Համաեվրոպական ուշացած հանրահավաք Բրյուսելում
Արցախի վերջնական հայաթափությունից հետո միայն Եվրոպայի հայ համայնքի հինգ հարյուր կազմակերպություններ միահամուռ զարկ տվեցին Եվրոպայի քսան քաղաքներում միաժամանակ կազմակերպելու միասնական հանրահավաք ի պաշտպանություն Արցախի:
Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում վերջին անգամ Արցախի պաշտպանության համար հանրահավաք անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին էր կազմակերպվել, որտեղ մոտ հիսուն մարդու ներկայություն էլ չկար: Հիմա , երբ արդեն Արցախը վերջնականապես կորցրինք, Եվրոպայի հայությունը՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայի տարբեր քաղաքներից միասնական բռունցք դարձած ոտքի ելավ իր բողոքի ձայնն ու սրտի ցավը բերելու Բրյուսել ՝ Եվրոհանրությանը իրազեկելու համար:
Հոկտեմբերի 1-ին, կիրակի օրը, Եվրոմիության «Շումանի» անվան հրապարակում հայության հոծ բազմություն էր հավաքվել ի պաշտպանություն Արցախի: Սովորաբար շաբաթ-կիրակի Եվրոմիության ոչ մի ատյաններում աշխատանքային օրեր չեն, հետեւաբար հայության ձայնը, աղերսը, քննադատող խոսքերն ու ճչացող պաստառները դարձյալ լսելի էին ավելի շատ մեր հայկական լսարանին , քան եվրոպական ,առավել եւս Եվրոխորհրդի, կամ Եվրոհանձնաժողովի պատասխանատուներին:
Սովորաբար որեւէ հանրահավաքի ժամանակ Բելգիայի ոստիկանությունը տարածքում կրկնակի վերահսկողություն է կազմակերպում: Երկաթյա հատուկ պատնեշներով տարածքը փակվում, անվտանգությունը հնարավորինս ապահովվում է, բայց այս անգամ հանրահավաքի մեր հայ կազմակերպիչները, չգիտես ումից եւ ինչից զգուշանալով, բեմահարթակի մոտ կրկնակի երկաթյա պատնեշներ էին դրել եւ հատուկ հսկիչներ կարգել, որպեսզի բեմահարթակի տարածքին ոչ-ոք չմոտենա:
Տարիներ ի վեր մասնակցել եմ Բրյուսելում կայացած հայկական հանրահավաքներին, բայց առաջին անգամ եմ տեսնում հայերի կողմից այսչափ վախվորածություն, այն դեպքում, երբ անգամ լրագրողին ներս թողնելու համար մուտքը հսկող հայ երիտասարդներին բացատրում ես, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու իրավունք չունեն, միեւնույնն է՝ կատեգորիկ հրաժարվում էին լսել: Թե ինչու եւ հատկապես հենց այս հանրահավաքն ուղեկցվեց այդչափ զգուշավորությամբ այն էլ Բրյուսելի ամենավերահսկելի կենտրոնում, ինքնին տարակուսելի էր: Ուզում եմ հուսալ , որ այն պայմանավորված չէր պատերազմ տանուլ տալու պարտվողի հոգեբանությամբ, Արցախը թուրքին հանձնելու եւ Եվրոպայում ապրող թյուրքահամայնքից զգուշանալու գործոնավ:
Հանրահավաքի նախաձեռնողներն էին «Եվրոպացիներ հանուն Արցախի» սփյուռքում գործող հայկական հինգ հարյուր կազմակերպություններ, ինչպես նաեւ Բրյուսելում ՀՅԴ Հայ դատի եվրոպայի հանձնախումբը: Ցուցարարները սրտահունչ «Զարթնիր լաո» երգեցին, թուրք ասկյարին անիծեցին, նորից ու նորից կրկնեցին, որ «Սուլթան կուզե ջնջել մըզի», ապա Ալիեւին իրավացիորեն ոճրագործ ու ցեղասպան որակեցին, Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենին եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին հանցագործ որակեցին՝ երկերես քաղաքականության համար:
Բանախոսներն իհարկե չմոռացան նաեւ երախտիքի խոսքեր շռայլել Հայաստանին եւ Արցախին սատարող Եվրոպական պատգամավորներին եւ հասարակական կազմակերպություններին;
Հանրահավաքը մոբիլիզացրել էր Եվրոպայի տարբեր լրատվամիջոցներին: Նույն օրը մեր գործընկերներն օպերատիվ՝ բավականին լայն լսարան ունեցող լրատվամիջոցներով լուսաբանեցին Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը:
Սեպտեմբերի 19-ից սկսած եվրոպական գրեթե բոլոր լրատվամիջոցներով պարբերաբար իրազեկվում է արցախահայության էթնիկ զտման, ադրբեջանցիների զավթողական, ռասիստական քաղաքականությունը, իսկ ադրբեջանական փաթեթավորմամբ ռուսական վառելիքի դիմաց Եվրոպայի համակ լռության մասին:
Ցավոք՝ հայերս կորցնելուց հետո ենք միայն ուշքի գալիս, կորցնելուց հետո ենք, այն էլ կարճատեւ ժամանակով միասնական դառնում, փորձում աշխույժ, գործնական քայլեր ձեռնարկել: Եթե այսօրինակ ուժգնությամբ հանրավաքներ Եվրոպայի սրտում ամեն շաբաթ կազմակերպվեր, յուրաքանչյուրս մեր հերթին հնարավորն ու աներեւակայելին անեինք, գուցե այսօր Արցախի կարգավիճակն այլ լիներ, բայց ցավոք՝ ստացանք այն, ինչ հիմա ունենք, հայաթափված Արցախը:
«Իրավիճակը շատ ծանր է,- մեր զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, հավելելով, որ իր ղեկավարած հանձնախմբի համար այլեւս շատ դժվար է որեւէ բան փոխել , որովհետեւ փաստացի որոշումներն ուրիշ մակարդակի վրա են կառուցվում, բայց այս ցույցի նպատակն է ցույց տալ մեր անհամաձայնությունը, եւ որ անհրաժեշտություն կա մի կողմ դնել բոլոր քաղաքական տարաձայնությունները, համախմբվել եւ ծրագրեր իրականացնել: Եվրոպական գործադիր մարմիններին նախ հստակ ցույց տալ, որ իրենց վարած քաղաքականությունն անընդունելի է, եւ մենք որպես Եվրոմիության քաղաքացիներ այսուհետ որպես պահանջատեր քաղաքացիներ ենք հանդիսանում եւ ոչ թե ինչ-որ բան խնդրում, այլ պահանջում, որպես հարկատուներ, որ իրենք հաշվետու լինեն իրենց երկրի քաղաքացիներին: Նաեւ ուզում ենք սփյուռքյան հինգ հարյուր կազմակերպությունների շրջանակն ընդլայնել, ներգրավել միջազգային եվրոպական կառույցներ, որպեսզի մեր մասին ավելի շատ խոսվի»:
Մեր հարցին, որ թեեւ մինչ օրս ՀՅԴ Եվրոպայի հանձնախումբը Բելգիայում առանց չափազանցնելու միակն է, որ ծավալուն աշխատանք է տարել Արցախի խնդրի ուղղությամբ ու մշտապես հետեւողական եղել, բայցեւայնպես այսօր փաստացի կանգնած ենք դժխեմ կացության առջեւ:
Հեղինե Էվինյանը համակարծիք լինելով նկատեց, որ «միգուցե մոբիլիզացիան այդքան ուժեղ չի եղել: Այսօր արդեն կան այլ ծրագրեր, նաեւ կարեւոր է, օրինակ, արցախցիների համար կառուցել բնակավայր, որպեսզի նրանք մի տեղ լինեն, որ հնարավորություն լինի պահպանել իրենց բարբառը եւ մնան ու բնակվեն Հայաստանում, այլ ոչ թե աշխարհով մեկ ցրվեն:Աշխարհաքաղաքական շահերի բախման արանքոււմ ենք հայտնվել, բայց նաեւ անցյալ տասնամյակների ու առավել եւս ներկա իշխանությունների վարած անպատասխանատու քաղաքականության հետեւանքով ենք հայտնվել այս իրավիճակում: Հայաստանը չի կարողացել պահպանել կոմպլեմենտարության սկզբունքը՝ լավ իմանալով հանդերձ Ռուսաստանի ուժը տարածաշրջանում: Անգամ Վրաստանը ժամանակին ճիշտ գիտակցեց: Իսկ մե՞նք: Մենք չէինք կարող հաշվի չնստել այդ ամենի հետ», ընդգծեց Հեղինե Էվինյանը համոզմունք հայտնելով, որ պետք է վարել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն: Եվրոպայից մինչ այսօր ի՞նչ ենք ստացել: Ստացել ենք միայն հայտարարություններ, բայց գործնական ոչինչ: Մեզ պետք է երկարաժամկետ ռազմավարություն մշակել, պետք է փոխել Հայաստանի վիճակը, հզորացնել այն:
«Երեկ Նախիջեւանը, այսօր Արցախը, վաղը Սյունիքի եւ Երեւանի հերթը կգա,, ահազանգում էին բեմահարթակում բանախոսները: ԵՄ-ի, Ամերիկայի, Ռուսաստանի խլացուցիչ լռությունն ու անգործությունը ամրացնում են բռնակալ Ալիեւին, որպեսզի Էրդողանի զորակցությամբ մեկ դար առաջ սկսած Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնեն: Եվրոմիությունը հանցագործ է, հայի արյունն են վաճառում ռուսական վերավաճառվող գազի փոխարեն» զրնգուն ձայնով, շատ ոգեւորիչ տոնով աղաղակում էին ցուցարարները, իսկ հավաքված հոծ բազմությունը Շառլ Միշելին, Ուրսուլա ֆոն դեր Լեյեին, Ժոզեֆ Բորելին հասցեագրված քննադատական ամեն խոսքից հետո ուժգին սուլոցներով համաձայնության աղմուկով էին պատասխանում:
Անառարկելի է. Եվրոպայի հայ համայնքը ժամանակ առ ժամանակ իհարկե միասնական է դառնում, բայց ափսոս՝ միայն շատ կարճ ժամանակով , կամ էլ կորցնելուց հետո է միայն կարողանում գտնել ազդեցիկ խոսքեր, բղավել, աշխարհին քննադատել, մեր բախտից դժգոհել, տարիներով նույն խոսքերը կրկնել, Եվրոպային մեղադրել, նաեւ փորձել պարտավորեցնել, հետո տուն վերադառնալ՝ համարելով, որ հայրենանվեր գործ արեցինք: Մենք հայերս միայն մեղավորներ ենք փնտրում, իսկ ի՞նչ ենք անում մենք մեզ համար, գործնական ի՞նչ քայլեր ենք արել: Անցյալի մեր սխալներից դասեր չենք քաղել, չենք սթափվել, մեր գլուխը շոյողներին հավատացել, հարյուր տարուց ի վեր մեր հույսը դարձյալ օրորոցին թողել: Հիմա արդեն հասել ենք նրան, որ այսօր վտանգված է նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը: Մենք պետք է մեր վրա հույս դնենք, ինքնախաբությամբ չզբաղվենք, ինքնակազմակերպվենք:
Ավելի քան երեք ժամ տեւած հանրահավաքը զգոնության եւ քննադատության կոչով էր լեցուն: Զղջման ու ափսոսանքի ուշացած խոսքերով, հարուստ ելույթներով հեղեղված: Մինչդեռ այսօր զոհասեղանի հաջորդ զոհը թանկ գնով ձեռք բերված Հայաստանի անկախությունն է: Այլեւս կիրակնօրյա հանրահավաքներին վերջ տալ է պետք: Ավելի գործնական ու հմուտ պետք է լինել: Եթե Եվրոպայի հայերը պատրաստ են կիլոմետրերով ճանապարհ կտրել ու Բրյուսել բերել իրենց բողոքի ձայնը , ապա շատ ավելի մարդկային ու հայրենանվեր գործ արած կլինեն, որ յուրաքանչյուրն իր քաղաքում, շրջանում կամավորական խմբեր ձեւավորեն, թեկուզ մի քանի ամսով մեկնեն Հայաստան՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:
Հանրահավաքում բազմաթիվ երիտասարդներ կային, որ շատ պարտաճանաչ, եռանդով իրենց հանձնարարականն էին կատարում, երկաթյա պատնեշներն էին հսկում, որպեսզի ոչ ոք բեմահարթակին հանկարծ մի քայլ անգամ մոտ չգնար: Նույնիսկ չխնայեցին տարեց, ձեռնափայտով մի կերպ դողդողալով քայլող հայ պապիկի խնդրանքը, ով նստելու տեղ էր նկատել ու փորձում էր առաջանալ, բայց այդպես էլ մեր հայ երիտասարդները թույլ չտվեցին: Նման զգոն երիտասարդների կարիք մեզ ավելի շատ պետք են Հայաստանի սահմանները հսկելու համար, որ կարողանան թուրքի դիմաց այդպես քաջ երեւալ, այդպես անողոք լինել: Հայրենիքը հեռվից խոսքերով սիրելը, եռագույն դրոշներ ծածանելը հեշտ է, բոլորն էլ կարող են այն անել: Հիմա մեզ ոչ թե գոռգոռացողներ, ճառ ասողներ են պետք, այլ հստակ զանգ կախողներ: Եվրոպայում ապրող, բարձր ճղճղացող, միմյանց վարկաբեկող, չկամեցող, չհարգող, չսիրող հայերի պակաս չկա:
Մեր երիտասարդներն ամեն տարի Հայաստան են գալիս, զինվորակահ հագուստով ու որսորդական հրացան ձեռքներին նկարներով համացանցերում մեծամտանում են, հայրենասիրական դասեր տալիս, բայց նրանց մեծ մասը բանակից խուսափած, մինչ օրս ծնողների գուրգուրանքով ու հովանու տակ ապրող թիկնեղ, հեռվից Հայաստանը սիրող հաստաբազուկ տղամարդիկ են:
Համախմբվել է պետք, ուժերը միավորել, հստակ ռազմավարություն մշակել, նպատակասլաց գործողություններ ձեռնարկել: Եթե չունենանք ճիշտ ռազմավարություն, ուժեղ բանակ, ապա մեր դիվանագիտությունն էլ չի կարող ուժեղ ու պաշտպանված լինել:
Հոկտեմբերի 25-ին եվրոխորհրդարանում Արցախի վերաբերյալ նախատեսվում է համաժողով, նաեւ մամուլի ասուլիս՝ մարդկության դեմ հանցագործությունների ականավոր մասնագետների ներկայությամբ: Բայց թե ինչ են տալու այդ համաժողովներն ու մասնագետների ելույթները, մեզ արդեն պարզ է: Ոչինչ չեն տալու: Պետք է ընդունել, որ միայն ուժն է ծնում իրավունք: Բայց, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: Նորից ու նորից հուսանք, որ այսչափ ուժգնությամբ, թեկուզ ուշացած հանրահավաքը եվրոպահայերին կսթափեցնի: Այլեւս ժամանակ չունենք, շատ շտապ գործնական քայլեր են պետք:
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ
Բրյուսել