Հասարակության մի ստվար զանգված այսօր խոսում է Ռուսաստանի հետ հարաբարերությունները խզելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու ու հայացքը դեպի Արեւմուտք ուղղելու մասին: Նման տրամադրություններն, իհարկե, նոր չեն: Դեռեւս 1991-ից՝ ՀՀ-ի անկախացումից ի վեր, Ռուսաստանին «ցտեսություն» ասելու տրամադրություններ գեներացնողներ միշտ էլ եղել են, դրանք առավել քան ակտիվացել են հատկապես այն շրջանում, երբ Հայաստանի անվտանգությանն ինչ-որ կերպով վտանգ է սպառնացել:
Ռազմավարական մեր հիմնական գործընկերոջը հրաժեշտ տալու խոսակցությունները սրվեցիին հատկապես 2016-ի Ապրիլյան ու 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ ու հետո: Այսօր արդեն դրանք լայն տարածում են ստացել, ու հայ հասարակությունը, որ սեփական սխալներն այլոց ուսերին բարդելու հարցում անգերազանցելի է, որոշել է՝ Ռուսաստանն է մեղավոր, որ Հայաստանի սահմանները պատերազմից հետո չեն կահավորվել, բնագծեր չկան, բանակը չի վերազինվել:
Նման տրամադրություններ գեներացնողը, իհարկե, նաեւ օրվա իշխանությունն է, որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների շուրթերով հայտարարում է, թե 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դաշնակից պետությունները (այսինքն՝ Ռուսաստանը), մեզ զենք չի վաճառել: Ավելին՝ Փաշինյանը վստահեցնում է, թե Հայաստանը փող ունի, բայց մեզ ոչ ոք զենք չի վաճառում: (Զենքի վաճառքի նյուանսներին մեր թերթի նախորդ համարում էինք անդրադարձել): Երեկ արդեն՝ կառավարության նիստի ժամանակ, երկրի կառավարման ղեկը ստանձնած անձը բարձրաձայնեց մեկ այլ հանգամանք՝ դեպքեր կան, որ Հայաստանը զենքի գնման համար 100 միլիոնավոր դոլարներ է վճարել այս կամ այն երկրին, բայց զենքը Հայաստանին այդպես էլ չի հասել: Թե ինչքանով է Փաշինյանի ներկայացրածը մոտ իրականությանը, չենք կարող ասել, բայց օրինակի համար կարող ենք հիշել «Իսկանդերի»՝ «10 տոկոսով կրակելու» պատմությունը, ինչի մասին հայտարարելուց հետո Փաշինյանի մամուլի քարտուղարը ստիպված եղավ ասել, թե վարչապետը շփոթվել ու ճիշտ չի ըմբռնել եղելությունը: Փաշինյանը, ի դեպ, երեկ հայտարարեց նաեւ, որ Հայաստանը մեծացնում է ռազմական ոլորտին ուղղվող ծախսերը: Պարզ դարձավ նաեւ, որ պաշտոնական Երեւանը Հնդկաստանից 250 մլն դոլարի զենք է պատրաստվում ձեռք բերել: Այժմ մնում է հուսալ, որ Հնդկաստանն էլ Հայաստանին «չի գցի», ու մատակարարվող զենքերը «Իսկանդերի» նման միայն 10 տոկոսով չեն կրակի:
Իշխանական ամենատարբեր օղակի ներկայացուցչները՝ պատգամավորների օգնականներից մինչեւ նախարար, Facebook-ի իրենց էջերում տարածում են, թե Հայաստանը վերջապես կարողանում է զենք ձեռք բերել: Սա մահամերձ հիվանդին մի բաժակ ջուր տալու է նման: Եթե օրենսդրի ու գործադրի ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ հակառակորդն ամեն պահի նոր սադրանքի կարող է դիմել, հաջորդ արկն էլ կարող է Երեւանի վրա ընկել, ապա զենք ձեռք բերելով՝ չես կարող ուրախացնել օրական ռեժիմով մի քանի երիտասարդի դիակ հողին հանձնող հասարակությանը, մանավանդ եթե ձեռք բերվելիք զենքերն, օրինակ, «բայրաքթարին» հակակշռող նորագույն ԱԹՍ-ներ չեն:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ