Հիմա ո՛վ կարող է պատկերացնել, որ Հայոց լքված ու ծախված Շուշին դեռեւս 19-րդ դարի սկզբում որքա՜ն է զարգացած եղել որպես մշակութային ու կրթական կենտրոն, որ Հրաչյա Աճառյանի նման համաշխարհային մեծության դեմքը տեղի թեմական դպրոցում ուսուցիչ է աշխատել մի քանի տարի եւ, ավելին, իր նույնքան հեղինակավոր ուսուցչին՝ ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեին 2-3 շաբաթով հյուրընկալել է այնտեղ:
Շատ է գրվել Շուշիի մասին: Շատ է գրվելու՝ այժմ հայաթափված Շուշիի մասին: Պարզապես մի պատառիկ ստորեւ արտատպում ենք մեծանուն գիտնականի «Կյանքիս հուշերից» (ԵՊՀ «Միտք» հրատ., 1967 թ.) գրքից, ի պատասխան «Կովկասի ադամանդ» քաղաքը «դժբախտ եւ դժգույն» որակողների:
Ու քանի որ Շուշին «դժբախտ եւ դժգույն» որակողի անունը հայտնի է բոլորին, ու բոլորին հայտնի է նաեւ նրա արած այն հայտարարությունը, թե ինքը չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում, ու քանի որ ստորեւ արտատպվողի հեղինակը Մեծն Աճառյանն է, բերենք նրա կյանքից մի դրվագ՝ թուրքերին ու թրքությանը վերաբերող:
Չարաբաստիկ 30-ականներն են: Աճառյանը նույնպես հրավիրվում է ԿԳԲ՝ հարցաքննության: Հարցաքննողը՝ փսլնքոտ մի երիտասարդ:
– Ընկեր Աճառյան, անգլերեն գիտե՞ք,- հարցնում է «Հայոց լեզվի քերականությունը 306 լեզուների համեմատությամբ» աշխատության հեղինակին:
– Գիտեմ,- ասում է ԱՃառյանը:
– Ուրեմն անգլիական լրտես եք:
Աճառյանը մնում է լուռ:
– Ընկեր Աճառյան,- հարցաքննությունը շարունակում է քննիչը:- Ֆրանսերեն գիտե՞ք:
– Այո,- ասում է Սորբոնն ավարտած Աճառյանը:
– Ուրեմն ֆրանսիական լրտես եք,- եզրակացնում է ջահել քննիչը՝ հիացած իր բացառիկ բացահայտմամբ:
Աճառյանը մնում է լուռ:
– Ընկեր Աճառյան, թուրքերեն գիտե՞ք,- շարունակում է քննիչը:
– Այո, գիտեմ,- ասում է լեզվաբանը,- գիտեմ թե՛ նոր թուրքերենը, թե՛ հին՝ օսմաներենը: Թուրքական համալսարանում դաս եմ տվել թուրքերին:
– Ուրեմն թուրքական լրտես եք,- ասում է ջահել քննիչը հիացած իր նոր բացահայտումով:
– Երիտասարդ,- բացականչում է մինչեւ հոգու խորքերը վիրավորված եւ ափերից դուրս եկած լեզվաբանը,- բոլոր ըսածներդ լսեցի, սակայն ձայն չհանեցի, բայց այս մեկը՝ թուրքական լրտե՞ս, ո՛չ, ո՛չ եւ ո՛չ:
Խմբ.
Շուշի քաղաքում
Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ եւ դեպի ձախ: Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից եւ ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում:
Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ եւ հետեւդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սեւ գույն ունեն եւ սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն՝ «սեւ այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչեւ կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձեւ տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր, եւ բարձունքից դիտողը կարմիր, կանաչ եւ սեւ գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջը:
Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է, եւ բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրեւ ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում եւ զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչեւ տների ներսը: Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը: Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր եւ զվարթախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան եւ մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ:
Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա եւ կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, եւ ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին եւ ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին եւ մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում:
Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»:
Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ եւ այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, եւ հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին:
Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած եւ հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչեւ Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ: Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները եւ մոծակը իսպառ վերջացել է:
Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել եւ զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր: