«Հայաստանը տարեց մարդու է նման, որ, նստած լինելով արդի պատմության ճամփեզրին, սրան-նրան կպատմի՝ որքան ժիր երիտասարդ է եղել»

390

«Ազգ»ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը

— Հայաստանը հերթական անգամ «շոկ» է ապրում, այս անգամ նոյեմբերինյան հայտարարության կետերից մեկը՝ 6-րդն է կյանքի կոչվում, բայց հասարակական ու քաղաքական դաշտը, չգիտես ինչու, միայն հիմա է արթնացել ու դժգոհում, թե կորցնում ենք Բերձորն ու Լաչինը։ Դժգոհությունն էլ սոսկ սոցցանցային տիրույթում է։ Տպավորություն է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հասարակությունը բողոքների դասի է վերածվել։ Ինչպե՞ս թոթափել մեզ պատուհասած բամբասկոտ կնոջ այս սինդրոմն ու մտածել իրապես ու գործուն քայլեր ձեռնարկելու մասին։

— Մեր հասարակությունը միատարր չէ. մեզանում մշտապես եղել են ե՛ւ հայրենասեր, ե՛ւ կեղծ հայրենասեր, ե՛ւ անհայրենիք հայեր, ովքեր ներկայումս, ցավոք, հավասար ձայնի եւ խոսքի իրավունք են ստացել։ Ավելին, հենց կեղծ հայրենասեր եւ անհայրենիք խմբերն են, ովքեր հակված են պոպուլիզմի՝ հաղորդակցական գերակտիվության։ Կեղծ հայրենասերների խոսքային գերակտիվությունն ու ինքնացուցադրումը այդպիսի մարդկանց ինքնահաստատման գրեթե միակ միջոցն է, իսկ անհայրենիք մարդիկ այսօր գովում են Հայաստանը, վաղը՝ Թուրքիան, մյուս օրը՝ Ադրբեջանը, եւ այլն։ Խնդիրն այն է, որ մեզանում հայրենասիրության իրական, փաստացի եւ ապացուցելի կենսակերպը եւ գործունեությունը չէ, որ իշխանության է բերում, այլ այլոց հանդեպ ինքնահաստատման կարողությունը՝ կեղծ հեղինակությունը, եւ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվելը, ժողովրդական լեզվով ասած՝ «կրուտիտը», կամ արագ եւ առանց սկզբունքների կողմնորոշվելու կարողությունը։ Հայկական «կրուտիտը», թափառաշրջությունը (բացի սեփական երկրից եւ տնից՝ մնացած ամեն տեղ սիրելը), կեղծ հեղինակություն դառնալն ու նման կեղծ հեղինակություններով շրջապատվելը, հայ իրականության մեջ ստացել են ամենաբարձր՝ ինստիտուցիոնալ բնույթ, այսինքն՝ մեծամասնական են, եղանակ են թելադրում, պաշտոնականացվել են։ Վաղուց նորմալ է դարձել պետական բյուջեի հաշվին էլիտար կենսակերպով ապրելը, անձնական նպատակով շրջագայելը, իսկ ՔԾԲ ինստիտուտն ամենագործունն է Հայաստանում։ Հայկական բուհական համակարգը, անգամ եթե լիներ աշխարհի լավագույն համալսարանների մակարդակին, մեր երիտասարդներին եւ լավագույն կադրերին հայաստանյան աշխատաշուկայում չէր ապահովի առաջխաղացմամբ այնպես, ինչպես դա շարունակում է անել քավոր-ծանոթ-բարեկամ սկզբունքը։ Որպես հետեւանք` հայ մասնագետները Հայաստանում չէ, որ ինքնահաստատվում են, մինչդեռ Հայաստանում ինքնահաստատվում են նրանք, ում այլ պետություններում աշխատատեղին անգամ մոտ չէին թողնի։

Մեր հասարակության սեփական հիվանդություններին այսօր գումարվել է նաեւ սպառողականությունը. ավելի հակված ենք սպասարկվելու, քան՝ ինքնուրույն ստեղծելու, ուտելու, քան՝ պատրաստելու, օգտվելու, քան՝ օգուտ տալու։ Այս իմաստով սեփական անվտանգության ապահովումը հակված ենք եղել բարդելու այլոց վրա։ Թող մեզ բոլորը սիրեն, կերակրեն, պաշտպանեն, տեղափոխեն, սպասակրեն, իսկ մեր գործն է՝ բոլորին հիշեցնել, թե ով է առաջին քրիստոնյա ազգը, ով է ծովից ծով եղել եւ ում են բոլորը պարտական գունավոր հեռուստացույցի համար։ Այո, սա հիվանդություն է, իսկ հիվանդ հասարակությունն իր մեծամասնությամբ (խոսքը բոլորի մասին չէ) ունակ չէ պաշտպանվելու, հարձակվելու, պլանավորելու, կանխատեսելու, բանակցելու, եւ այլն։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Իսկ ո՞վ է ասել, որ միշտ չէ, որ այդպես էր։ Նայենք մեր պատմական քարտեզներին, հայերով բնակեցված տարածքների սեղմվելու մեր պատմությանը։ Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան, այժմ նաեւ՝ Արցախ։ Իսկ միայն մյուսներին մեղադրելը թուլության, խորամանկելու, սեփական սխալները չընդունելու նշան է։ Խոնարհաբար ներողություն եմ ուզում խնդրել մեր լավագույն հայերից՝ ողջ եւ նահատակված. ներեք, որ մեր մեջի վատն է պարբերաբար հաղթում, եւ որ ձեր հաղթանակներով հանդերձ՝ բոլորս պարտվում եք։

— 30 տարի հասարակության գրեթե 100 տոկոս պայքարել է, ծանոթ է մեջ գցել, արել է հնարավորն ու անհնարինը, որպեսզի իր զավակը հանկարծուհանկարծ Արցախի Հանրապետությունում չանցնի ժամկետային ծառայությունը։ Հիմա բոլորն աղիողորմ լացում են, թե «մաս-մաս հանձնում են Արցախը» եւ այլն, եւ այլն։ Ինչպե՞ս ազատվել զարհուրելի այդ երեսպաշտությունից։

— Չգիտեմ, սակայն ինքս Հայաստանում կարգուկանոն ստեղծելը կսկսեի հետեւյալից. կհանեի օդանավակայանների եւ ՀՀ ցամաքային սահմանների անցակետերի տեղեկատվությունն առ այն, թե ովքեր են Հայաստանից շտապ մեկնել 2020թ. պատերազմի 44 օրերի ընթացքում, եւ ովքեր են այդ օրերին արտերկրից Հայաստան վերադարձել։ Վերադարձածներին կառաջարկեի զբաղեցնել պաշտոններ ՀՀ կառավարությունում, իսկ մեկնածներին կզրկեի Հայաստանում պաշտոն ստանձնելու, սեփականություն ձեռք բերելու իրավունքներից եւ արտոնություններից։

— Հետպատերազմական իրավիճակում, երբ հասարակության տարբեր զանգվածներ իրար տանել չեն կարողանում, ատում են հնարավոր ուժգնությամբ, ինչպե՞ս թոթափել այդ ամենն ու իսկապես համախմբել մեկ երազանքի շուրջը։ Ո՞րը կարող է լինել համախմբող այդ երազանքը։

— Պատմությունը ցույց է տալիս, որ հայերիս համախմբել չի հաջողվել անգամ ամենատաղանդավոր, հայրենասեր հայ առաջնորդներին, ում վերջիվերջո նաեւ սպանել են իրենց իսկ հայրենակիցները։ Սա ամենեւին էլ չի նշանակում, որ ինչպես այժմ խիստ տարածված է ասել՝ «դավաճանների ազգ ենք»։ Նման հայտարարություններով մեր ազգի առողջ արմատները սպանողները պետք է պատժվեն հայատյացության, թշնամու կարգախոսների տարածման համար։ Այն, ինչ մարդիկ հակված չեն անելու բարի կամքով, անհրաժեշտ է ստիպել։ Ինքներս տեսանք, թե ինչպես տուգանելը «սովորեցրեց» հայերիս փողոցն անցնել միայն թույլատրելի տեղերում եւ կանաչ լույսի տակ։ Նույնը պետք է անել Հայաստանի եւ միմյանց հանդեպ հարգանքի, հոգատարության, փոխաջակցության սերմանման առումով. անընդհատ եւ անկախ անձի ով լինելուց պատժել հակառակը։ Իսկ եթե հայերիս մոտ դա սեփական ցանկությամբ եւ նախաձեռնությամբ այդպես էլ չստացվի, մեզ հերթական անգամ կպատժեն ուրիշները։  

— Քաղաքականությունից խոսենք։ Խորհրդարանական ընդդիմությունը, ձախողելով փողոցային հերթական պայքարն ու չկարողանալով հասնել Փաշինյանի հրաժարանին, հերթական անգամ քարտ-բլանշ տվեց վերջինիս ձեռքը։ Ի՞նչ նպատակ ուներ «Դիմադրություն» շարժումը։

— Ներեցեք, բայց «Խորհրդարան», «ԱԺ», «պատգամավոր» եւ նման թեմաներով խոսելու համար ափսոսում են ժամանակս։

— Տեսակետ կա, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն խաղի մեջ են ու հրաշալիորեն են խաղում իրենց վերապահված դերը։

— Մեկ բան հաստատ պարզ է. մենք բոլորս՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից, նույն նավի մեջ ենք, եւ եթե այն խորտակվի՝ բոլորս ենք գնալու։ Որպեսզի դա տեղի չունենա, առնվազն փորձենք վերահսկել ինքներս մեզ եւ գոնե չանենք այն, ինչ բոլորիս համար վատ է։

— Հարափոփոխ ու պատերազմող աշխարհում (հատկապես, երբ այժմ ՀՀ-ի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանն է պատերազմում), ի՞նչ տեղ ու դիրք կարող է զբաղեցնել Հայաստանը։ Ինչպե՞ս ու ի՞նչ մոդելով։

— Հաշվի առնելով ներկայիս Հայաստանի անարդյունավետ իշխանությունների եւ ընդդիմության գործելակերպը, սպառողական եւ ինֆանտիլ հասարակական կենսաձեւը, մեզանում պլանավորման, քաղաքական կանխատեսման կարողությունների,  դիվանագիտական ներուժի բացակայությունը, մասնագետների արհամարհվածությունը, արժեքներով ապրելու փոխարեն բարքերով ապրելը՝ Հայաստանը որեւէ ակտիվ, անգամ՝ պասիվ դերակատարում այլեւս չունի եւ առանց այլոց թույլտվության, ակտիվացման, խթանման կարող է հանդես գալ միայն խիստ տարեց մարդու դերում, որ, նստած լինելով արդի պատմության ճամփի եզրին, սրան-նրան կպատմի, թե որքան ժիր երիտասարդ է եղել ժամանակին։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ