Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Մոսկվան հանդիպում է բարեկամներին» միջազգային փառատոնը՝ Ռուսաստանում կազմակերպվող մանկական ստեղծագործության ամենաերկարատեւ միջազգային փառատոներից մեկը: Այս տարի այն դարձավ 20 տարեկան, նրա պատմությունը 2004 թվականից ի վեր ոչ մի տարի չի ընդհատվել: Մինչ այժմ փառատոնին մասնակցել են երեխաներ ԱՊՀ բոլոր պետություններից (բացի Թուրքմենստանից) եւ 50-ից ավելի երկրներից, Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի լավագույն բեմերում ելույթներ են ունեցել մոտ 45000 երիտասարդ տաղանդներ եւ կոլեկտիվներ (գործիքային մենակատարներ, դիրիժորներ, կոմպոզիտորներ վոկալիստներ, նվագախմբեր, պարախմբեր, երգչախմբեր, կրկեսային ստուդիաներ):
Այս տարի փառատոնին մասնակցում են 149 պատանի երաժիշտներ ինը երկրից (Հայաստան, Նորվեգիա, Սինգապուր, Կոստա-Ռիկա, Ղազախստան, Ուզբեկստան, Բելառուս, Ռուսաստան, Թուրքիա): Հայաստանցի մասնակիցների թիվը 11 է՝ Արամ Ասմանգուլյան, Մարի Դանիելյան, Սվետլանա Հակոբյան, Էդգար Մխիթարյան (դաշնամուր), Արսեն Բալայան, Տիգրան Գասպարյան (կլառնետ), Եվա Վարդանյան (քանոն), Արամե Հունանյան (վոկալ), Էվա Գալստյան (տրոմբոն), Էդգար Գասպարյան (հոբոյ) եւ Նարեկ Խանզադյան (դուդուկ):
Ա. Բ.