…Ութսունիննը թվականն էր, ԽՍՀՄ-ԱՄՆ ժողովրդական դիվանագիտության փոխանակման ծրագրի շրջանակներում հայտնվեցի Նյու Յորքում…
Մետրոյի գնացքում էի, անցնում էինք բացօթյա կայարանի մոտով, ամբողջ քաղաքը կարծես ափիս մեջ լիներ…
…Նկատեցի տարեց ալեհեր մի տիկնոջ, կանգնած…
Ընդոստ վեր թռա տեղիցս, այն զիջելով տիկնոջը. այդպես էին մեզ այն դարաշրջանում սովորեցրել…
Ուղեւորները բավականին զարմացած նայում էին ինձ…
Ինձ ուղեկցող Լիդա Մարտինը (Leeda Marting), ծրագրի ղեկավարներից, անթաքույց հպարտությամբ հայտարարեց. «Նա հայ է, Սովետական Միությունից»:
Իսկ հիմա մեզանում վիճակն ինչպիսի՞ն է…
Փառք Աստծո՛, Հայաստանում նման դեպքեր դեռ կան, սակայն շատ ավելի քիչ…
Տարիներ առաջ Ֆրանսիայից, Մայր հայրենիք եկած «քույրս»՝ Դանի Կայֆայանը, զբոսնելով Երեւանի կենտրոնում, դժբախտաբար հանդիպել էր այն բանին, որ անթրաշ մեկը հպվել էր նրան, սակայն նույնիսկ ներողություն չէր խնդրել…
«Մեր ազգին խիստ անհրաժեշտ է շնորհք», ասաց փոքրամարմին, սակայն մեծ սրտով ՔՈՒՅՐՍ…
…Մի լակոտ, կներե՛ք այս բառիս համար, իր պապի տարիքի ծերունու հետ խոսում է «դու»-ով, եւ… «արայով»…
Ընդհանրապե՛ս, անկախ տարիքից, պարտադիր է, որ բոլորը հարգեն բոլորին…
Անցնենք մի այլ թեմայի…
…Քաղաքացիական հասարակություն մեզանում, ավաղ, այդպես էլ չձեւավորվեց, եւ, որպես հետեւանք, չստեղծվեցին կին-տղամարդ բարեկիրթ ու պատշաճ հարաբերություններ…
…Եթե աղջնակին/կնոջը տեղ ես զիջում տրանսպորտում, կամ դուռն ես բացում նրա առաջ, ապա նրանց մեծամասնությունը «շնորհակալություն» էլ չի ասում, չի ժպտում՝ վաաայ, Աստված մի արասցե, կմտածեն՝ նա… երազում է քո մասիիին (?!!)…
Ինչպես եւ շատ հարցերում, այստեղ եւս մեծ դեր ունի կրթությունը:
Հավելյալ դպրոցին/բուհին, այստեղ մեծ դեր ունեն այն մարդիկ, որոնց համար հարգանքը մեծերի նկատմամբ նորմա է:
Մի փոքր բարետեսություն է ներշնչում այն, որ ուսիցիչների աշխատավարձերը բարձրացնելուց հետո հազարավոր երիտասարդ ուսուցիչներով համալրվել են դպրոցները
…Պետք է անհապաղ վերանայվի հեռուստաալիքների կոնտենտը, եւ անհրաժեշտ է կտրուկ միջոցներ ձեռնարկել բարեկրթությունը արմատավորելու համար:
Մի հարց էլ կա:
Ժամանակակից տեխնոլոգիաները բերում են նրան, որ ավագ սերունդը դադարում է լինել կենսափորձի, գիտելիքների, իմաստության հիմնական աղբյուր:
Բացի այդ, ավաղ, ավագ սերունդը չի հասցնում տիրապետել արագ զարգացող տեխնոլոգիաներին, ինչին կանդրադառնանք առանձին…
ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ





