Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյա հոբելյանին նվիրված երգչախմբային փառատոնի տրամաբանական ավարտը հանդիսացավ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
Գիտաժողովի պատվավոր հյուրերն էին՝ ՀՀ Ազգային հերոս, արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արարատ Աղասյանը, ՀՀ Ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը, Երեւանի կինոյի եւ թատոնի պետական ինստիտուտի ուսանողական գտիական ստեղծագործական ընկերության փոխնախագահ Վիգեն Պապոյանը: Ներկաների թվում էին ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, Ք. Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, կոմպոզիտորներ Ավետիս Բերբերյանը, Էդմոն Մակարյանը, արվեստի ինստիտուտի գիտաշխատողներ, երաժշագետներ եւ պարզապես երաժշտասերներ:
Միջոցառման բացումն ազդարարվեց ՀՀ ԳԱԱ հիմնի հնչյունների ներքո, որը հեղինակել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ԳԱԱ 70-ամյակի կապակցությամբ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանի խնդրանքով, Հայաստանի ազգային ակադեմիական կապելլայի եւ երիտասարդական նվագախմբի կատարմամբ:
Աննա Ասատրյանը գիտաժողովի մասնակիցներին ողջունեց հետեւյալ խոսքերով. «Հայ երաժշտագիտության մեջ առաջին անգամ իրականացնում ենք նման գիտական կոնֆերանս՝ նվիրված Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությանը: Կարա-Մուրզայի հետ է կապված հայ երաժշտության մեջ բազմաձայնության արմատավորումը: Նա հայ երաժշտության առաջին գործիչներից էր, ով զբաղվեց հայ ժողովրդական երգերի հավաքման, գրառման, բազմաձայնման եւ տարածման գործով: Նրա անվան հետ է կապված նաեւ հայ խմբերգային երաժշտության տարածումը: Հայ իրականության մեջ Ազգային օպերա ստեղծելու առաջին փորձը՝ «Շուշան» օպերան, եւս պատկանում է Կարա-Մուրզային»:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Մեր շահը հայակերտումն է: Այդ ենք ակնկալում թե՛ այս գիտաժողովից, թե՛ փառատոնից, որպեսզի իրականանա Ոսկեդարում բյուրեղացած մեր ազգային տեսիլը: Այն տեսիլը, որը դարերի միջով հասել է Կարա-Մուրզային, Կոմիտասին ու Ազգային հերոս մեր մաեստրո Չեքիջյանին, որն այսօր նստած է մեր կողքին՝ որպես դրա կենդանի մարմնացում:
Հայ առաքելական եկեղեցին այս առաքելության ջահակիրն է եղել բոլոր դարերում, որպեսզի ունենանք հայրենասեր երիտասարդներ, Հայրենիք փնտրող, գտնող ու Հայրենիքն իրենց մեջ կրող սերունդ»:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ողջունելով ներկաներին՝ ասաց. «Նման միջոցառումներն ունեն երկու կարեւոր նպատակ՝ արժեւորել մեր մշակույթի խոշոր գործիչների թողած ստեղծագործական ժառանգությունը եւ մեր այս դժվարին ժամանակներում մեկ անգամ եւս հիշեցնել մեր սերունդներին, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ունեցել, ինչը պետք է գնահատել եւ հիշել: 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ նա սկսեց իր գործունեությունը, դեռ ասպարեզ չէին եկել մեր մշակույթի շատ խոշոր գործիչներ: Եվ այդ ժամանակ նա ստանձնեց առաքելություն, որը չափազանց կարեւոր էր նաեւ հետագա զարգացումների համար: Նրա ստեղծած մեծ թվով խմբերգերը՝ շուրջ 300, երգչախմբերը՝ 90, եւ կատարումները երգչախմբի հետ միասին կարողացան Հարավային Կովկասի շատ հայաշատ քաղաքներում, այդ թվում Շուշիում, հսկայական աշխատանք կատարել հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացումը խթանելու ուղղությամբ, եւ այսօր մենք պետք է արժանին մատուցենք նրա կատարած այդ վիթխարի աշխատանքին»:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նկատեց. «Տարիների ընթացքում այն ավանդույթը, որը ստեղծել էր Կարա-Մուրզան՝ ստեղծագործող-հասարակական գործիչ-կազմակերպող միաձուլումը, տվել է հիանալի արդյունքներ: Հետագայում Կոմիտասը եւ ուրիշ շատ կոմպոզիտորներ կազմակերպում էին, ձգտում վեր հանել հայ արվեստը ոչ միայն հայաբնակչության շրջանում, այլ նաեւ այնտեղ, որտեղ հայեր չկային: Արդյունքում այսօր մենք ունենք մի ամուր համակարգ, որի վրա կարող են հենվել ժամանակակից հայ կոմպոզիտորները»:
ԵԹԿՊԻ ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության փոխնախագահ Վիգեն Պապոյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Քրիստափոր Կարա-Մուրզան իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչներից էր, որի կյանքի ու գործունեության մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում 1887 թ. Գարնանը Բաքվում կատարած իր բազմաձայն Պատարագը, 1890 թ. Բաքվի Թաղիեի թատրոնում ղեկավարած Գունոյի «Ֆաուստ»-ից հատվածների հայերեն բեմականացումը: Ինչպես նաեւ հատկանշական են այն իրադարձությունները, որ անվանի գործիչը 1894 թ. Շուշիում (Հովհաննես Աբելյանի հետ), 1895 թ. Բաքվում երգչախմբի եւ նվագախմբի մասնակցությամբ ներկայացրել է Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: (…) Ի պատասխան հարեւան պետության կողմից իրականացվող լայնածավալ պատմական կեղծարարությունների, մենք կարող ենք դիտարկել ՀՀ ԳԱԱ հայակենտրոն գործունեությունը, որի շնորհիվ գիտական ու ծանրակշիռ մակարդակով խոսվում է հայ ազգի մեծությունների կենսագրության ու գործունեության, այսինքն՝ պատմական իրականության մասին»:
Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների միության, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ նվիրված հայ խմբերգային արվեստին՝ Քրիստափոր Կարա-Մուրզայից մինչեւ Հովհաննես Չեքիջյան, Կարա-Մուրզայի գործունեությանը եւ ստեղծագործական ժառանգությանը:
Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցների եւ ունկնդիրներին՝ Աննա Ասատրյանը հայտնեց, որ նախատեսել են հրատարակել զեկույցների ընդլայնված տարբերակները՝ այդպիսով լրացնելով մեծ երախտավոր, հայ երգչախմբային արվեստի հիմնադիրներից մեկի՝ Քրիստափոր Կարա-Մուրզայի կյանքին ու գործունեությանը նվիրված ուսումնասիրությունների շտեմարանը:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Երաժշտագետ