ԵՐԵՎԱՆ-ՀԱՆՈՎԵՐ (Գերմանիա) – Բալետի պարուհի եւ պարադիր Լիլիթ Հակոբյանը ծնվել է Երեւանում, բալետի արտիստների ընտանիքում: 1998-2006 թթ. սովորել է Երեւանի պարարվեստի դպրոցում, 2006-2007 թթ. հանդես եկել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում («Գայանե», «Դոն Կիխոտ», «Ժիզել», «Կարմեն-սյուիտ»): 2007-2011 թթ. աշխատել է Ֆլենսբուրգ Դորթմունդի բալետի թատրոնում, «Հոֆ» թատրոնում՝ պարելով Բալանչինի, Ֆորսայթի, Սոտոյի բալետներում: 2011 թվականից Հանովերի պետական թատրոնի մենապարուհի է, հանդես է եկել Մարկո Գյոքեի, Իրժի Կիլիանի, Փոլ Լայթֆութի եւ Սոլ Լեոնի, Հանս վան Մանենի, Մեդհի Վալերսկու, Ադոնիս Ֆոնիադակիսի, Յորգ Մաննեսի, Նադավ Ցելների, Գոյո Մոնտերոյի, Մարիո Շրյոդերի բեմադրություններում:
-Լիլի՛թ, ճապոնական ասացվածքն ասում է. «Բոլոր պարող աղջիկները տասնինը տարեկան են»: Դու նո՞ւյնպես այդպես ես զգում:
-Պարային բեմադրություն դիտելիս միգուցե եւ բոլորը թվան տասնինը տարեկան. նրանց առատ էներգիան թերեւս տալիս է այդ շատ երիտասարդ լինելու զգացողությունը: Բայց արդեն որոշ ժամանակ է՝ ինչ ինձ այլեւս տասնինը տարեկան չեմ զգում:
-Քո սերնդի հայ բալետի տղա պարողներից շատերը հաջողությամբ աշխատեցին արտասահմանում: Ինչպե՞ս ես բացատրում, որ աղջիկները տղաներից համեմատաբար քիչ եղան:
-Կարող եմ առանձնացնել երկու գործոն: Եվրոպայում տղաներն աղջիկներից ավելի հեշտ են կրթաթոշակ ստանում, հետեւաբար նրանց համար ավելի հեշտ է հետագայում անվճար ուսանելն ու աշխատանք ստանալը: Մյուս գործոնն այն է, կարծում եմ, հայ աղջիկների համար այնքան էլ հեշտ չէ ընտանիքին համոզել, որ հեռանան երկրից:
–Ջորջ Բալանչինն ասել է, որ իր բալետներում առաջին տեղում կինն է, իսկ տղամարդիկ սոսկ զուգընկերներ են: «Աստված տղամարդկանց ստեղծեց, որ կանանց գովաբանեն: Կանայք տղամարդկանց հավասար չեն. նրանք ավելի լավն են»: Ճի՞շտ էր արդյոք մեծ բալետմայստերը:
-Թերեւս: Միգուցե դա հին ասացվածք է: Կարծում եմ՝ խոսքն այն մասին չէ, թե ով է ավելի լավը: Բայց կարո՞ղ ենք բոլորս միասին ավելի լավը լինել՝ մի կողմ դնելով արականն ու իգականը…
–Կարող ենք: Լիլի՛թ, դու աշակերտել ես հայ բալետային մանկավարժության աչքի ընկնող վարպետներին: Ի՞նչ է քեզ տվել նրանցից յուրաքանչյուրը:
-Սիլվա Հակոբջանյանն ինձ տվել է ամենակարեւոր բանը՝ հիմք: Լոլա Գյուրջյանն իմ մեջ արթնացրել է կասկածներ ու հարցեր, որպեսզի համոզվեմ, թե իսկապե՞ս ուզում եմ ընտրել այս մասնագիտությունը: Աննա Մարիկյանն ինձ տվել է պատասխաններ, ոգեշնչել է ինձ շարունակելու ընտրածս ուղին: Մարիա Դիվանյանն ինձ տվել է այս արվեստի ձեւն իսկապես զգալու զգացողություն: Եվ նրա բեմական ելույթներն ինձ նույնպես ամեն օր ոգեշնչել են: Նա այն ուսուցիչն էր, որն ինձ ստիպեց հասկանալ, թե ինչու եմ դա անում եւ ինչու եմ ես այդ գործի մեջ: Արմեն Գրիգորյանն իմ վերջին ուսուցիչն էր, որն ինձ տվել է պարային կատարման ֆիզիկականություն, ուժ եւ ահռելի կարգապահություն: Վերջապես, Հովհաննես Դիվանյանն ինձ տվել է այս ամենը միասին, նա այս ամենի սիրտն ու հոգին է, որ հիշեցնում է, թե ինչու եմ ես այդքան սիրում արվեստի այս ձեւը:
–Եվ հիմա դու զբաղվում ես բեմադրությամբ: Այս տարի երկրորդ անգամ մասնակցեցիր Հայաստանի «Սամմիթ» պարի միջազգային փառատոնին: Քո «Անսրտություն» բեմադրությունը Պետերբուրգի «Կաննոն դանս» պարախմբի արտիստների հետ փառատոնի վերջին եւ գլխավոր ակորդն էր: Բոլորս ուղղակի հիացած էինք ժամանակակից պարի համար անսովոր շարժումների քո կիրառմամբ եւ ամբողջ ներկայացումը տոգորած եռանդով: Որո՞նք են այս հիանալի ստեղծագործության ոգեշնչման աղբյուրները:
-Նախ, շատ շնորհակալ եմ ձեր խոսքերի համար: Ինձ համար պատիվ էր իմ ստեղծագործությունը ցուցադրել հայ հանդիսատեսին:
«Անսրտության» ոգեշնչումը ծագեց այն ժամանակ, երբ ես Հունաստանում նստած էի լողափնյա մի սրճարանում, շուրջս շատ հանգիստ ու խաղաղ էր: Կարդում էի Հաննա Արենդտի «Փաստերի փխրունությունը» էսսեների գիրքը, որի դինամիկան շատ տարբեր էր իմ շրջապատի անդորրից: Երբ ժամանեցի Պետերբուրգ, գիտեի, որ այդ էսսեները պիտի պարային բեմադրության վերածել, որքան էլ որ դժվար լիներ:
Ոգեշնչումն ինքնին կարող է լինել շատ տարբեր ձեւերով: Այն կարող է լինել նաեւ այնքան պարզ, որքան մի լավ գիրքը, մի բաժակ լավ սուրճը, բայց այս դեպքում ես ինձ չափազանց ոգեշնչված զգացի Պետերբուրգում «Կաննոն դանս» պարային ընկերության իսկապես զարմանահրաշ պարողների հետ աշխատելիս…
–Ագնես դե Միլը մի առիթով ասել է. «Ժամանակակից պարողները չարագուշակ պատկերացում են տալիս մեր ժամանակների մասին»: Համաձա՞յն ես:
-Իսկ շարունակության մեջ ասում է. «Պարողներն անգամ միմյանց չեն նայում, նրանք պարզապես շատ մեկուսացած անհատներ են, որոնք մի տեսակ ինքնահիպնոսանում են եւ ուրիշների հետ պարում են՝ միայն իրենց հիշեցնելու համար, որ մենք մենակ չենք այս աշխարհում»: Բայց ե՞րբ է դե Միլն ասել սա: 1960-ականների՞ն: Համաձայն չեմ, համենայն դեպս՝ իմ ստեղծած աշխարհում իմ մտադրությունը դա չէ: Եվ գուցե պատճառն այն է, որ ժամանակակից պարը ցույց է տալիս պարի «իրական» կողմը՝ առանց որեւէ բան կեղծելու: Մի՞թե այն դրսեւորվում է որպես չարագուշակ մի բան: Երբ առերեսվում ես «մերկ» իրականությանը, այն միշտ էլ մի քիչ սարսափելի է, չէ՞:
–Դե, այո… Լիլի՛թ, իսկ երբեւէ իրականացրե՞լ ես որեւէ նախագիծ, որը կարելի է անվանել հայկական:
-Դեռ ոչ… Բայց ես բեմադրություն եմ կատարել մի փոքրիկ պարային ֆիլմի համար, որը կոչվում է «Քնի՛ր հանգիստ»: Այն ոգեշնչված է հայ ժողովրդական պարերի մի քանի շարժումներից եւ նվիրված է մեր զինվորներին: Կարծում եմ, որ լավ հայկական նախագիծ կամ պարային ստեղծագործություն իրականացնելն իսկապես շատ դժվար է: Դա շատ փխրուն թեմա է, որը ես դեռեւս վախենում եմ շոշափել…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Լուսանկարներում՝ Դրվագներ Լիլիթ Հակոբյանի «Անսրտություն» բեմադրությունից