«Դիմադրություն շարժման» անդամներն այսօր՝ հուլիսի մեկին, նորից հանրահահավաք կանցկացնեն՝ ըստ երեւույթին գնհատականներ տալու վարչապետ Փաշինյանի՝ Բերձորի ու Աղավնոյի մասին արած ցավոտ հայտարարությանը։ Նրանք, հնարավոր է, անդրադառնան նաեւ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ու ԱԺ տնտեսական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցին։ Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքում ներկայացված հիմանվորման՝ Վահե Հակոբյանի պաշտոնանկության պատճառը նիստերից բացակայելն ու հանձնաժողովի աշխատանքները չկազմակերպելն է, Իշխան Սաղաթելյանինն՝ ատելության խոսք գեներացնելն ու ԱԺ փոխնախագահի պարտականություններից չբխող հրապարակային հայտարարություններ անելը։
Ընդդիմադիրների հանրահավաքին, վստահ եմ, ճռճռան ելույթների պակաս չի լինի։ Հարթակում հայտնվողերը հազարերորդ անգամ գնահատականներ ու տարբեր բնորոշումներ կտան Նիկոլ Փաշինյանին, նրա թիմակիցներին, համակիրներին։ Հազարերորդ անգամ նաեւ կգուժեն Հայաստանի մոտալուտ վախճանի, պետականության կորստի, եւ, իհարկե, հպարտ կեցվածք ընդունելով՝ կբարձագոչեն, թե պատգամավորական մանդատն իրենց համար կարեւոր չէ, ու խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով։
Դեպքերն ու իրողությունները սակայն բոլորովին հակառակի մասին են խոսում։ Իրականությունն այն է, որ ընդդիմությունը ոչ մի օրակարգ էլ չունի, բացի կենացային հայտարարություններն ու ճոռոմախոսությունը, հարթակ գրավելն ու առավել ընդդիադիր երեւալու մոլուցքը՝ որեւէ այլ բանով աչքի չեն ընկնում նրանք։ Ընդդիմադիր գործիչներից որեւէ մեկը մինչեւ այս պահը հստակ ու կոնկրետ չի ներկայացրել, որ եթե ինչ-որ մի հրաշքով հաջողվի, ու իրենք իշխանության գան, ապա ինչպե՞ս են անելու, որ, օրինակ, Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանին չանցնեն։ Ինչպե՞ս են կյանքի կոչելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, թե Շուշին հնարավոր է հետ բերել։ Կամ՝ ինչպե՞ս են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին նոր թափ հաղորդելու ու այնպես անեն, որ Արցախը բանակցային կողմ դառնա։ Չեն մասնավորեցնում նաեւ, թե ինչպե՞ս են Սյունիքից ու Վարդենիսից ադրբեջանցիներին դուրս շպրտելու եւ այլն, եւ այլն։
Եթե մարդիկ լսեն վերոհիշյալ հարցերի պատասխանը, ապա չի բացառվում, որ բոլորով մեկտեղ իսկապես պահանջեն ու հասնեն Փաշինյանի հրաժարականին։ Բայց քանի դեռ ամեն մեկը, մի բաժակն առած, հրապարակից կենաց է հնչեցնում ու իրեն մտովի իշխանության տաքուկ մի աթոռի բազմած պատկերացնում, ապա հուսալ է պետք, որ Հայաստանին քաոսային ու վատթար այս իրավիճակից հանող բոլորովին այլ ուժ ի հայտ գա, որ իրապես լծվի պետականության ու պետության հիմքերն ամրապնդելու գործին։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ