1988-ից սկսած Հայաստանում գրեթե միշտ քաղաքական լարված իրավիճակ է եղել: Կրքերը, որպես կանոն, շիկանում էին տարվա բոլոր եղանակներին, բացի ամառվանից, քանի որ սաստիկ շոգ էր լինում, արձակուրդներ էին եւ շատերն էլ մեկնում էին հանգստի վայրեր: Սակայն այս տարի հանրապետության կյանքը աննախադեպ շիկացած էր հենց ամռանը ու հենց ամենաշոգ օգոստոսին: Ինչո՞ւ…
1. Նախ՝ սկսենք նրանից, որ ամբողջ օգոստոսի ընթացքում «Հայհիդրոմետ» ծառայությունն ահաբեկում ու գերլարված իրավիճակի մեջ էր պահում ողջ բնակչությանը: Գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ եւ այլ հնարավոր բոլոր միջոցներով Երեւանում բոլոր հաջորդ օրերի համար կանխատեսվում էր 40 եւ նույնիսկ 42 աստիճան ջերմություն: Սակայն ոչ մի օր իրականում 38 աստիճանից ավելի չեղավ (դա էլ ընդամենը երկու-երեք օր նկատվեց), իսկ թե ինչի համար էր դա արվում, այնքան էլ դժվար չի հասկանալ: Ուղղակի ժողովրդին այդ ջերմային ահաբեկումով փորձում էին կաշկանդել ու հեռու պահել քաղաքական ակցիաներից՝ չըմբռնելով, որ մարդկանց հոգիներում ու սրտերում ջերմությունը շատ ավելի բարձր է, որ դեռ 44-օրյայի վերքերը սաստիկ ցավում են, որ գերիները ժամ առաջ վերադարձի են սպասում, իսկ Եռաբլուրի դրոշները՝ ալեկոծ վրեժ մռնչում: Այդ ծանր ու դժվարին օրերին, երբ հայրենիքն էր մաս-մաս զիջվում, երբ քաղաքամայր Երեւանի սրտում բոլորովին անմեղ մարդիկ էին զոհվում, երբ պարբերաբար մետրոյում եւ այլ կարեւոր կառույցներում ռումբի առկայության մասին տագնապներ էին հնչում, երբ մարդիկ վախեցած ու անասելի շփոթված էին, երբ նույնիսկ Աստծո տունն էր վտանգված (ռումբի առկայության մասին հաղորդագրություններում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էլ էր հիշատակվում), երբ վերջապես երկրում երկօրյա սուգ էր հայտարարվել, շատերը դարձյալ զբաղված էին ներքին թշնամանք քարոզելով, օդում մի հարց էր կախված՝ լավ, այսպես մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր…
2. Օգոստոսյան երեւանյան շոգը կարծես քիչ էր, Սուրմալու տոնավաճառի պայթյունների ու հրդեհի ջերմափոշախառը թունավոր ամպերն ու մարդկային ողբերգության ցավագին դրսեւորումներ գումարվեցին: Ասում են, թե ժողովուրդների իմաստությունը գալիս է տարիքի հետ միասին, բայց հայերի մոտ տարիքը եկել է մենակ: Սա լիուլի վերաբերում էր նաեւ Սուրմալուի ողբերգության ընթացքում ստեղծված ծանրագույն վիճակին: Երբ մարդկային ողբերգության կողքին հաճախ հայտարարվում էր Երեւանի կարեւորագույն կառույցներում ռումբեր լինելու եւ դրանց մասին իրարամերժ կարծիքներ հնչելու, երբ արտաքին թշնամուց ավելի մարդկանց վախեցնում էին հայ քաղաքական ուժերի տարբեր, հակընդդեմ կեցվածք ունեցող ներկայացուցիչները, երբ անորոշության տագնապը համատարած էր դարձել եւ այլն: Իսկ ներկա պահին, երբ հայ ազգը այժմ կանգնած է գոյության պայքարի առջեւ ու բազմադարյան պատմություն ունեցող ժողովրդին հայրենիքի փրկության համար ոչ մի բան պետք է չխանգարի, այդ ամենն իսկապես ահավոր էր: Եղավ մի պահ, երբ շատ արհավիրքներ, պՔտերազմներ, ցավ ու դժվարություն տեսած, բայց երբեք չկոտրված մեր ոգին սկսել էր դողալ ու երերալ:
Տարբեր կարծիքներ հնչեցին այդ չարաբաստիկ պայթյունի մասին: Իսկ մեր լավագույն մտավորականներից Արծրուն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզապես հայտարարեց. «Ես ոչ թե կարծում եմ, այլ միանգամայն համոզված եմ, որ «Սուրմալու» առեւտրային կենտրոնը պայթեցվել է վարչակարգի ուղղակի ցուցումով: Դրանք անելու են ամեն ինչ Հայաստանում բոշայա-թուրքական միացյալ համակարգ ստեղծելու գործում, որովհետեւ դա միակ ճանապարհն է Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու համար: Սա քաղաքական ծրագիր է, որը նրանց կողմից մինչ օրս իրագործվում է անշեղորեն: Դրա անհերքելի ապացույցներն են Արցախի պատերազմը հրահրելը, մեր բանակը կազմակերպված կերպով պարտության տանելը, հայ երիտասարդ սերնդի կոտորածը, ազատագրված տարածքների հանձնումը թրիքներին, մեր տարածքով ազիկ-թուրքերին ազատորեն ճանապարհ տրամադրելը եւ վերջապես Հայաստանում բոշայա-թրքական միացյալ կառավարման համակարգ ստեղծելը, ինչն էլ կլինի վերջը ոչ միայն ռուսների ներկայությանը մեր երկրում, այլեւ հայոց պետականության վերջնական կործանումը»: Գուցե չափազանցված է, բայց ներկա պահին ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ իրականությունից այնքան էլ հեռու չէ: Ինչպես ասում են՝ լրացուցիչ մեկնաբանություններն այս դեպքում իսկապես ավելորդ են: Ավելի շատ հակված ենք այն կարծիքին, որ «Սուրմալուն» որպես ահաբեկման եւս մեկ քայլ-միջոց բնակավայրերի հանձնման համեմատաբար սահուն ընթացք ապահովելու հնար էր:
3. Հենց օգոստոսին նախկինում Արցախի ու Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ զիջելու մասին շշուկներն սկսեցին իրականություն դառնալ: Ամսվա օրերի հաջորդականությանը զուգընթաց ավելի ու ավելի ուրվագծվեցին այն բնակավայրերի անունները, որոնք ինչ-որ անհասկանալի ու մութ պայմանավոր-վածությունների արդյունքում պետք է «նվիրաբերվեին մեր վաղեմի բարեկամ» ազերիներին: Այդ շշուկազարգացումները, ցավոք, ի վերջո իրականացան: Օգոստոսի 25-ին մեր իշխանությունների խիստ հսկողության ներքո (որ հանկարծ չլինի թե մերոնք իրենց ձեռքերով կառուցած ու կահավորած տներին որեւէ վնաս պատճառեն) մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի կարեւոր մասեր հանդիսացող Բերձորը, Աղավնոն եւ Սուսը ուղղակի հանձնվեցին հակառակորդին: Այսինքն, այդ բնակավայրերը թշնամուն նվիրելով՝ եւս մեկ քայլով նրան մոտեցրինք մեր բոլորի տներին: Իսկ ամենացավալին այն է, որ իրականում կտրվեց Հայաստանից Արցախ տանող միակ ճանապարհը եւ այն, որ երբեւէ, ողջ պատմության ընթացքում, հայերը թեկուզ պետականություն չունենալով իրենց սեփական Հայրենիքում այսքան քիչ տարածք չեն զբաղեցրել: Բայց այս ամենից զատ, ամեծանր բաներից մեկը ամոթն է՝ անսահման, անտանելի ու հոգեմաշ ամոթը: Ամոթն այն բանի համար, որ ինչ-որ բարբարոսներ եւ նրանց կամակատար խմբակ անում են այնպես, որ մեր սերունդները թքեն մեր գերեզմանների վրա, քանի որ անարժան ենք եղել այս դրախտային լեռնաշխարհի տերը լինելու բարձրագույն կոչմանը եւ այն մաս առ մաս զիջել ենք բարբարոսական հորդաներին: Աստված իմ, սա չի՞ այն իրավիճակը, երբ սովորաբար ասում են՝ մեռոնին թույն խառնեցին…
Շատերն են հիմա գրում, հայհոյում, պախարակում ներկա վարչակարգին: Համամիտ եմ, բայց նաեւ մտածում եմ, որ անկախությունից էս կողմ, բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք: Տասնամյակներ շարունակ ոչ ոք ուշադիր չէր ժողովրդի անասնացման, դեբիլացման եւ հիպնոզացման գործընթացներին: Ոչինչ չարվեց, որ կանխվեր կրթական համակարգի քայքայումը, սերիալներով, շոուներով եւ անասուն տեխնոլոգիաներով` ազգի դեգրադացումը, որովհետեւ նախկին բոլոր իշխանա-վորներն էլ էին հետամնաց, սովետական դոգմաների դարաշրջանի պարտադրած աշխարհայացք ունեին: Այսօր պետք է յուրաքանչյուրն իր չափով իր մեղքը գիտակցի եւ ընդունի, որ հնարավոր դառնա նորովի առաջ ընթանալ: Պետք չէ աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնել, այլ երկրների դավաճան անվանել, քանի որ եթե քո երեխաները տգետ են, թերուս եւ բռի, մեղավորը նախ եւ առաջ ինքդ ես:
Ավելի ճիշտ կլինի ուրիշներին մեղադրելու փոխարեն պատմությունը սերտել, վերլուծել, հետեւություններ անել, եւ հասկանալի կդառնա, որ մեղավորը նախ մենք ենք: Դժվար չիհասկանալ նաեւ, որ Ռուսաստանի կրավորական պահվածքը պայմանա-վորված է աշխարհաքաղաքական իրավիճակով: Նա չի ցանկանում նոր ճակատ բացել, ռազմական ճակատ, համենայն դեպս, ռազմա-քաղաքական ճակատ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում: Քանի որ Ուկրաինական թնջուկը չլուծած՝ այդ կոնֆլիկտը նրան բացարձակապես պետք չէ: Իսկ մենք, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվենք, այլ հարկավոր է ուղիղ նայենք իրականությանը՝ Ռուսաստանը չի ճանաչել եւ չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում: Ռուսական քարտեզներում Լեռնային Ղարաբաղն առաջվա պես պատկերված է որպես Ադրբեջանի մաս: Ռուսաստանը ձգտում է (կհաջողվի թե ոչ, այլ հարց է) պահպանել իր դիրքերը Հայաստանում՝ չխզելով նաեւ իր սերտ կապերը Ադրբեջանի հետ: Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ չափով խաղալ այն խաղը, որը խաղում էին ամերիկացիները Մերձավոր Արեւելքում, երբ դաշնակցային հարաբերություններ ունեին եւ՛ Իսրայելի, եւ՛ Եգիպտոսի հետ: Մեզ մնում է հետեւություններ անել եւ մեր խաղը խաղալ հենց այդ խորապատկերի տիրույթում:
Հարկավոր է ըմբռնել, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ գործողություններն Արցախի ու արցախահայության նկատմամբ: Նրա ձեռագիրը չի փոխվել ու չի էլ փոխվելու: Ամենակարեւորն այս դեպքում Ադրբեջանի շանտաժին տեղի չտալն է, քանի որ թույլի եւ պարտվողի դիրքերից հանդես գալը շատ վտանգավոր է: Շատ, քանի որ եթե մի պահանջ բավարարեցիր, նոր պահանջներ է առաջ քաշելու: Իսկ մեր իշխանությունները թույլ, պարտվողական դիրք են բռնել, որը քաղաքական, դիվանագիտական եւ պատմական սխալ է, պետք է կարողանալ ուղղակի արժանապատիվ բանակցել: Իսկապես էլ, Ադրբեջանը ոչ մի դեպքում կանգ չի առնելու: Եթե զիջեցիր մի բան, ընդառաջեցիր նրա որեւէ պահանջին, նոր պահանջներ է դնելու (նրանց ախորժակն իսկապես ուտելուց է բացվում): Ասում են՝ փակելո՞ւ ենք միջանցքը, փակում են՝ թող փակեն, եւ ամբողջ աշխարհն էլ կտեսնի, թե ոնց է 120 հազար բնիկ հային իր բնօրրանում բայրաքթարներով ոչնչացում: Իսկ այդ ժամանակ ռուս խաղաղապահը կկատարի՞ իր պարտավորությունները, թե՝ ոչ՝ հետո պարզ կդառնա: Հասկանալի է նաեւ, որ միայն պաշտպանության բանակի ուժերը բավարար չեն պատերազմից հետո երկարած շփման գծի ամբողջ երկայնքով պաշտպանությունն ապահովելու համար, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել, զիջողականություն դրսեւորել. ամենեւին: Համենայնդեպս, ոչ մի դեպքում չի կարելի Ադրբեջանի շանտաժին տեղի տալ:
Հետո էլ, կարծում եմ, ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր: Նախկինում որոշ փորձագետներ եւ քաղաքական գործիչներ գրում էին, որ պետք է ամեն ինչ անել եւ կատարելագործել պաշտպանության բանակը, որ պատրաստ լինենք հակահարվածի, բայց գրեթե ոչինչ չարվեց: Այնինչ, այսօր էլ այս ամենն աչքի առաջ ունենալով՝ հարկավոր է օր առաջ հզորացնել բանակը եւ ոչ թե ինչ-որ հրաշքի սպասել: Առավել եւս, որ բացակայում է նաեւ այն երաշխիքը, որ մեկ-երկու տարի հետո խաղաղապահը, որ 2020-ի նոյեմբերի 10-ից որոշակի դրական դերակատարում է ունեցել եւ ապակայունացնող երեւույթներ իրեն թույլ չի տվել (Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նման), չի գնալու: Բոլոր դեպքերում այսօր խաղաղապահ առաքելության գործունեության արդյունավետության բարձրացման խնդիր նույնպես կա. պատերազմից հետո Էսկալացիայի մի քանի դեպքեր արդեն արձանագրվել են: Բնականաբար հայկական կողմը եւ՛ եռակողմ ֆորմատով, եւ՛ Ռուսաստանի առաջ պետք է բարձրացնի խաղաղապահ առաքելության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խնդիրը: Դա անընդհատ շարունակվող գործընթաց է, խաղաղապահ առաքելությունը բացարձակ հաջողված լինել չի կարող: Աշխարհի ոչ մի երկրում որեւէ խաղաղապահ առաքելություն չկա, որն իդեալական է եւ 100%-ով հաջողված, նույն Կոսովոյում, որտեղ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն է, այս տարիների ընթացքում միջադեպեր են եղել, էսկալացիա է եղել: Մեզ մոտ նույնպես, ցավոք սրտի, դա անխուսափելի է, որովհետեւ խաղաղապահ առաքելությունը առկա խնդիրների լուծման համար միակ դարմանը չի կարող լինել: Այսինքն, բոլոր դեպքերում պարզ ճշմարտություն է, որ եթե դու քո պաշտպանությամբ չես զբաղվում, ուրիշը չի զբաղվելու: Մեզ համար օրինակ կարող է ծառայել այն, որ Հայաստանի չափ Թայվանը 1,5 միլիարդանոց չինաստանից չի վախենում, ու իր շահն է առաջ տանում: Իսկ մեզ ամեն օր վախեցնում են 80 միլիոնանոց Թուրքիայով, որը համեմատած Չինաստանի՝ ոչինչ է: Թուրքիայով, որը սահմանային բոլոր երկրների հետ թշնամական հարաբերություններ ունի: Խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ թայվանցի զինվորը հայ զինվորից ավելի արի է: Խնդիրն այն է, որ Թայվանի ղեկավարությունը քնած չի, սթափ է գնահատում իրավիճակը եւ իր երկիրը չի թալանում, այլ բանակ ու տնտեսություն է հզորացնում:
Իհարկե, կասկածից դուրս է, որ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքում Հայաստանը պետք է ընտրի արժանապատիվ խաղաղությունը. նոր պատերազմը մեզ ավելի մեծ աղետներ կբերի: Սակայն հարկավոր է նկատի ունենալ նաեւ, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ներուժը միավորելու դեպքում հաջորդ պատերազմում մենք ենք հաղթելու: Այսինքն, որքան էլ օգոստոսյան շոգը, վարչակարգի կողմից սիրահոժար կերպով բնակավայրերի հանձնումը, «Սուրմալու» տոնավաճառի մահաբեր պայթյունն ու անմեղ զոհերի ցավը, տնտեսության ֆանտաստիկ աճի մասին թվերի հետնախորքի վրա, թոշակ-նպաստների 2000 դրամով բարձրացման հրապարակային հեգնանքը չեն կարողանա հայի ոգու կորովը կոտրել, եւ հեռու չէ այն օրը, երբ հայն ու Հայաստանը փյունիկի նման կհառնեն ու աշխարհին կապացուցեն, որ թուրքավարի գործելակերպը վտանգ է ոչ միայն հայերի, այլ հենց ողջ աշխարհի մարդկության համար:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր