Նորա Արմանի – Nora Armani (իսկական ազգանունը Էսքերջյան) հայ իրականության մեջ ծանոթ ու սիրելի անուն, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, բեմադրիչ, ծնվել է Եգիպտոսում, ապրում եւ ստեղծագործում է Նյու Յորքում:
Համացանցը ողողված է նրա կյանքին ու գործունեությանը նվիրված նյութերով, հոդվածներով, հարցազրույցներով, լուսանկարներով, տեսաժապավեններով:
Տարիներ առաջ, ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազեանի հետ հյուրընկալվել էին ռադիոյում (AYP FM), երկուսի կերպարով շատ տպավորված էի: Երբ հոկտեմբեր 13 –ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեսա Նորա Արմանիին, առիթը բաց չթողնելով, մոտեցա, զրուցեցինք, հետաքրքրական ծրագրեր ուներ, որոշեցինք շրջագայություններից հետո հանդիպել:
Փարիզի սրճարաններից մեկում ջերմ ու անկեղծ զրույց ունեցանք, որը, համոզված եմ, որ կհետաքրքրի շատ-շատերին:
– Մանկության տարիներ… ինչպիսի՞ հիշարժան իրադարձություններ են եղել, որոնցից մինչեւ հիմա տպավորված եք:
– Տասներկու տարեկանում, առաջին անգամ, Հայաստան եմ գնացել: Պիոներական ճամբար էի հրավիրված, ինձ համար մեծ պատիվ էր, շատ էի ուրախացել: Մայրիկս խորհուրդ էր տվել օրագիր պահեմ ու ամեն օրվա իրադարձությունները գրի առնեմ, այդպես էլ արել էի: Երբ որ վերադարձա (դասախոսի պես), ընկերներիս պատմեցի Հայաստանում ապրած ամեն մի օրս: Բոլորի մեջ սեր արթնացավ՝ առ հայրենիք: Թանկ հիշողություն է:
– Մանկապարտեզ, դպրոց, այնուհետեւ նոր կյանք, դեպի ո՞ւր տարավ ճակատագիրը:
– Քանի որ 15 տարեկանից բեմերի վրա էի, արդեն Ժիրայր Բաբազեանը շնորհս նկատել էր եւ ես ընդգրկված էի Գեղարվեստասիրաց միությունում: Ընդունվեցի Ամերիկյան համալսարանի ընկերաբանություն (սոցիոլոգիա) եւ թատրոն բաժինը: Ավարտելուց հետո ինձ հաջողվեց Անգլիա գնալ. Լոնդոնի համալսարանում մագիստրոսի դիպլոմ ստացա:
– Առաջին սեր եւ ամուսնություն:
– Օ՜, առաջին սերս…
Ես երկու անգամ եմ ամուսնացել: Առաջին ամուսինս Ժիրայր Բաբազեանն է, մինչ Լոնդոն գնալս Ժիրայր Բաբազեանի հետ ամուսնացած էի, միասին գնացինք: Ժիրայրի ծնողները՝ Նորա Ազատյանն ու Էդմոն (Երվանդ) Ազատյանը բնակվում էին Դետրոյթ (ԱՄՆ): Ժիրայրին առաջարկել էին ղեկավարել ՀԲԸՄիության թատերական խումբը: Այդ առաջարկով ոգեւորված՝ 1980թ. միասին մեկնում ենք Դետրոյթ: Որպես արվեստագետներ ընդհանուր հետաքրքրություններ ունեինք: Ժիրայրի մայրիկի հետ ջերմ հարաբերություններ ունեի, իսկ երբ որ մայրիկս մահացավ, առավել սերտացան մեր կապերը, մայրիկիս պես նա «մամա» եղավ ինձ համար, նույնիսկ Ժիրայրից բաժանվելուց հետո, իր վերաբերմունքն իմ հանդեպ չփոխվեց:
Ես ու Ժիրայրն էլ մնացինք լավ ընկերներ: Մասնագիտական առումով, միշտ խորհրդակցում եմ:
Երկրորդ ամուսինս, կարելի է ասել, իմ առաջին սերն է: Մի դպրոցից ենք, երբ դեռ չէի գիտակցում թե սերն ինչ է, իմ ուշադրության կենտրոնում էր, փոքրիկ աղջնակ էի, նայում էի իր կողմն ու մտքիս մեջ ասում, որ ես իրեն շատ կսիրեի, հոգատար կլինեի իր հանդեպ, եթե…
12 տարեկան էի, երբ իրենց ընտանիքն էլ շատերի պես գաղթեց: Տարիներով իրար չտեսանք:
Ցավոք, ամբողջ կյանքում տեղափոխությունների մեջ եմ եղել` երկրից երկիր, քաղաքից քաղաք: Համարյա 18 անգամ: Հիմա Նյու Յորքում եմ բնակվում:
Նյու Յորքում ներկայացում ունեի, որին նա ներկա էր: Ներկայացման ավարտին մոտեցավ ինձ: Այդպես, ինչպես ասում են` իրար գտանք, ինքն էլ էր բաժանված: Որոշ ժամանակ անց ամուսնացանք, 20 տարի է միասին ենք:
– Ձեր կյանքի ամենից ուրախ ու երջանիկ պահերը, որ միշտ Ձեր հիշողության մեջ են:
– Առաջին արհեստավարժ դերս է ամերիկյան սերիալներից մեկում: Անշուշտ, երջանիկ օր էր ինձ համար, երբ Անգլիայի համալսարանի դիպլոմս ստացա, ուր հայրիկս էլ էր ներկա: Եգիպտոսում Ալեքսանդրիո միջազգային կինոփառատոնին մրցանակ տվեցին, շատ երջանիկ էի: Ընդհանուր առմամբ, երջանիկ պահեր շատ եմ ունեցել: Երբ իմ աշխատանքը գնահատվում է, դա ինձ համար երջանկություն է, համոզված եմ, որ բոլորի համար էլ այդպես է:
Ցավոք, դեռեւս Հայաստանում որեւէ խրախուսանքի չեմ արժանացել: Երեւի ինձ դեռ երիտասարդ են համարում, սպասենք 90-ամյակիս (ժպտում է):
– Ձեր կյանքի լավագույն դերը:
– Կյանքիս լավագույն դերը գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասի «Պլեբեյլանները ապստամբության փորձ են անում» (The Plebeians Rehearse the Uprising) վեպի հիման վրա գրված պիեսում Բերտոլդ Բրեխտի երկրորդ կնոջ, դերասանուհի՝ Հելենա Վայգելի դերն է: Մեծ պատասխանատվություն էր :
Կյանքիս ընթացքում միշտ ձգտել եմ կատարյալին, երբեք ինձնից գոհ չեմ եղել, հետո որոշեցի ինքս ինձ փոխել: Վերանայում եմ անելիքներս, ձգտում ավարտին հասցնել, քանի որ կյանքը հավերժ չէ:
Գաղտնիք բացեմ. կենսագրական գիրք եմ գրում:
20 տարի առաջ կենսագրական պիես եմ գրել՝ «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» Ֆրանսերեն եւ անգլերեն լեզվով: Կապանում, Հակոբ Ղազանչյանի կազմակերպած «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնին եմ մասնակցել: Բարեբախտաբար թարգմանչի փորձ ունեմ, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակներից մեկում սինքրոն թարգմանություն էի անում: Երկու օրում պիեսը թարգմանեցի, միայն վերջին երկու էջը չէի հասցրել, բեմից ինքս ինձ թարգմանելով՝ հայերենով հաղորդակցվեցի իմ սիրելի հանդիսատեսի հետ:
Հիմա նույն պիեսի մեկ այլ տարբերակն ունեմ՝ «Նորա Արմանիի հետ՝ դարձյալ բազմոցի վրա»: Տեխասում պիտի խաղամ:
– Երբ օրն ավարտվում է, դուք երբեւէ մտահոգվե՞լ եք, թե ինչ կարող էիք անել, որ չհասցրիք:
– Անկեղծ ասած՝ մտահոգություն միշտ էլ կա, բայց փորձում եմ, հնարավոորինս օրվա ծրագիրս ավարտին հասցնել:
– Եթե նորից ծնվեիք, ինչպե՞ս կդասավորեիք ձեր կյանքը:
– Որպես կատակ՝ կդառնայի Անգլիայի թագուհի, իսկ կես լուրջ, կես կատակ՝ Հայաստանի թագուհի:
Անկեղծ, ես ընդհանրական ասացի, Հայաստանում շատ խելացի կանայք կան, որ կարող էին երկիրն ավելի լավ կառավարել:
Ես իմ կյանքից եւ ընտրած ուղուց դժգոհ չեմ, որ ասեմ՝ որեւէ բան կփոխեի, կուզեի կրկին լինել այն, ինչ – որ կամ, բայց եթե նման հնարավորություն տրվեր, ժամանակս ավելի ճիշտ կօգտագործեի:
– Խոսենք ձեր ծրագրերից. վերջերս եք վերադարձել Մադրիդից, ո՞րն էր այցի նպատակը:
– Միջազգային փառատոնը կայացած ծրագրերից մեկն է, այս տարի անցկացվում է 12-րդ անգամ: 750 ֆիլմ է ցուցադրվել 40 երկրում: Ֆիլմերի հիմնական առանցքում մարդկանց սոցիալական խնդիրների բարելավումն է, համամարդկային արժեքների պահպանումը, զերծ մնալով ահաբեկչություններից, պատերազմներից ու սարսափներից:
Սեպտեմբերի վերջին Հելսինկիի միջազգային փառատոնին Ֆինլանդիայի եւ Իսպանիայի համատեղ արտադրության՝ «Վերջին ցանկություն» (EL ÚLTIMO DESEO) ֆիլմի պրեմիերան էր: Դերերում՝ Էրիկ Ֆրանսես, Նորա Արմանի, Վալենտին Մարտին Կաբելլո, Սերխիո Գարսիա էռնանդես:
Նոյեմբերի 5 – ին ֆիլմը ցուցադրվեց Մադրիդի շքեղ « Círculo de Bellas Artes» – ում, ուր ներկա էին դերասաններ, պրոդյուսերներից մեկը, Իսպանիայի թագավորությունում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը: Ինձ համար մեծ պատիվ էր: Ինձ հետ եկել էր նաեւ ամուսինս: Ֆիլմում հայերեն եմ խոսում եւ ցանկությունս էր, որ հայեր էլ ներկա լինեին: Ֆիլմը (իսպաներեն, հայերեն եւ անգլերեն) հարգանքի տուրք է ընթերցանության հրաշքին, նեոռեալիզմին, դասական թատրոնին եւ հակապատերազմական ակտիվությանը:
Ուրիշ ծրագրեր էլ ունեմ: Փակագծեր չեմ բացում, ժամանակը ցույց կտա, թող լինի անկնկալ:
– Վերջերս եք վերադարձել Հնդկաստանից, ո՞րն էր այցի նպատակը:
– Այո, նոր եմ վերադարձել Հնդկաստանի Karala նահանգից, որտեղ ներկա եմ գտնվել 29-րդ «International Film Festival of Karala»-ին` մասնավոր հրավերով, քանի որ այս տարի փառատոնի հյուր երկիրը Հայաստանն էր: Այնտեղ ներկայացվեցին հայկական ֆիլմերի մի շարք: Ընդ որում, Միքայել Դովյաթյանի «Լաբիրինթոս» (Labyrinthe) ֆիլմը, որի մեջ ես խաղում եմ կանացի գլխավոր դեր՝ Սերժ Ավետիքյանի կողքին: Ասեմ, որ երկրորդ անգամն էի մասնակցում, որպես KERALA փառատոնի հյուր: Առաջինը 2000 թ.-ին դարձյալ որպես ֆիլմերում գլխավոր դեր ստանձնած դերասանուհի: Շատ հաճելի մթնոլորտ էր, եւ հայ կինոն շատ լավ ընդունեցին: Առհասարակ Քերալայի ժողովուրդը կինոն շատ է գնահատում: Փակման հանդիսության ժամանակ, ավանդույթի համաձայն, ինձ հրավիրեցին բեմ հազարավոր հանդիստեսների ներկայությամբ որպես դերասան եւ որպես Նյու Յորքի «Socially Relevant Film Festival»-ի հիմնադիր ու գեղարվեստական տնօրեն, պաշտոն՝ որը վարում եմ 2013 ից ի վեր: Փառատոնի ընթացքում, ապագա ծրագրերի մասին խոսեցի ռեժիսորների հետ:
– Հայաստան-Արցախ-Սփյուռք. դուք որպես արվեստագետ եւ Սփյուռքում բնակվող անհատ, ինչպիսի՞ն եք տեսնում այս եռամիասնությունը, երբ Արցախն այս պահին հայաթափված է:
– Ես Շուշիում եղել եմ ու այնտեղ թատերական վարպետության դասեր եմ տվել: Միշտ մտածում էի, որ մեկ օր դարձյալ կգնամ: Հիմա էլ այդ համոզումը ունեմ, որ օրը կգա ու մենք հայերս կվերադառնանք Արցախ: Թե ինչպիսի՞ պայմաններում, մի շարք հանքամանքներից է կախված: Հաստա՛տ, այդ օրը գալու է:
– Երանի այդ օրը չուշանա:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ, 28.01.2025 թ.