«Կովկասյան սրճարանը» Թեհրանում լույս տեսնող նորաթուխ պարբերականներից է, որն իր «մկրտությունն» ստացել է «Զանգեզուրյան միջանցքի» թեմային նվիրված բանավեճերի մասին քննարկումներ անցկացնելու «առաքելության» շնորհիվ, եւ կարծես արտոնագրվել է հենց այդ խնդրի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշումներին հակակշռող այլ մոտեցումներ առաջարկելու համար:
«Կովկասյան սրճարանը» նաեւ ստանձնել է թուրքական կողմի տեսակետներն իրանական լսարանին հասանելի դարձնելու առաքելությունն ու պարբերաբար բանավեճերի հարթակ է տրամադրում կայքին «հավատարմագրված» վերլուծաբաններին եւ փորձում ներշնչել, որ «միջանցքի» գործարկումն այնքան էլ չի հակասում Իրանի ազգային շահերին:
Նորաթուխ պարբերականը փորձում է նաեւ ընդունելի դարձնել այն տրամադրությունները, որ Թեհրանն ի վերջո ստիպված է լինելու Հարավային Կովկասին վերաբերող նախագծերի հարցում համերաշխություն հայտնել պրոթուրքական դիրքորոշումներին:
Նմանօրինակ հրապարակումներին հակադարձելու եւ «Զանգեզուրյան միջանցքի» սպառնալիքների վրա հանրության ուշադրությունը գրավելու նպատակով Թեհրանում շարունակվում են լույս տեսնել Իրանի պաշտոնական տեսակետներին համահունչ բազմաթիվ հոդվածներ: Պարբերաբար ներկայացվում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, արտաքին գերատեսչության ղեկավարի, արտաքին հարաբերությունների հետ առնչություն ունեցող մյուս պաշոտնատար անձանց տեսակետները:
Իրանական «azarpazhouh» կայքն իր վերջին խմբագրականներից մեկում, հակադարձելով նմանօրինակ հրապարակումներին, ի մի է բերել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ տարբեր առիթներով արտահայտած պաշտոնական տեսակետներն ու միջանցքի գաղափարը մերժելու հանգամանքները, որոնցից կարելի է առանձնացնել ներքոգրյալ դրույթները՝
1. Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիք եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություն
Իրանի հոգեւոր առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի տեսակետով, «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը չի բխում Հայաստանի շահերից, եւ Իրանը հետեւողականորեն շարունակելու պաշտպանել այդ դիրքորոշումը:
2. Իրանի տարանցիկության դերի թուլացում
Այդ միջանցքի գործարկման հետեւանքով, ըստ Ալի Խամենեիի, տարանցիկ ուղիները կարող են շրջանցել Իրանը: Դա հատկապես վերաբերում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքներով անցնող «Միջին» եւ «Տրանսկասպիան» միջանցքներին:
3. Մտահոգություն տարածաշրջանում օտար ուժերի ներկայության համար
Իրանի հոգեւոր առաջնորդն զգուշացրել է, որ այլ երկրների ներքին գործերին միջամտելուն միտված որոշ հեռավոր երկրներ (խոսքը, ըստ խմբագրականի, վերաբերում է Արեւմտյան եւ ՆԱՏՕ-ին անդամակցող երկրներին) իրենց գործադրած ջանքների համար կստանան համարժեք պատասխան:
Նաեւ հավելենք, որ Խամենեին մի առիթով ասել է՝ «Նրանք, ովքեր իրենց եղբայրների համար փոս են փորում, առաջինն իրենք են հայտնվելու այդ փոսի մեջ»: Ըստ իրանական «eghtesadsalem» կայքի, «եղբայրներ» ասելով, Հոգեւոր առաջնորդը նկատի է ունեցել Ադրբեջանին ու Թուրքիային, որոնց հայրաբար խորհուրդ է տվել չխախտել դրացիությունից բխող պարտավորությունները:
2022 թ. հուլիսին Թեհրանում անցկացված Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում ԻԻՀ հոգեւոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ նույնպես չի շրջանցվել «Զանգեզուրի» թեման, եւ հոգեւոր առաջնորդը անընդունելի է համարել պատմական եւ միջազգային սահմանների փոփոխությունը, մատնանշելով, որ Հարավային Կովկասում կարող է գործարկվել միայն այնպիսի միջանցք, որը հաշվի կառնի Իրանի երեք կարմիր գծերը. նախ՝ Սյունիքի մարզից անցնող մջանցքը պետք է գտնվի Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, եւ միջազգային սահմանների փոփոխությունը պետք է բացառվի: Երկրորդ՝ հաղորդակցական յուրաքանչյուր ճանապարհի դեպքում իրանական կողմի շահերի պահպանումը պարտադիր պայմաններից է: Իսկ երրորդ կարմիր գիծը, Իրանի հյուսիսային սահմաններին հարող տարածքներում ԱՄՆ, Իսրայել եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայության բացառելն է:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ