
Բուդապեշտի Հայ մշակութային միութիւնը վերջերս լոյս է ընծայել «Ստեղծուած աշխարհի միասնականութիւնը. Էրմոնէ Զապէլ Մարթայեանի ապակի մանրանկարները» պատկերագիրքը, որ ներկայացնում է բուդապեշտաբնակ հայ մանրանկարչուհու 40 աշխատանքների վերատպութիւնները:

Էրմոնէ Զապէլ Մարթայեանը ծնուել է 1973-ին, Չիկսերեդայում (Մերկուրեա-Չուկ, Տրանսիլվանիա), 1977-2002 թթ. բնակուել է Սամոշույվար-Գեռլայում (յայտնի որպես Հայաքաղաք): Տնտեսագիտական կրթութիւն է ստացել Բաբեշ-Բոլեայի համալսարանում: 2011-ից ապակու վրայ հայ մանրանկարչութեան դասընթաց է վարում Բուդապեշտի Հայ մշակութային արխիւային եւ լրատուական կենտրոնում: Մասնակցել է բազմաթիւ ցուցահանդէսների Հունգարիայում եւ Ռումինիայում, կազմակերպել հայկական գեղարուեստական միջոցառումներ, պատկերազարդել հայկական թեմայով գրքեր, 2017-ին Բուդապեշտի Հայ Սփիւռքի փառատօնում արժանացել է առաջին մրցանակի՝ «Հայաստանի հոգեւոր կախարդանք» գործի համար: Մարթայեանը միակն է, որ հայկական մանրանկարներ է ստեղծում ապակու վրայ:
Վերոնշեալ պատկերագրքի վերլուծական տեքստի հեղինակն է Մարթա Նադյը, այն քառալեզու է՝ հունգարերէն, անգլերէն, հայերէն եւ ռումիներէն: Արեւմտահայերէն թարգմանութիւնն իրականացրել է բուդապեշտաբնակ, ծնունդով կիպրահայ Վահան Այնէճեանը, խմբագրել է Կարէն Ճալլաթեանը: Հատորի հրատարակմանն աջակցել են Բելվարոշ-Լիպոտվարոշ հայկական ազգային ինքնավարութիւնը, Բուդապեշտի 13-րդ թաղամասի քաղաքապետական իշխանութիւնը եւ նոյն թաղամասի Հայկական ազգային ինքնավարութիւնը, Հայ առաքելական եկեղեցու համայնքը եւ Հայ մշակութային արխիւային ու լրատուական կենտրոնը:
Ա. Բ.