Ֆրանսիայի փարիզյան շրջանի մի գողտրիկ անկյունում, իրենց առանձնատան մեջ, երկու վառ անհատականություն, երկուսն էլ ծնված Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում՝ մշակույթի գործիչ Տելեմակ Կավեսյանը եւ երգչուհի Լիզ Սարյանն արդեն կես դարից ավել ապրում են սիրո, հանդուրժողականության, միմյանց անձի հանդեպ խորը հարգանքով ու պատասխանատվությամբ:
Արվեստի դժվար ճանապարհ անցած այս ներդաշնակ զույգն ամեն լուսաբացը դիմավորում է ստեղծագործական մի նոր մտահղացմամբ:
1965 թ. աշխատանքի բերումով Ֆրանսիայից Բելգիա գործուղված Տելեմակ Կավեսյանն իր բնակարանում հերթական աշխատանքային ծրագիրն էր կազմում, հանկարծ հեռուստատեսությամբ լսում է Լիզ Սարյան անուն ազգանունը (քանի որ օտար երկրներում ՅԱՆ լսելիս կամ կարդալիս, անմիջապես մեզ հետաքրքրքում է նրա ծագումն ու զբաղմունքը, այս փաստից Տելեմակն անմասն չէր), հայացքն անմիջապես ուղղելով հեռուստացույցին, ինչպես ինքն է ասում՝ փշաքաղվում է… Հայ գեղեցկուհին մեր հայրենակիցներ Ժորժ Կառվարենցի «Balalayka», Պոլ Կուլակի (Paul Koulaksezian) «La tempete» երգերի կատարումներով մասնակցում էր «Te՛le՛ Dimanche» հեռուստամրցույթին եւ գրավել էր առաջին տեղը:
Հաջորդ օրը Տելեմակ Կավեսյանը ճանապարհվում է Փարիզ: Երջանիկ պատահականությամբ գնացքում հանդիպում է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգեւոր հովիվ Գյուտ եպս. Նագգաշյանին, պատմում է Լիզ Սարյանի հանդեպ իր զգացմունքների մասին եւ խնդրում օգնել գտնելու նրան:
Առաջին իսկ հանդիպման ժամանակ Տելեմակը Լիզ Սարյանին առաջարկում է իր աջակցությունը:
Ի դեպ, մրցույթի դատակազմի նախագահ, խստապահանջ Ռոբերտ Բովեն վեց շաբաթ տեւած մրցույթում շարունակաբար առաջին տեղում ընտրել էր Լիզ Սարյանին: Այս հաջողությունը մեծ ճանաչում բերեց վերջինին: Տելեմակ Կավեսյանին պատկանող «Disques Vogue»-ի հետ պայմանագիր է կնքում 45 րոպե տեւողությամբ սկավառակ թողարկելու համար:
Բացի այդ, Լիզ Սարյանը հանրահայտ երգիչների (Pe՛tula Clark, Francoise Hardy, Richard Anthony, Johnny Hallyday, Jacques Brel) խմբի հետ երկու ամիս համերգներով շրջագայում է Ֆրանսիայի քաղաքներում:
Արդյունքում 1967թ. Լիզ Սարյանի « On s aime» կատարումը դառնում է տարվա ամենալսված երգը:
Տելեմակ Կավեսյանը դառնալով Լիզ Սարյանի պրոդյուսերը՝ նրա համար նոր ուղի է հարթում դեպի արվեստի աշխարհ… Հանդիպում հայ համայնքի նշանավոր դեմքերի հետ, համերգներ Փարիզում եւ տարբեր երկրներում, աստիճանաբար գրավելով Լիզ Սարյանի սիրտը, եւ որոշ ժամանակ անց ամուսնանում են:
Լիզ Սարյանի համերգները, լինի «CASINO DE PARIS», «BOBINO» եւ փարիզյան այլ շրջաններում, ուր միշտ ներկա էին Շառլ Ազնավուրը, Պատրիկ Դեւեջյանը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ ու համայնքի նշանավոր դեմքեր, անցնում էին ջերմ մթնոլորտում, լեփ-լեցուն դահլիճներում, հավասարապես ե՛ւ հայեր էին, ե՛ւ ֆրանսիացիներ:
Տելեմակ Կավեսյանի երազանքն էր, որ Լիզ Սարյանը մի օր երգի իր հայրենիքում: 1983թ. ծրագիր է ուղարկում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն (ԱՈԿՍ):
1984թ. գարնանը, Փարիզ-Մոսկվա- Երեւան օդանավով, Տելեմակ Կավեսանն ու Լիզ Սարյանն առաջին անգամ ժամանում են իրենց այնքան հարազատ եւ այնքան հեռու գտնվող հայրենիք:
Թե ինչպիսի արկածներով են տեղ հասել, դա առանձին ծավալուն նյութ է. ինչպես Տելեմակն է ասում՝ նոր հասկացավ, թե ինչու են մարդիկ Խթը լսելիս սարսափում: Երբ օդանավակայանում ծաղկեփնջերով ջերմ դիմավորում են իրենց, սարսափն անցնում է:
Տեղավորվելով «Արմենիա» հյուրանոցում, 15 օր շարունակ շփվելով մարդկանց հետ, մի նոր բացահայտում են անում՝ հյուրասիրություն, ջերմ ժպիտներ, սիրալիր խոսքեր:
Տելեմակի համար անմոռաց օրեր էին. պատմում է, թե ինչպես էր ամեն անցորդի հարցնում՝ դու հայ ե՞ս, ու սիրալիր բարեւում, ուրախանում, որ բոլորը հայ են եւ իր իմացած հայերենով զրույցի բռնվում:
Ինքն իրեն անընդհատ ասում էր՝ Տելեմակ, ինչքան երջանիկ ես, միանգամից հայրենիքդ տեսար եւ այսքան հայ մարդ:
Համերգի համար մի տրցակ տոմս էր գնել, որ ում հետ սիրալիր զրույցի բռնվի՝ հրավիրի: Այդպես տոմսերը բաժանելու պահին մի ոստիկան է մոտենում իմանալու համար, թե այս արտասահմանցի մարդը ո՞վ է: Երբ ոստիկանը մոտենում է, Տելեմակը հայերենով բարեւում է ու միանգամից հարցնում՝ դու հայ ոստիկան ե՞ս, ուրախ եմ, որ հայ ոստիկան էլ տեսա: Մի տոմս էլ նվիրում է նրան: Երբ ոստիկանը պահանջում է փաստաթղթերը՝ Տելեմակն ասում է՝ ես հայ եմ, եկել եմ իմ հայրենիքը, ի՞նչ փաստաթուղթ:
Այս դրվագը Տելեմակը հաճախ է հիշում:
Հայաստանի հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գլխավորությամբ՝ գեղարվեստական ղեկավար Մելիք Մավիսակալյանի եւ նվագակցությամբ ֆրանսահայ դաշնակահար Ֆրեդերիկ Մանուկյանի, 15 օր շարունակ, Լիզ Սարյանն իր հայրենասիրական երգացանկով զարմացրել էր ներկաներին: Համերգի հրաժեշտի ծրագիրը կազմելիս, ջերմ ընդունելիությունից տպավորված Լիզ Սարյանը մտածում է, թե ինչպես արտահայտի հայրենիքի հանդեպ իր անսահման սերը եւ ամբողջ գիշեր անգիր է անում ու համերգի ավարտին արտասանում Հ. Թումանյանի «Ամենից լավ տունը» բանաստեղծությունը:
Տարիներ անց, հրավիրվել էի Լիզ Սարյանի համերգին, որը տեղի ունեցավ 2008թ. ապրիլի 19-ին փարիզյան շրջանի Անգիեն լե Բանի ( Enghien les Bains) « CASINO» համերգային սրահում: Գեղեցիկ հայուհու կեցվածքով «Հայաստան» երգով բացվում է համերգը, երգում է Լիզ Սարյանը, դահլիճը լեփ լեցուն է, ոտքի վրա բոլորը ծափահարում են, ներկա են Շառլ Ազնավուրը, Պատրիկ Դեւեջյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Իսի Լե Մուլինոյի քաղաքապետ, հայ ժողովրդի լավագույն բարեկամ Անդրե Սանտինին, Անգիեն Լե Բանի քաղաքապետը, համայնքի նշանավոր դեմքեր:
Համերգին ներկա էր նաեւ Սեդա Ազնավուրը, որի հետ միասին կատարեցին մի քանի երգ:
Երգացանկում քնարական, հայրենասիրական երգեր էին, դահլիճը թնդաց այն պահից, երբ Լիզ Սարյանը կատարեց «Զարթիր լաո» ու «Գետաշեն» երգերը, բոլորը ձայնակցում էին, անմոռանալի, տպավորիչ երեկո էր, համոզված եմ՝ ոչ ոք չի մոռացել…
Համերգից հետո ջերմ հանդիպում էր, «Գետաշեն» երգի կատարումը ցնցել էր ինձ: Այդ տպավորությամբ մոտենալով Լիզ Սարյանին՝ ասացի՝ Արցախի հերոսական աշխարհից ջերմ ողջույններ: Անմիջապես գրկեց ինձ ու սեղմեց կրծքին: Հետագայում, երբ արդեն դարձանք բարեկամներ, հիշեց այդ պահը, կրկին հուզվեց ասելով՝ այնքան սեր ու ջերմություն զգացի քո խոսքի մեջ, որ անմիջապես հոգով ու սրտով կապվեցի քեզ հետ:
Մոտիկից ծանոթանալով Լիզ Սարյանի կյանքի մանրամասներին՝ իմացա, որ նա երգում է փոքր տարիքից, որը ժառանգել էր իր սիրելի Գայանե մայրիկից: Ապրելով փարիզյան շրջանի հայաշատ Ալֆորվիլ քաղաքում, ունենալով հայկական միջավայր, նրանց ընտանիքում հաճախ էին հյուրընկալվում արվեստի մարդիկ եւ հյուրասիրությունն ավարտվում էր մայրիկի երգերով: Այդպես, Լիզ Սարյանը մեծանալով հյուրընկալ ընտանիքում, լսելով հայկական երգերը, ջերմ սիրով կապվում է իր արմատներին: Ծնողների հանդեպ սերն ուղեկցվում է իր կյանքին համընթաց, ամեն առիթով հետաքրքրական պատմություններ է հիշում եւ հուզումով ու երախտագիտությամբ իր ապրումները վերստին պատմելով՝ վառ է պահում նրանց հիշատակը:
Երբ խոսք է լինում, որ ինքն ամեն ինչ համեղ է պատրաստում, ասում է՝ մայրիկիցս եմ սովորել: Ամեն առիթով, մեջբերելով մեծ մայրիկի խոսքերը, շեշտում է՝ ինչպես մեծ մայրիկս էր ասում…
Ֆրանսիայի հայտնի գրախանութներում, Փարիզի հայկական ռադիոյի( AYP FM ) ձայնադարանում, իրենց ուրույն տեղն ունեն Լիզ Սարյանի ձայնապնակները , որը թողարկել է ամուսինը՝ Տելեմակ Կավեսյանը: Ի դեպ, Տելեմակ Կավեսյանը 1971թ. հիմնադրում է «Disques DOM» ձայնասկավառակների թողարկման տաղավարը, որտեղ ձայնագրվել են հազարավոր հանրահայտ երգիչ- երգչուհիներ:
94-ամյա Տելեմակ Կավեսյանի գործը շարունակում է իրենց որդին՝ Ֆրեդերիկ-Վանիկ Կավեսյանը:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա առիթով, Տելեմակ Կավեսյանն իր նախաձեռնությանբ, 2006 թ. թողարկում է «Balade en Arme՛nie» երկու ձայնասկավառակով ալբոմը, որն ամբողջանում է հայկական ֆոլկլորով ու դասական երաժշտությամբ՝ Ջիվան Գասպարյան, Արամ Խաչատրյան, Ֆրանսիայի «Կոմիտաս» երգչախումբ, Շառլ, Սեդա, Աիդա եւ Միշա Ազնավուր, Լիզ Սարյան, Մարգարիտա Սայան:
2009թ. Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին, Շառլ Ազնավուրը, Աիդա Կառվարենցը, Լիզ Սարյանն ու Սեդա Ազնավուրը «Քեզ համար, Հայաստան» համերգային ծրագրով Երեւանում Գյումրիում ու Ստեփանակերտում կրկին հանդիպում են իրենց սիրելի հայրենակիցներին: Տելեմակ Կավեսյանի եւ Լիզ Սարյանի համար անմոռանալի օրեր են: 44-օրյա պատերազմից հետո ավելի հաճախակի են հիշում այդ երանելի պահերը:
2018 թ. սեպտեմբերի 23-ի Հ1 հեռուստաընկերության ԵՐԳ-ԵՐԳՈՑ հաղորդաշարը նվիրված էր Լիզ Սարյանին, որի համար անչափ շնորհակալ են ԵՐԳ-ԵՐԳՈՑ -ի անձնակազմին:
Հաճախակի են հիշում նաեւ Նարեկ Դուրյանի հետ համագործակցության տարիները: Ի դեպ, Նարեկը Լիզ Սարյանի տասնյակ երգերի գործիքավորման հեղինակն է:
Ամեն հանդիպման ժամանակ մեր զրույցները, արվեստի, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին են: Ամուսինները չեն սիրում, երբ մարդիկ փորձում են մեծարանքի խոսք ասել իրենց մասին:
Երկրաշարժին հաջորդած տարիներին, Արցախի ու Հայաստանի անկախության օրերին, պատերազմի ժամանակ Լիզ Սարյանը բարեգործական համերգներով իր մասնակցությունն է ունեցել նվիրահավաքման գործին, որի համար հայրենիքը բարձր է գնահատել նրա հայրենանվեր գործունեությունը՝ 2018թ. Լիզ Սարյանին պարգեւատրելով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով: Լիզը միշտ հրաժարվել է հարցազրույցներից, պատճառաբանելով, թե ինքն ընդամենը երգչուհի է եւ իրեն գնահատողը հանդիսատեսն է:
Ի դեպ, Լիզ Սարյանը կրկին պատրաստվում էր համերգի, որի հասույթից պետք է օգներ Հայոց բանակին, այն պետք է տեղի ունենար 2020թ. հոկտեմբերի 4-ին, Ռոլանդ Ռոմանելիի (ակորդեոն) ուղեկցությամբ, սակայն համավարակի պատճառով համերգը չեղարկվեց:
Չնայած հայկական կրթություն չեն ստացել, ամուսինները երկուսն էլ տիրապետում են հայերենին, Տելեմակն՝ առավել, որովհետեւ, որքան էլ զբաղված, ազատ ժամերին, ինչպես ինքն է պատմում, ամբողջ կյանքում աշխատելով ֆրանսիական միջավայրում, գնացքների մեջ, օդանավերում, հայկական գրքեր է կարդացել եւ այն հանգամանքը, որ նրա մտերիմներից մեկը Կարպիս Ջրբաշյանն է եղել, որը գերազանց տիրապետում էր հայերեն գրավոր ու բանավոր խոսքին, խոստովանում է, որ իր ազդեցությունն է ունեցել:
Տելեմակը պատմում է, որ իր ծնողները՝ Միհրանն ու Թագուհին, շատ հայրենասեր մարդիկ են եղել: Լինելով վանեցի, եթե որեւէ տեղ ճանաչված գրողի գրքի մասին խոսում էին, մանավանդ եթե կվերաբերեր Վանին, հայոց պատմություններին, անպայման գիրքը գտնում ու տալիս էին Տելեմակին, որ կարդա: Տելեմակի ներաշխարհում սերը դեպի ընթերցանությունը, գործոն ազդեցություն է ունեցել Հովսեփ Թութունջյանի հոգեբանական գրքերն ու հոդվածները: Վերջերս երբ իրենց տանն էինք, գրասեղանին էջանշանով երկու գիրք կար, մեկը «Արցախապատում» գիրքս էր, մյուսը ֆրանսերենով՝ Edgar Hilsentratհ-ի «Le Conte de la derniére pensée» ցեղասպանության մասին գիրքը: Այս օրերին նրան առավել անհանգստացնում ու հետաքրքրում է հայ- ադրբեջանական ու հայ- թուրքական հարաբերությունները:
Մեր պարտությունը շատ ծանր տարան, մանավանդ Շուշիի անկումը:
Լիզ Սարյանն ասում է, որ շատ բան է կոտրվել իր մեջ, այլեւս նույն ոգեւորությամբ չի կարող երգել: Գալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իրենց մաշկի վրա զգալով ու ճանաչելով թուրք բարբարոսին՝ համոզված են, որ թուրքը երբեք չի փոխվի:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ
16.03.2022