«Ո՞ր ադրբեջանական տարածքների մասին է խոսում Ալիեւը: Ես եղել եմ Արցախում եւ այնտեղ տասներորդ դարում կառուցված հայկական եկեղեցում: Այսինքն այն ժամանակվա, երբ աշխարհում ոչ թուրք կար եւ ոչ էլ ադրբեջանցի: Հայերն այնտեղ ապրել են հազարամյակներ, եւ Արցախը պատկանում է հայերին»:
Կոնստանտին Զատուլին
Թափառաշրջիկ անտունի (бомж) հագուստները փոխելով հոգին չես փոխի, գրպանը փող դնելով՝ նոր հոգեբանություն չես ձեւավորի: Բոմժությունը հոգեբանական արատ է, անձի պաթոլոգիա: Իսկ միեւնույն մարդկային համախմբումը, անկախ նրանից, դա այն ժողովո՞ւրդ է կոչվում, թե՞ ամբոխ, կապ չունի` ունակ է գործել թե՛ միայն ստորություններ եւ թե՛ միայն հրաշքներ:
Հայության ավելի քան հազարամյա ոխերիմ թշնամի` եկվոր, պիղծ ու քոչվոր թուրքը, որ մի քանի դար անգլոսաքսերի գենետիկ վասալն է ու կամակատարը, այլ ժողովուրդներից հափշտակած ահռելի հարստություններ կուտակելով, տեւական ժամանակ է իր իսկ բնօրրանում հետապնդում ու ֆիզկապես բնաջնջում է հային: Աղավաղում ու կեղծում է նրա պատմությունը, թերագնահատում եւ արժեզրկում նրա մշակույթը, նվաստացնում հայության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ամենազազրելին էլ այն է, որ նա ծածուկ թե տեսանելի, ցինիզմով ու գարշելի ծաղրանքով՝ մի դեպքում որպես մատաղացու գառի սեփական ձեռքերով է զոհաբերում հային, մյուս դեպքերում էլ՝ օտար, բարբարոս, վայրենի, քոչվոր ցեղերի միջոցով: Իսկ երբեմն էլ՝ հայի ներսի ստոր, փողով վաճառված, հանդուրժող տականքների ձեռքով, սակայն միշտ՝ աներեւակայելի հաճույքով: Նրա ստոր նպատակն է հային ոչնչացնել ֆիզիկապես ու հոգեպես: Առհավետ, իսպառ ջնջել նրա անունն ու հետքը հազարամյակներով զբաղեցրած իր բնօրրանից, սփյուռքից եւ ընդհանրապես` աշխարհի երեսից: Իսկ, որ հայը դեռ ցայսօր ամբողջովին չի վերացել, դա այն իրողության արդյունքն է, որ նա կարողացել է անսասան արիությամբ զենքը ձեռքին կռվել, պաշտպանել իր տունն ու կյանքը, իր գյուղերն ու քաղաքները, իր Հայրենիքը: Իսկ որտեղ չի դիմադրել, զենքը ձեռքին չի կռվել, վախեցած է եղել ու բարոյալքված` կորցրել է ամեն ինչ ու ինքն էլ է կորսվել:
Դա ավելի ակնհայտ երեւաց հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին: Պատմական իրողություն է այն, որ եղեռնի տարիներին եթե չլինեին Վանի հերոսական ինքնապաշտպանությունն ու Մուսա լեռան հերոսակռիվը, հազիվ թե անգամ մեկ արեւմտահայ փրկվեր: Եթե չլիներ Զանգեզուրի դյուցազնակռիվը, դժվար թե հիմա Սյունիք ունենայինք: Վերջապես եթե չլինեին Բաշ Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտերը, այսօր Հայաստանի հանրապետությունն էլ չէինք ունենա: Այսինքն, ինչ որ բան դեռ ունենք, որովհետեւ այն պահել ու պաշտպանել ենք զենքով, կռվով, ոգով, սեփական քրտնիքով ու արյունով: Ու եթե դեռ ուզում ենք ինչ-որ բան պահպանել մեր Հայրենիքից եւ մեզ փրկել առհավետ ոչնչացումից, ապա դա հնարավոր կդառնա ոչ մի դավաճանություն ու փոքրոգություն անպատիժ չթողնելով, համախմբվելով, մեր բոլոր ռեսուրսները մեկտեղելով եւ ոսոխի դեմ քաջաբար կռիվ տալով: Կռիվ, որը կմղվի հանուն մեր Հայրենիքի ու կյանքի, հանուն մեր գոյության, պատվի, ազատության եւ ապագայի:
Այսօր մեզանում կեղծ հայրենասերներն ու դատարկ պոպուլիստներն իրենց արեւմտյան կեղծ արժեքները քարոզելով եւ պատերազմի ամենօրյա սպառնալիքով մեծ չափաքանակով վախի զգացում ներարկեցին հայության հոգում, դարձրին նրան թուլակամ եւ քանդեցին մեր տունն ու Հայրենիքը: Դեռեւս անկախության արշալույսից սկսած, իսկ ավելի ակնհայտ՝ 2008 թվականից, երկրի կառավարման մակարդակն իջեցվեց թայֆաբանության մակարդակի: Պետական մտածելակերպ ձեւավորելու փոխարեն, երիտասարդական զարգացման գումարներով ստեղծվեց թաղային խուժանների կեղծ հեղինակության համակարգը, որով արհամարվում ու ճնշվում էր հասարակության կիրթ, խելացի ու բանիմաց մասը: Հասարակությունը դրանով անդառնալի աղքատացվեց, ընտրաձայների առ ու վաճառքը դարձավ առօրյա եւ այդ ամենի արդյունքում, ժողովուրդ-իշխանություն հարաբերությունը վերածվեց թայֆայական միջնորդության: Հասարակ մահկանացուներն էլ ամենուր բախվելով այդտեսակ անարդարությունների՝ կա՛մ թողեց հեռացավ ու արտագաղթեց երկրից կա՛մ հարմարվեց զոհի հոգեվիճակում գոյատեւելուն: Դա էլ հանգեցրեց այս տխուր վիճակին, որին խորությամբ ընկալելու բանալի կարող է ծառայել հետեւյալ լուսաբանումը.
Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողներ Մելիսա Ուիզերսն ու Փոլա Տավրուն փորձել են պարզել, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ տեւական ժամանակ թրաֆիքինգի են ենթարկվում (ստրկական, սեռական, բռնի եւ չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով մարդկանց անօրինական շահագործումն է: Այն կազմակերպված ծանր եւ շահութաբեր հանցագործություն է: Հատկապես կանանց եւ երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու եւ պատժելու մասին ընդունվել է ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիա), բայց չեն փորձում վերջ տալ իրենց ստրկությանը: Այսինքն, մարդը տարիներով մարմնավաճառությամբ է զբաղվում ու ամբողջ գումարը հանձնում է մեկին, ով առեւանգել ու ստրկացրել է նրան: Միեւնույն ժամանակ ազատ շրջում է քաղաքով, բայց երբեք չի համարձակվում մոտենալ ոստիկանի կամ թեկուզ սովորական քաղաքացու եւ օգնություն խնդրել: Փախչելու փորձ էլ չի անում: Հիշյալ ծավալուն ուսումնասիրության արդյունքում՝ մասնագետները պարզել են, որ սա ոչ միայն ֆիզիկական բռնության, այլեւ հոգեբանական աշխատանքի արդյունք է: Հետաքրքրական է նաեւ այն, որ «ապրանքային տեսքը» չփչացնելու համար, թրաֆիկյորները հազվադեպ են ծեծում իրենց զոհերին եւ նախընտրում են դիմել հոգեբանական ճնշման միջոցին: Հոգեբանական բռնության հիմնական գործիքն էլ ապամարդկայնացնում է՝ դեհումանիզացիան: Այս երեւույթի մասին կարդալիս՝ մերօրյա որոշ իրողությունների հետ մոտս հստակ ասոցիացիաներ եւ զուգահեռներ առաջացան:
Նախ՝ ադեկվատ մարդու դեհումանիզացիայի համար թրաֆիկյորն անընդմեջ կրկնում է մի քանի մտքեր, որոնք դրոշմվում են զոհի ուղեղում՝
ա) զոհն անպետք է, անմիտ ու վախկոտ (11 հազար դասալիք ունենք, գիտե՞ք բանակում դավաճանության ինչքան դեպքեր ունենք, ռեզերվը չի մասնակցել մարտերին): Ժամանակի ընթացքում այս հոգեբանական բռնությունն իջեցնում է թրաֆիքինգի ենթարկվողների ինքնագնահատականը, եւ նրանք կորցնում են իրենց ինքնությունը (էս ազգը ազգ չի, դավաճան է, քցող-թռնող ու փողի գերի): Հետագայում էլ իրենց ցուցմունքներում նույնիսկ նշում են, որ իրենք են մեղավոր թրաֆիքինգի ենթարկվելու համար, քանի որ էնքան հիմար են եղել, որ ընկել են ծուղակը (մեզ տեղն էր, մեզ հասնում է այստեսակ անփորձ ու անկարող իշխանությունը),
բ) զոհը գտնվում է օտար երկրում եւ չունի ոչ անձնագիր, ոչ էլ կացության թույլտվություն (մեզ կադաստրի թուղթ է պետք, որ տնվորի կարգավիճակով չապրենք),
գ) զոհը չի կարող դիմել ոստիկանների օգնությանը, քանի որ իրավապահները նրան կձերբակալեն եւ կուղարկեն բանտ, որտեղ նրա հետ կանեն ավելի ահավոր բաներ, քան անում է թրաֆիկյորը (եթե ինձ հեռացնեք, նախկինները կգան ու…),
դ) զոհը չի կարող դիմել հաճախորդի, բժշկի, դռնապանի օգնությանը, քանի որ միանգամից կահազանգեն իրավապահներին, դե շարունակությունն էլ վերեւում… (իմ փոխարեն ով էլ գա, նախկինների հետ կապ է ունենալու, դե նախկիններն էլ…),
ե) զոհի միակ ընկերը հենց թրաֆիկյորն է, որը «թանկարժեք» հագուստ ու սնունդ է գնում նրա համար ու պաշտպանում փողոցային խուժաններից (ինձանից շատ հայրենիքը սիրող չկա),
զ) զոհը կարող է հույս ունենալ, որ մի 5-6 տարուց կազատվի էս դժոխքից ու կգան լուսավոր ժամանակներ, ուղղակի պետք է համբերել, թրաֆիկյորի պարտքերը վճարել (ապագա կա, խաղաղության դարաշրջան) եւ այլն եւայլն:
Ասելս այն է, որ որքան հնարավոր է շուտ պետք է գիտակցական ու ենթագիտակցական մակարդակներում դուրս գալ զոհի կարգավիճակից, որպեսզի հնարավոր դառնա ինչ-որ բան փոխել: Իսկ ընդհանուր առմամբ մեր թղթե շերեփը երկաթից կդառնար, եթե փորձությունների դարբնոցում չմանրանայինք ու միմյանց հակադրվեինք, այլ միաձուլվեինք պողպատյա կամքով, դառնայինք ուժեղ եւ ինքնավստահ:
Այնինչ, բաժանվել ենք (կամ մեզ բաժանել են) ոչ մի կետում եւ ոչ մի հարցում իրար չզիջող, այլ միայն հակադրվող բեւեռների: Ընդդիմությունն էլ փոխանակ իշխանության համար քաղաքական պայքարում իշխանափոխության գործընթացին իմպուլսներ տալու, ղարաբաղյան ճակատում առկա դիվանագիտական անհաջողություններն ու տեղապտույտը քննադատելու, արտաքին քաղաքական եւ անվտանգային անբարենպաստ իրավիճակը շեշտելու եւ դրանք շտկելու ուղիներ հուշելու, ավելի հաճախ անզոր ու թեւաթափ հեռանում է Ազգային ժողովի նիստերից: Իշխանությունն էլ իր հերթին ընդդիմության ակտիվացման փորձերը դիմավորում է սոցիալական բնույթի ակցիաներով՝ թոշակների բարձրացում, հակակոռուպցիոն աղմկահարույց գործերի քննություն եւ վերաբացում, ճանապարհաշինություն, սոցիալական արդարության ու տնտեսական բումի մասին տեղեկատվություն եւ այլն:
Իսկ թե ինչով կավարտվի ազգային եւ սոցիալական գաղափարներով երկու քաղաքական բեւեռների բախումը, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Միայն կարող ենք ասել, որ այդ հանգուցալուծման վրա կարող են ազդել հետեւյալ գործոնները՝ 1. Արցախում Ադրբեջանի կողմից երրորդ պատերազմի սանձազերծումը, 2. ուկրաինական պատերազմի ավարտական արդյունքները, 3. Երեւանի քաղաքապետի ընտրության արդյունքները, 4. սոցիալ-տնտեսական իրավիճակի դրական կամ բացասական զարգացումնրը, որոնք կարող են բախման գիծը աջ կամ ձախ տեղաշարժել, 5. նոր ավտոբուս-տրոլեյբուսների հեռուստաէկրաններից երեւացող պատկերների ազդեցության ներքո ներքաղաքական զարգացումների կանխատեսնման մասին մտորումները եւ այլն: Կարճ ասած, ստեղծվել է մի վիճակ, երբ ազգային անվտանգության խնդիրը մի կողմ թողած, իրար միս ենք ուտում եւ 3000 դրամ թոշակ բարձրացնելով, պոպուլիստական հարցեր ենք լուծում:
Ստիպված դիմում եմ կողմերին. քանի ուշ չէ, արթնացեք, հակառակ դեպքում առանց երկիր կմնանք կամ կդառնանք հերթական Ուկրաինա, որտեղ թեեւ նախագահ Զելենսկու քաղաքական կուսակցությունը կոչվում է «ժողովրդի ծառա», սակայն ամբողջ աշխարհին է հայտնի, թե 2014-ից սկսած ինչ ծառայություններ է մատուցել եւ մատուցում ժողովրդին ընտրություններում հաղթանակած այդ քաղաքական ուժը: Ի դեպ, հաճախ է մտքովս անցնում, թե խեղճ պատմաբանները ապագայում այս ամենի մասին ի՞նչ պիտի գրեն եւ ի՞նչ եզրակացություններ կատարեն:
Այս ամենով հանդերձ, հասկանում եմ, որ այսօր Հայոց պետականության եւ հայության լինելիության բանալին Արցախում է: Եթե չենք ուզում վերածվել կուլտուր -մշակութային հանրության, այլ ուզում ենք մնալ ազգ ու պետություն, պետք է Արցախը պահենք հայաբնակ ու հայկական, այլ ելք ուղղակի չկա, ինչքան էլ թրքաբարոներն այլ բան համոզեն: Իսկ թե ո՞րն է Արցախի բանալի Լաչինի ճգնաժամի լուծման ճիշտ բանաձեւը, ապա միայն հստակ հասկանում եմ, որ էս վիճակում գտնվող Հայաստանի համար դա ռազմական լուծումը չէ: Ավելին, դա լուծման կործանարար տարբերակն է: Քանի որ պատերազմի արյունը դեռ չի չորացել, կան հազարավոր զոհեր, վիրավորներ, բազմաթիվ գերիներ, անհետ կորածներ, հոգեբանորեն կոտրված հասարակություն: Եվ երբ տեսնում ես, թե ինչտեսակ մարդիկ են ասում Լաչինը միայն ուժով պետք է բացել, գնանք կռվենք, խփենք սպանենք, որ ակամա ուզում ես ճչալ՝ եղբայր, 2020-ին, 44 օրյայի ժամանակ գնայիր խփեիր, սպանեիր, հասնեիր Կասպից: Միաժամանակ վստահ եմ նաեւ, որ խաղաղութիւնը չեն մուրում, այլ ձեռք են բերում, որ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես ու միշտ պատրաստ լինես պատերազմի, որ խաղաղության գինը գիտի այն ժողովուրդը, որն արյուն է թափել դա ձեռք բերելու համար: Թե չէ բանակում չծառայածը երբեք չի հասկանա, թե ինչ է խաղաղությունը:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
15.07.2023