ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշում է իր հիմնադրման 80-ամյա հոբելյանը: Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ հոբելյանական նիստ: Ակադեմիայի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու են ժամանել պատվիրակություններ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ):
ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագրեր կստորագրի գործընկեր մի քանի ակադեմիաների հետ:
Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերին ՀՍՍՌ կառավարության որոշմամբ՝ որպես բարձրագույն գիտական հաստատություն: Այն կոչված է միավորելու գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելու, տնտեսական, սոցիալական եւ մշակութային հիմնախնդիրների տեսական եւ գործնական լուծման եւ երկրի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարման համար:
Հայաստանի գիտությունների ակադեմիան ունեցել է ծանրակշիռ ձեռքբերումներ, առաջատար դեր ստանձնել Խորհրդային Միության հանրապետությունների ակադեմիաների շարքում:
1993թ.` Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո, ՀԽՍՀ ԳԱ-ն վերանվանվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա:
1993թ. հետո ՀՀ ԳԱԱ-ն անդամակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերությանը, սկսել համագործակցել INTAS, ISTC, NATO, CRDF միջազգային կազմակերպությունների հետ: Այդ տարիներին ընդունվել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԳԱԱ-ն ստացել է ՀՀ կառավա-րության խորհրդատուի հատուկ կարգավիճակ:
Ակտիվացել է ակադեմիայի միջազգային համագործակցությունը: Պայմանագրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի, Վրաստանի, Թուրքմենիայի, Ղազախստանի, Ղրղզստանի ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության, Ֆրանսիայի CNRS կենտրոնի, Ֆրանսիայի 9 գիտակրթական հաստատությունների, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի, Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի քաղաքային համալսարանի, Գերմանիայի Մաքս Պլանկ ընկերության հետ: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցել է «Գիտական միջազգային խորհրդին» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիային»:Ակադեմիան ակտիվ մասնակցել է «Հորիզոն 2020» ծրագրին: Նախագծերի զգալի մասն իրականացվել է ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների կողմից:
Գիտատեխնիկական ներուժի ու հիմնարար գիտությունների արդյունքների կիրառական մշակման նպատակաուղղված օգտագործման համար ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը:
2021թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել գիտության, կրթության, արտադրության հմուտ կազմակերպիչ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ներկայում Գիտությունների ազգային ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառներն ու գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է ԲՈՒՀ-երի, պետական կառույցների, ռազմաարդյունաբերական համալիրի, արտադրողների, տնտեսության պետական ու մասնավոր հատվածի, տեղական ու միջազգային գիտական կազմակերպությունների հետ: Ակտիվ աշխատանքներ են տարվում կիրառական գիտական հետազոտությունների ուղղությամբ:
Այժմ ՀՀ ԳԱԱ-ն միավորում է ավելի քան երեսուն գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ եւ այլ կազմակերպություններ:
ՀՀ ԳԱԱ բոլոր աշխատակիցներին եւ ղեկավարությանը մաղթում ենք նորանոր հաջողություններ իրենց ամենօրյա դժվարին աշխատանքում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ