Լիդո կղզին Վենետիկի ծովալճակի ամենահիասքանչ վայրերից է: Իսկ այն փաստը, որ նրա գլխավոր փողոցներից մեկում գտնվող մի տուն կրում է «Մավյան» ազգանունով ցուցանակ, ինձ համար հուզիչ է: Միշտ հաճելի է հանդիպել հմայիչ տանտիրուհուն՝ Մարինա Մավյանին (նա ապրում է Միլանում եւ Լիդոյում) ու լսել նրա կյանքի պատմությունները՝ որպես բալետի պարուհի եւ նկարիչ, որպես հայ գաղթականների ժառանգ եւ Միլանի Հայ տուն մշակութային կենտրոնի նախագահ:
Անցյալ օգոստոսին Վենետիկում կրկին վայելեցի հերթական հետաքրքրական զրույցը Մարինա Մավյանի հետ նրա գեղեցիկ տանը: Մեր խոսակցությունն անգլերեն էր, որն ընդմիջարկվում էր հայերեն եւ իտալերեն արտահայտություններով…
-Մարինա, ի՞նչ տվեց քեզ բալետը եւ ի՞նչ է տալիս այսօր նկարչությունը:
-Բալետն իմ կյանքի առաջին մասն էր: Բալետում շատ կանոններ կան: Մարդ պետք է շատ լուրջ վերաբերվի դասական բալետով զբաղվելուն, եւ դա, անշուշտ, հետք է թողնում քեզ վրա՝ անկախ այն բանից, թե ինչ այլ կարիերա կարող ես հետապնդել:
Ես առաջին անգամ Հայաստան գնացի 1998-ին, եւ ինձ վրա ցնցող տպավորություն թողեցին մեր հնագույն եկեղեցիները: Ես ուզում էի իրազեկել Իտալիայի մեր գանձերի՝ խաչքարերի, եկեղեցիների եւ մանրանկարչության մասին: Նկարելն ինձ համար հոբբի էր դեռեւս պարուհի եղածս ժամանակ: Ազատ ժամերիս նկարում էի, բայց Հայաստանում լինելուց հետո սկսեցի նկարել միայն հոգեւոր թեմաներով: Ես դա համարում եմ իմ առաքելությունը: Զարմանում էի, որ ցուցահանդեսներիս ժամանակ մարդիկ հարցնում էին. «Ուրեմն հայերը քրիստոնյա՞ են»: Արվեստը մեր հարուստ հոգեւոր մշակույթը փոխանցելու արդյունավետ միջոց է այն մարդկանց, որոնց դեռեւս բախտ չի վիճակվել տեսնել բնօրինակ մանրանկարները Սուրբ Ղազարի կամ Երեւանի Մատենադարանում ձեռագրերի հավաքածուներում: Իմ ստեղծագործությամբ ես հայ արվեստը ծանոթացնելու մեկ այլ միջոց եմ առաջարկում: Իհարկե, իմ նկարածը կրկնօրինակներ չեն, բայց իմ աշխատանքը ոգեշնչված է բուն հայ արվեստից եւ իրագործված նույն ավանդույթով:
Իմ որոշ աշխատանքներ մշտապես ցուցադրվում են բավականին կարեւոր վայրերում: Օրինակ, երեք գեղանկար գտնվում են Թուրքիայում: Դրանք ինձ պատվիրել էր հանգուցյալ մոնսինյոր Լուիջի Պադովեզեն, որն Անատոլիայի առաքելական փոխանորդն էր եւ որը, ինչպես հայտնի է, 12 տարի առաջ դաժանաբար սպանվեց իր իսկ վարորդի ձեռքով: Այսպիսով, եթե գնաք Թուրքիա, կտեսնեք Սուրբ Գեւորգի եւ վիշապի պատկերն Իսքենդերունի (Ալեքսանդրետ) կաթոլիկ եկեղեցում, ինչպես նաեւ Սուրբ Պողոսի դիմանկարը եւ մեկ այլ սրբապատկեր՝ Տարսոնի կաթոլիկ մենաստանում:
-Քանի՞ տարի ես ղեկավարում Միլանի Հայ տունը:
-Հայ տան գործունեության մեջ սկսել եմ ներգրավվել 2002 թվականից՝ տիկին Արմինե Սրապյանի հետ, որն ինձնից առաջ 25 տարի եղել է Հայ տան նախագահը: Նա մի հրաշալի անձնավորություն էր եւ մեր համայնքի շատ ակտիվ անդամ: Ես նախագահ դարձա 2008-ին: Մենք հովանավորներ չունենք, եւ դժվար է մեզ նյութապես ապահովել, բայց հույս ունենք, որ կկարողանանք շարունակել մեր գործունեությունը: Հայ տունը հիմնադրվել է 1953 թվականին, երբ շատերը քիչ գիտեին կամ ոչինչ չգիտեին Միլանի հայերի մասին: Նրա գլխավոր նպատակներից է նաեւ հայ մշակույթն իտալացիներին հայտնի դարձնելը: Մենք մեծ տարածք ենք զբաղեցնում, ինչը թույլ է տալիս տարբեր տեսակի գործունեություն ծավալել: Կազմակերպում ենք գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, հայ նկարիչների ցուցահանդեսներ եւ այլն: Այնտեղ էլ տոնում ենք Կաղանդը, Միջինքը, Վարդանանցը, մայիսի 28-ի եւ սեպտեմբերի 21-ի Հանրապետության տարեդարձները: Երբ ես փոքր էի, անգամ հայերենով սիրողական թատերական ներկայացումներ էին կազմակերպում, բայց դա վաղուց դադարել է:
-Երբ 1998-ին առաջին անգամ եկա Վենետիկ, Սուրբ Մարկոսի հրապարակի խանութներից մեկը կրում էր «Մավյան» ցուցանակը:
-Այո՛, հայրս ուներ լուսանկարչական սարքերի երկու խանութ Վենետիկում, թեեւ նրա հիմնական աշխատանքը Միլանում էր: Սուրբ Մարկոսի հրապարակում դեռեւս մնում է «Ֆոտո ռեկորդ 90» ցուցանակը, թեեւ խանութն այլեւս մերը չէ:
-Ինչպե՞ս կբնութագրես Վենետիկում հայ մեծանալը:
-Կարող եմ ասել, որ մեզ համար նորմալ էր հայ լինելն այստեղ՝ Լիդոյում: Այն ժամանակ համայնքն ավելի մեծ էր: Հայրս՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանի նախկին սանը, շատ ուրախ էր Վենետիկում ապրել: Հայերն այստեղ հայտնի էին Վենետիկի Հանրապետության ժամանակներից, եղել են բազմաթիվ վաճառականներ, էլ չենք խոսում Սուրբ Ղազարի՝ Մխիթարյան հայրերի կղզու եւ հայկական վարժարանի մասին: Ծնողներս մեզ հետ հազվադեպ էին հայերեն խոսում, բայց միմյանց հետ միշտ հաղորդվակցվում էին մայրենիով, ուստի մենք մանկուց որոշ չափով սովորեցինք մեր լեզուն: Իմ եւ քույրերիս հայերենի լավագույն ուսուցչուհին մեր հորական տատիկն էր՝ Աննա Գյուլմեսյան Մավյանը, որն ապրում էր մեր տանը եւ միայն հայերեն էր խոսում, բայց ցավոք, նա մահացավ, երբ ես երկու տարեկան էի: Իտալիայում շատ դժվար է հայերեն կրթություն ստանալ. Մուրատ-Ռափայելյանը միայն տղաների համար էր: Ամեն դեպքում, ես ամենուրեք միշտ ասում եմ, որ ես իտալացի եմ, բայց նաեւ հայ եմ:
-Որտեղի՞ց էր ձեր ընտանիքը:
-Հայրս՝ Ժիրայր Մավյանը, Բուրսայից էր: Նրա ընտանիքը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս նրա մանկության ժամանակ: Ես երեք անգամ եղել եմ Ստամբուլում, եւ տարօրինակ զգացողություն էր իմանալ, որ մեր տունը տակավին գոյություն ունի ինչ-որ տեղ այդ քաղաքում: Մայրս ծնվել է Վենետիկում, իտալացի հոր՝ Կառլո Մասկարինի եւ հայ մոր՝ Նվարդ Իշլեմեճյանի ընտանիքում, որը Զմյուռնիայից էր, ներկայիս Իզմիրից: Երբ նրանք նշանվեցին, մեկնեցին Վենետիկ, սակայն մտադիր էին մշտապես հաստատվել Զմյուռնիայում: Բայց մինչ Նվարդն ու Կառլոն Վենետիկում էին, տեղի ունեցավ Զմյուռնիայի մեծ հրդեհը 1922 թվականի սեպտեմբերին, ուստի նրանք այդպես էլ չվերադարձան Թուրքիա: Այդ ընթացքում Նվարդի ծնողներին հաջողվեց փախչել հրկիզվող Զմյուռնիայից եւ ի վերջո տեղափոխվել իրենց դստեր մոտ՝ Վենետիկ:
-Ունե՞ք արդյոք ընտանեկան մասունքներ:
-Ունենք: (Մարինան ինձ տանում է կողքի սենյակ եւ ցույց է տալիս պատին ամրացված սրբանկարը): Այս Տիրամոր եւ Հիսուսի նկարը, որ անհայտ հայ նկարիչ է ստեղծել 1870 թվականին, Զմյուռնիայից է: Տատիկիս մայրը՝ Մաքրուհին, ամուսնու՝ Գառնիկի հետ հրդեհից փախչելիս, ոսկեղեն կամ փող վերցնելու փոխարեն վերցրել է այս նկարը: Թուրք ժանդարմը յաթաղանով հարձակվել է նրա վրա, սակայն Մաքրուհին պաշտպանվել է այս նկարով, ուստիեւ մինչեւ հիմա երեւում է հարվածի հետքը նկարի լայնքով մեկ: Հետո ամուսիններով նետվել են ջուրը եւ լողալով հասել մի ֆրանսիական նավի, այնպես որ նկարի վրա երեւում են նաեւ ջրի հետքեր: Նրանք այդ ֆրանսիական նավով հասել են Իտալիա եւ ապաստանել Պուլիայի փախստականների ճամբարում: Այնտեղից մեկնել են Վենետիկ, որտեղ ապրում էր դուստրը: Իսկ Նվարդը երկար ժամանակ լուր չի ունեցել ծնողներից: Եվ ահա մի օր նրա տան դուռը թակում են, եւ Նվարդը շեմքին տեսնում է մորն ու հորը՝ ողջ եւ առողջ, Տիրամոր այդ պատկերը՝ մոր ձեռքին: Այնպես որ, այս անգամ փախուստի պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել…
Մեր գերդաստանում մեկ այլ վերապրող էլ է եղել՝ հորեղբայր Պողոս Շիշմանյանը, Նվարդ տատիկի զարմիկը: Եղեռնի ժամանակ նա եղել է մոտ 18 տարեկան, երբ թուրք զինվորները նրան տարել են լեռները եւ կտրել են կոկորդը, ճիշտ Ֆաթիհ Աքինի «Սպին» ֆիլմի հերոսի պես: Պողոսը մնացել է դիակների կույտի տակ, բայց ձյունը կանգնեցրել է արյունահոսությունը, եւ նա ողջ է մնացել: Նա նույնպես ի վերջո հասել է Վենետիկ, որտեղ աշխատանք է գտել, ամուսնացել է եւ շարունակել իր կյանքը:
-Հիանալի է, որ դու նույնպես հայ ընտանիք ես կազմել: Ավելին, աղջիկդ զբաղվում է հայագիտությամբ:
-Այո՛, ես շատ հպարտ եմ դրանով: Աղջիկս՝ Ստեֆանի Փամբակյանը, երկար տարիներ ուսանեց հայագիտություն եւ անցած մարտին պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը 7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացու մասին՝ պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի (Ժնեւի համալսարան), դոկտոր Թիմ Գրինվուդի եւ պրոֆեսոր Փալմերի (Շոտլանդիայի Սուրբ Էնդրյուս համալսարան) ղեկավարությամբ: Նա նաեւ գրաբար է դասավանդել Հայ տանը: Համայնքի որոշ հայեր մասնակցել են այդ դասընթացներին, բայց նաեւ շատ իտալացիներ մասնակցեցին: Մեզ համար մեծ պատիվ էր գրաբար սովորողների մեջ տեսնել կաթոլիկ քահանա դոն Մատեո Կրիմելլային, որը Հյուսիսային Իտալիայի համալսարանի աստվածաբանության բաժանմունքի դասախոս է: Անցած տարի նա հրատարակել է Ներսես Շնորհալու 24 տողանոց «Հավատով խոստովանիմ» աղոթքի գեղեցիկ թարգմանությունը եւ մեկնությունը՝ գրաբար բնագրով հանդերձ: Անցած հունիսին Ստեֆանին այս գիրքը ներկայացրեց Հայ տանը, իսկ դոն Կրիմելլան ասաց, որ Ստեֆանիի շնորհիվ վերջապես իրեն հասանելի դարձավ հայ հոգեւոր գրականության հարստությունը: Սա ինձ ստիպում է է՛լ ավելի հպարտանալ իմ աղջկանով…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ