Ամերիկացի փոդքասթեր Փատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արձագանքելով հաղորդավարի՝ Իսրայելի կողմից հայերի ու ասորիների ցեղասպանությունը չճանաչելու մասին հարցին, ասել էր. «Կարծում եմ՝ ճանաչել ենք», հավելելով, թե իբր Քնեսեթն այդ հարցով բանաձեւ է ընդունել: Նեթանյահուն, իբրեւ Իսրայելի նախկին վարչապետների բացթողումը շտկելու փորձ ասել էր, որ ինքը հենց այս պահին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Իսրայելի վարչապետի հայտարարությանը առաջինը արձագանքեց Անկարան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Նեթանյահուի հայտարարությունները Գազայի պատերազմական հանցագործությունները թաքցնելու փորձ են:
Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գազայի շուրջ ընթացող իրադարձությունների խորապատկերին, դարձավ լրացուցիչ առիթ՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները լարվածության նոր աստիճանի հասցնելու համար:
Վերջին ամիսներին թուրք-իսրայելական հարաբերություններն անցնում են իրենց փորձությունների ամենալուրջ փուլը: Գազայի պատերազմով պայմանավորված՝ դիվանագիտական ճգնաժամն այսօր վերածվել է ռազմավարական մրցակցության, որտեղ երկու կողմերն էլ բացահայտ խոսում են ռազմական բախման հնարավորության մասին:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններն ընթացել են ռազմավարական համագործակցության եւ գաղափարախոսական լարվածության բարդ համադրության պայմաններում, ինչը ենթարկվել է բազմաթիվ վայրիվերումների:
Այս լարվածությունը վկայում է տարածաշրջանում ուժային դինամիկայի արմատական փոփոխության մասին: Իսրայելը հետամուտ է իր հեգեմոնիկ «Մեծ Իսրայել» նախագծի իրականացմանը, իսկ Թուրքիան՝ ինտենսիվ քայլերով իրականացնում է ռազմական արդիականացում՝ զարգացնելով տեղական պաշտպանական արդյունաբերությունը՝ հնարավոր բախման համար հարթակ ստեղծելու նպատակով:
Երկու մայրաքաղաքներում էլ փոխադարձ սպառնալիքի ընկալումն ահագնանում է: Իսրայելի ռազմավարական կենտրոնները Թուրքիային պաշտոնապես անվանել են «ռազմավարական սպառնալիք»՝ պահանջելով պատրաստ լինել Անկարայի հետ հնարավոր պատերազմի:
Թուրքիայի տեսանկյունից էլ այս սպառնալիքը լուրջ ահազանգ է: Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Մերձավոր Արեւելքի ամենամեծ սպառնալիք», իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելին բնութագրել է որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիք՝ շրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ հարձակումների պատճառով:
Անկարայի տեսլականը Սիրիայի հարցում կայուն, միավորված, անկախ, ահաբեկչությունից զերծ, բայց Թուրքիայի կողմից կառավարվող պետության ստեղծումն է:
Իսկ Իսրայելի ռազմավարությունն այն է, որ Սիրիան շարունակի գոյատեւել որպես «ձախողված պետություն»՝ թուլացած, քաղաքացիական պատերազմների եւ կրոնական խմբավորումների միջեւ շարունակաբար բախումների մեջ ներքաշված սուբյեկտ, որպեսզի այն չհայտնվի Իսրայելի տարածաշրջանային գերակայությանն սպառնացող դիրքերում:
Իսրայելն այս նպատակին հասնելու համար ոչ միայն լայնածավալ օդային հարձակումներ է իրականացնում Սիրիայի նոր կառավարության դեմ, այլեւ բացահայտ աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին՝ ինքնավարության հաստատման ուղղությամբ:
Անկարայի տեսանկյունից ամենավտանգավոր ծրագիրն է «Դավթի միջանցքի» ստեղծումը՝ մի ուղի, որը հարավի դրուզական շրջանները կապում է Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող քրդաբնակ տարածքների հետ՝ փաստացիորեն Իսրայելի ազդեցությունը հասցնելով Թուրքիայի սահմաններին: Այս ծրագիրը Անկարայի համար հանդիսանում է անվտանգության կարմիր գիծ:
Այս սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիան ձեռնամուխ է եղել իր զսպման կարողությունները ուժեղացնելու համապարփակ ծրագրի իրականացմանը: Սա ներառում է հիպերձայնային «Թայֆուն» հրթիռների եւ խրամատակործան «Գազա» ռումբերի արտադրությունը, որոնք հատուկ նախագծված են ստորգետնյա օբյեկտները թիրախավորելու համար:
Ամենամտահոգիչը Թուրքիայի ներսում միջուկային զենք ձեռք բերելու պահանջների ի հայտ գալն է՝ որպես վերջնական զսպման միջոց՝ սպառնալիքների դեմ:
Քաղաքական վերլուծաբանների մի զգալի հատվածի գնահատմամբ, կարծես երկու կողմերն էլ պատրաստվում են պատերազմի: Նեթանյահուի պատկերացմամբ, առճակատումն արդեն դարձել է անխուսափելի:
Այս մրցակցությունը մեծ խնդրի առաջ է կանգնեցնում ԱՄՆ-ին՝ որպես երկու երկրների դաշնակից, եւ ստիպում է Վաշինգտոնին լուրջ ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ խոշոր ճգնաժամից խուսափելու նպատակով:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ