Մկրտիչ Գրաբսկու ծննդյան 75-ամյակին
«Անմահության ենք ձգտում ամեն օր…», եւ այդ ձգտումն էլ սխալ ուղի է բռնել՝ «Հավանական է՝ մեկը կհիշի…»: Ահա թե որքան սահմանափակ է անմահության գիտակցումը: Ապրում ենք որեւէ մեկի հիշողության մեջ մնալու ջանասիրությամբ, եւ այդ ջանքերի թվում է նաեւ այն, որ «ժամով կյանքն ենք հաշվում ուրիշի»:
Ու գնում ենք այսպես: Մարդկության ուղին սա է Երկիր մոլորակի վրա, ասես բեմահարթակ, որին դիտորդի կարգավիճակը չի բավարարում բանաստեղծին: Երբ մարդն իր կյանքին նայում է դիտորդի կարգավիճակով, նա դժբախտ է: Բայց, երբ մարդը մասնակից է իր կյանքին, այդ դեպքում պաշտպանված է անիմաստ ապրելու վտանգից: Ցավն այն է, որ տիտան մտքով մարդն է մեխանիկորեն տրվում ընդունված միօրինակությանը:
Իսկ ո՞ւր է կամքը, ուր են արժեքները, սկզբունքները, ընտրություն կատարելու հնարավորությունը: Մի՞թե սա է մարդուն տրված ազատության չափը:
Գրաբսկու մարդասիրությունը չի սահմանափակվում ցավից խեղճացողի ներամփոփումներում: Մի կողմից նա զգուշացնում է այն մասին, որ գլուխ է բարձրացրել «շինծու ոգին», որն աշխատում է «անհույզ տքնանքով», արհեստական կայծքարի միջոցով:
Առողջ գիտակցությամբ ու հույզերի օգնությամբ պետք է առաջանալ, մասնակցել կյանքի ընթացքին՝ դառնալով նրա մի մասնիկը:
Սա է մարդասիրությամբ տոգորված ստեղծագործողի իմաստասիրության առանցքը՝ կյանքի իմաստը ոչ թե դրախտն է, այլ՝ դրախտ տանող ճանապարհը, կամ, որը նույնն է՝ մարդու նպատակը ոչ թե երջանիկ ապրելն է, այլ քայլելը երջանկություն տանող ճանապարհով:
Մկրտիչ Գրաբսկու ստեղծագործություններն ունեն աշխարհայացքային բնույթ եւ արտացոլում են հեղինակի հայացքները բնության, աշխարհի, տիեզերքի եւ իր՝ մարդու մասին: Այդ փոխհարաբերությունների շրջանակներում բացառիկ տեղ ունեն հեղինակի բազմաբնույթ գիտելիքները, որոնք ընկած են իր դիրքորոշման հիմքում եւ ծառայում են աշխարհի, մարդու եւ իրերի նշանակելիության արժեւորմանը, իր հոգեհարազատ շրջապատի ընկալմանն ու իմաստավորմանը:
Մկրտիչ Գրաբսկու ուշադրության գիտակցական շեշտադրումները մարդու մտավոր, հոգեկան ու հուզական վիճակների առանձնահատկությունների՝ կամային կայուն հատկանիշների, զգացմունքների խորության աստիճանի վրա, ապացույցն են մարդու նկատմամբ նրա հավատի, վստահության ու ճանաչողական նոր մակարդակի։
Կենսական գործընթացների, հոգեկան երեւույթների ու հասարակական կյանքի ուրույնությունն ու դրանց յուրահատկությունների ընկալումը հիմք են տալիս հավատալու բանականության ճանաչողական անսահմանափակությանը, ինչը հնարավորություն է տվել Մկրտիչ Գրաբսկուն իր վերապրումների շարադրանքով, բնորոշ գեղարվեստական խոսքով ու պատկերներով, բացահայտել մարդու ներաշխարհը, որպես շրջապատի հետ միասնական մշտափոփոխ ընդհանրություն, որտեղ գիտակցությունը կարծես սավառնում է իր ֆիզիկական պատյանից դուրս:
Թվում է, թե ինտելեկտուալ եւ մշակութային շարժմամբ, բանականության եւ հատկապես կիրառական տեխնիկական ձեռքբերումների միջոցով հիմնարար կերպով ապագայում բարելավվելու է մարդու ֆիզիկական եւ մտավոր ներուժը, սակայն կան անկանխատեսելի բազում վտանգներ պարունակող զարգացումներ…
Կարծես թե «մարդը» պայմանական իմաստով, այլեւս չի լինելու «մարդ բանական» եւ կենսաբանական առումով ընթացող գործընթացներում կորցվելու է մարդու այդ տեսակը, որի արժեհամակարգում մշտապես առկա են մարդասիրական արժեքները՝ հարգանքը մարդու անձի նկատմամբ, նրանց կյանքում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունները ընդունելու, հաջողություններով ուրախանալու, ճակատագրական հարվածները կիսելու պատրաստակամությունը:
Այս ամենի հիմքը, իհարկե, այն գաղափարն է, որ մարդու համար մեր օրերում էվոլյուցիան դեռ չի ավարտվել, այսօրը, միայն սկիզբն է առավել հավակնոտ եւ հակասական տեսլականի՝ ընդհուպ բանականության տեղակայումը տեղեկատվական հոսքերում: Իր ստեղծագործության մեջ ապագայի այս պատկերները վառ երեւակայության արդյունք են, սակայն, ասես, աստիճանաբար վերափոխվում են մեզ շրջապատող իրականության:
…Դատարկությունը միշտ է անթերի,
Գոյի դերում է ոչինչը նորեն:
Հավատալով, որ հարության ուժով կարելի է հաղթահարել մահը, մարդը դառնում է անկանխատեսելի եւ իր հետաքրքրասեր մտքով՝ իսկապես ազատվելով մարմնական սահմանափակումներից՝ կարող է ձգտել ե՛ւ անմահությանը, որպես գործիքի տիեզերքի ճանաչողության, ե՛ւ նոր մակարդակում ինքնակատարելագործման:
Փակ տարածության ազատությունը,
Մահվան վտանգ է իր մեջ ամփոփում…
Բարձրաձայնվում է կյանքը իմաստավորող առանցքային գործընթացը՝ ոգեւորել մարդուն, նրան դրդել խոհրելու անվիճելի համարվող դրույթների անվիճելիության մասին՝ մեզ վերադարձնելով հիմքերի հիմքին, որոնցից առաջինն է մարդը, որպես արարչագործության պսակ… եւ հաջորդը՝ «մարդն ինքը պետք է լինի իր անդրիի քանդակագործը»:
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ