Այսպես է մտածում աղետի գոտու բնակչությունը
Փետրվարը միանգամայն կարելի է երկրաշարժերի ամիս համարել Թուրքիայում։ Առաջինը փետրվարի 6-ին տեղի էր ունեցել տեղական ժամանակով 04.17-ին, Մարաշում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը՝ Փազարջըք, որին 9.5 ժամ հետո 13.24-ին հաջորդեց Էլբիստան էպիկենտրոնով երկրորդ երկրաշարժը, ուժգնությունը՝ 7.6 մագնիտուդ։ Երկրաշարժերը, բացի Մարաշից, ահռելի ավերածություններ պատճառեցին Այնթափում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադիյամանում, Օսմանիեյում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում, ինչպես նաեւ աղետի գոտու մեջ հետո ընդգրկված Էլյազիգում։
Դրանց ազդեցությունը զգացվել է Իրաքում, Հորդանանում, Կիպրոսում, ամբողջ Լիբանանում, Եգիպտոսում եւ հատկապես ծանր հետեւանքներ են ունեցել Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից հյուսիսային շրջաններում։ Աղետի 15-րդ օրը փետրվարի 20-ին 3 րոպե տարբերությամբ եւս երկու երկրաշարժ գրանցվեց առանց այդ էլ հողին հավասարված Հաթայ նահանգի Սամանդաղ եւ Դեֆնե գավառներում՝ համապատասխանաբար 6.4 եւ 5.8 մագնիտուդով։
Աղետի գոտու ընդհանուր տարածքը 108 հազար 812 քառ. կմ է, որը կազմում է Թուրքիայի մակերեսի 1/7-ը, որտեղ բնակվում էր 3.5 մլն մարդ, այսինքն երկրի բնակչության 1/6-ը։ Այս ցուցանիշը երկրաշարժի պատճառած արտագաղթի հետեւանքով կրճատվել է 2.2 մլն-ի, կրճատումը դեռ շարունակվում է։ Ըստ «Halk TV»-ի թղթակցի Սամանդաղում բոլոր տներն հիմնահատակ ավերվել են, փրկարարական աշխատանքներ չեն կատարվում։ Բայց այնտեղ, ինչպես նաեւ ողջ աղետի գոտում, արդեն սկսել են փլատակների մաքրման աշխատանքներ, որոնց իշխանությունները, ինչպես նշել են իսպանացի փրկարարները, ի տարբերություն փրկարարական աշխատանքների, ջանասիրաբար են իրականացնում։
Երկրաշարժը ահավոր է եղել հատկապես Անթաքիայում, Ադիյամանում եւ Մարաշում։ Սրանք այն քաղաքներն են, որտեղ մեծ թիվ են կազմում սիրիացի փախստականները։ Նահանգային գրեթե բոլոր կենտրոններում նահանգապետարանի, քաղաքապետարանների եւ հանրային շենքերի հետ հիմնովին ավերվել են վարչական շենքերը, դպրոցները, հիվանդանոցները, փլատակների տակ թողնելով հիվանդներից զատ նաեւ բուժաշխատողներին, ինչը խիստ դժվարացրել էր բուժօգնության տրամադրումը բնակչությանը։ Մայրուղիների ավերման պատճառ խափանվել է երկրաշարժի գոտու քաղաքների հաղորդակցությունը միմյանց եւ արտաքին աշխարհի հետ։
Թվում էր, թե ստեղծված իրավիճակում իշխանությունները ձեռնամուխ կլինեն դաշտային հիվանդանոցների տեղադրմանը, էլ չասած շարժական խոհանոցների մասին, սակայն մայրուղիների եւ Հաթայի օդակայանի ավերման պատճառաբանությամբ դա չարեցին։ Հիրավի օդակայանի թռիչքագոտին ամբողջովին ավերվել էր, սակայն Անթաքյան նավահանգստային քաղաք է Իսքենդերունի ծովածոցում, որտեղ տեղակայված է ռազմածովային բազան։ Այսինքն ցանկության դեպքում օգնությունը կարելի էր հասցնել ծովով, բայց փրկարարական ջոկատներին նույնիսկ չհասցրեցին։ Մինչդեռ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել ժամը 04-ին, բնակիչները քնած էին, սարսափահար վիճակում փողոց էին վազել, շատերը գիշերանոցով, մի քանի օրական մանուկները գրկին, հաճախ առանց կոշիկի, այդ թվում փոքրիկ երեխաները, որոնք երկրաշարժի 18-րդ օրը դեռ ոտաբոբիկ, շարունակում էին թափառել ավերակների մեջ, գիշերում ինչպես իրենց ծնողները բաց երկնքի տակ, առանց հացի ու ջրի, ընդ որում բարձրադիր քաղաքներում ձյան կամ սառույցների վրա, իսկ ցածրադիրներում ցեխերի մեջ, քանի որ օրեր շարունակ չէր դադարում հորդառատ անձրեւն ու առատ ձյունը։ Այլընտրանք էլ չունեին, որովհետեւ իշխանությունները զգուշացրել էին չմտնել բնակարաններ, եթե անգամ իրենց շենքը կանգուն է։
Բայց օգնություն չէր գալիս։ Մինչդեռ, ինչպես երկրաշարժի 2-րդ օրը «Ջումհուրիյեթ»ին ասել էր սեյսմոլոգ, պրոֆ. Ահմեդ Էրջանը, փլատակների տակ 200 հազար մարդ կար, հայտնի էր ավերակի վերածված շենքերի թիվը, եթե վեց ժամվա ընթացքում չփրկես 80 %-ին, ապա ողջ կմնա 5 %-ը միայն։ Փրկարարները երեւացել էին 60-80 ժամից հետո միայն, այն էլ առանց համապատասխան գործիքի, ասենք՝ արմատուրա կտրող մկրատի, չեն ունեցել անհրաժեշտ տեխնիկա կամ ամբարձիչ կռունկ, իսկ իշխանությունները համառորեն մերժել են այլ երկրների համապատասխան տեխնիկա հատկացնելու առաջարկները։
Ողջ մնացածները, մի կողմ թողած իրենց աղետալի վիճակը, վազել էին դեպի փլատակներ, արձագանքելով դրանց տակից ճչացող հարազատների օգնության կանչերին, բայց՝ ապարդյուն։ Փետրվարի 8-ին երկրաշարժի 3-րդ օրը Մարաշ եկավ նախագահ Էրդողանը, հայտարարելով նախորդ օրը արտակարգ դրություն երկրաշարժի գոտում։ Նրանից ավելի շուտ ժամանել էին ներքին գործերի նախարարությանն առընթեր «Աղետի եւ արտակարգ իրավիճակների» գերատեսչության՝ AFAD-ի փրկարարները, որ հավաքեն մայթերին փռված աճյունները։ Էրդողանն այնտեղ Մարաշի երկրաշարժը վերագրեց Ալլահի կամքին, ասաց, որ դա ճակատագիր է, իսկ մահմեդականը հավատում է ճակատագրին, որովհետեւ դրան մեծ տեղ է հատկացրել Ղուրանը։
Ապա նա աչքալուսանք տվեց, թե իշխանությունները պատրաստվում են երկրաշարժից տուժած յուրաքանչյուր ընտանիքին հատկացնել 10 հազար լիրա, որ համարժեք է 500 դոլարին, ապա անպատվեց իշխանություններին անգործունեության մեջ մեղադրողներին, թե որոշ պատվազուրկ եւ ստոր արարածներ իրենց են զրպարտում երկրաշարժի գոտի բանակի, ժանդարմերիայի եւ ոստիկանության ուժեր չուղարկելու, հետեւաբար բնակիչներին անտեսելու համար։ Որպեսզի «զրպարտությունները» չտարածվեն սոցցանցով, անջատվեցին բջջային հեռախոսներն ու խզվեց ինտերնետային կապը։ Տեղի ունեցան նաեւ թղթակիցների ձերբակալություններ, ինչպես նա այն երիտասարդների, որոնք վերջինների հարցերին պատասխանելիս Էրդողանի օգտին չէին արտահայտվել։ Մինչդեռ հեռախոսն ու ինտերնետը փլատակի տակ գտնվողների արտաքին աշխարհի հետ կապվելու միակ միջոցն էր։
Դրան բուռն հակազդեցությամբ արձագանքեց «Լավ» կուսակցության առաջնորդ տիկ. Մերալ Աքշեները։ Նա դիմելով Էրդողանին ասաց. «Դուք ումից եւ ինչո՞ւ եք վախենում»։ Ըստ երեւույթին ձերբակալվածների մեջ էին նաեւ տուժածներին օգնություն հասցնող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որ այդ օրը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ Մարաշում գտնվող Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակիցներին կարգադրեց շարունակել օգնությունը, թեկուզ կալանվելու գնով, ապա ասաց. «Էրդողան, ես այստեղ եմ, օգնություն եմ բաժանուն, եկ եւ կալանիր ինձ»։
Իմամօղլուն Մարաշ էր եկել մեկ օր առաջ, որ կազմակերպի օգնության բաժանումը, Էրդողանի նախկին նախարար տիկ. Նուրսել Քոջաբաշը հարձակվեց նրա վրա, բացականչելով. «Ի՞նչ գործ ունես դու այստեղ, Անգլիայի ծառա, կարգադրություններդ կգնաս եւ Ստամբուլում կանես, ռադդ քաշիր»։ Հաջորդ օրը, երբ քաղաքի հրապարակ մտավ Իզմիրի քաղաքապետարանի օգնությամբ բեռնված բեռնատարը, Էրդողանի կուսակցության ակտիվիստները բեռնատարին փակցրեցին Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում կուսակցություն» մակագրությամբ ցուցապաստառ։ Նույն կերպ վարվեցին նաեւ Բոդրումի քաղաքապետարանի ուղարկած բեռնատարի եւ Իմամօղլուի բերած օգնության հետ, փոխելով «Ստամբուլի քաղաքապետարան» մակագրությամբ պիտակը Էրդողանի կուսակցության պիտակով։
AFAD-ի հայտնվելը աղետի գոտում իրադրությունը չփոխեց, ոչ էլ կարող էր, որովհետեւ այս կազմակերպության վարչության պետերը աստվածաբանության կրթություն ստացած Կրոնական գործերի գերատեսչության իմամներ էին, իսկ փրկարարները՝ Էրդողանի կուսակցության ակտիվիստներ։ Քանի որ փրկարարությունը համապատասխան կրթություն է պահանջում, իսկ իրենք դա չունեին, ուստի սկսեցին յուրացնել փրկարարական մյուս ջոկատների աշխատանքը։ Օր.՝ Զոնգուլդաքի ածխահանքերի ջոկատները, երբ փլատակների մեջ միջանցք էին բացում, որ հանեն հայտնաբերված մարդուն, AFAD-ի փրկարարները մոտենում եւ նրանց ուղարկում էին այլ տեղ, որպեսզի իրենց վերագրվի փրկելու առաքելությունը։
Այդ առումով հատկանշական է «Sol TV»-ի փետրվարի 8-ի վկայությունը, թե Մարաշում, երբ 12 հոգի փլատակի տակ օգնության էր սպասում, AFAD-ի փրկարարները նախընտրեցին փրկել Ղուրանի կուրսի Հիջրեթ հիմնադրամի դրամարկղը։ Նրանց օգնությամբ փրկվել են նաեւ տարբեր բանկերի բազմաթիվ դրամարկղերը։ Քանի որ Էրդողանը կարգադրել էր, որպեսզի ամեն տեսակի օգնություն տրամադրվի AFAD-ի միջոցով, ուստի այս կառույցը խոչընդոտում էր նաեւ տուժածներին վրանների տրամադրումը, շարժական ճաշարանների եւ դաշտային հիվանդանոցների բացումը։ Կան հիվանդանոցների եւ ճաշարանների փակման, իսկ վրանների առգրավման բազմաթիվ փաստեր։ Օր.՝ Դիարբեքիրում հասարական կազմակերպությունների, իսկ Ադիյամանում ալավիների մարդասիրական գործունեության դադարեցման, հավաքված օգնության առգրավման փաստեր։
Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա նրանք տեսնելով այս ամենը, փորձել են իրենց միջոցներով փրկել փլատակի տակ օգնության սպասող հարազատներին։ Ոմանք AFAD-ին փող են առաջադրել, ոմանք էլ՝ երկրաշարժի գոտուն հարակից քաղաքներից վճարովի ամբարձիչ կռունկներ են բերել։ Բայց ապարդյուն։ Որքան էլ Էրդողանը իր հովանավորած շինարարներին խնայի, հայտարարելով Մարաշի երկրաշարժը հզորագույնը մարդկային պատմության մեջ, օրինակ՝ Ադիյամանում կա երկու շենք ապակեպատ, կառուցված Եվրոպական միության նախագծով եւ վերահսկողությամբ, որի վրա գեթ մեկ ապակի չի ջարդվել։ Ավելին, փետրվարի 15-ին Մարաշում «CNN Turk»-ի թղթակցուհի Ֆուլյա Օզթուրքը փլատակից վերցրեց բետոնի բեկոր եւ դա ձեռքի մեջ առանց դժվարության փշրեց։
Այս ամենի առումով հատկանշական է Թուրքիայի բանվորական կուսակցության փոխնախագահ եւ Հաթայի պատգամավոր Բարըշ Աթայի երկրաշարժի գոտում փետրվարի 12-ին, ինչպես «Independent»-ն է նշել, արած հայտարարությունը. «Կամ աղետի դեմ որեւէ քայլ չձեռնարկող իշխանությունները տխմար են, կամ էլ չար նպատակներ են հետապնդում։ Ես կարծում եմ, որ նրանց նպատակը չար է։ Երբ Էրդողանը եկավ աղետի գոտի, 10 ժամ շտապօգնության մեքենաները դադարեցին օգնության հասնել վիրավորներին, ինչ է, թե նա երկու րոպե պիտի խոսի»։ Նրան հավելեց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր տիկ. Թուլայ Հաթիմօղուլլարին. «Ժողովուրդն ասում է, որ երկրաշարժի գոտում չկա պետությունը, կարծես գոլորշիացել էր եւ մեզ մահվան է դատապարտել»։
Ինչ վերաբերում է փրկարարական օտարերկրյա ջոկատներին, ապա Ավստրիայի Գերմանիայի եւ Իսրայելի ջոկատները, “Reuters”-ի վկայությամբ, փետրվարի 12-ին անվտանգության սպառնալիքի տակ հեռացել են Թուրքիայից։ Մի քանի օր հետո հեռացողներին միացավ իսպանական ջոկատը, հետաքրքրական է հեռացման պատճառաբանությունը. «Տեխնիկան թեեւ արագացնում է փլատակների մաքրումը, բայց միաժամանակ սպանում դեռեւս ողջ մնացածներին։ Որքան էլ թուրքական իշխանությունները շտապեն, չենք կարող նրանց նկատառումների մասնակիցը դառնալ։ Բացի այդ, տեխնիկան մեր ձեռքից խլեցին, թույլ չտվեցին մեզ շարունակելու աշխատանքը, պահանջեցին, որ հեռանանք»։
Փաստորեն Էրդողանի իշխանությունները 10 հազար լիրայից եւ, երկրաշարժի մատնված 11 քաղաքները գյուղերով եւ շրջաններով հանդերձ մեկ տարում վերականգնելու խոստումներից զատ տուժածներին ոչինչ չեն տվել, իսկ մարդասիրական օգնության տրամադրումը խանգարելը՝ որքան ասես։ Մեկ էլ՝ ոտաբոբիկ երեխաների հետ տեղի-անտեղի լուսանկարվելը, ինչպես լուսանկարում երկրաշարժի 13-րդ օրը արել է Էրդողանի կուսակցության կանանց թեւի ղեկավար Քյուբրա Դորթքարդեշը։
Աղետի գոտու ավելի քան 13.5 մլն. բնակիչները երկրաշարժի հետեւանքով, բացի հարազատներից, ամբողջովին կորցրել են ամբողջ ունեցվածքը, իսկ մինչեւ մեկ տարեկան երեխաները՝ մայրիկի եւ հայրիկի հետ կորցրեցին նաեւ իրենց անունը։ UNICEF-ի հաշվարկներով երկրաշարժից Թուրքիայում տուժել է 4.5 մլն., իսկ Սիրիայում՝ 2.5 մլն. երեխա, հազարավորները մահացել են։ Երկրաշարժի հետեւանքները դեռեւս ամփոփվում են։ Թվում է, թե ամփոփելու ընթացքում նոր բացահայտումներ կարվեն։ Համենայն դեպս, աղետի գոտու բնակչությունը հետզհետե համոզվում է, որ հիմնական աղետը հենց Էրդողանն է, ոչ թե երկրաշարժը։ Երկրաշարժի հետեւանքները դեռեւս ամփոփվում են։ Թվում է, թե ամփոփելու ընթացքում նոր բացահայտումներ կարվեն։ Համենայնդեպս, աղետի գոտու բնակչությունը հետզհետե համոզվում է, որ հիմնական աղետը հենց Էրդողանն է, ոչ թե երկրաշարժը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ