Սույն թվականի հունիսի 6-8-ը տեղի ունեցավ «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական եւ ակադեմիական արվեստում» եռօրյա Միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը եւ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտը (Սանկտ Պետերբուրգ):
Ֆորումը համախմբեց վաստակաշատ գիտնականների ու երիտասարդ հետազոտողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վլադիկավկազ, Եկատերինբուրգ, եւն), Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի եւ Աբխազիայի գիտական տարբեր կենտրոններից:
Ֆորումի բացումը եւ Լիագումար նիստը տեղի ունեցավ հունիսի 6-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ եւ առաջարկությամբ Համագործակցության հուշագիր կնքվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի եւ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) միջեւ եւ հույս հայտնեց, որ այդ գիտական համագործակցությունը, որի առաջին քայլն այս Ֆորումն է, կլինի շարունակական եւ կդառնա բեղմնավոր ու անխզելի հայ-ռուսական գեղարվեստական կապերի եւս մեկ վառ դրսեւորում՝ նպաստելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամության եւ մշակութային համագործակցության հետագա ամրապնդմանը:
Ա. Ասատրյանը խորհրդանշական համարեց, որ ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական միջոցառումների շարքի առաջին ակորդը հնչում է հենց պետերբուրգյան գործընկերների հետ համատեղ: Չէ՞ որ ՀԽՍՀ ԳԱ առաջին նախագահ, Պետական Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտ էր: Հովսեփ Օրբելիից հետո, 1947-1993 թթ. ՀԽՍՀ ԳԱ նախագահ՝ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, որի գործունեության հետ է կապված ՀՍՍՀ ԳԱ Ոսկեդարը, նույնպես Լենինգրադի համալսարանի շրջանավարտ էր:
«Այսօր՝ հունիսի 6-ին, հայ եւ ռուս ժողովուրդների մեծ զավակների՝ Արամ Խաչատրյանի եւ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է: Առաջարկում եմ ամեն տարի հունիսի 6-ին Երեւանում եւ Սանկտ Պետերբուրգում կազմակերպել համատեղ գիտական միջոցառումներ: Եվ քանի որ 2024-ին նշվելու է Պուշկինի ծննդյան 225-ամյակը, առաջարկում եմ Երեւանում անցկացնել «Պուշկինի կերպարը արվեստում» թեմայով համատեղ միջազգային կոնֆերանս»,-եզրափակեց ողջույնի խոսքը Աննա Ասատրյանը:
Ֆորումի մասնակիցներին ողջունեց Ֆորումի կազմկոմիտեի համանախագահ, Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի գործիքագիտության սեկտորի վարիչ, Ուկրաինայի եւ Լեհաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մացիեւսկին: Նա նշեց, որ Հայաստանի եւ Ռուսատանի արվեստագիտական հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ եւ սերտ համագործակցում են: Նա հիշատակեց Ռուսաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող հայ արվեստագետների մասին:
Քանի որ օրը խաչատրյանական էր, ուստի Ֆորումը մեկնարկեց Աննա Ասատրյանի «Արամ Խաչատրյանը երաժշտության ազգային ինքնատիպության մասին» զեկուցումով, որին հաջորդեցին Իգոր Մացիեւսկու «Վ. Հոշովսկու ներդրումը հայրենական էթնոերաժշտագիտության զարգացման գործում», արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանի «Ռուս-թուրքական պատերազմը հայ ժողովրդական պատմական երգերի համատեքստում. Հասան-Կալա», արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանի «Արեւելյան մոնոդիայի տիպաբանության մասին հայ-իրանական երաժշտական առնչությունների համատեքստում», արվեստագիտության թեկնածու Գալինա Տավլայի «Հայ մոնոդիկ երաժշտության երկու ճյուղերի մասին», արվեստագիտության թեկնածուներ եւ դոցենտներ Լուսինե Սահակյանի «Ժողովրդական երաժշտությունը Կոմիտասի կոմպոզիտորական արվեստում», արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանի «Աստրախանի հայ աշուղների կենտրոնը» եւ Անահիտ Բաղդասարյանի «Կոմիտասի ստեղծագործություններում իմիտացիոն կառուցվածքների դասական (պոլիֆոնիկ) եւ ոչ դասական (մոնոդիկ) ձեւերի կիրառման մասին» բանախոսությունները:
Այուհետեւ Ֆորումն իր աշխատանքները շարունակեց երկու մասնաճյուղերի նիստերում:
Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-խորհրդային սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, Ավետ Տերտերյանի մասին մենագրության եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ Մարգարիտա Ռուխկյանը «թերթեց» կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության ռուսաստանյան էջերը: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, Ավետ Տերտերյանի մասին բազմաթիվ հոդվածների եւ զեկուցումների հեղինակ, պրոֆեսոր Աննա Արեւշատյանը ներկայացրեց «Ավետ Տերտերյանի ստեղծագործությունը Եվրասիայի մշակութային փոխառնչությունների համատեքստում» թեմայով բանախոսությունը: Կլոր սեղանին մասնակցեցին արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը (ԵՊԿ)՝ «Ավետ Տերտերյան: Հատման կետ» եւ արվեստագիտության թեկնածու, տերտերյանագետ Աննա Տիխոմիրովան (Եկատերինբուրգ)՝ «Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ձեռագիրը. կոմպոզիտորական լեզվի ակունքները» թեմաներով զեկուցումներով:
Հունիսի 8-ին տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով, որի ընթացքում հայ, ռուս եւ բելառուս կինոգետները բացահայտեցին հայ տաղանդավոր կինոռեժիսորի արվեստի առանձնահատկությունները:
Ֆորումի ընթացքում ներկայացվեց 50 զեկուցում: Առաջիկայում կհրատարակվի զեկուցումների ժողովածուն:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ