Օրերս Ռիգայի «Սփլենդիդ Փելըս» կինոթատրոնում տեղի ունեցավ լատվիահայ ռեժիսոր Հայկ Կարապետյանի նոր ֆիլմի՝ «Սեմի ճանապարհորդությունների» (Sema ce ojumi) պրեմիերան: Ըստ սցենարի՝ իր հորը փնտրող օտարերկրացի Սեմը հասնում է հեռավոր լատվիական գյուղ, որտեղ գերի է ընկնում տեղի խոզաբույծներին: Նրան շղթայակապ են անում, մինչդեռ գյուղացու դուստրը սկսում է հետաքրքրվել նրանով, իսկ մի խոսող խոզ առաջարկում է օգնել, որպեսզի Սեմը փախչի: Ֆիլմի արտադրիչն է Գինտ Գրուբեն («Միստրուս մեդիա» ստուդիա), իսկ տղամարդու գլխավոր դերակատարը՝ դերասան Քեւին Յանսենսը (Բելգիա):
Մշակութային լրագրող Անդրեյ Շավրեյը Լատվիական հեռուստատեսության եւ ռադիոյի պորտալում նշում է, որ Կարապետյանը հաճախ է նկարահանում կոշտ, դաժանաբարո ոճի ֆիլմեր. ռեժիսորը չի խուսափում սուգեստիվ (ներշնչող, միտքը, զգացմուքնները խթանող) թեմատիկայից, որը հաջողությամբ է էկրան հանում՝ հավակնելով հետագայում դառնալ «երկրորդ Ռոման Պոլանսկի»: Նկատելով, որ ֆիլմում սոսկալի տեսարաններ կան՝ Շավրեյը փաստում է. «Կինոնկարը, որքան էլ տարօրինակ է, հեշտ է դիտվում, ձանձրալի չէ, եւ դրանում վերջիվերջո որոշ նվազագույն սյուժետային լարվածություն պահպանվում է՝ արդյո՞ք հերոսը կազատվի»: Հոդվածագրի համոզմամբ՝ ֆիլմը դիտողին «ստիպում է մտածել, թե ինչն ինչոց է: Եվ ինչո՞ւ»:
Ելենա Վլասովան Jauns.lv պորտալում գրում է, որ ֆիլմը կարելի է բնորոշել ոչ միայն որպես «սեւ կատակերգություն», այլեւ՝ գոթական հեքիաթ. «տեղ-տեղ ֆիլմը շատ վախեցնող է, ոչ առանց սեւ հումորի եւ անհավատալիորեն գեղեցիկ. ամեն մի տեսարան ասես 18-19-րդ դարերի եվրոպական գեղանկարչության կենդանացած կադր լինի»: Որպես սցենարի կարեւոր կողմնորոշիչ՝ նա մատնանշում է Ոդիսեւսի ու Կիրկեի մասին հին հունական առասպելը, որտեղ Ոդիսեւսի ուղեկիցները խոզերի վերածվեցին, իսկ ինքը՝ Ոդիսեւսը, Կիրկեի գերին էր կղզում:
Լրագրող, լատվիական Rus.tvnet.lv պորտալի խմբագիր Անդրեյ Տիմոֆեեւը եւս անդրադարձել է «Մարդիկ այնտեղ» պաշտամունքային ֆիլմի հեղինակ» Կարապետյանի նոր աշխատանքին՝ նշելով, որ ռեժիսորից բացի՝ դրա սցենարի համահեղինակն է ռուսաստանցի Ալեքսանդր Ռոդիոնովը՝ հայտնի Վալերիա Գայ Գերմանիկայի եւ Բորիս Խլեբնիկովի հետ իր համագործակցությամբ: Ըստ լրագրողի՝ նոր ֆիլմը «թեեւ սեւ, բայց բոլոր դեպքերում կատակերգություն է, հեքիաթ մեծահասակների համար», ինչին համապատասխանում է նաեւ կադրից դուրս հնչող «քնեցնող ձայնը, որ կարծես երեխային (դիտողին) բացատրում է հերոսների գործողությունների թաքնված շարժառիթները», իսկ «ֆիլմը կարծես կոչ է անում հանդիսատեսին դառնալ համահեղինակ»՝ շարունակելով մտածել իրադարձությունների իմաստի մասին:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ