Ղարաբաղը վերջնակետը չէ, դեռեւս

99

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակությունն են հայ-թուրքական երկխոսությունների, որոնք սկսեցին այն հավաստիացումներով, թե ընթանալու են առանց նախապայմանների։ Անկարան, սակայն, այդ երկխոսությունները տեղափոխեց հարակից մի ոլորտ, որտեղ նախապայմաններ առաջացան։ Նա նշեց, որ այդ բանակցությունները համաձայնեցնում էր Ադրբեջանի հետ։

Հայ-թուրքական երկխոսությունների երկրորդ հանդիպումից հետո, որոնք «դրական միտումներ» արձանագրեցին, կարծես թե դրանք ժամանակավորապես դադարեցվել են, սպասելով Բրյուսելում ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կայանալիք հանդիպման արդյունքներին։ Այս կերպ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն պարտազերծ է համարում ի դեմս Բայդենի վարչակազմի, որն իրենից խնդրել էր կարգավորել իր լարված հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե Փաշինյան-Ալիեւ բանակցությունները որեւէ կոնկրետ արդյունք չարձանագրեն, Թուրքիան բազմաթիվ հնարավորություններ է ձեռք բերելու մեղադրելու համար հայկական կողմին։

Ապրիլի 6-ի գագաթաժողովին ընդառաջ Փաշինյանը երկար ելույթ ունեցավ երկրի անվտանգության խորհրդի առաջ, ներկայացնելով գլխավոր հիմնահարցերը։ Նա հստակեցրեց, որ երկիրը դժվարին կացության է մատնված, քանի որ Բաքուն հինգ կետերից բաղկացած խաղաղության մի փաթեթ է ուղարկել, զգուշացնելով, որ խաղաղության պայմանագիրը չստորագրելու պարագայում պատերազմ է տեղի ունենալու։

Բայց երկու երկրների միջեւ կուտակված բազմաթիվ հիմնահարցեր դեռեւս կարգավորված չեն եւ 2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության որոշ պայմաններ, ինչպիսիք են, օրինակ, փախստականների վերաբնակեցումը, հայ ռազմագերիների ազատ արձակումը, ադրբեջանական բանակի զորամիավորումների դուրս բերումը Հայաստանի Սեւ լճի եւ սահմանային այլ տարածքներից, դեռեւս պետք է իրագործվեն։(*)

Երեւանը համաձայնել է բանակցություններ վարել, հակառակ որ Ադրբեջանի առաջարկած հինգ կետերից մեկը պահանջում է, որ երկու երկրները ճանաչեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու համաձայնելու այն դրույթի հետ, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, որը նշանակում է, որ Ղարաբաղի բնակչության ճակատագիրը զոհասեղանին է դրված։

Թուրքիան եւ Ադրբեջանը շտապում են տեղում անշրջելի դիվիդենտներ ձեռք բերել, քանի Հայաստանը, պարտությունից հետո թույլ իրավիճակում է գտնվում, իսկ Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ն էլ ամբողջովին խրված են ուկրաինական ճգնաժամի մեջ։

Ըստ լուրերի, բրիտանական մի պատվիրակություն վերջերս այցելել է Ադրբեջան, որը ազդանշան կարող է համարվել` տալով վերջինիս Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հնարավորությունը։ Հայաստանի վրա հարձակումը կդառնա գլոբալ գերտերությունների խաղերից մեկը։

Հաշվի առնելով Մ. Նահանգների պետքարտուղարության սուր քննադատությունը ուղղված Բաքվին` սահմանային հակամարտությունը սրելու եւ գրավյալ տարածքներում մշակութային ցեղասպանություն իրականացնելու կապակցությամբ, Ազատության պաշտպանության օրենքի 907 հոդվածի վերջին շրջանի անտեսումը չպետք է մեկնաբանվի որպես հակահայկական քաղաքական քայլ, որովհետեւ դա մտնում է Ռուսաստանին պարփակելու Ամերիկայի համընդհանուր մարտավարության մեջ։ Հայաստանը այդտեղ պարզապես անուղղակի զոհերից մեկն է։

Մ. Նահանգները կամ արեւմտյան պետությունները չունեն այն օրինական միջոցները, որպեսզի Ռուսաստանին դուրս բերեն Կովկասից կամ չեզոքացնեն նրա ազդեցությունը այնտեղ։ Այդ դերը վերապահված է Թուրքիային, որը դարձել է երկու թշնամի կողմերի «անհրաժեշտ չարագործը»։ Այդ պատճառով է, որ նրա բոլոր ոտնձգությունները ներվում են, անտեսվում են։ Ռուսաստանին Ուկրաինա ներթափանցելու մեջ մեղադրելուց եւ Ղրիմի միակցման դեմ քվեարկելուց հետո, օրինակ, Էրդողանը համարձակվում է մերժել Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սանձազերծած պատժամիջոցներին միանալ։

Թուրքիան գործում է իր իսկ ստեղծած անպատժելիության ոլորտներում։ Դրա համար էլ հույս դնել որեւէ գերտերության վրա, որ օգնի Հայաստանին եւ դեմ գնա Թուրքիային ու Ադրբեջանին, պարզապես անիրականանալի երազանք է։

Մենք դժկամությամբ ստիպված ենք ընդունել, որ Փաշինյանի այցը Բրյուսել ոչ մի լավ բան չի խոստանալու, բացի 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարության նման կապիտուլացիայի մի նոր փաստաթուղթ ստորագրելուց։

Հայաստանի, եւ Ղարաբաղի, անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահպանելու միակ երաշխիքը բանակն էր, ոչ անպայմանորեն պատերազմում հաղթանակած բանակը, այլ մեկը, որ զսպող դեր էր կատարում։

Վերջին պատերազում հայկական բանակի զինվորները արիաբար կռվեցին քառասունչորս օր շարունակ` հակառակ լրտեսական ցանցերի գոյության, ուխտադրժության երեւույթների դրսեւորման եւ «Իսկանդար» հրթիռների անգործունեության։ Պատերազմից հետո աշխատակազմի չորս ղեկավարներ եւ պաշտպանության երեք նախարարներ մեղավոր են ճանաչվել, ինչը լավ բան չի կանխագուշակում։

Թուրքիան եւ Ադրբեջանը Բրյուսելն են ընտրել որպես ապրիլի 6-ի գագաթաժողովի վայր` պարզապես Մոսկվային տհաճություն պատճառելու համար, քանի որ այդ քաղաքում է գտնվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը։ Դա էր երեւի պատճառը, որ նախագահ Պուտինը հեռախոսազրույցներ ունեցավ նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ։ Եվ նույնիսկ յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելուց հետո, նա Փաշինյանին նորից զանգեց, վստահաբար զգուշացնելու նրան, որ հանկարծ չանցնի որոշ կարմիր գծեր։

Ի դեպ, Ուկրաինայում ընթացող պատերազմը երկսայր թուր է` ուղղված Հայաստանի դեմ։ Եթե Ռուսաստանը ջախջախիչ հաղթանակ տանի, հնարավոր է, որ «Միութենական պետության» հեռանկարը գոյութենական նոր էջ կբացի Հայաստանի համար, եւ այն կդառնա դրա անդամ պետություններից մեկը։ Մյուս կողմից, եթե Ռուսաստանը նվաստացուցիչ պարտություն կրի, ապա Արեւմուտքը նրան դուրս է մղելու Կովկասից։ Եվ այդ դեպքում Հայաստանի անվտանգության երաշխավորը ոչ թե անմիջականորեն Արեւմուտքն է լինելու, այլ նրան փոխարինող Թուրքիան։ Դա, ինչ խոսք, սարսռեցնող ազդեցություն է ունենալու հայերի վրա։

Տեղին է այստեղ մեջբերել ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեի այս շաբաթ հնչեցրած խոսքերը։ Մեկնաբանելով «Figaro» թերթում տպագրված մի հայտարարություն, նա ասել է. «2020-ի լայնածավալ ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ կոտորեց Արցախի հայերին թուրքական ռումբերով, ԱԹՍ-երով եւ սպիտակ ֆոսֆորային նյութերով։ Ցեղասպանական ոգին դարձյալ արթնացել է նրանց մեջ։ Եվ աշխարհը լուռ ականատես է լինում առանց մատը մատին տալու։ Անտարբերության այս մթնոլորտում ոտնձգությունները շարունակվում են»։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը սովորություն է դարձրել կորցնել կամ անտեսել իր արժանիքները նախքան բանակցությունների սեղանի շուրջ նստելը։ Դա տեղի ունեցավ նախքան հայ-թուրքական բանակցությունները, եւ տեղի է ունենում նաեւ ներկայիս, գագաթաժողովի ընթացքում, «Eurasianet»-ի Թուրքիայի կովկասյան հարցերի խմբագիր Ջողուա Կուչերան գրում է. «Ղարաբաղի ինքնիշխանության զիջումը ողբերգական շրջադարձ է լինելու Երեւանի համար։ Հայկական կառավարությունը գործնականում ընդունում է, որ կորցնում է Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը, ճանապարհ հարթելով Ադրբեջանին, որ տարածքի ամբողջական վերահսկողությունը իր ձեռքում պահի, եւ անորոշ ապագա խոստանա ներկայիս այնտեղ ապրող հայ բնակիչներին։ Զիջումը որոշակի հստակությամբ չի հնչել, բայց հայտնի է դարձել Երեւանից պաշտոնական հռետորաբանության ուշագրավ շրջադարձի միջոցով»։ Հիմնավորելու համար իր հայտարարությունը, Կուչերան մեջբերել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերը. «Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային խնդիր չէ, այլ իրավունքի»։ Սա նշանակում է հող պատրաստել հրաժարվելու Ղարաբաղից։ Մինչդեռ գոյություն ունեն այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկը «ամոքիչ անջատման» (Remedial Secession) սկզբունքն է, որը մեծ հաջողությամբ կիրառվեց Կոսովոյի, Հարավային Սուդանի եւ Արեւելյան Թիմորի անկախություն ձեռք բերելու գործընթացներում։ Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը, Ղարաբաղի պարագան լիովին համապատասխանում էր այդ սկզբունքի կիրառմանը։

«Իրավունքը» բավականին անորոշ հասկացություն է։ ԵԱՀԿ-ն դրա կիրառումը կարող է տեսնել որոշակի մշակութային իրավունքներ պարգեւելով Ղարաբաղի բնակիչներին, այն բանից հետո, երբ նրանց կյանքը դնի Ռամիլ Սաֆարովի կացնի տակ։ Ճիշտ է, խոսքը 2004-ին Բուդապեշտում կատարված խիստ հատկանշական արարքի մասին է, երբ Սաֆարովը գլխատեց հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին, որը նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի հովանավորած ծրագրին։ Սաֆարովը ձերբակալվեց, բայց հանձնվեց Ադրբեջանին, որտեղ, ըստ Հունգարիայի հավաստիացումների, պետք է բանտարկվեր։ Բայց պատահեց հակառակը։ Նրան որպես հերոս ողջունեցին, ներեցին եւ նույնիսկ աստիճանի բարձրացում շնորհեցին։

Վճռական միջազգային համայնքի առաջ եթե հայտնվի, Ալիեւը կարող է նույնիսկ գնել իրավունք կոչված այդ սկզբունքը։

Շփոթն ու հուսալքությունը արագորեն արմատանում են Ղարաբաղի բնակչության շրջանում։ Պաշտոնական տվյալներով այդ անկլավում են ապրում 117.000 հայեր։ Նրանց հաստատակամությունը ապշեցուցիչ է։ Հակառակ բոլոր դժվարություններին, նրանք կառչած են մնում իրենց հողակտորին։ Ամեն մի քաղաքացի այդ ինքնահռչակ հանրապետության գոյության գրավականն է։ Հայաստանում դեռ կան 22.000 ղարաբաղցի փախստականներ, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց ավերված երկիրը եւ պաշտպանել այն։ Փոխանակ նրանց օգնելու, Հայաստանի կառավարությունը ֆոնդեր է տրամադրում արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք ազդեցություն կարողանան ձեռք բերել։ Դարձյալ ներքին քաղաքական հաշվարկները ավելի բարձր են դասվում, քան Ղարաբաղի գոյությունը։ Անորոշությունը գերիշխում է Ղարաբաղում եւ նրա շուրջը։ Նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվային է դիմել խնդրանքով, որ ավելացնի խաղաղապահների թվաքանակը, որպեսզի խթանի անվտանգության ապահովումը։

Ռուսաստանի միութենական պետությանը անդամակցելու Հարավային Օսիայի պատրաստակամությունը թեւեր է տվել ղարաբաղցի որոշ քաղաքագետների երեւակայությանը։ Տեղային կառավարման եւ հանրային ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Դա է պատճառը, որ Ռուսաստանին միանալու նպատակով հանրաքվե անցկացնելու կոչեր են հնչում որոշ ղարաբաղցիների կողմից»։

Դժբախտաբար, Ղարաբաղը վերջնակետը չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական տեսլականում։ Նրանք դաժանորեն չափազանց ազնիվ են արտահայտել իրենց ծրագրերը եւ լկտիաբար հայտարարել, որ Ղարաբաղից հետո հերթը Զանգեզուրինն է եւ գուցե ամբողջ Հայաստանինը, որն Ալիեւի բնութագրմամբ` «պատմական Ադրբեջանն է»։ Զանգեզուրը շատ թանկ հողակտոր է Ադրբեջանի համար եւ անգնահատելի դարպաս Թուրքիայի համար` միավորելու Կենտրոնական Ասիայի հանրապետությունները իր պանթյուրքական կայսրության դրոշի ներքո, իսկ Արեւմուտքի համար դա Ռուսաստանին պարփակելու վերջին փուլն է։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator, 05.04.22)

*) Այդպես էլ նշված հարցերը մնացին չկարգավորված, ինչպես հոդվածագիրը այլ տեղում կանխատեսել է։ Ծ.Խ.։