Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա կատարված հարձակումից ու մեր տարածքներում դիրքավորվելուց հետո հակառակորդի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու խոսակցություններն առավել քան ակտիվացել, կամ, անգամ կարելի է ասել, առարկայական են դարձել: Եթե մինչեւ 44-օրյա պատերազմը հայ հասարակության մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Ադրբեջանի հետ երբեւէ կարող է խաղաղության մասին խոսակցություն անգամ ունենալ, ապա այժմ այդ մասին ոչ միայն քաղաքական նեղ շրջանակներն են խոսում, այլեւ նույնիսկ հասարակական տրանսպորտով աշխատանքից տուն գնացող ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներն են խոսում, քննարկում՝ պայամնագրի ո՞ր տարբերակն է ավելի հայամետ: Եվ, փաստացի, ոչ միայն մենք՝ լրագրողներս ենք ոչ հեռավոր ապագայում պայմանագրի մասին պաշտոնյաներին հարցեր ուղղում, այլ նաեւ շարքային քաղաքացիներն են քննարկում, լավուվատ անում: Ի դեպ, կարծիքները ոչ միանշանակ են, եւ հաճախ վայ-հարեւանի հետ «հարեւանություն» անելուն կողմ են արտահայտվում պատերազմի ժամանակ կորուստ ունեցած անձինք՝ «թող ոչ ոք նման վիշտ չտեսնի» տրամաբանությամբ:
Թեեւ մինչեւ այս պահը որեւէ հստակություն չկա՝ պայմանագիրը ե՞րբ կկնքվի, հատկապես քաղաքամայր Երեւանում մթնոլորտը խիստ «խաղաղասիրական» է: Մարդիկ, շունչները պահած, կարծես սպասում են՝ երբ է ի վերջո ստորագրվելու պայմանագիրը, ու արդեն որեւէ մեկը չի քննարկում դրա լավ կամ վատ լինելը, իրականություն դառնալ-չդառնալու հանգամանքը: «Խաղաղության պայմանագրի» մասին Հայաստանում այժմ խոսում են որպես իրողություն դարձած, բայց դեռեւս չստորագրված հանգամանքի մասին: Իսկ դրա վառ ապացույցը նորից թափառող հարցի հաճախակի բարձրաձայնում է, թե Հայաստանը պայմանագրի «ռուսական, թե՞ եվրոպական» տարբերակին է կողմանկից:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ