներ» ֆիլմի անվանումից մենք հասկացանք, թե ում ենք ուղեկցում» (Ներսես Հովհաննիսյանի պատմածից – Մ. Վ.):
Դա Ուիլյամ Ուայլերն էր (1902-1981)՝ հայտնի ամերիկյան կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ: Իր առաջին «Օսքարը» նա ստացել է 1936 թվականին՝ «Դոդսվորթ» ֆիլմի համար: Եվս երեք «Օսքար» ստացել է «Բեն Հուր» (1959), «Մեր կյանքի լավագույն տարիները» (1946) եւ «Միսիս Մինիվեր» (1942) ֆիլմերի համար: Նրա աշխատանքների ցուցակում կարելի է ավելացնել բոլորի սիրելի «Հռոմեական արձակուրդներ» (1953), «Ինչպես գողանալ միլիոն» (1966) եւ «Ծիծաղելի աղջիկը» (1968) կինոնկարները: Խորհրդային հանդիսատեսին պակաս հայտնի են նրա մյուս ֆիլմերը՝ «Ժառանգորդուհին» (1949), «Նամակը» (1940), «Մոլեգին հողմերի դարավանդ» (1939), «Ջեզեբել» (1938), «Դժոխքի հերոսներ» (1930) եւ այլն:
Արդեն այն ժամանակ չորս «Օսքարի» արժանացած, ամերիկյան կինոարդյունաբերության ամենավառ առաջամարտիկներից Ուիլյամ Ուայլերը, ինչպես պարզվեց, զբաղվում էր նաեւ արվեստի գործեր հավաքելով: Այն ժամանակ՝ 1963-ին, նա արդեն հայտնի էր մեր՝ թեկուզ եւ երկաթե վարագույրով շրջապատված երկրում: Նա Մոսկվայից Հայաստան էր ժամանել ընդամենը երեք օրով՝ միայն հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի նկարները ձեռք բերելու համար: Այդ պատճառով նրա այցելությունը պաշտոնական բնույթ չուներ. ռեժիսորը գրեթե ծպտյալ էր Երեւանում: Ինձ՝ անչափահասիս, նման իրավիճակներում բաժին էր ընկնում միայն հանդիսատեսի դերը: Ես պատիվ էի ունեցել այցելելու նկարչի արվեստանոցը ոչ մեկ անգամ, այդ պատճառով ուշադրությունս գրավեցին ոչ թե նկարները, որոնք էլի էի տեսել, այլ հեռավոր արտասահմանից եկած հյուրերը:
Չեմ կարող չհիշել, թե ինչպես հորս խնդրանքով Մարտիրոս Սարյանը նկարեց իմ դիմանկարը: Տպավորվել է, որ սեանսի ժամանակ Վարպետը ոչ մի բառ չարտաբերեց, միայն մեկ անգամ ինձ մենակ թողեց արվեստանոցում, իմ պատկերացմամբ՝ շատ մեծ շների հետ, որոնք իրենց տիրոջ բացակայության ժամանակ հսկում էին նրա «որսին»: Խոստովանեմ, դա այնքան էլ հաճելի զգացողություն չէր: Բայց ինչպես հեքիաթներում է լինում, ամեն ինչ սպասվածից լավ դասավորվեց: Մեծ նկարիչը ստեղծեց հիանալի մի գործ, որի մեջ ես որոշակիորեն ինձ եմ տեսնում նույնիսկ այսօր, այսքան տարիներ անց:
Վերադառնանք Ուիլյամ Ուայլերին ու նրա հմայիչ կնոջն ուղեկցող մեր ընկերախմբին:
Արդեն ընտրվել էին մեծն Սարյանի երեք աշխատանքները. դրանց գնահատումը կատարել էր ինքը՝ Ուայլերը, ոչ մի սակարկություն չէր եղել, կինոյի վարպետը գիտեր բացառիկ նկարների գինը, սակայն այդ ամենը ձեւակերպվեց որպես նվիրատվություն (ինչպես վերհիշում է Ներսես Հովհանիսյանը), քանի որ խորհրդային երկրում մասնավոր առեւտուրը պատժվում էր օրենքով:
Եկավ բաժանման պահը, ու որպեսզի հիշողությունից չջնջվեր այսպիսի նշանակալի օրը եւ նման դեպքի համար վկայաթուղթ լիներ, ընկերախումբը որոշեց իրեն լուսանկարչական ժապավենի վրա դրոշմել:
Ու այդ պահին… Ես պատրաստակամորեն մոտեցա մեծերի խմբին՝ մտածելով, որ չկա այդպիսի կարգ, որն արգելի երեխաներին լուսանկարվել հայտնի մարդկանց հետ, բայց հանկարծ ինչ-որ մեկը հրամայեց ինձ մի կողմ անցնել: Թե ով էր՝ չեմ հիշում… Վիրավորական էր, օ՜հ, որքա՜ն վիրավորական էր… Ես հնազանդորեն մի կողմ քաշվեցի. ինձ խստությամբ էին դաստիարակել… բայց ինչպե՜ս եմ հիշում իմ վիճակը: Ի դեպ, ի պաշտպանություն ամերիկացիների ասեմ, որ չեմ կարծում, թե նման որոշումը նրանք էին կայացրել:
Ամեն դեպքում՝ բախտս բերեց. լուսանկարչական ժապավենի պահպանած 4 կադրերից մեկի մեջ ես պատահաբար մտել եմ: Հենց այդ պատճառով այդ լուսանկարն ինձ համար այդքան թանկ է: Չնայած այն բանին, որ ես մի կողմում եմ կանգնած՝ շրթունքս կծած, հազիվ զսպելով արցունքներս (ինձ զսպված լինել էլ էին սովորեցրել), այդ լուսանկարը սրտի առանձնակի թրթիռով եմ պահում:
Ավելացնեմ, որ ես հպարտությամբ ներառեցի այդ բացառիկ ֆոտոփաստաթուղթն իմ նկարների կատալոգում՝ այն օժտելով այնպիսի վառ ու հնչուն անուններով, ինչպիսիք են Ուիլյամ Ուայլերը, Մարտիրոս Սարյանը, ինչպես նաեւ Լաերտ Վաղարշյանը եւ Ներսես Հովհաննիսյանը:
Հ.Գ. – Անհատականության կայացման, նրա բնավորության վրա ազդում են կյանքի դասերը, երբեմն՝ աննկատ մանրամասները: Թերեւս այդ պատճառով ես միշտ հարգանքով եմ փորձում վերաբերել «հասարակության փոքրիկ ներկայացուցիչներին»: Չէ՞ որ անհայտ է, թե կոնկրետ ի՛նչը կմեխվի նրանց գլուխներում, ի՛նչը նրանց համար ընդօրինակելու առիթ կհանդիսանա եւ ընդհակառակը:
Մի քանի տարի առաջ Մարտիրոս Սարյանի թանգարանում դիմանկարների ցուցահանդեսի ժամանակ 1963-ին արված իմ դիմանկարը եւս ցուցադրվեց: Նույն արվեստանոցի նույն անկյունում մենք լուսանկարվեցինք: Եվ իմ թոռնիկը կանգնած է կենտրոնում…
«+Կինո» հանդես
ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆ
Նկարչուհի
Ռուսերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ