Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում, ինչպես արդեն գրել էր «Ազգ»ը, օրերս բացվեց Հրանտ Թադեւոսյանի (Թաթոսի) 84-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը, որում ներկայացված էին նրա շուրջ 100 աշխատանքները:
Հրանտ Թադեւոսյանն այն եզակիներից է, որ նկարում է ամեն օր եւ աշխատասիրության նման ձգտումը նա անվանում է պարգեւ, նշելով, որ հրաշք բան է, երբ մարդն իր սիրելի գործով է զբաղվում, որովհետեւ անում է մի բան, որը ոչ թե պարտադրված է, այլ սիրելի, եւ այդ սիրով էլ մղվում եւ տրվում է այդ աշխատանքին:
«Ստեղծագործելու պահը երանության նման մի բան է. դու դրախտային իրավիճակում ես, որովհետեւ այն, ինչ անելու ես, ոչ մեկից կախված չէ. միայն դու ես, քո ներաշխարհը, քո մտածելաձեւը, քո վարպետության հնարքները: Այս բոլորը գալիս են լրացնելու քո ասելիքը: Դատարկ կտավը սարսափելի բան է: Պետք է լցնես այդ կտավը, թանկացնես՝ քո միտքն ու էությունը դնելով: Ամենակարեւորը, որ այդ ամբողջի մեջ ինքդ քեզ չկեղծես, անես այն՝ ինչը քոնն է, քո սեփականն է եւ ուղղորդվես այդպես»,- ասում է վաստակավոր նկարիչը:
Հ. Թադեւոսյանը նշեց, որ 1968-1988 թվականների ընթացքում ոչ մի նկարչական գիծ չի արել, սակայն, ընկերների դրդմամբ, վերադառնալով ստեղծագործական կյանքին, 1991 թվականին յուրօրինակ զարթոնք է ապրել եւ միանգամից 385 աշխատանք է ներկայացրել, իսկ այժմ յուրաքանչյուր տարի գոնե 300 աշխատանք է ներկայացնում: Նրա ստեղծագործություններն այսօր 6000 եւ ավելի են:
«Երբ նկարի վերջնական արդյունքին եմ հասնում եւ հասկանում, որ սա այն է, ինչ ուզում էի ստանալ, ասում եմ՝ շնորհակալ եմ, որ ապրում եմ այս ձեւով», պատմում է նկարիչը, եւ հավելում, որ ստեղծագործելու լավագույն վայրը բնությունն է, ուր դուրս է գալիս իր ներկապնակով, թռչունների ծլվլոցի մեջ, խաղաղության ներքո ստեղծագործում՝ ամբողջ էությամբ մխրճվելով այդ հասկացության մեջ: Սիրում է կյանքը, նշում, որ իրեն տրված ամեն օրը ճզմում-քամում է, որովհետեւ աշխատանքը երջանկացնում է իրեն: Սիրում է լույս նկարել, հաճույք է ստանում, երբ նայում են իր նկարներին եւ ժպտում:
Երբեք չի անում նկարի նախատիպը, աշխատում է միանգամից յուղաներկերով, որովհետեւ, իր խոսքով, նկարչությունը այդպիսին է, մինչեւ կատարվում է նախատիպը՝ գաղափարի կեսը մոռացության է մատնվում: Ճիշտ է համարում բոլոր այն արվեստագետներին, որոնք արվեստանոցում են ապրում: Այն, ինչ այդ պահին նրանց էության մեջ նստել է աշխատելու համար, միանգամից կատարում են, առանց ուրիշ պատկերներ եւ մարդկային հայացքներ նկատելու:
Վերադառնալով անցյալ` հիշում է, թե ինչպես է անտառում, առաջին անգամ նկարել առվակ՝ Մարտիրոս Սարյանի նվիրած էտյուդնիկում, սակայն նկարը չի պահպանվել: Իսկ առաջին մեծ, ինչպես նկարիչն է կոչում՝ «պատմական» նկարը նկարել է սովետական բանակում, որտեղ ուներ ներկեր, սակայն չուներ կտավ եւ այդ պատճառով պաստառից մի հատված կտրելով եւ ձգելով նկարում է, որի համար ստանում է 15 օրյա մեկուսացում: Նկարիչը ժպիտով նշում է, որ նկարը խամրած գույներով, բայց դեռեւս պահպանվում է:
Հրանտ Թադեւոսյանը նկարում է ու նաեւ դասավանդում է Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում: Նոր սերնդին հորդորում է աշխատել ու հավատալ, հավելելով՝ որ աշխատանքն է ծնում արդյունք, հետեւաբար պետք է աշխատել, ձգտել եւ հասնել, որովհետեւ պնդերեսությունն ու լրջությունն է կատարած գործին հաջողություն բերում:
ԱՆԻ ԷՎԻՆՅԱՆ