Վերջերս լույս տեսավ վանաձորյան լրագրող Հովհաննես Կարապետյանի պատմվածքների ժողովածուն: Ի դեպ՝ հինգերորդը:
«ՀԵՏԱՀԱՅԱՑ» անվամբ փոքրիկ ժողովածուում, բացի պատմվածքներից, կան հարցազրույցներ, ակնարկներ, մանրապատումներ, պարզապես մտքեր: Հեղինակը դիտարկում է կյանքը, ուսումնասիրում ժամանակակիցներին՝ փորձելով նրանց միջոցով տեսանելի դարձնել մեր ապրած ժամանակը:
Հովհաննես Կարապետյանը երիտասարդ տարիներին բախտ է ունեցել շրջանային «Գուգարք» թերթի խմբագրությունում հանդիպելու Եղիշե Չարենցի դստերը՝ Արփենիկին: Վերջինս ներկայացրել է մոր՝ Իզաբելլայի եւ գրող Գուրգեն Մահարու հուշերը պոետի մասին: Կարապետյանը, իհարկե, դրանք հրապարակեց «Գուգարք» թերթում եւ դրանք տեղ գտան ժողովածուում:
Գրքում հարցազրույցներ կան Վանաձորում ապրած արվեստագետների, թատրոնի արտիստներ Հակոբ Ազիզյանի, Ալեքսանդր Շագաֆյանի, գուսան Սարգիս Զաքարյանի հետ, որոնց միջոցով ընթերցողը տեղեկանում է նրանց կյանքին եւ ստեղծագործություններին:
Ժողովածուի 16 պատմվածքներում հեղինակը շոշափում է տարբեր թեմաներ: Դրանց հերոսները հասարակ մարդիկ են, մի քանիսը՝ ոչ պարզ կյանքով:
Հետաքրքիր են կարդացվում, նովելային առանձնահատկություններով աչքի են զարնում «ՓԱԽՈՒՍՏ ՄԱՀՎԱՆ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ», «ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻ», «ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ», «ՎՐԵԺ» եւ մյուս պատմվածքները, որոնք աչքի են ընկնում իրենց նուրբ լուծումներով: Այնուամենայնիվ լավագույնը, ըստ իս, «ՓԱՓԱԳՆ» է:
Նրա հերոսուհին՝ Արեւիկ մայրիկը ծնվել է Արեւմտյան Հայաստանում ու ապրել 100 տարի, բոլոր տարիներին ծառայելով բարությանը: Անգամ պատկառելի տարիքում գործում է գուլպաներ Արցախում կռվող ազատամարտիկների, երկրորդ աշխարհամարտում հայրենիքի պաշտպանների համար: Գրողը պատմում է նրա պատանեկության ժամանակաշրջանի հայի դժնի օրերի, եղեռնի, թուրք ժանդարմների անմարդկային արաքների մասին, որոնք լկտիավարի ծիծաղում են՝ «Դե որտեղ է ձեր Քրիստոսը, ինչո՞ւ չի փրկում ձեզ»: Փրկել կարող էին միայն յուրայինները:
Նրանցից մեկը Սեպուհն էր, որին եւ պայքարի մեջ ուզում էր միանալ Արեւիկը: Բայց Սեպուհը մերժում է ասելով. «Կռիվը աղջկա գործը չէ»…
Բաժանման պահին նա մի քանի տող է գրում թղթի կտորի վրա, կտրում իրենից մի փոքրիկ մազափունջ եւ փաթաթելով թաշկինակի մեջ՝ տալիս սիրած աղջկան ու պատվիրում բացել տարիներ հետո, երբ հայրենիքը կլինի ազատ ու անվտանգ:
Սեպուհը ընկերների հետ զոհվում է հայրենիքի համար թուրք հրոսակների դեմ անհավասար պայքարում: Նրա պատվիրանը Արեւիկը սիրով պահում է զարդատուփի մեջ: Պահում է ամբողջ կյանքում՝ գորովանքով:
Արեւիկ մայրիկի թաղման ժամանակ նրա հարազատներից մեկը կատարում է Սեպուհի պատվիրանը եւ թաշկինակը՝ մազափնջով եւ գրությամբ, դնում է աճյունի կողքին: Իսկ թղթի վրա գրված էր. «Իմ աննման Արեւիկ: Այս երկու օրը կռիվը առավել մոտիկեն ճանչցա: Հասկցա, որ կռվել հայրենիքի համար, ըսել է ՝ կյանքը շատ սիրել: Իսկ սերը ուժ է, գոյության, կեցության ձեւ: Հնարավոր է, որ գլուխս վար դնեմ հայ մնալու համար թշնամու դեմ այս անհավասար պայքարին մեջ: Բայց կհավատամ, որ ունենալու ենք մեր հայրենիքը:
Կխնդրեմ մայր հողին արժանացրու գոնե աս փոքրիկ մազափունջս:
Իմ անուշիկ Արեւիկ, կռիվս նաեւ քեզի համար է: Կսիրեմ քեզի: Ընդմիշտ քո՝ ՍԵՊՈՒՀ»:
Ահա այս երկտողն ու մազափունջն էին, որ որպես փափագ, իղձ ու երազանք զարդատուփից պահ տրվեցին մայր հողին:
Այդ գողտրիկ պատմվածքը երեւի ճիշտ կլիներ դնել ժողովածուի վերջում՝ կյանքի իմաստի եւ հայրենիքի ճակատագրի մասին հեղինակի խոհերի ու մտքերի հարեւանությամբ:
Մարդն ի ծնե ձգտում է Աստծուն, բայց հանդիպում է Սատանային:
Սերը կամուրջ է, որը հարկավոր է մշտապես նորոգել: Ընդ որում երկու կողմից:
Հետաքրքիր է, եթե Երկիր մոլորակը հռչակվի Թուրքիա, թուրքի աչքը կկշտանա՞ ու կհագենա՞…
Հայաստանը լույս է խավարի մեջ:
Հեղինակը, անխոս, ճիշտ է եւ՛ լույսի, եւ՛ խավարի հաշվով: Պատմության հազարամյակներին մենք միշտ ձգտել ենք դեպի լույսը՝ անտեսելով չորս կողմի խավարը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ