«Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները հայելային կրկնում են»

77

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի եւ փոխնախարարի այս օրերին՝ Հայաստանի ու Արցախի մասին հայտարարություններն ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը դրանք մի քանի մասին է բաժանում։

Նախ, ասում է, արդեն որերորդ անգամն է՝ Ադրբեջանն իրեն ուղղակիորեն իրավունք է վերապահում միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նախորդիվ էլ, հիշեցնում է, Ալիեւն էր հայտարարել, որ Հայաստանը բանակ կամ բնակչության թվաքանակի աճ չպետք է ունենա։ Այժմ էլ, փաստորեն, Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ որոշել որակումներ տալ Հայաստանում ընթացող գործընթացներին։

«Ցավում եմ, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ գործող խորհրդարանական ընդդիմությունը չեն հասկանում, թե իրենց շահարկումներով ինչպես են ջուր լցնում Ադրբեջանի ջաղացին։ «Կապիտուլյանտ» եւ «ռեւաշնիստ» են իրար կոչում առավոտից երեկո, Ալիեւն էլ նույն տերմիններն է օգտագործում նրանց մասին որակումներ տալիս եւ փորձում օգուտ քաղել մեզ մոտ առկա ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտից»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի, այսպես ասած «անկլավների» մասին արած հայտարարությանը, ապա նախկին պատգամավորն ասում է՝ տարածքային նոր պահանջների մասին ակնարկը նորություն չէ։ Դրա մասին, հիշեցնում է, առաջին հերթին ՀՀ վարչապետն է խոսել անցյալ տարվա նոյեմբերի 17-ի ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ Փաշինյանը, շեշտում է Հայրապետյանը, բառացի ասել է այն, ինչի մասին այսօր խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը։ «Սա պարզ եւ ակնհայտ կերպով փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չի սպասարկել Հայաստանի շահը։ Նա եւ նրա թիմակիցներն, իրենց պաշտպանելու եւ ամեն ինչ նախկինների վրա բարդելու մոլուցքով տարված, անում են հայտարարություններ, որոնք բխում են Ադրբեջանի, բայց ոչ երբեք Հայաստանի շահերից։ Այդ ամենը մշտադիտարկվում է Ադրբեջանի կողմից, նրանք էլ, իհարկե, այդ ամենն իրենց շահերին են ծառայեցնում։

«Խաղաղության պայմանագրի» որոշ «բացահայտումներ» եւս եկան փաստելու, որ մեր կողմը չի բարձրացնում Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, տալիս է անորոշ եւ լղոզված ձեւակերպումներ, որոնք կրկին օգտագործվում են ի շահ Ադրբեջանի։ Բնական է, որ ադրբեջանական կողմն էլ ուրախությամբ սա օգտագործում է։ Մեր կողմից արդեն երկարատեւ ժամանակ է՝ չի խոսվում եւ չի բարձրաձայնվում ո՛չ Ալիեւի ռազմատենչ ու քսենոֆոբիկ ելույթների, ո՛չ նրա առաջարկած կեղծ «խաղաղության» իրական նպատակների, ո՛չ էլ Ադրբեջանից եկող ռիսկերի մասին։ Դրանց մասին մեկումեջ կամ լավագույն դեպքում արտգործնախարարության տարածած հայտարարություններում կարող ենք կարդալ, որոնք էլ հետո հերքում է Անվտանգության խորհուրդը, ինչն իրականում խայտառակ իրողություն է»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Հարցին՝ ինչո՞ւ Փաշինյանն ու նրա թիմակիցները չեն խոսում Ադրբեջանի իրական նպատակների մասին, արձագանքում է՝ եթե Փաշինյանն Ադրբեջանի իրական նպատակների մասին խոսի, ապա այն բարդ իրավիճակ կստեղծի գործող իշխանության համար, որովհետեւ դրան դիմակայելու համար պետք է կամք, համառություն, դիմադրելու կարողություն ունենալ, ինչից ներկա իշխանությունները զուրկ են։ «44-օրյա պատերազմի պարտությունից հետո Փաշինյանը բոլորովին այլ քողի ներքո է ներկայանում։ Նայեք նրա տեքստերը եւ թեզերը 2018-2020 թվականների ժամանակ եւ այսօր, կարծես դրանք լրիվ իրար հակադիր մարդիկ ասեն, ոչ թե նույն անձնավորությունը։ Պարզ է՝ պարտություն է կրել եւ դա ծանր է անձնական ու հոգեբանական մակարդակում եւս, բայց եթե չի կարողանում ՀՀ պետական շահը սպասարկել, ապա ինչո՞ւ է իշխանություն պահելու նպատակով միայն նորանոր խնդիրներ ստեղծում մեր պետության համար, ինչո՞ւ է խաբում մարդկանց, թե «խաղաղության դարաշրջան» է բացելու մի երկրի հետ, որի բռնապետ նախագահն օրեր առաջ հպարտորեն ասում էր, որ իր նպատակը եղել է «տարածաշրջանը հայերից եւ հայկական ֆաշիզմից մաքրելը»։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը… Սա է դառը, բայց փաստացի իրականությունը։ Ադրբեջանը գնալով ավելի մեծ պահանջներով է հանդես գալու, քանի որ տեսել է՝ մեր կողմից դիմադրություն եւ աշխատելու կամք չկա, իսկ դա ամբողջովին բխում է Բաքվի շահերից։ Դրա համար էլ մեր եւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները հայելային կրկնում են իրար»,- եզրափակում է ադրբեջանագետը։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ