Մեր հանրապետությունում գործող եկեղեցիներից ինձ ամենից հոգեհարազատը Գավառի Սբ. Աստվածածինն է: Ամենագեղեցիկը չէ անշուշտ, ոչ էլ ամենագեղակերտը՝ քանդակներով, ճարտարապետական յուրօրինակ լուծումներով: Բազիլիկ սովորական մի կառույց՝ տիրապետող գմբեթով, կիսամշակված տուֆ քարերով, տեղ-տեղ՝ Սեւանի կանաչերանգ, իսկ ներսում,՝ բետոն բրութ (beton brut) ծեփով: Կառուցվել է 1902 թ.ին, համաժողովրդային հանգանակությամբ, նախաձեռնությամբ Նոր Բայազեդի թեմի հոգեւոր առաջնորդ Խորեն եպս. Մուրադբեկյանի, հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1937թ.ին խեղդամահ արված Ս. Էջմիածնի Վեհարանի խցերից մեկում, գիշերով, Բերիա-Մուղդուսի ցանցի գործակալների ձեռքով:

Այդ տաճարի հմայքը հանգստություն, հաստատակամություն, ինքնավստահ անդորրությունն է, նաեւ՝ ժամանակներին դիմացող իր կենսագրությունը: Սովետական շրջանում երկար ժամանակ չի գործել որպես աղոթատեղի, մնացել է անհովիվ: Երբեմն բոլշեւիկ իշխանությունները օգտագործել են այն որպես ցորենի պահեստ եւ այլ նպատակներով, սակայն չեն փլցրել այն, ինչպես արել են Երեւանում եւ այլուր գործող որոշ եկեղեցիներին: Պատճառը, ըստ ինձ, Սբ. Աստվածածին տաճարի կառուցմանը իր փոքր ու մեծ նվիրատվություններով, լումաներով մասնակցած ժողովրդի, նորբայազեդցիների հիշողությունն է եղել: Բոլշեւիկները սպանել են կառուցումը նախաձեռնող հոգեւորականին, Ամենայն Հայոց Հայրապետին, սակայն չեն համարձակվել դեմ գնալ ժողովրդի հիշողությանը, համաժողովրդային հանգանակությանը մասնակցած հավատացյալներին: Եթե նվիրատուն անհատ բարերար լիներ, մեծ ոգեւորությամբ կկործանեին այն: Բարերարներին հիմա՛ են հալածում, Նիկոլի պադվալներում պահում, էլ ո՜ւր մնաց այն ժամանակ, երբ կար Սիբիր, գնդակահարություն:
Ժողովրդի հավաքական ուժը, որի գիտակցումը հաճախ բացակայում է ամենաբարձրաստիճան հոգեւորականության մեջ անգամ, անընկճելի է, անկոտրելի ու տեւական, որքան էլ որ խորամանկ, լկտի ու դաժան լինեն Եկեղեցի հալածող հեթանոսները: Հետեւաբար Հայ եկեղեցին վերանորոգ կամքով ու նախաձեռնություններով պետք է բազմապատկի ժողովրդին, իր իսկ հոտին ծառայելու ջանքերը, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական օգնության, արվեստի եւ ազգային մշակույթի տարածման ասպարեզում, այնպես՝ ինչպես Կաթոլիկ եկեղեցին է ծառայում իր հոտին, նրա կարիքավոր խավերին, երիտասարդությանը:

Բարեբախտաբար, մեր Եկեղեցին, Սփյուռքում թե Մայր հողի վրա, թեեւ անբավարար չափով, ունի այդ փորձը,- դպրոցներ, հիվանդանոց, դարմանատներ, հայորդաց տներ, կարիքավորների համար տաք ճաշի սպասարկում, եւայլն,- որը պետք է բազմապատկել եւ արդիականացնել, զուգահեռ՝ ընտրովի, ոչ նշանակովի, ծիսական խորհուրդների ստեղծմանը, որից այնքան սարսափում են մեր թեմակալ առաջնորդները:
Բայց որտեղի՞ց համապատասխան նյութական միջոցներ: Այնտեղից՝ որտեղից 125 տարի առաջ, դժվարագույն այդ օրերին, Մուրադբեկյան Սրբազանն էր ճարում տաճար կառուցելու համար՝ ժողովրդի՛ց, գաղթական բայազեդցիներից…
Այստեղից՝ հետեւություն: Հայ եկեղեցին բաց պետք է լինի ժողովրդի առաջ, եկեղեցականները պետք է միշտ պատրաստ լինեն հավատացյալներին լսելու, նրանց կարիքները հնարավորինս հոգալու, նրանց օգնելու եւ բնավ պետք չէ բավարարվեն խորհրդակատարությունները պատշաճ կատարելով, այլեւ պետք է հոգատարություն ցույց տան ժողովրդի բոլոր, կրկնում եմ, բոլո՛ր խավերի մարդկանց, մանավանդ երիտասարդներին: Այդ պարագայում Եկեղեցին ինքը կդառնա անխոցելի, պաշտպանված՝ ընդդեմ բոլոր տեսակի խարդավանքների, ոտնձգությունների, հալածանքների դիմաց:
Կարծում եմ, Ավստրիայում առաջիկա փետրվարի 16-ին գումարվելիք Եպիսկոպոսական ժողովը լավագույն առիթը կլինի քննարկելու եւ վճիռներ կայացնելու օրակարգի վրա գտնվող ծանոթ խնդիրների վերաբերյալ, այլեւ ամուր հարթակ՝ ընդլայնելու ծառայությունների սահմանները: Պետք չէ վախենալ նյութական միջոցների սակավությունից: Այդ միջոցները կստեղծվեն ժողովրդի, անհատ բարերարների ինքնաբուխ օժանդակությամբ:
Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցու անսասան գոյությունը դրա ապացույցն է:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
*) Վերնագիրը՝ Կարպիս Սուրենյանի «Ոգու ամրոցներ» գրքի ներշնչանքով:





