Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ հունիսի 23-ին, «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու թեմայով լսումներ էր նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկում են հերթական փոփոխություններն անել ԸՕ-ի մեջ, որ հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու համայնքապետի ընտրության կարգին են վերաբերում:
«Ընտրական օրենսգրքի» նախորդ փոփոխությունները, հիշեցնենք, նախորդ տարի մայիսին էին ընդունվել, ինչի ժամանակ էլ սահմանվել էր, որ ընտրված ավագանին համայնքապետ է ընտրում ոչ թե փակ գաղտնի, այլ բաց քվեարկությամբ: Օրենքի մեջ նման փոփոխություն մտցելու հիմնավորումն այն էր, որ հետընտրական կոալիցիա կազմելուց հետո որեւէ ուժ չկարողանա ինչ-որ կերպով ճնշում գործադրել ավագանու որեւէ անդամի վրա եւ ստիպել խմբակցության որոշումից դուրս ընտրություն կատարել: Այնպես, ինչպես 2016-ին Վանաձորում եղավ, ու երեք ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի» ու «Հայկական վերածննդի» (նախկին «Օրինաց երկիր») նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ Քրիստ Մարուքյանին ընտրել որպես Վանաձորի համայնքապետ, ի չիք դարձավ, ու ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանն ստանձնեց Վանաձորի քաղաքապետի պաշտոնը: Այն ժամանակ որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ պարզել, թե ո՞վ է խոստումն ու պայմանավորվածությունը դրժածը, որովհետեւ քվերակությունը փակ էր եղել: Այժմ առաջարկվող փոփոխություններով, փաստորեն, իշխանությունը ցանկանում է վերադառնալ հին մոդելին ու ավագանու բաց, թափանցիկ քվեարկությունը փոխարինել փակով:
Ոլորտի մասնագետները սա, միանշանակ, հետընթաց են որակում: Ըստ նրանց՝ այս փոփոխությունն առաջարկվում է այն բանի համար, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը կարողանա ավագանու առանձին անդամների վրա ճնշում գործադրել՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Որպես օրինակ Թալինի ընտրություններն են բերում, երբ «50+» քվե չհավաքած ուժը, տվյալ դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ինչ-ինչ միջոցներով կարողացավ հասնել նրան, որ նախապես ձեւավորված կոալիցիայի անդամներից մեկը հօգուտ ՔՊ-ի քվեարկեց: Այժմ, փաստորեն, իշխանությունը ցանկանում է անել հնարավորը, որ հավանական «դավաճանը» գաղտնի մնա, ու ոչ ոք չիմանա՝ ով էր ճամբարափոխը:
Եթե «Ընտրական օրենսգրքի» այս փոփոխությունը կյանքի կոչվի (իսկ ամենայն հավանականությամբ կյանքի կկոչվի, որովհետեւ իշխանությունն այդպես է ուզում), ապա կարող ենք արձանագրել, որ «նախկինների» գործելաոճը դատապարտող ու քննադատող «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀԿ-ի գործի արժանի շարունակողն է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ