Երեքշաբթի, Ապրիլի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել Էդուարդ Խաչիկյանի «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի գյուտը» նոր պատմավեպը

ԱԶԳ
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
29
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ մասնագիտական գրականության պակաս, թվում է, չկա: Այդուհանդերձ, մաշտոցյան գրերը պարունակում են առեղծվածներ, որոնց վերծանման գայթակղությունը ժամանակ առ ժամանակ արթնանում է, իրարամերժ կարծիքների բախման առիթ տալիս եւ անհավանական, անգամ,  հակագիտական վարկածների համար հող հանդիսանում: Մեր ապրած ժամանակներում այս երեւույթը սուր, երբեմն, անհեթեթ, ժխտողական դրսեւորումներ է ունենում,  եւ ապազգային մտածելակերպին ու գնահատումներին հակադարձելու  հրամայականի արտահայտությունն է արձակագիր Էդուարդ Խաչիկյանի նոր՝ «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի գյուտը» վեպը: Էդ. Խաչիկյանն այն հեղինակել է 2025-ին՝ բավական կարճ ընթացքում՝ հիմք  ունենալով մինչ այս առկա հարուստ աղբյուրները՝ վաղ եւ ուշ միջնադարյան պատմիչների երկեր, արդի հայագիտական եւ երաժշտագիտական գրականություն եւ այլն, սակայն սեփական գեղարվեստական հորինվածքի կաղապարումով: Վիպագիրը երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, Դերենիկ Դեմիրճյանի անվ. գրական մրցանակակիր, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ: Ի տարբերություն իր նախորդ պատմավեպերի, որոնց թվում են «Սմբատ Գունդստաբլ», «Ղեբուբան կամ արքայի գործակալը» վեպերը, «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի գյուտը» չունի սովորական սյուժետային զարգացում՝ հստակ հանգույցով, գագաթնակետով եւ հանգուցալուծմամբ: Վեպի երկու մասերը սյուժետային գծով թույլ են կապված եւ կարող են դիտվել՝ իբրեւ առանձին վիպակներ:

Գլխավորը, ինչը կապում է վեպի երկու մասերը, մաշտոցյան գրերի ստեղծման պատմական անհրաժեշտության փաստի մանրամասն քննությունն է՝ գրերի գյուտին նախորդած ուսումնասիրությունների խորազննութամբ, նախամաշտոցյան նշանագրերի համակարգերի մասին ծանուցումներով, վարդապետին տեսլացած գրերի գիտական-գեղագիտական ներկայացումը, դրանցում առկա բազում թաքնագրությունների բացահայտումները: Դա արվում է հետեւողականորեն, համարյա ամեն զրույց, երկխոսություն, պատմական իրադարձություն առիթ անելով՝ նորից ու նորից քննության առնելու Հայոց պատմության ամենանշանակալից եւ հիմնարար իրադարձություններից մեկը, այն է՝ մաշտոցյան գրերի արարումը: Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու վարքը նկարագրելը չէ՛ հեղինակի նպատակը. դա հրաշալի արվել է մեր պատմիչների մատյաններում: Բայց նրա կերպարը գեղարվեստական արտահայտություն է ստանում գրքի առաջին մասում: Այն սկսվում է Հայոց Վռամշապուհ արքայի հրամանով՝ Մաշտոցի ուղեւորության եւ ուսումնասիրությունների պատմությամբ: Պատումը շարունակվում է ժամանակին առկա գրային համակարգերի ներկայացմամբ, թե ինչո՛վ բացատրել Մաշտոցի տեսիլքը, եւ թե ո՛նց, որտե՛ղ եւ ե՛րբ, ի՛նչ հենքի վրա են ծագել հայոց տառերի հեղինակային գաղափարները, ի՛նչ մտքեր եւ գաղտնագրություններ են դրանք իրենցում կրում: Հեղինակը վեպի գեղարվեստական պատումը հաճախ ընդհատում  է գիտական-փաստագրական ծավալուն ուսումնասիրությունների ներկայացմամբ, որոնցում բացահայտվում են հայոց տառերի մաթեմատիկական, աստղաբանական, թվագրման, քիմիական տարրերի կարգաթվերի նախանշման, տարածական երկրաչափության, աստղագիտության, ինչպես նաեւ՝ աստվածաբանական թաքնագրումները: Բայց առավել՝ գրքի հերոսների բերանով խոսում է մաշտոցյան հանճարի զորության, նրա արարման ազգապահպան-պատմական նշանակության մասին՝ ազգի գոյության եւ հարատեւման փաստն անմիջականորեն կապելով հայոց լեզվի եւ սեփական գրերի գոյության հետ: «Այսուհետեւ պարտավոր ենք լուսեղեն ազգ լինել եւ արեւածաղկի նման դեպի արփին ձգվել, որպեսզի մեր գիրն էլ արեգակի պես ճաճանչվի»,- պատգամում է Սահակ Պարթեւ կաթողիկոսը Մաշտոցին:  

Թեեւ ոչ գլխավոր, բայց վեպի հիշարժան կերպարներ են Մաշտոցի աշակերտները, որոնց գործերին ըստ արժանվույն գնահատականների ենք հանդիպում գրքի երկրորդ մասում: Բայց նրանց կերպավորումները վեպում գլխավորապես ծառայում են Մաշտոցի անձն ու գործի նշանակությունը քանիցս եւ բազմակողմանիորեն ներկայացնելուն: «Մեսրոպյան 36 հրաշատես տառերն ազգի պահապան աշխարհազորն են ու աշխարհում նմանը չունեն, քանզի ոչ միայն սովորական գիր են, այլեւ մեծ փիլիսոփայությամբ ու մոգությամբ են օժտված,- սեպուհ Սիփան Պալունու հետ զրույցներից մեկում ասում է Մովսես Խորենացին:- …Չի կարելի Ուսուցչի գործը կասկածի տակ առնել՝ նսեմացնելով նրա մեծ ավանդը»: «Արժանիքները բազում են, բայց ըստ իս՝ ամենակարեւորը լեզվի կառուցվածքի գիտակցական, տրամաբանությունն է, եւ իհարկե, նաեւ օրգանական թաքնագրումները»,- Ղազար Փարպեցու գնահատականն է: «Մաշտոցի տառաստեղծումը հանճարեղ գյուտ է եւ գիտական սխրանք»,- մեջբերում է Կորյունի խոսքից: Իսկ Եզնիկ Կողբացին գրերը համարում է մշակութային մի նոր հզոր զենք. «Գրերի գյուտն ակամա արթնացրեց ժողովրդի ինքնագիտակցությունը եւ ազատատենչ ձգտումները»: Հայ բոլոր սերունդներին է ուղղված Կողբացու պատգամը. «Ճոխ  է հայոց լեզուն, եւ իրապես կվարձատրվի նա, ով խորապես կուսանի մեր աստվածատուր մայրենին, քանզի մեր լեզվի զորությունը գերբնական է: Եվ լեզվի մեջ է այն դյութական ուժը, որի առջեւ ոսոխներն անզորանում են…»:

Մի այլ առիթով պահնորդական գնդի պետ եւ Արտաշես արքայի հանձնակատար սեպուհ Պալունին, զինվորականին հատուկ պատկերային մտածողությամբ, մեսրոպյան գրերին իր բնութագիրն է տալիս. «…Մարդաշար կազմած լեգեոն է՝ թշնամու դեմ կռվի պատրաստ: Եվ ամեն տառն իր տիեզերական բառիմաստն ունի»:

Այսպես, վիպասանը մաշտոցյան գյուտի վերաբերյալ իր կարծիքն ու բնորոշումները շարունակաբար բաշխում է վեպի հերոսների՝ պատմիչների եւ Սիփան Պալունու տասնյակ զրույցներում՝ այս կամ հերոսին վերագրելով վերոհիշյալ ձեւակերպումները:

Գրքի առաջին վիպակում Մաշտոցը ներկայանում է ոչ միայն որպես գիտնական եւ ուսումնասիրող, այլ նաեւ՝ որպես զինվորական, ազգի հոգեւոր հովիվ: Սեպուհ Պալունին, որի կերպարը գծագրվում է առաջին վիպակում եւ երկրորդում դառնում գլխավորը, վկայում է Մաշտոցի՝ ուսումնական այրի, քաջ հրամանատարի, խստակեց հոգեւորականի, երաժշտի, «անգերազանցելի տիտանի»  դերակատարությունն իր ապրած ժամանակներում: Նա, իր իսկ խոսքերով, «համառությամբ իր ներքին տաճարն էր կառուցել»:

Պատմավեպի կարեւոր բնութագրիչներից է հերոսների պատմական նախատիպերի առկայությունը: Նմանները շատ են Էդ. Խաչիկյանի գրքում, սակայն երկրորդ բաժնի կենտրոնական գործող անձը հնարածին է՝ նրա մեջ ամփոփելով հայ զորականի, մտածող եւ սեփական երկվություններն ունեցող, դրանք հաղթահարող անձի հատկանիշները: Զուր չէ, որ ստրկության տարված, մանկուրտի վերածված եւ ապա գերությունից փրկված ազնվազարմ պատանու կերպարը հեղինակը քիչ առ քիչ դարձնում կենտրոնական: Մանկուրտ, ասել է, թե՝ հիշողությունից ստիպմամբ զրկված մարդը կողմնակիորեն հիշեցնում է ներկայիս այն սերունդը, որը հասակ է առել խորը գիտելիքից, իր արմատների զգացողությունից, ոգեղենությունից զրկված, կեղծ ու կործանարար արժեհամակարգերով առաջնորդվելով: Գողթան գավառի իշխան Շաբիթի փրկած մանկուրտը, պարզվում է, Պալունիների սեպուհական տոհմից էր, եւ նրա նոր հիշողությունն ու աշխարհընկալումը ձեւավորվում է հայոց սահմանները պաշտպանելու, Մաշտոցին օտար երկրներում ուղեկից եւ թիկնապահ լինելու, ապա եւ արքայի վստահելի ու հավատարիմ զորականների շարքը դասվելու ընթացքում: Նրա հարցասիրությունն ու անհանգիստ միտքը դրդում են շարունակաբար անդրադանալու գրերի գյուտի նշանակությանն ու արժեքին: Նա, մի տեսակ, գործիք է՝ պրպտելու եւ բացահայտելու հայոց գրերի թաքնագրությունները:

Հնարածին է նաեւ սեպուհ Սիփանի կնոջ՝ արցախցի Հայարփիի կերպարը, որը սերտելով հայոց գրերը՝ դառնում է ուսուցանող եւ արքայի թույլտվությամբ բացված առաջին օրիորդաց դպրոցի կին ուսուցիչը: Սա հեղինակի մտահղացումների շարքից է, կարելի  է ասել՝ ենթադրությունը, քանի որ ուսյալ, կրթյալ իշխանուհիների եւ ազնվազարմ կանանց շատ անուններ են հայտնի հայոց պատմությունից: Հենց Հայարփիի խոսքում է կարոտով հիշատակվում Ղազանչեցոց եկեղեցին, ինչը հեղինակի կողմից պատմական իրողության զանցառում է. Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է նկարագրված իրադարձություններից շուրջ 14 դար անց: Բայց պատմավիպագրության մեջ երբեմն նման դիտավորյալ «վրիպումները» թույլատրելի են, երբ հատկապես անհրաժեշտություն է ծագում ժամանակների միջեւ կապը եւ խնդիրների արդիականությունը շեշտելու:  

Պատումն աշխուժացնում են բյուզանդական եւ պարսից զորագնդերի, ավազակախմբերի հետ բախումների, նաեւ պատմական ճակատամարտերի մասին պատմող էջերը: Պատերազմական գործողությունների նկարագրությունները, ինչպես Էդ. Խաչիկյանի մյուս պատմավեպերում, խիստ հավաստի են՝ մարտական գործողությունների կենդանի պատկերներով, զենքուզրահի նկարագրերով, առասպելականի եւ իրականի ներդաշն միախառնումով: Երկրորդ մասում սրան գումարվում են երեք-չորս դետեկտիվային կարճ պատմություններ, որոնց հանգուցալուծումը տալիս է սեպուհ Պալունին:

 «Մեսրոպ Մաշտոց. հայոց գրերի գյուտը» վեպը, որոշ առումով, գիտա-հանրամատչելի գրականությանը համազոր երկ է, հայրենանվիրության դասեր պարունակող ուսումնական ձեռնարկ, որը կարող է եւ պետք է ծառայի դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար՝ որպես հավելյալ նյութ՝ մեր գրերի դերն ու նշանակությունը խորքայնորեն ներկայացնելու համար:

Գիրքն ընթերցելիս՝ տեղ-տեղ այն տպավորությունն ես ունենում, թե գործողությունները զարգանում են մեր օրերում, հատկապես երբ խոսվում է քաղաքական սրացումների, խառնակ ժամանակների, հայոց սպառնացող սահմանային նոր բաժանումների, բնակավայրեր զավթելու՝ ոսոխի անիրավ նկրտումների, անկախության վերականգնման հրամայականի մասին: Հեղինակն իր համոզմունքն է շարադրում ծագմամբ արցախցի հերոսներից մեկի բերանով. «…Հողը արյունից է լիանում: Մեր Արցախ երկիրն էլ իր արյունով է պարարտացնում մեր հող հայրենին, որն օտարի ոտքերի տակ կրակաբոց է դառնում»:

«Ազգն իր ոգեղեն անկման մեջ է, հիասթափությունն է հոշոտում նրա հիվանդ մարմինը»,- կարդում ենք եւ ակամա համեմատություն անում տասնվեցդարյա հեռավորությունից: «Հայոց պարարտ հողում գալիք հաղթանակների  սերմերը, ցավո՛ք, հողի տակ են պայթում՝ առանց ավելորդ գովազդի: Պիտի հավատանք մեր ուժերին, որ հաղթանակը մերը լինի…»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Բալիվիան. Ներգաղթյալների ձայների նկարահանումը

Հաջորդ գրառումը

Անհնար է միտքը բանտել…

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

Անհնար է միտքը բանտել...

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանի հարցում Փաշինյանը նույնքան երկերեսանի է, որքան Ռուսաստանի դեպքում. Զատուլին

06/04/2026

«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին և մեծապես հույս ունի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա. Աղասի Ենոքյան

06/04/2026

Նիկոլը Մոսկվա էր գնացել կոնկրետ գործով՝ TRIPP-ի օգտատերերը ուզում են նախագիծը առաջ մղելու գործում երկաթգծին տիրություն անել, իսկ այն ռուսական...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը

05/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը: «Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ. Սուրեն Սուրենյանց

06/04/2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական