«Լենինին գիտեինք, պարզվեց, որ Ստալինը եւս թուրք է եղել»

272

Այդ մասին գրել էր Մեհմեդ Փերինչեքը, որի հոդվածն ապրիլի 3-ին նույն վերնագրով  հրապարակել է թուրքական «Odatv.com» կայքէջը: Թվում է, թե հոդվածը մեկնաբանության կարիք չունի, դա ընդամենը խորհրդային հանրաճանաչ գործիչներին թուրքացնելու միջոցով Ռուսաստանում թուրքական հավակնությունների աշխարհագրությունն ընդարձակելու յուրատեսակ փորձ է: Հետեւաբար պարզապես նշենք, որ հոդվածագիրը Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության առաջամարտիկ Դողու Փերինչեքի արժանի զավակն է: Նա 1978-ին ծնվել է Ստամբուլում, միջնակարգ կրթությունը շարունակել է Ռուսաստանում, կրթաթոշակով ավարտել Նիժնի Նովգորոդի թիվ 35 դպրոցը: Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: 2005-6 թթ. որպես հրավիրված հետազոտող աշխատել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, իսկ 2010-11 թթ. նույն կարգավիճակով՝ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի ինստիտուտում:

Մեհմեդ Փերինչեքը 2007-8 թթ. Թուրքիայի արտգործնախարարության նախագծով ուսումնասիրություններ է կատարել Ռուսաստանի պետական արխիվներում: Շուրջ 15 տարի զբաղվում է «սովետա-թուրքական հարաբերությունների» եւ «հայկական հարցի» ուսումնասիրություններով: Հեղինակն է մի շարք գրքերի, որոնցից, թերեւս, մեզ հետաքրքրում է նրա առաջին հրատարակությունը՝ 2011-ին լույս տեսած «Թուրք-ռուսական դիվանագիտության գաղտնի էջերը» գիրքը: Ցավոք դա ձեռքի տակ չունենք, ուստի բավարարվելու ենք գրքի բովանդակության ծանոթացմամբ միայն, որտեղ կան չափազանց ուշագրավ այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ «Ինչո՞ւ է ստեղծվել Թուրք-ռուսական բարեկամության միությունն Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին», «Ի՞նչ են խոսել Ստալինն ու Սարաջօղլուն պատերազմի նախաշեմին» եւ «Լենինի եւ Աթաթուրքի պատգամը»:

Ահա թե, ըստ «Odatv.com» կայքէջի, ինչ է գրել Մեհմեդ Փերինչեքը սոցցանցում.

«Գերմանական սոցիալ-դեմոկրատների պաշտոնաթերթ Die Freiheit-ը 1922 թ. հունիսի 14-ին գրել էր, որ Լենինը 6 ամիս է ինչ ասպարեզում չի երեւում, նրան իշխանության ղեկին փոխարինել է մի եռապետություն, որի անդամներից Ստալինը հանդիսանում է «թյուրքական ծագումով վրաց բոլշեւիկ»:

Լենինը թո՞ւրք է

Հրապարակախոս Սոներ Յալչընը 2009 թ. հուլիսի 12-ին «Լենինի թուրք ազգականները» խորագրով «Հուրիյեթ» թերթում հրապարակած հոդվածում ուշագրավ տեղեկություններ էր հաղորդել ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Լենինի էթնիկ արմատների մասին:

Յալչընը նշել է, որ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հրատարակած «Լենինի կենսագրությունը» աշխատության մեջ, առաջնորդի ծնունդին ու մանկության տարիներին հատկացվել է ընդամենը 2 էջ, ապա մեջբերում է կատարվել թուրքագետ Զեքի Վելիդի Թոգանի «Հուշագրությունից»: (Թոգանն ազգությամբ բաշկիր է, պանթուրանիզմի հիմնադիրը: Ի տարբերություն պանթուրքիզմի, պանթուրանիզմը բաշկիրների, չուվաշների կողքին թյուրքացնում է նաեւ մոնղոլական ծագում ունեցող յակուտներին, բուրյաթներին, կալմիկներին, ընդարձակելով թուրքական հավակնությունների աշխարհագրությունը- Հ.Չ.): Այդ շրջանում դեռեւս Զեքի Վելիդով կոչվող գիտնականը, հրատարակելով հետազոտող Ուլյանովի 19-րդ դարի կեսերին Կազան նահանգի ոչ ռուս ցեղերի եւ չուվաշների ազգագրությանն առնչվող  գիրքը, դա Լենինին նվիրելիս ասում է նրան. «Ելնելով աշխատության բնույթից, կարելի է ենթադրել, որ հեղինակը տիրապետել է թաթարերենի եւ չուվաշերենի, ընկեր Լենին, ծննդով Դուք էլ Կազանից եք, Ուլյանով է նաեւ Ձեր ազգանունը,  կարո՞ղ է թաթարական  արմատներ ունենաք»: Ինչպես իր «Հուշագրության» մեջ գրում է Զեքի Վելիդի Թոգանը, Լենինը վերցնում է գիրքը եւ շնորհակալություն հայտնելուց հետո ասում , որ ինքը երբեւէ չի հետաքրքրվել տոհբանության/ծագումնաբանության խնդիրներով, առաջին անգամ է լսում հեղինակի անունը, բայց կհետաքրքրվի»:

Տոհմի փոխարեն դասակարգ

Սոներ Յալչընն իր հոդվածում, ընդգծելով, որ բոլշեւիկները կարեւորում են ոչ թե էթնիկ ծագումը, այլ դասակարգային պատկանելիությունը, շարունակում է. «Վլադիմիր Իլյիչ Ուլյանովը ծնվել է 1870 թ. ապրիլի10-ին Կազան /Սիմբիրսկում: Սա այն քաղաքն է, որտեղ թաթարները եւ ռուսներն ապրել են իրար մեջ: Ռուսաստանի պատմության մասնագետ պրոֆ. d՛Encausse-ն գտել է Լենինի տոհմածառին վերաբերյալ հետեւյալ տվյալները. Լենինի պապը՝ Վասիլի Ուլյանովը 1861 թ. հողային ռեֆորմից շատ առաջ ազատություն ձեռք բերած ճորտ էր: Նրա որդին՝ Նիկոլայ Վասիլեւիչ Ուլյանովը՝ դերձակ, իսկ կինը՝ կալմիկ- թյուրք: Այս ամուսնությունից ծնվել էր Լենինի հայրը՝ Իլյա Նիկոլաեւիչ Ուլյանովը:

«Իլյա Նիկոլաեւիչը ցարական Ռուսաստանի առանձնահատկություններն իր վրա կրող ամենաուշագրավ  ներկայացուցիչներից էր: Միմյանցից միանգամայն տարբերվող ժողովուրդների եւ քաղաքակրթություննի յուրատեսակ խառնվածք: Իլյա Նիկոլաեւիչ Ուլյանովը ռուս էր անշուշտ, բայց մայրը՝ կալմիկ: Իր հոր նման Լենինը նույնպես ուներ ասիացուն յուրահատուկ հատկանիշներ, հատկապես իր թեք ու նեղ աչքերը նա պարտական էր մոնղոլական ծագում ունեցող մոր կողմից տատիկին: Թեեւ  Եկատերինա երկրորդ թագուհու արշավանքներն անկախությունից զրկում են կալմիկներին, նրանք ստիպված հրաժարվում են նաեւ բուդիզմ/իսլամից, բայցեւայնպես շարունակում են մնալ Ռուսաստանում, այդ թվում՝ Լենինի տատիկը, որն էլ ամուսնանում է Աստրախանում»:

Ի դեպ՝ Ադրբեջանում սոցիալիստական շարժման առասպելական առաջնորդներից Նարիման Նարիմանովը նույնպես գրել էր, որ Լենինի հոր կողմից տատիկը «կալմիկ-թյուրքերից է»:

Կալմիկ-թյուրքերից է

«Շատ բարի, մի՞թե այս տեսակետին են այս երկու ուսումնասիրողները միայն» հարցին, այլ օրինակներ ցույց տալով պատասխանող Սոներ Յալչընը հոդվածում արտահայտում է հետեւյալ տեսակատը. «Ռուս հայտնի պատմաբան Ակիմ Արությունովը «Լենին» աշխատության առաջին հատորի «սոհմածառ» բաժնում Լենինի պապի ծննդավայր Աստրախանի արխիվային փաստաթղթերի հիման վրա եզրակացնում է. «Բոլորին է հայտնի, որ Լենինի երակներում հոսում էր երեք ազգի արյունը (հրեայի, գերմանացու եւ շվեդի): Իսկ հոր կողմից Վլադիմիր Ուլյանով-Լենինի պապը Լուկյան Սմիրնովն էր: Նրա որդին Ալեքսեյ Լուկյանովիչ Սմիրնովը եղել է ազատ հողատեր: 1808 թվին նա 23 տարեկան հասակում ամուսնության է տվել իր դստեր՝ Աննային: Ամուսինը Աննայից 30 տարով մեծ է եղել եւ նա Լենինի պապն էր (այստեղ հոդվածագիր Յալչընը պարզորոշ վրիպում է թույլ տվել՝ պայմանավորված հավանաբար թարգմանչության սխալով-Հ. Չ.): Աննա Ալեքսեեւնան լույս աշխարհ է բերել 5 զավակ, կրտսերը Իլյա Նիկոլաեւիչն էր, որն ապագայում դարձավ Լենինի հայրը: Ըստ ազգաբանների, Լենինի փոքր, նեղ աչքերը նման էր կալմիկ- թյուրքերի աչքերին»:

Նախահայրերը չուվաշ-թյուրքեր են

Սոներ Յալչընը, նշելով որ այդ կարծիքը սոսկ վերոհիշյալ հեղինակներով չի սահմանափակվում, ավելացնում է. «Լենինին թուրք համարող մեկ այլ գիտական գործիչն էլ Չուվաշիայի Հանրապետության գրողների միության անդամ Ալբինա Լյուբիմովան է: Նրա կարծիքով Լենինի նախահայրերը չուվաշ-թյուրքեր էին… Ահա թե ինչ է գրում Լյուբիմովան. «Երբ Լենինի հայրը՝ Իլյա Նիկոլաեւիչ Ուլյանովը, ուսումնարանի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում Ուլյանովսկում, չուվաշ գիտնական եւ մանկավարժ Իվան Յակովլեւի հետ շատ մտերիմ էր: Յակովլեւը միաժամանակ եղել է Ուլյանովսկում կառուցված առաջին դպրոցի հիմնադիրն ու չուվաշական այբուբենի ստեղծողներից մեկը: Այս դպրոցը 1871 թ. Իլյա Ուլյանովի աջակցությամբ ստանում է պետական հովանավորություն, 1877-ին կոչվում է Չուվաշական ուսուցչական դպրոց, իսկ հետագայում վերածվում Չուվաշական մշակութային կենտրոնի: Իմ խորին համոզմամբ  Լենինը հայրը (իր մոր պատճառով) իրեն չուվաշ էր զգում: Այս իսկ պատճառով նա ողջ կյանքում մեծ ծառայություններ է մատուցել չուվաշ ժողովրդին եւ մշակույթին»:

Լենինի հայրը, Իլյա Նիկոլաեւիչ Ուլյանովը, սոսկ Իվան Յակովլեւիչի բարեկամը չէր, այլ նաեւ աջակիցը: Նա Յակովլրիչի հետ ավելի քան 100 դպրոց էր բացել չուվաշական գյուղերում: Չուվաշական մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ղեկավար պրոֆ. Գենադի Թաֆաեւը պնդում է, որ Իվան Յակովլեւիչը Լենինի կնքահայրն է եղել: Առհասարակ չուվաշները կնքահայրին վերաբերում են առանձնակի ջերմությամբ եւ նրան համարում են ազգական:

Նրանց բարեկամությունը այնքան ջերմ էր, որ 1917 թ. հողափոխությունից հոտո Լենինը, իմանալով, որ Իվան Յակովլեւի մահապատժի է դատապարտվել, հեռագրով կարգադրում է. «ձեռք չտալ» նրան»:

Թարգմանչի կողմից.- Այստեղ ավարտվում է հոդվածը՝ առանց անդրադառնալու Ստալինի ծագումնաբանությանը: Գուցե Փերինչեքը անդրադառնա հետագայո՞ւմ: Հ.Չ.:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ